Ինչպես կանխատեսվում էր, ՌԴ-ն ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում: Չնայած Վլադիմիր Պուտինն իր հայտարարության մեջ շեշտեց, որ ռազմական գործողությունները Դոնբասում են, բայց նրա ուղերձից հետո Ուկրաինայի համացանցային տեղեկատվական ռեսուրսներում պաշտոնապես տարածվեց այն ռազմական օբյեկտների ցանկը, որոնց հարված են հասցրել ռուսական զինված ուժերը: Դրանք ոչ միայն Դոնբասի հարեւանությամբ տեղակայված եւ կուտակված ուկրաինական զինված ուժերի հենակետեր ու ռազմական օդանավակայաններ էին, այլեւ Ուկրաինայի շատ ավելի թիկունքային տարածքների ռազմական օբյեկտները:
Իր ուղերձում Պուտինը ռազմական գործողությունների սկսումը հիմնավորել է ՌԴ-ին Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունների՝ «Կիեւի ագրեսիան հետ մղելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։ Հատկանշականն այն է, որ իր խոսքում ՌԴ առաջնորդը հայտնել է, որ Մոսկվան ձգտելու է «ապառազմականացնել եւ ապաազգայնականացնել» Ուկրաինան: «Դրա նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիեւի ռեժիմի կողմից բռնությունների ու ցեղասպանության, եւ դրա համար մենք կձգտենք ապառազմականացնել եւ ապաազգայնականացնել Ուկրաինան, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»,- հայտնել է Պուտինը եւ հավելել, որ ուկրաինական տարածքների օկուպացիան ներառված չէ Մոսկվայի ծրագրերում, այն հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին։ Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնություններին Ուկրաինայի կազմ ներառել են առանց նրանց կարծիքը հարցնելու, իսկ այսօր ՌԴ-ն առաջնորդվում է ազգային փոքրամասնությունների կարծիքով:
ՌԴ նախագահը հանդես եկավ աշխարհաքաղաքական զարգացումների վերջին փուլի վերլուծությամբ՝ շեշտելով, որ Արեւմուտքը կեղծում է իրականությունը եւ ընդլայնվում դեպի Արեւելք՝ սպառնալիք ստեղծելով ՌԴ-ի համար: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձել է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ բանակցել սեփական անվտանգությանը սպառնացող գործողություններից հեռու մնալու համար, սակայն մերժում է ստացել եւ այսօր այլընտրանք չունի, բացի սեփական քայլերով իր անվտանգությունն ապահովելու:
Պուտինը նաեւ զգուշացրել է արտաքին՝ հատկապես ռազմական ճանապարհով իրադարձություններին միջամտելու փորձեր կատարելու դեպքում «սարսափելի հետեւանքներով անխուսափելի պարտության» մատնելու մասին. «Ով կփորձի միջամտել մեզ, առավել եւս՝ սպառնալիքներ ստեղծել մեր երկրի, մեր ժողովրդի համար, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ եւ ձեզ կտանի այնպիսի հետեւանքների, որոնք երբեք չեք տեսել ձեր պատմության մեջ։ Մենք դրան պատրաստ ենք: Իրադարձությունների ցանկացած զարգացման համար այս առնչությամբ բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվել են, հուսով եմ, որ իմ խոսքը լսելի կլինի»։ Դրանից անմիջապես հետո հրապարակվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր կոչը, որտեղ նա Ռուսաստանին պատասխանատու էր համարում կանխամտածված պատերազմի համար, որը կրելու է աղետալի մարդկային կորուստներ ու տառապանքներ, եւ զգուշացրեց, որ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն «միասնական ու վճռական ձեւով»։
Արտաքին ռազմական միջամտություններին կտրուկ պատասխանելու՝ ՌԴ հայտարարության ֆոնին Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ արեց աջակցություն ցուցաբերել իրենց: «Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին՝ օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասված է դեսպանատան ուղերձում: Դրան հաջորդեց Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որը չէր կարող էական ազդեցություն ունենալ մեկնարկած գործընթացների վրա:
Այլ երկրի եւ, հատկապես, Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելը կնշանակի հակամարտության ընդլայնում, իսկ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները հայտարարել են որ ՌԴ-ի հետ ռազմական բախման չեն գնա, քանի որ դա կնշանակի նոր համաշխարհային պատերազմ, նույնիսկ՝ միջուկային պատերազմ: Թուրքիայի ներգրավումը հակամարտությանն անխուսափելիորեն կբերի Արցախի շուրջ իրավիճակի լարման: Ուկրաինայում ՌԴ-Թուրքիա փոխգործակցության սիրիական կամ արցախյան մոդելը նույնպես չի գործի, քանի որ Վլադիմիր Պուտինը հստակ շեշտել է, որ խնդիրը Ուկրաինան իր համար սպառնալիք համարվող տարածքից անվտանգ երկրի վերածելն է, հետեւաբար, նա չի կարող որեւէ ձեւաչափով Ուկրաինայում տեսնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, առավել եւս, որ իր ուղերձում էլ քննադատեց ոչ միայն Արեւելք ծավալվելու ՆԱՏՕ-ի, այլեւ նրա առանձին անդամների քայլերը: Այս ակնարկը միանշանակ վերաբերում է Անկարային, քանի որ վերջինիս գործողությունները լիովին տեղավորվում են Պուտինի տված գնահատականների մեջ:
Այստեղ ստիպված ենք հիշել, թե Ուկրաինայում ինչ խանդավառությամբ ընդունվեց 44-օրյա ագրեսիայի հետեւանքով Արցախի զգալի տարածքի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ, նույնիսկ զուգահեռներ էին անցկացվում Ղրիմի, Դոնբասի եւ Արցախի խնդիրների միջեւ: Այսօր Ուկրաինան «քաղում» է պետությունների միջեւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հարցում իր երբեմնի խանդավառության արդյունքները: