Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրան-5+1 համաձայնության հաջողությունը «մազից» է կախված

Մարտի 11, 2022
Միջազգային
Իրան-5+1 համաձայնության հաջողությունը «մազից» է կախված
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
318
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիա, Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնության վերականգնման շուրջ բանակցությունները, որոնք ընթանում են իրականում Իրան-4+1 ձեւաչափով։ Իրանը չի համաձայնել ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ վարել, ուստի վերջինիս մասնակցությունը միջնորդավորված է, միջնորդի դերը գլխավորապես իրականացնում է բանակցությունները համակարգող ԵՄ-ն։

JCPOA-ն, կողմերի շուրջ երկու տարի ելեւէջներով ընթացող բանակցություններից հետո, 2015 թ. հուլիսին ստորագրվել եւ կյանքի էր կոչվել 2016 թ. հունվարին։ Սակայն 2018 թ. մայիսից այն գործնականում սառեցվել է, քանի որ որոշիչ դեր ունեցող երկրներից ԱՄՆ-ը հեռացավ դրանից: Հետեւաբար ոչ միայն վերականգնվեցին Իրանի դեմ մինչեւ համաձայնությունը կիրառված սահմանափակումները, այլեւ դրանք գրեթե կրկնապատկվեցին տարբեր, այդ թվում՝ մարդու իրավունքների ոտնահարման, հեռահար հրթիռների արտադրության եւ այլ պատճառաբանություններով: Այժմ Իրանի ‎ֆիզիկական ու իրավաբանական 1600 անձանց դեմ կիրառված են սահմանափակումներ։ Մյուս կողմից էլ 2019-ից Իրանն սկսեց JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից աստիճանաբար նահանջի քայլեր կատարել` ընդհուպ վերականգնելով ուրանի հարստացման գործընթացը՝ բարձր տոկոսներով, ինչի արդյունքում 2021 թ. հոկտեմբերի դրությամբ տնօրինում է 25 կգ 60 տոկոսով եւ 120 կգ 20 տոկոսով հարստացած ուրան, մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանը իրավասու էր հարստացնել 3,67 տոկոսանոց, այն էլ՝ ոչ մեծ քանակով:

ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի, որը խոստացել էր հեռանալ JCPOA-ից, հայտարարել է դրան վերադառնալու մասին: Եվ, ի վերջո, 2021 թ. ապրիլի 6-10-ը Եվրամիության ջանքերով բանակցությունները համաձայնության վերականգնման շուրջ սկսվեցին, որին ԱՄՆ-ը մասնակցում էր Իրանի հարցերով հատուկ հանձնակատար Ռոբերտ Մալիի գլխավորությամբ, հարեւան հյուրանոցից: Արդյունքից գոհունակություն էին հայտնել ու այն կառուցողական գնահատել JCPOA-ի գլխավոր դերակատարներ Իրանն ու ԱՄՆ-ը: Սակայն 2021 թ. հունիսին, բանակցությունների 6-րդ փուլի ավարտից հետո, ընդհատվել եւ վերսկսվել են 5 ամիս հետո՝ նույն թվականի նոյեմբերին։ Ընթացիկ տարվա փետրվարին վերսկսվել է բանակցությունների 8-րդ փուլը, որ ընդհատվել էր հունվարին։ Բանակցությունների ընթացքում կողմերը երբեմն միմյանց հասցեին սուր քննադատություններ են հնչեցրել, խոսել են կարմիր գծերից ու նախապայմաններից։ Այսուհանդերձ, ներկայումս, կարելի է նշել, բանակցությունները հասել են մի հագրվանի, որտեղ մասնակից բոլոր երկրներն ընդգծում են, թե վերջնական արդյունքի համար անհրաժեշտ են միայն JCPOA-ի գլխավոր դերակատարների քաղաքական որոշումները։ Ուստի պատվիրակությունները խորհրդակցության նպատակով վերադարձել էին իրենց երկրները։ Հավելենք նաեւ, որ JCPOA-ի գլխավոր դերակատարների միջեւ միջնորդական ակտիվ գործունություն է ծավալել ու ծավալում նաեւ Կատարը՝ մասնավորապես համաձայնության շրջանակներում բանտարկյալների փոխանակման առնչությամբ, ինչի շուրջ եւս ակնհայտորեն առաջընթաց կա։

Սակայն, ինչպեսեւ ենթադրվում էր, ռուս-ուկրաինական հակամարտությունը չէր կարող շրջանցել JCPOA-ի վերականգնման ճակատագիրը։ Իրականում էլ այն անորոշության շղարշով է պատվել մարտի 5-ից, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից գրավոր երաշխիք է պահանջել առ այն, որ համաձայնության վերականգնումից եւ Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո Ռուսաստան-Իրան տնտեսական ու ռազմական ոլորտներում գործակցության խոչընդոտներ չեն լինի։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի պատասխանը չուշացավ՝ մարտի 6-ին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառվել են ռուս-ուկրաինական հակամարտության առիթով, ուստի որեւէ առնչություն չունեն JCPOA-ի վերականգնման հետ։ Միաժամանակ Եվրոպայի եռյակը՝ Մեծ Բիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, մարտի 8-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրենների խորհրդի նիստում հանդես գալով հայտարարությամբ, Ռուսաստանից պահանջել է չխոչընդոտել JCPOA-ի վերականգնմանը՝ նախապայաններ առաջ քաշելով։ Հայտարարությունում նրանք Իրանին հորդորել են լարվածություն հրահրող որեւէ քայլի չդիմել, ապա խոսքն ուղղելով IAEA-ի տնօրենների խորհրդին, նշել են, որ համաձայնության գալը «շատ մոտ» է։ Բացի այդ, բանակցություններում ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Էնրիկե Մորան մարտի 8-ին հայտարարել է, թե ոչ փորձագետների մակարդակով քննարկումներ եւ ոչ էլ պաշտոնական նիստեր այլեւս տեղի չեն ունենալու, հաջորդը լինելու է վերջնական ու քաղաքական որոշումների փուլ։

Հատկանշական է, որ մարտի 5-ին IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել էր Թեհրան` Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ չհստակեցված որոշ հարցերի շուրջ բանակցելու նպատակով, որտեղ կողմերը համաձայնության են եկել։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը Մոսկվայի ներկայացրած նախապայմանի առնչությամբ, ապա, հաշվի առնելով Լավրովի եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանի հեռախոսազրույցը եւ մինչեւ այդ իրանցի տարբեր պաշտոնյաների հայտնած տեսակետները, ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ զգուշավոր, բայց եւ այնպես անուղղակիորեն Մոսկվայի պահանջը՝ JCPOA-ի վերականգնման հետ առնչություն չունեցող։ Ավելին, վերլուծաբաններից ոմանք շեշտում են, որ Մոսկվան Իրանի հաղթաքարտը խաղարկում է հանուն իր շահերի։ Թեեւ արտաքուստ Իրանը համաձայնության վերականգնման նշանակությունն իր տնտեսության համար չի կարեւորում, բայց դրա ճակատագրի անորոշությունն արդեն արտարժույթի հանդեպ ազգային արժույթի տատանումներ ու բիրժաներում անկում է արձանագրել։ Մինչդեռ JCPOA-ի վերականգնման ազդեցությունը ոչ միայն կզգացվի այդ երկրի ազգային արժույթի կայունացման, այլեւ, անշուշտ, նավթի միջազգային գների վրա։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկրի համար առաջին հերթին գերակա են սեփական շահերը, ստեղծված իրավիճակում էներգակիրներով հարուստ Իրանի շահերը պահանջում են խնդրի շուտափույթ լուծում։ Ահավասիկ, մարտի 9-ին Իրանի բանակցող պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարար Ալի Բաղրի Քյանին, որ կարճ ժամանակով Թեհրան էր գնացել, վերադարձել է Վիեննա։ Սա այն դեպքում, երբ մարտի 9-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ վերջնական որոշման ուշացումը կարող է հանգեցնել JCPOA-ի լիովին ձախողմանը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակը, ակնարկելով Ռուսաստանի նախապայմանները, շեշտել է, թե առկա է լուրջ մտահոգություն այն վտանգների առիթով, որոնք կարող են վերջնակապես տապալել բանակցությունները։ Այլ կերպ ասած, բացառված չէ նաեւ, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով «ջուրն ընկնեն» շուրջ 11 ամսվա բուռն ջանքերը՝ JCPOA-ի վերականգնման ուղղությամբ։ Ինչպես ասում են՝ բանակցությունների հաջողությունը «մազից» է կախված։

Թեգեր: ԱՄՆԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ի՞նչ է փնտրում Հերցոգն Անկարայում

Ի՞նչ է փնտրում Հերցոգն Անկարայում

Խնդողնին Արցախի նախշն է

Խնդողնին Արցախի նախշն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist