Ռուսաստանի զինված ուժերը եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները շարունակում են մարտավարական հաղթանակներ տոնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակներում: Ուկրաինական բանակի ազգայնական, այլ ստորաբաժանումներ եւ Ազգային գվարդիան մի շարք ուղղություններում վերախմբավորում են ուժերը՝ ռուսական բանակի հարձակումը հետ մղելու համար: Միեւնույն ժամանակ ուկրաինական հրամանատարությունը մարտական գործողությունների շատ կարեւոր հատվածներում ներգրավում է այլ պետությունների քաղաքացիների, որոնք ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությամբ շուտով կարող են մի ամբողջ բանակային կորպուս կազմել:
Ուկրաինայում շարունակվում են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրահանգով փետրվարի 24-ից սկսված մոբիլիզացիան, մարտունակ տանկային, հետեւակային եւ մեքենայացված ստորաբաժանումների վերահամալրումն ու ակտիվ ձեւավորումը: Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս գործընթացը նկատվել է Խմելնիցկիի, Ժիտոմիրի եւ Լվովի մարզերում։ Այնտեղ ամբողջ ուժով կազմավորվում են երեք տանկային, երկու մեքենայացված, երկու հետեւակային եւ երկու հրետանային բրիգադներ։ Ուկրաինայի զինված ուժերի չափանիշների համաձայն՝ նրանք պետք է անցնեն համակարգման փուլը եւ արդեն ապրիլին դառնան լիովին մարտունակ ուժ, սակայն, կապված ռազմական գործողությունների հետ, այդ ժամկետը կարող է կրճատվել, եւ առաջիկա շաբաթներին պահեստային միավորումները կարող են գաղտնի տեղափոխվել Ուկրաինայի արեւելք եւ հարավ: Նրանց մարտունակության հիմնական պայմանը կլինի բավարար քանակությամբ զենք-զինամթերքի, ինչպես նաեւ վառելիքի եւ քսանյութերի առկայությունը, որոնց պակասը զգացվում է Ուկրաինայի զինված ուժերում։ Ինչպես փորձագետներն են կարծում, ՆԱՏՕ-ի երկրները փորձում են փակել այդ պակասուրդը՝ մարդասիրական օգնության քողի տակ վառելիք եւ քսանյութ մատակարարելով Լեհաստանի, Ռումինիայի եւ Սլովակիայի տարածքներով։
Կիեւը շարունակում է զինվել: Օրինակ՝ Թուրքիան, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, 2022 թ. առաջին երկու ամսում Ուկրաինային զենքի վաճառքի ծավալներն ավելացրել է 60 անգամ, ինչը կազմել է 58.4 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Անկարայի արտահանումը դեպի Ուկրաինա կազմել է 970 հազար դոլար: Հաղորդվում է, որ, բայրաքթարներից բացի, Թուրքիան Ուկրաինային վաճառում է «խելացի» զինամթերք, զենք, զրահաբաճկոններ ու սաղավարտներ:
«ՌԴ զինված ուժերն ավիացիոն ու հրթիռային հարվածներ են հասցնում զինանոցներին, զորավարժությունների համար նախատեսված վայրերին, օդային եւ թիկունքային բազաներին, որտեղ պահվում են վառելիք եւ քսանյութեր: Ընդ որում՝ ոչ միայն Դոնբասում եւ ձախափնյա Ուկրաինայում, այլեւ արեւմտյան շրջաններում,-կարծում է ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը:- Մինչեւ վերջերս Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի շտաբը գտնվում էր Կիեւում, բայց բացառված չէ, որ այժմ այն Լվովում է։ Շտաբին ենթակա մարտական բրիգադներն առավելագույնս քողարկված՝ տեղակայված են լեռնային, անտառապատ ու ճահճային տեղանքում: Նրանց հայտնաբերելը շատ դժվար է»։ Փորձագետի կարծիքով՝ ռուսական բանակը պետք է ակտիվացնի Ուկրաինայի արեւմտյան շրջանների հետախուզությունը եւ ռազմական տեխնիկայի կուտակումներ ու շարասյուներ հայտնաբերելուց հետո փորձի ոչնչացնել այդ ուժերը։ Նետկաչեւը նաեւ վստահ է, որ ՌԴ զինված ուժերը կփորձեն չեզոքացնել Ուկրաինայի դաշնակիցների ռազմական օգնության մատակարարման միջոցները, ուղղություններն ու երթուղիները։ «Դա անելը շատ ավելի դժվար կլինի, քանի որ այժմ այդ մատակարարումները քողարկվում են որպես մարդասիրական օգնություն։ Իսկ նման «օգնության» տապալումը Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով եւ, հնարավոր է՝ նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ հակամարտությամբ»,- նշել է փորձագետը։
Ուկրաինայում շարունակվում է «Օտարերկրյա լեգեոնի» ձեւավորումը, որի կազմում, ըստ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի, գրեթե 20 հազար կամավորներ կան աշխարհի 52 երկրից։ Թե նրանցից քանիսն են իրականում կամավորներ, իսկ քանիսը՝ վարձկաններ, դժվար է հասկանալ։ Աշխարհի մասնավոր ռազմական ընկերությունների ռեսուրսներն այժմ հավաքագրում են «վայրի սագերի» զորակազմը, որոնցից յուրաքանչյուրն օրական կստանա 1000-3000 դոլար՝ կախված մարտական որակավորումից եւ մարտական առաջադրանքների կատարումից։ Թե ով է ֆինանսավորում այս բոլոր միջոցառումները, պաշտոնապես չի հաղորդվում։
Կիրակի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հրահանգով ինքն «անմիջապես թույլատրել է» եւս 200 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային: «Այդ փաթեթը ներառում է հետագա պաշտպանական օգնությունը, որպեսզի Կիեւը կարողանա դիմակայել զրահատանկային, օդադեսանտային եւ այլ սպառնալիքներին, որոնց կբախվի»,-հայտարարել է Բլինկենը: Բացառված չէ, որ «այլ սպառնալիքներ» հոդվածով անցնող ֆինանսներն ուղղվեն վարձկանների ֆինանսավորմանը։ Ամերիկյան եւ ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը, գրում են, որ արդեն 3000 ամերիկացի կամավորներ պատրաստ են համալրել «Օտարերկրյա լեգեոնի» շարքերը՝ Կիեւի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Կանադայից այս լեգեոն է ուղարկվել գրեթե 500 «սվին»։ Այս գործընթացին միացել են նաեւ Գերմանիան ու եվրոպական այլ երկրներ։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Օտարերկրյա լեգեոնի» առաջին գումարտակի ձեւավորումն արդեն ավարտվել է, նրա հիմքը կազմում են Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Ասիայի կամավորները: Առայժմ հայտնի չէ, թե նրանք որտեղ կկռվեն, սակայն բացառված չէ, որ ուղարկվեն ամենաբարդ հատվածներ, ինչպես նաեւ պաշարված քաղաքներ՝ Չեռնիգով, Խարկով, Մարիուպոլ եւ այլն: Հաղորդվում է, որ Մարիուպոլում արդեն խորվաթներն են կռվում: Իսկ Վոլնովախի մոտ, կաթսայում, իբր, զոհվել են «Վրացական ազգային լեգեոնի» 60 զինյալներ: Ռազմական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայում «վայրի սագերի» հավաքագրման գործընթացը կազմակերպում է Ուկրաինայի զինված ուժերի հետախուզական գլխավոր վարչությունը, որը համագործակցում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում ու Ասիայում նրանց դրածոների հետ:
«Եթե Ռուսաստանի հետ կռվելու համար Ուկրաինա ժամանեն պրոֆեսիոնալ մարտիկ-վարձկաններ, դա շատ մեծ ու վտանգավոր ուժ կլինի՝ մի ողջ բանակային կորպուս: Նրանում կարելի է 5-6 մարտական բրիգադ ձեւավորել: Եվ այդպիսի բրիգադի մարտիկներից յուրաքանչյուրը կհասկանա, որ գերի հանձնվելու պատճառ չունի, ուստի պատրաստ կլինի առավելագույն մոտիվացիայով կատարել մարտական առաջադրանքները»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է մարտական գործողությունների վետերան, պահեստային գնդապետ Շամիլ Գարեեւը: Նա 80-ականներին իր ինտերնացիոնալ պարտքն է կատարել Աֆղանստանում: Նրա կարծիքով՝ Մոսկվան «պետք է ձգտի դիվանագիտական ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք կամավորականներ են ուղարկում Ուկրաինա, ՄԱԿ-ին միացնեն այդ գործընթացին»:
ՌԴ-ում հայտարարում են, որ պատրաստ են նաեւ կամավորականներ հավաքագրել Դոնբասում հատուկ գործողությունների խնդիրներ լուծելու համար, հիմնականում՝ մերձավորարեւելյան երկրներից, մոտ 16000 մարդ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ «եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են կամավոր հիմքով, առավել եւս՝ առանց գումարի, գալ եւ օգնություն ցուցաբերել Դոնբասում ապրող մարդկանց, դե ինչ, պետք է նրանց ընդառաջ գնալ եւ օգնել՝ տեղափոխվելու մարտական գործողությունների գոտի»: Իսկ «Wall Street Journal»-ը օրերս գրել է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի համար պատրաստում է սիրիացիների, ովքեր ունակ են մարտական գործողություններ վարել քաղաքային պայմաններում»:
«Նովոռոսիա» սոցիալական շարժման ղեկավար եւ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Իգոր Ստրելկովն այս առիթով իր թելեգրամյան ալիքում գրել է. «Այս 16000 մերձավորարեւելյան «կամավորները» քիչ օգուտ կտան: Համոզված եմ, քիչ վնաս չի լինի»:
Ռազմական վերլուծաբան, Դոնբասի աշխարհազորային Վլադլեն Թաթարսկին ասել է. «Բոլորը միշտ վրդովվում են, որ Ռուսաստանի դաշնակիցները երբեք չեն օգնում իրեն, իսկ այստեղ 16 հազար մարդ կա… Լավ կլիներ կամավորական ջոկատներ կազմակերպել այն երկրներից, որոնց «Ռուսաստանը վերջին շրջանում օգնեց»: