Իսրայելական «Haaretz»-ն անդրադարձել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերություններում առկա լարվածությանը՝ շեշտելով, որ դրանք ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել, եթե որեւէ պետություն կախված է էներգիայի միայն մեկ մատակարարից: Ելնելով այս տրամաբանությունից՝ հրեական լրատվամիջոցը ենթադրում է, որ Մերձավոր Արեւելքի երկրները բնական գազի հարցում կդառնան Եվրոպայի ավելի սերտ գործընկերները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բոլորովին չի անհանգստացրել անցյալ շաբաթ Միջերկրական ծովից Դարդանելով ռուսական 6 ռազմանավերի անցումը Սեւ ծով։ Չնայած ուժի այս ցուցադրությանը, Էրդողանն առաջվա պես վստահ է, որ Ուկրաինա ներխուժելու ռուսական սպառնալիքը չի իրականանա: Համենայնդեպս, նա հրապարակայնորեն այդպես է ասում: Քիչ հավանական է, որ Էրդողանը խիստ գաղտնի տեղեկատվության է տիրապետում կամ որեւէ պարտավորություն է ստացել փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Թուրքիայի ղեկավարը հույս ուներ միջորդի կարգավիճակ ձեռք բերել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչը նրան հնարավորություն կտար ներկայանալ որպես աշխարհը համաշխարհային երրորդ պատերազմից փրկած առաջնորդ։ Բայց նա ամենեւին էլ այն մարդը չէ, ում հետ Պուտինն ու Բայդենը հույսեր են կապում: Երկու նախագահն էլ նախընտրում են ուղիղ երկխոսությունը։ Միեւնույն ժամանակ յուրաքանչյուրը մտածում է, թե ճանապարհի այս կամ այն հատվածում մրցակիցը որքան է առաջ անցել։
Վաշինգտոնից ու եվրոպական մայրաքաղաքներից ստացվող զգուշացումները, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, հատկապես՝ ռուսական գազամուղի, որով Եվրոպա է առաքվում բնական գազի մոտ 40 տոկոսը, Մոսկվային, ըստ էության, ոչինչ չեն պարտադրում: Ամերիկացիները կարծում են, որ Պուտինը պլանավորում է ներխուժել Ուկրաինա, տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը, իշխանության բերել ռուսամետ նախագահի եւ ողջ երկիրը, այլ ոչ թե միայն արեւելքը, դարձնել «Ազգերի ռուսական համագործակցության մաս»: Իսկ ՌԴ-ն կարծում է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է իր սահմաններին ամենեւին էլ ոչ «ամեն օր մոտիկից բարեւելու» ցանկությամբ:
Առաջին հայացքից ռուս-ամերիկա-եվրոպական առճակատումն ընթանում է առանց Մերձավոր Արեւելքի որեւէ մասնակցության: Բայց երբ Բայդենը Կատարից օգնություն է խնդրում այն դեպքի համար, եթե Եվրոպային ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն, Եգիպտոսն ու Իսրայելն անհանգստանում են Ուկրաինայից հացահատիկի ներմուծման համար, Իրանը հնարավորությունների պատուհան է տեսնում, որը նրա առջեւ կբացի ճգնաժամը, իսկ Թուրքիան հաշվարկում է տարբերակները, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է նրա տնտեսությանն ու տարածաշրջանում ունեցած դիրքին: Կապված դրա հետ՝ պարզ է դառնում, որ մերձավորարեւելյան երկրները չեն կարող միայն հետեւել հեռավոր հակամարտություններին սոսկ թատերական հեռադիտակով:
Ուկրաինայում պատերազմից ավելի Էրդողանը վախենում է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառումից, ինչը նրան կստիպի ընտրություն կատարել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ: Դատարկ ձեռքերով վերադառնալով Կիեւից՝ Էրդողանը կրկին հայտնվել է թակարդում «խիտ անտառում», որտեղ յուրաքանչյուր անզգույշ շարժում ինչ-որ մեկին թույլ կտա բռնել նրա կոկորդից:
Թուրքիայի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ: Այդ կապերը ներառում են թուրքական հարյուրավոր ընկերություններ, որոնք աշխատում են Ռուսաստանում, միլիարդավոր դոլարներ, որոնք ռուս զբոսաշրջիկները ծախսում են թուրքական հանգստավայրերում, համագործակցություն Սիրիայի պատերազմում՝ բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով եւ Թուրքիայի գնած C-400 զենիթահրթիռային համակարգ: Թուրք-ռուսական կապերի գագաթնակետը գազամուղն է, որը քարտեզի վրա նման է երակների խիտ ցանցի, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային, իսկ ավելի ուշ՝ Եվրոպային:
Հիմա վտանգված է «Թուրքական հոսք-2» գազատարի շահագործումը, որը Ռուսաստանից գնում է Սեւ ծովի հատակով՝ շրջանցելով Ուկրաինան։ Նախատեսվում է, որ այդ գազը, ի վերջո, կառաքվի Ռումինիա եւ Հունգարիա: Տարանցման վճարներից Անկարայի ակնկալվող եկամուտը հսկայական կլինի։ Իսկ դրա շնորհիվ Թուրքիան կդառնա դեպի Եվրոպա ամենախոշոր գազ արտահանողը: Այդ նախագծի դեմ հանդես են եկել եւ Եվրամիությունը, եւ ԱՄՆ-ը, քանի որ այն ամրապնդում է Ռուսաստանի ռազմավարական դիրքը եւ ավելացնում նրա մասնաբաժինը եվրոպական գազի շուկայում: Եվ դա՝ այն դեպքում, երբ ԵՄ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները եւ նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից:
Երբ Բայդենը վերջերս սպառնաց պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ, որը Ռուսաստանից անմիջապես անցնում է Եվրոպա Բալթիկ ծովի հատակով եւ շրջանցում է Ուկրաինան, նա նշեց նաեւ «Թուրքական հոսքը»՝ որպես եւս մեկ թիրախ։ Կոնգրեսն արդեն հաստատել է այդ պատժամիջոցները, սակայն Բայդենը սառեցրել է դրանք անցյալ տարվա մայիսին՝ փորձելով դիվանագիտական լուծում գտնել Ռուսաստանի հետ։
Անկարան խանդավառությամբ կառուցում է Ստամբուլի ջրանցքը, որը կմիացնի Սեւ եւ Մարմարա ծովերը ու կծառայի որպես նեղուց՝ գրեթե զուգահեռ Բոսֆորին: Թուրքիան հայտարարել է, որ նոր ջրանցքը չի հայտնվի 1936 թ. կոնվենցիայի շրջանակներում, որը կարգավորում է անցումը Դարդանելի ու Բոսֆորի միջով եւ Թուրքիային տալիս է նեղուցների վերահսկողությունը: Ռուսաստանը զգուշանում է, որ Ստամբուլի ջրանցքը ՆԱՏՕ-ի համար ռազմական անցուղի կդառնա, մինչդեռ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ թուրքերը նոր ջրանցքով դեպի Միջերկրական ծով բաց կթողնեն ռուսական ռազմանավերը։ Թուրքիան եւ Մոսկվային, եւ Վաշինգտոնին խոստացել է, որ թույլ չի տա ջրանցքը վերածել ռազմական գոտու։ Եվ դա հասկանալի է. նա ջրանցքը դիտարկում է որպես հսկայական եկամտի՝ տարեկան մոտ 8 մլրդ դոլարի աղբյուր։ Բայց եթե Թուրքիան հեռանա ԱՄՆ-ից, վերջինիս կողմից կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները կարող են հանգեցնել նախագծում ներգրավված օտարերկրյա ընկերությունների արտաքսման։ Նախագծում թուրքական ներդրումներն անմիջապես կարժեզրկվեն։
Ըստ «Haaretz»-ի՝ հակառակ Թուրքիայի մտավախություններին, Իրանն ուկրաինական ճգնաժամն ավելի շատ դիտարկում է որպես Եվրոպայի համար բնական գազի լրացուցիչ աղբյուր դառնալու հնարավորություն: «Կասպից ծովում բնական գազի հսկայական Չալուս հանքավայրի հայտնաբերումը կարող է Իրանը դարձնել գազի խոշորագույն արտադրող աշխարհում, երբ վերացվեն միջուկային պատժամիջոցները: Իրանի՝ որպես Եվրոպա բնական գազի հիմնական մատակարարի գաղափարը ծագել է 2015 թ. միջուկային գործարքից հետո, սակայն այդ հնարավորությունը մարեց այն բանից հետո, երբ 2018 թ. ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից: Հունվարին Թեհրանը հայտարարեց, որ Իրանը կարող է ապահովել Եվրոպայի գազի պահանջարկի առնվազն 20 տոկոսը։ Բայց դրանք առայժմ սոսկ խոսքեր են, եւ ոչ միայն պատժամիջոցների պատճառով։ Բնական գազի արդյունահանման եւ խողովակաշարերի կամ հեղուկացված բնական գազի օբյեկտների կառուցմանն ուղղված Իրանի ջանքերը երկար ժամանակ կպահանջեն: Բայց եթե նույնիսկ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա, սպառնալիքը, որ մոտ է ներխուժմանը, պատճառ կդառնա, որ Իրանը դիտվի Եվրոպա գազի գլխավոր մատակարարների շարքում»,- նշել է իսրայելական թերթը:
Միակ երկիրը, որը չի կարող օգտվել ճգնաժամից, Կատարն է, որն ունի բնական գազի ամենամեծ պաշարներն աշխարհում, որոնց արդյունահանման գործում Իրանը գործընկեր է։ Կատարի կառավարիչը Բայդենին խոստացել է, որ կօգնի Եվրոպային, եթե ռուսները դադարեցնեն բնական գազի առաքումը։ Սակայն Կատարն արդեն պատրաստ է Արեւելյան Ասիայի հետ երկարաժամկետ պայմանագրերին, եւ պարզ չէ, թե նրա հեղուկ բնական գազի որ մասը կարող է հասանելի լինել Եվրոպային:
Կատարը, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դիվանագիտական կարեւոր հաղթանակ տոնեց, երբ հունվարի վերջին Բայդենը նրան «կարեւոր դաշնակից» անվանեց: Դրա շնորհիվ Կատարը կկարողանա լիարժեք օգտվել ամերիկյան տեխնոլոգիաներից, էականորեն թուլացնել զենքի գնման սահմանափակումները: Իսկ այս ամենի արդյունքը կլինի արտոնյալ կարգավիճակը Պարսից ծոցում: Իրանի հետ Կատարի տնտեսական համագործակցությունը եւ սերտ դիվանագիտական հարաբերություններն ամենեւին էլ չեն խանգարել Բայդենի վարչակազմին այս կարգավիճակը շնորհել Դոհային, որտեղ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազան է։
«ԱՄՆ-ն ու Եվրոպան ռուսական գազի այլընտրանք են փնտրում, որպեսզի նվազեցնեն այլ երկրների վրա Պուտինի ազդեցությունը: Սակայն այդ արշավը, որը ներկա պահին կենտրոնացված է կարճաժամկետ որոշումների վրա, պահանջում է նոր գլոբալ գազային ռազմավարություն, քանի դեռ աշխարհը չի սկսել էներգիայի վերականգնվող աղբյուրների համատեղ օգտագործումը: Հարցը միայն այն չէ, թե ով կարող է եւս մի քանի մլն տոննա հեղուկացված գազ տրամադրել Եվրոպային՝ ձմռանը տաքանալու համար: Խնդիրը նաեւ այն բանում է, թե ինչպես կարելի է դիվերսիֆիկացնել գազի աղբյուրները, որպեսզի երկրների ոչ մի խումբ անհարկի ազդեցություն չստանա: Պակաս ակնառու, բայց ոչ պակաս սպառնալից օրինակը կապված է Չինաստանի հետ։ Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագիրը երաշխավորում է նրա արտոնյալ իրավունքները եւ առավել շահավետ գնագոյացում:
Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ Չինաստանի գազային համաձայնագրերը, ինչպես նաեւ Կատարի հետ տարեկան 3.5 մլն տոննա հեղուկացված գազ գնելու 15-ամյա պայմանագիրն արտացոլում են այն մրցակցությունը, որը կարելի է սպասել առաջիկա տարիներին։ Մեծ տերությունների սերտ հարաբերությունները երկրների հետ, որոնք վերահսկում են այդ բնական ռեսուրսները, կենսական կարեւոր նշանակություն կունենան»,- եզրափակել է «Haaretz»-ը։