Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում այս օրերին մտատանջող մեկ հարց կա՝ Արցախի Ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրթիռակոծվում էին բնակելի շենքեր, հիվանդանոցներ, Ստեփանակերտի ծննդատունը, կրթական, մշակութային ու պատմական հուշարձաններ, Արեւմուտքը ոչ միայն պատժամիջոցներ չսահմանեց, այլեւ անգամ լիարժեք քննադատության խոսք չհնչեցրեց ադրբեջանաթուրքական զույգի եւ նրանց գումարներով Արցախի ժողովրդի դեմ բերված ջիհադիստ ծայրահեղական գրոհայինների գործողությունների դեմ: Նկատենք, որ այդ հարցում զուսպ էին նաեւ ՀԱՊԿ որոշ պետություններ, բայց այդ կեցվածքը թելադրված էր Ադրբեջանի հետ նրանց ունեցած լավ հարաբերություններով: Սրա փոխարեն, այն դեպքում, երբ ՌԴ-ն բացառապես գերճշգրիտ զենքերով շարքից դուրս է հանում ռազմական ենթակառուցվածքներն ու ռազմաբազաները՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր զոհերի թիվը եւ, ի տարբերություն ադրբեջանաթուրքական զույգի, հայտարարում է, որ Ուկրաինայի տարածքներ գրավելու խնդիր չունի, արեւմտյան եւ եվրոպական պետությունները, միջազգային կազմակերպություններն ու հասարակությունը նման աննախադեպ աղմուկ են բարձրացրել եւ կործանարար պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Հարց է ծագում՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին աշխարհը չէ՞ր տեսնում ճշմարտությունը: Կարծես թե՝ 21-րդ հազարամյակի տեղեկատվական աննախադեպ հոսքերի դարաշրջանում Արցախում կատարվողն անխուսափելիորեն հասանելի էր դառնում համաշխարհային հանրությանը: Պարզվում է, որ Արեւմուտքում լավ էլ տեսնում են եւ գիտեն ճշմարտությունը, ուղղակի այն բարձրաձայնելը պետք է բխի այդ երկրների շահերից: Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ ճշմարտության մասին բարձրաձայնելու համար եվրոպացիները պետք է պատերազմի հետեւանքները զգան սեփական մաշկերի վրա:
Այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ-ի երկրներն անվերապահորեն քննադատում են Ռուսաստանի գործողությունները, այդ կառույցների խոշորագույն պետություններից մեկը՝ Գերմանիան, հանդես է գալիս տրամագծորեն հակառակ դիրքորոշմամբ եւ, սթափ գնահատելով իրավիճակը, ճշգրտորեն ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի պատճառները՝ ըստ էության, պաշտպանելով ՌԴ-ի սկսած ռազմական գործողությունները: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, AfD խորհրդարանական խմբի ղեկավար Ալիսա Վայդելն օրերս ունեցած ելույթում հայտարարել է, որ Արեւմուտքի սխալն էր Ուկրաինային Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցություն խոստանալը, ինչը միայն սրեց իրավիճակը։ «Ճակատագրական սխալ էր Ուկրաինային ծաղրել անիրականանալի՝ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումներով: Դրանով մենք նրան ներքաշեցինք այս առճակատման մեջ: Գոյատեւելու եւ զարգանալու համար պետք չէր, որ Ուկրաինան լիներ որեւէ մեկի ֆորպոստը, քանի որ նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար «կարմիր գիծ» էր, Ռուսաստանի իշխանություններն այս մասին խոսում են անընդմեջ արդեն 20 տարի»,- ասել է Վայդելը Բունդեսթագում ունեցած ելույթում։
Գերմանացի քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ նույնիսկ 2014-ից հետո Ուկրաինան բազմաթիվ շանսեր ուներ հաստատելու իր չեզոք կարգավիճակը։ Սակայն դրա փոխարեն Արեւմուտքն Ուկրաինայի օգնությամբ շարունակեց սադրել Ռուսաստանին՝ հրաժարվելով բանակցել եւ ընդունել աշխարհաքաղաքական նոր իրականությունը։ Վայդելը հիշել է, որ այն ժամանակ հնարավորություններ են եղել Ուկրաինայի չեզոքությունն ապահովելու համար, եւ այն բոլոր կողմերի համար կարող է դառնալ ոչ թե վեճի առարկա, այլ երկիր, որը կամուրջ կդառնա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, բայց դրա փոխարեն Արեւմուտքի կոշտ գծի կողմնակիցները, որոնք դեռ ապրում են սառը պատերազմի տրամաբանությամբ, շարունակեցին հաստատակամորեն խոստանալ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ դրանով իսկ ամբարտավանորեն շպրտեցին Ռուսաստանի դեմքին, թե նա ոչինչ է, մեծ տերություն չէ, ինչն Արեւմուտքի պատմական ձախողումն է:
«Գերմանիան կարող է միայն դատարկ սպառնալ, քանի որ ոչինչ չունենք սպառնալու: Այս պատժամիջոցները Գերմանիային ավելի շատ կվնասեն, քան Ռուսաստանին, եւ դրանք չեն կարողանա վերջ տալ Ուկրաինայի պատերազմին: Ինչ վերաբերում է մեր անվտանգությանը, ապա Գերմանիան անպաշտպան է, հայտնել է խորհրդարանականը։
Գերմանացի պատգամավորի՝ իրականության նման ճշմարտացի ներկայացման միակ պատճառն այն է, որ Գերմանիան ամբողջությամբ կախված է ռուսական գազից եւ առանց դրա չի կարող գոյություն ունենալ: Նա նաեւ նկատել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներից տուժելու է Եվրոպան, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն, իր շահերից ելնելով, ՌԴ-ի դեմ չի սահմանում նավթային պատժամիջոցներ: Վայդելը հիշեցրել է, որ Գերմանիան եւ ողջ Եվրամիությունն ամեն դեպքում ստիպված կլինեն շարունակել ապրել Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում եւ, հետեւաբար, պետք է փորձեն համատեղ ստեղծել եվրոպական անվտանգության ճարտարապետություն՝ մոռանալով սեւ ու սպիտակ մտածողության մասին։
Վերոշարադրյալից կարելի է միանշանակ եզրակացնել, որ աշխարհում ընթացող գործընթացների մասին ճշմարտությունը հասանելի է բոլորին, ուղղակի որպեսզի այն ճշմարտություն ներկայացվի, բարձրաձայնվի եւ, առավել եւս, դրանով առաջնորդվի, անհրաժեշտ է, որ այն համապատասխանի պետությունների՝ առաջին հերթին տնտեսական, հետո նաեւ քաղաքական շահերին: Ստացվում է, որ հրթիռակոծության հետեւանքով իրենց տների եւ հիվանդանոցների փլատակների տակ մնացած արցախցի մանուկի ճիչը Եվրոպա կարող էր հասնել միայն նավթի ու գազի խողովակների միջոցով: