Ուկրաինայում եւ նրա շուրջ ընթացող զարգացումները երկարաժամկետ բնույթ են կրելու։ Այդ մասին կանխատեսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում ձեւավորվող իրավիճակը շուտ չի վերադառնա բնականին։ «Մենք պետք է պատրաստվենք երկար հակամարտության»,- ասել է Մակրոնը Փարիզում շաբաթ օրը ֆրանսիացի լրագրողներին։
Եթե ռազմական գործողությունների սկսման առաջին օրերին Արեւմուտքը հիմնականում հումանիտար, քաղաքական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնում, ապա վերջին երկու-երեք օրերին խոսվում է նաեւ ռազմական սպառազինությամբ աջակցելու մասին։ Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կիրակի օրը BBC-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ եթե բրիտանացիներից որեւէ մեկը ցանկանում է արձագանքել նախագահ Զելենսկու կոչին եւ գնալ ու ինքնակամ կռվել, ապա այդ մարդիկ իրավունք ունեն նման որոշում կայացնելու։ Միաժամանակ, Բրիտանիան մտադիր չէ իր զինվորներին ուղարկել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։ Միջազգային իրավունքը թույլ է տալիս օտարերկրացիներին կամավոր միանալ ճանաչված պետության պաշտպանական ուժերին:
ՆԱՏՕ-ի ղեկավարներն անցած ուրբաթ հայտարարել էին, որ լրացուցիչ զորքեր են ուղարկելու Արեւելյան Եվրոպա՝ ընդգծելով, որ «նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը սարսափելի ռազմավարական սխալ է, որը Ռուսաստանի վրա թանկ կարժենա ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով»։ Այդ կերպ նրանք ապահովագրում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների Ռուսաստանի հետ ունեցած սահմանները եւ փորձում «հնարավոր ամեն ինչ անել՝ հուսալի զսպվածություն եւ անվտանգություն ապահովելու համար»։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շարունակելու են Ուկրաինային մատակարարել ռազմական սպառազինություն, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով, իսկ նաեւ չորս F-16 կործանիչներ՝ Լիտվա։ Իր հերթին՝ Իսպանիան լրացուցիչ նավեր է ուղարկելու դաշինքի նավատորմն ուժեղացնելու համար եւ դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը: Ֆրանսիան իր հերթին հայտարարել է ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ Ռումինիա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Նիդերլանդները եւս Բուլղարիա է ուղարկելու երկու F-35 կործանիչ, եւ մարտական պատրաստության վիճակի կբերվեն ՆԱՏՕ-ի արձագանքման ցամաքային զորքերը։
Ինչպես եւ սպասելի էր, ՆԱՏՕ-ի զորքերը չեն մտնելու Ուկրաինայի տարածք։ Դրա փոխարեն մեծացնում են քաղաքական հարթությունում ցուցաբերվող աջակցությունը։ Կիրակի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է, որ «ժամանակի ընթացքում Ուկրաինան պետք է անդամակցի ԵՄ-ին, այս երկիրը մեզանից մեկն է, եւ մենք ցանկանում ենք նրան տեսնել եվրոպական ընտանիքում»։ Այստեղ չափազանց կարեւոր նշնակություն ունի, թե ինչպիսի սահմաններով են Ուկրաինան ընդունելու ԵՄ։ Արդյոք այն ունենալո՞ւ է Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն հռչակած պետության սահմանները, թե՞ ներկայումս ընթացող հակամարտության արդյունքում ձեւավորված սահմանագծերը։ Նկատենք, որ ԵՄ-ն իր կազմում չի ընդգրկում սահմանային վեճեր ունեցող պետություններին՝ լրացուցիչ մտահոգություններից եւ խնդիրներից կառույցը զերծ պահելու համար։ «Ժամանակի ընթացքում» ձեւակերպումը այստեղ թերեւս առանցքային նշանակություն ունի։
Այս համատեքստում ուշադրության է արժանի Գերմանիայի (արդեն նախկին) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախի ելույթը Հնդկաստանում հունվարի վերջին կայացած համաժողովում, երբ վերջինս ասել էր, որ Ղրիմի թերակղզին երբեք չի վերադառնա Ուկրաինային։ Նա նաեւ անհեթեթություն էր անվանել Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հնարավորության մասին պնդումները եւ հավելել, որ Վլադիմիր Պուտինը փորձում է ապահովել, որ Մոսկվայի հետ խոսվի հավասար հիմունքներով։ Բացի այդ, զինվորականը կարծիք էր հայտնել, որ Չինաստանին դիմակայելու համար Հնդկաստանն ու Գերմանիան Ռուսաստանի աջակցության կարիքն ունեն։ Այս ելույթը բուռն արձագանքներ էր ստացել միջազգային հարթակներում եւ, բնականաբար, Կիեւում։ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախն այդ հայտարարության արդյունքում հրաժարական էր տվել եւ նշել, որ դրանք արտացոլում են իր անձնական կարծիքը եւ չեն համապատասխանում Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական դիրքորոշմանը։ Թեպետ գերմանացի բարձրաստիճան զինվորականը հրաժարական է տվել, սակայն նրա հայտարարությունը եւ դրա շուրջ առաջացած արձագանքները հստակ ցույց են տալիս արեւմտյան քաղաքական հանրության շրջանում առկա տարաձայնությունները տարբեր հարցերի շուրջ եղած դիրքորոշումներում, որոնք առավել ակնհայտ կդրսեւորվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգման պայմաններում։
Այն, որ Գերմանիան փորձելու է ավելի առանցքային դերակատարություն ստանձնել միջազգային ասպարեզում եւ առավել մեծ ռազմական անկախության ձգտել, վկայում են այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի քայլերը։ Գերմանական կաբինետի ղեկավարի խոսքով՝ եկել է Բունդեսվերի (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության զինված ուժեր- խմբ.) հզորացման ու վերազինման ֆինանսավորումն ավելացնելու ժամանակը։ Այդ նպատակների համար արդեն այս տարվա համար դաշնային բյուջեից հատկացվելու է 100 միլիարդ եվրոյի միանվագ տրանշ։ Բացի այդ, ամեն տարի Գերմանիան ավելացնելու է ներդրումները բյուջեի պաշտպանական ոլորտում՝ հասցնելով այն երկրի ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսին։ Ուկրաինայի շուրջ զարգացումների համատեսքտում ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ուժեղացնելու տրամաբանության մեջ Գերմանիան այսպիսով ցանկանում է հիմնավորել եւ լեգիտիմացնել իր ռազմական ներուժի մեծացումը։