Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: Սա Իսրայելի նախագահի՝ վերջին 15 տարում կարարած առաջին պաշտոնական այցն է Անկարա: Հերցոգը նշել է, որ այս պայմաններում, երբ «խարխլվում է միջազգային կարգը», կարեւոր է կայունություն ու գործակցություն հաստատել տարածաշրջանային երկրների միջեւ:
Այցի թեմաներից մեկն էլ իսրայելական գազի առաքումն է դեպի Եվրոպա, ինչը հատկապես հրատապ է ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Եվ Իսրայելը, եւ Թուրքիան, ի դեպ, ձգտում են ակտիվ միջնորդի դեր կատարել Մոսկվայի ու Կիեւի միջեւ:
«Իսրայելի հետ մեր ընդհանուր նպատակը քաղաքական երկխոսության վերսկսումն է ընդհանուր հետաքրքրությունների եւ միմյանց զգացմունքները հարգելու հիմքի վրա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հերցոգի հետ բանակցությունների ավարտից հետո:
«Մենք չենք կարող պայմանավորվել ամեն ինչի մասին, սակայն կձգտենք լուծել վեճերը փոխադարձ վստահությամբ ու պարզությամբ, համատեղ կառուցած ճիշտ համակարգերով»,- Էրդողանին այսպես է պատասխանել Հերցոգը: Անկարա մեկնելուց առաջ վերջինս, ի դեպ, լրագրողներին ասել էր, որ այս պայմաններում, երբ «խարխլվում է միջազգային կարգը», Անկարայի հետ հարաբերությունները կարեւոր են ողջ տարածաշրջանի համար:
Բանակցություններից հետո հայտարարվել է, որ երկխոսությունը կշարունակվի. Թուրքիայի արգործնախարարն ապրիլին կայցելի Իսրայել եւ Թուրքիա: Սպասվում է, որ Իսրայել կմեկնի նաեւ Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Իցհակ Հերցոգի բանակցային օրակարգում հիմնական տեղն զբաղեցնում էր համագործակցությունն էներգետիկ ոլորտում: Անկարայում հույս ունեն Իսրայելին միացնել իրենց գազային ենթակառուցվածքին: Ուկրաինական բանակցությունների լույսի ներքո դա նոր նշանակություն է ստանում: Բրյուսելն արդեն դիմել է իսրայելցիներին՝ իմանալու նրանց դիրքորոշումը Եվրոպայում ռուսական ածխաջրածիններին փոխարինելու հարցում:
Անկարայի հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին իսրայելցիներն սկսեցին զարգացնել կապերը Հունաստանի ու Կիպրոսի հետ: Այս եռյակը դարձավ 2019 թ. ստեղծված Արեւելյան միջերկրածովյան գազային ֆորումի մասը: Այդ ֆորումի կազմում են նաեւ Եգիպտոսը, Իտալիան, Հորդանանը եւ Պաղեստինը: Անդամության հայտ է ներկայացրել Ֆրանսիան, իսկ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դիտորդի կարգավիճակ են խնդրել: Թուրքիային ցուցադրաբար չեն հրավիրել: Բացի այդ, 2020 թ. Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը գազամուղի (EastMed Pipeline) շինարարության համաձայնագիր են ստորագրել՝ Արեւելյան միջերկրածովյանից գազը Եվրոպա տեղափոխելու համար: Ենթադրվում էր, որ EastMed Pipeline-ը կթույլատրի էներգակիրների մատակարարում սկսել իսրայելական «Լեւիաֆան» ու կիպրոսյան «Աֆրոդիտա» հանքավայրերից՝ Կիպրոս եւ Կրետե կղզիների վրայով՝ դեպի Հունաստանի մայրցամաքային մաս, իսկ ապագայում, հնարավոր է, դեպի Իտալիա: Դա նույնպես Անկարայի բողոքն առաջացրեց: Այդուհանդերձ, Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռյակը մեծ հույսեր էր կապում ԱՄՆ-ի օգնության ու ներդրումների հետ:
Հունվարին, սակայն, տեղեկություններ տարածվեցին, որ Վաշինգտոնն այդ նախագծին չի աջակցում ոչ էկոլոգիապես, ոչ էլ տնտեսական պատճառներով: Եվ Թուրքիան բաց չթողեց իր հնարավորությունը: «Մենք իսրայելական գազն օգտագործում ենք երկրի ներսում, բայց միեւնույն ժամանակ ձեռնամուխ կլինենք այն դեպի Եվրոպա առաքելու համատեղ աշխատանքներին»,- հայտարարել է Էրդողանը փետրվարի սկզբին՝ խոստանալով այդ հարցը բարձրացնել Իցհակ Հերցոգի հետ հանդիպման ընթացքում:
Իսրայելում Էրդողանի պահվածքի փոփոխությանը բավական զգույշ են վերաբերվում: «Ես Թուրքիայի նկատմամբ պատրանքներ չունեմ: Տեսել եմ, թե ինչ էր կատարվում Գազայում ճգնաժամի պահերին: Մենք շատ լավ գիտենք ողջ դինամիկան»,- «Հաարեց» թերթի թղթակցին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նաֆթալի Բենետը: Նա, սակայն, չի բացառել, որ կարող է հանդիպել Էրդողանի հետ: Միեւնույն ժամանակ Իսրայելում չեն ցանկանում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն անդրադառնա Հունաստանի ու Կիպրոսի հետ կապերի վրա: Անկարա այցից առաջ Իցհակ Հերցոգը եղել է եւ Կիպրոսում, եւ Հունաստանում:
Հրեական պետությունում ոչ պաշտոնական մակարդակով նշում են, որ հիմա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատճառները շատ են: Այսպես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի ձգտումը՝ ամեն գնով վերադառնալու Իրանի հետ «միջուկային ծրագրին», իսրայելցիներին ստիպում է անհանգստանալ տարածաշրջանային անվտանգության ոլորտում հավասարակշռության համար: Այս դեպքում Անկարայի հետ գործակցությունը դիտվում է որպես Թեհրանի հետաքրքրությունների զսպման գործիք: Թուրքական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը հայտարարել է, որ հրեական պետությունը, ամեն դեպքում, «տարածաշրջանային մակարդակում չի կարող կրկնակի զսպման քաղաքականություն վարել»:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ միջերկրածովյան երկու տերությունները 2020 թ. Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ֆոնին առավել մերձենալու խթան են գտել, որտեղ նրանց համար ընդհանուրը Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունն էր: Այնուհետեւ կարեւոր խթան էր 2021 թ. Քաբուլի կառավարության հանկարծակի անկումը։ «Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանային դերակատարների համար բացահայտեց Միացյալ Նահանգների ցանկությունը՝ նվազեցնելու իր ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ այն, որ իրենք պետք է միասին աշխատեն տարածաշրջանային կարգուկանոն պահպանելու համար»,- ասել է Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության հետազոտությունների փորձագետ Գալյա Լինդենշտրաուսը:
Այս բոլոր տարիներին Իսրայելն ու Թուրքիան չեն դադարեցրել երկկողմ առեւտուրը, որի ծավալը 2020 թ. հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 5.75 մլրդ դոլարի: Այս ֆոնին Անկարան հայտնվել է հրեական պետության խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում: Բրուքինգսի ինստիտուտի գնահատականներով՝ հենց Իսրայելի կողմից գազի նոր հանքավայրերի հայտնաբերումն էր, որ դիտարկվեց որպես հնարավոր հաշտեցման բեկումնային կետ, քանի որ ածխաջրածինները նախ կարող են տեղափոխվել Թուրքիա, իսկ այնտեղից՝ հարավային Եվրոպա: Նման խողովակաշարի կառուցման պլանները վերջին տարիներին պարբերաբար հետաձգվում են, սակայն այն ճնշումը, որ ուկրաինական հակամարտությունը գործադրում է էներգետիկ շուկաների վրա, ամենայն հավանականությամբ, ըստ ամերիկյան հետազոտողների կանխատեսումների, կվերածնի այդ գաղափարը:
Այս շաբաթ Իսրայելի էներգետիկայի նախարարությունում «Times of Israel»-ի աղբյուրները հաղորդել են, որ Բրյուսելի պաշտոնյաները հրեական պետական իշխանություններից հետաքրքրվել են, թե նրանք արդյոք կարո՞ղ են բնական հեղուկ գազ առաքել Եվրոպա…
Եվրամիությունում Իսրայելի նախկին դեսպան եւ իսրայելական խորհրդարանի՝ արտաքին գործերով ենթահանձնաժողովի նախկին խորհրդական Օդեդ Էրանը նկատել է, որ դեպի ԵՄ իսրայելական գազի թուրքական երթուղին արդեն վաղուց դիտարկվում է որպես լավագույն որոշում: «Այդուհանդերձ, կան մի շարք խոչընդոտներ՝ Կիպրոսի ու Սիրիայի հետ քաղաքական դժվարությունները: Եթե դուք գազամուղ եք ստեղծում Կիպրոսի կողքին, խնդիր կունենաք: Եթե այն կառուցում եք սիրիական ափին, ապա կրկին խնդիրներ կծագեն»,- ասել է Էրանը՝ շեշտելով, որ իսրայելական գազը, այնուամենայնիվ, դժվար թե փոխարինի ռուսականին եվրոպական շուկայում: