Այսօր միջազգային բոլոր աղբյուրներում թիվ մեկ լուրը մնում է Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից։ Անկեղծ ասած՝ դա անսպասելի իրողություն չէր, բայց անցավ չափազանց հանդիսավոր պայմաններում` ընդգծելով դրա պատմական մեծ կարեւորությունը։ Տեսնելով այն ոգեւորությունը, երջանկությունը, որ համակել է այս շրջանների տանջված ժողովրդին, միայն քար սիրտը կարող է չհուզվել։ Անշուշտ, Ռուսաստանի ժողովուրդը եւ պետությունն անպայման ամեն ինչ կանեն նրանց թիկունքին կանգնելու համար՝ տանելով այն լրացուցիչ զրկանքները, որ խոստանում է Արեւմուտքն այս կապակցությամբ:
Ռազմական ծավալուն բախում այս առիթով դժվար թե լինի` նախօրոք այդ մասին հայտարարվել էր։ Կավելանան զենքի մատակարարումները, սակայն մնացածը թողնվելու է Ուկրաինայի բնակչության վրա, որն այնքան էլ հիացած չէ հայրենակիցների հետ ռազմական բախման հեռանկարով եւ բավական հյուծվել ու տուժել է երկարատեւ ընդհարումներից։ Ամենակարեւորը` վստահ չէ, որ կարող է դրանով ինչ-որ բանի հասնել։ Ի վերջո, նրանց դիմաց արդեն կանգնելու է աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, այդ մասին համաձայնություն կա` ելնելով հրապարակված պաշտոնական հայտարարություններից։ Մյուս կողմից՝ Կիեւը գիտակցում է, որ ռազմական ծավալուն բախման բեռը, որ դրվում է իր վրա, կարող է երկիրը չհաղթահարել՝ բողոքելով, որ ռազմական ներխուժման շուրջ հայտարարությունների տարածումն արդեն իրենց ամսական 2-3 մլրդ դոլարի վնաս է բերում։
Այս պայմաններում Արեւմուտքի կողմից պետք էր սպասել կենտրոնացում հատկապես համակողմանի տնտեսական ճնշումների վրա։ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանից հումքի ներմուծման արգելափակումների ընդգրկման սահմանները։ Դիտարկվում են Ռուսաստան տեխնոլոգիաների եւ բարդ սաքավորումների արտահանման արգելքները։ Սակայն տեղեկություններ են հասնում, որ այդ սահմանափակումները այնուամենայնիվ, չեն տարածվի էներգակիրների ներկրումների հիմնական մասի եւ ՍՎԻՖՏ համակարգից Ռուսաստանին դուրս թողնելու վրա։ Հունվարին ԱՄՆ սենատոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ դեմոկրատների կողմից ռուս բարձրաստիճան քաղաքացիական եւ զինվորական պաշտոնյաների դեմ պատժամիջոցների օրինագիծ է մտցվել։ Այն ներառում է նաեւ ՌԴ բանկային համակարգի, Ռուսաստանի պետպարտքին առնչվող գործարքների խստացման եւ «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ սահմանափակումները։ Մեծ Բրիտանիան, բնականաբար, բոլորից առաջ, դեռ ամսի 10-ին էր հաստատել պատժամիջոցների ցանկը։ Սահմանափակումների մեջ ներառվում են քիմիական արդյունաբերությունը, շինարարությունը, էլեկտրոնիկան, էներգետիկ, լեռնահանքային արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, ինֆորմատիկան, կապը, թվային տեխնոլոգիաները, տրանսպորտը։ Կասկած չկա, որ սրանք ուժի մեջ կմտնեն, հարցն այն է` ինչպիսի չափերով։ Վտանգավոր է, որ Եվրամիությունը եւս կհետեւի այս խիստ նախաձեռնություններին։ Այնտեղ արդեն հավանություն են տվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բոլոր հայտարարություններին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանձնարարել է կասեցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի պատենտավորման գործընթացը։ Շատ զուսպ է արտահայտվել Չինաստանը, չնայած ինքն էլ ունի նման` Տայվանի խնդիրը։
Այս բոլոր սպառնալիքներն անմիջապես իրենց ազդեցությունն ունեցան Ռուսաստանի եւ անգամ համաշխարհային շուկաների գների վրա։ Փետրվարի 22-ին նավթի բորսայական գինը մոտեցավ ընդհուպ 100 դոլարի, ռուսական ռուբլու փոխարժեքը հատեց 80 դոլարի սահմանը։ Ենթադրում են, որ այն կարող է հասնել եւ 100-ի, վերապահությամբ` կարճ ժամանակով։ Կապրենք, կտեսնենք։ Այսօր ռուսական շուկայում ծայրահեղ խառնակ վիճակ է։ Արժույթի անկայունության գործակցով (волатильность, volatility) Ռուսաստանը դուրս է եկել աշխարհում առաջին տեղը՝ անցնելով Թուրքիայից։ Շարունակվում է ռուսական ֆոնդային շուկայի անկումը, Մոսկվայի բորսայի բոլոր հիմնական գործակիցները հայտնվել են կարմիր տիրույթում։ Էներգակիրների արժեթղթերը դեռ կարողանում են դիմադրել, բայց շատ են ընկել շինարարության եւ բանկերի մեծ մասի արժեթղթերի գները։ Շուկայում քաոս է, բոլորը ձգտում են գուշակել` ինչ կլինի ապագայում։ Խիստ աճել է բյուջեի ծանրաբեռնվածությունը`այս նոր պետական միավորումների կայացման կապակցությամբ։ Չնայած Դոնբաս-Լուգանսկը միշտ ինքնաբավ տարածաշրջաններ են եղել, սակայն առաջին շրջանում ամբողջովին Ռուսաստանի վրա են մնալու փախստականների ապահովման, 4 մլն ընդհանուր բնակչությամբ անկախացած հանրապետությունների պետականության հաստատման համար պահանջվող ծախսերը եւ այլն։
Հավասարակշռված հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ վարչապետ Մ. Միշուստինը՝ նշելով, որ իրենք հաշվարկել են սպասվող այս բացասական երեւույթները։ Ֆինանսական կայունության վերականգնման նպատակով Ռուսասկանի կենտրոնական բանկը թույլատրել է վարկային կազմակերպություններին արտարժույթի փոխարժեքի հաշվարկներում մինչեւ հոկտեմբերի մեկը քիրառել փետրվարի 18-ի ցուցանիշները։ Սա նշանակում է, որ պետությունը իր վրա է վերցնում հետագայում դրության կարգավորման ռիսկերը։ Նկատի ունենանք, որ կովիդի մուտքի տարում (2020) նման երեւույթ արդեն եղել է` երբ ցուցանիշները ճիշտ այս մակարդակին էին հասել, ապա կարգավորվեցին։ Հիշեցնենք նաեւ, որ 2014-ին` Ղրիմի միացման կապակցությամբ, տեղի ունեցավ նույնը` նավթի գները միջազգային շուկայում անցան 110 դոլարից, ապա իջան մինչեւ 50 դոլար եւ ավելի պակաս։ Ի վերջո, Ռուսաստանը կուտակել է ոսկու եւ արտարժույթի շատ սոլիդ պաշարներ, որը Կենտրոնական բանկը կարող է ծախսել ռուբլու գնողունակության աղետալի անկում թույլ չտալու համար։ Քննարկվում են նաեւ դեպի արեւելք հետագա վերակողմնորոշման ճանապարհները, չնայած Չինաստանը լավ ընկալել եւ շահագործում է այս գործոնը՝ գնելով Ռուսաստանից, օրինակ, գազը ավելի էժան, քան դաշնակից Հայաստանը եւ անգամ` մեզնից նկատելի ավելի էժան ստացող Բելառուսը (1000 խմ-ն 140 դոլարով)։ Լավատեսները կանխատեսում են, որ Ռուսաստանի ֆինանսատնտեսական կայունացումը տեղի կունենա արդեն գարնանը։
Դժվար չէ գուշակել, որ Արեւմուտքը հնարավորինս աճեցնելու է ճնշումները հատկապես տնտեսական ուղղությամբ, եւ Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացումն անմիջականորեն ազդելու է մեզ վրա, այնպես որ այս իմաստով մենք միանշանակ գտնվում ենք Ռուսաստանի շահերի շրջանակներում։ Առաջիկայում մեր դաշնակցությանը նոր փորձություններ են սպասում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չհապաղեց անմիջապես կոչ անել մյուս երկրներին` ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, բնականաբար, այն առաջին հերթին մեզ է վերաբերվելու։ Բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ