Գլխապտույտ արագությամբ իրար հաջորդող իրադարձությունների շարանը ակներեւաբար վկայում է ներկայիս աշխարհակարգի քայքայման, իսկ տեսանելի ապագայում՝ նույնիսկ կործանման մասին: Ընդ որում՝ աշխարհի հետագա էվոլյուցիայի մեր օրերի գլոբալ միտումները ձեւավորվում ու զարգանում են միմյանց հակազդող աշխարհաքաղաքական ուժերի ներազդեցության պայմաններում:
Այսպես՝ Ուկրաինայի շուրջ միջազգային իրադրությունը մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 24-ը պատկերավոր կարելի էր համեմատել Առաջին համաշխարհային պատերազմի տարիների դիրքային պաշտպանության հետ: Այն ժամանակ հակամարտող կողմերը համառորեն ու միմյանցից գաղտնի (երբեմն դա ստացվում էր, երբեմն էլ՝ ոչ այնքան) այդ պաշտպանության ճեղքման, դիրքային փակուղուց ելքեր էին փնտրում: Խնդիրն այն էր, թե կողմերից որն առաջինը վճռական քայլեր կձեռնարկի:
Կարելի է փաստել, որ ներկայումս մոտավորապես նույն բանն է տեղի ունենում: Ընդ որում՝ միջազգային հարաբերությունների հարցերով մի խումբ փորձագետներ ռազմական գործողությունների մեկնարկը կապում են ուկրաինական ուղղությամբ պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքականության ձախողումների հետ: Չէ՞ որ Կիեւի հետ «լեզու գտնելու» եւ նրան Մինսկի համաձայնությունները կատարելուն միտված ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Ավելին՝ հաշվի առնելով ուկրաինական ղեկավարության՝ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների վրա հարձակվելուն ուղղված ռազմական պատրաստությունները, հետագա բանակցություններն ընդհանրապես անիմաստ դարձրին:
Արդյունքում Ռուսաստանը նախընտրեց առաջինը «ձեռնոց նետել» եւ նախահարվածի դիմել: Ուկրաինայում իրականացվող օպերացիան ՌԴ-ի ու Արեւմուտքի գլոբալ աշխարհաքաղաքական դիմակայության տեսանելի մասն է: Մի կողմից «խաղասեղանին» է դրվել ռուսաստանյան պետականության, առանց չափազանցության, գոյատեւման խնդիրը: Սակայն հակառակորդ կողմերի ռիսկերն էլ պակաս լուրջ չեն: Այդ առումով երեւի տեղին է որպես Ռուսաստանին դիմակայող կողմ դիտարկել ոչ թե համախմբված Արեւմուտքը, այլ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, քանզի նրանց շահերը զգալիորեն տարբերվում են մնացածների շահերից:
Ռուսաստանի դիրքորոշումը
Ռուսաստանը ջանում է հասնել Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնականացմանը: Այդ նպատակների իրագործումը հնարավոր է միայն բարեկամական, Արեւմուտքից կախում չունեցող կառավարության շնորհիվ: Իսկ Այդպիսի ուժի ձեւավորումը դեռ առջեւում է: Իսկ Կրեմլի գլոբալ նպատակը շատ ավելի պատվախնդիր է՝ Միացյալ Նահանգների եւ իր դաշնակիցների կողմից միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի բեկորների վրա կառուցված միաբեւեռ աշխարհակարգի ապամոնտաժում:
Փաստենք, որ ռազմական հատուկ գործողության անցկացման նախապատրաստումն առանց վրիպումների չստացվեց: Այսպես՝ թերագնահատված էին ինչպես Ուկրաինայի ԶՈՒ-ի եւ բնակչության բարոյահոգեբանական վիճակը, այնպես էլ միջազգային պատժամիջոցային ճնշման հնարավոր հետեւանքները:
Ռուսաստանի համար հնարավոր ռիսկեր են՝ գործողության տեւողության ձգձգումը, ռուսաստանցիների կողմից անցկացվող՝ գործողությունը սատարելու մակարդակի եւ երկրի բնակչության կյանքի մակարդակի նվազումը:
Ուկրաինայի դիրքորոշումը
Ուկրաինայի դիրքորոշումը գնահատելիս հարկ է նկատի ունենալ գործողության մեկնարկի պահին իր քաղաքական սուբյեկտայնության փաստացի բացակայությունը: Հետեւաբար, ուկրաինական իշխանությունների նպատակներն են՝ ռազմական գործողությունների միջազգայնացում՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ երկրների քաղաքացիներին դրանցում ներգրավելու հաշվին, ռազմական հակամարտության ձգձգում, դրան «ժողովրդական դիմադրության», «պարտիզանական պատերազմի», դիվերսիոն-ահաբեկչական բնույթի հաղորդում, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից քաղաքական վերնախավի առանձին ներկայացուցիչների համար հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո անվտանգության ու «արժանավայել» կյանքի երաշխիքների ապահովում:
Կիեւի վրիպումների շարքին է հարկավոր դասել ռազմական գործողություններին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԵՄ մասնակցության վրա չափազանց մեծ հույսեր դնելը եւ պաշտպանություն վարելու սեփական օպերատիվ-մարտավարական հնարավորությունների գերագնահատումը:
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը
Ուկրաինայում անգլոսաքսերի ընթացիկ նպատակը ռազմական գործողությունների ձգձգումն է եւ զորքերի՝ ռուսաստանյան խմբավորումներին առավելագույնս հնարավոր վնաս հասցնելը: Իսկ գլոբալ առումով նրանց նպատակները հետեւյալն են՝ միաբեւեռ աշխարհակարգի վերականգնում՝ անգլոսաքսոնյան քաղաքական եւ տնտեսական գերիշխման հիմքի վրա, Գերմանիային եւ Ֆրանսիային Եվրոպայում առաջատար դիրքերից զրկում, ռուսաստանյան պետականության ոչնչացում՝ ՌԴ-ում ներքաղաքական իրադրության ապակայունացման եւ քաղաքացիական պատերազմ սանձազերծելու միջոցով:
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վրիպումները դարձան՝ ռուսաստանյան ֆինանսատնտեսական վերնախավի հետ սխալ հույսեր կապելը, Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական կարողությունների թերագնահատումը, նավթի առաքումների հարցում սխալ կանխատեսումները (մասնավորապես՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի ու Վենեսուելայի դիրքորոշումների վերաբերյալ):
Նշված վրիպումներից բխում են հետեւյալ հնարավոր հետեւանքները՝ էներգակիրների եւ սննդամթերքի գների շեշտակի աճ, ԱՄՆ-ի՝ Եվրոպայում եւ Ասիայում դաշնակիցների վրա ազդեցության թուլացում, սոցիալական լարվածության աճ (ավելի շատ վերաբերում է Միացյալ Նահանգներին, որտեղ ներկայումս, կարելի է ասել, նախադրյալներ են ձեւավորվում գալիք ընտրություններին դեմոկրատների աղետալի պարտության համար), ներքաղաքական եւ սոցիալական հակասությունների սրում ԱՄՆ-ում՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմ:
Եվրոպայի դիրքորոշումը
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Եվրոպան համախմբված, միասնական դիրքորոշում, մեծ հաշվով, չունի: Եվրոպական պետությունների նպատակները միմյանցից տարանջատված են: Այսպես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի էլիտաներն Ուկրաինայի հակամարտությունն օգտագործում են իրենց վարկանիշները բարձրացնելու եւ ընտրազանգվածային առավելություններ ձեռք բերելու նպատակով: Լեհաստանը ձգտում է իր վերահսկողությունը սահմանել Լվովի, Տերնոպոլի եւ Իվանո-Ֆրանկովոյի մարզերի, Հունգարիան՝ Անդրկարպատյան մարզի, իսկ Ռումինիան՝ Օդեսայի մարզի տարածքի մի մասի նկատմամբ:
Որպես եվրոպացիների վրիպումներ՝ կարելի է նշել ռուսաստանյան ռազմական ներուժի թերագնահատումը, հակամարտության տնտեսական եւ մարդասիրական հետեւանքների ոչ ճիշտ կանխատեսումը: Ընդհանրապես՝ անկախ հակամարտության ելքից, հենց Եվրամիությունն է ամենախոցելի կողմը դրա հետեւանքների առումով: Այդ հնարավոր հետեւանքներն են՝ էներգակիրների եւ սննդամթերքի գների շեշտակի աճը, միգրացիոն ճգնաժամը, կապված փախստականների հսկայական ներհոսքի հետ, եւ քրեածին իրադրության սրումը, սոցիալական լարվածության աճը, եվրոպական որոշ երկրներում իշխող էլիտաների փոփոխություն՝ բնակչության կողմից նրանց գործունեության հանդեպ դժգոհության հետեւանքով, ԵՄ անդամ երկրների միջեւ հակասությունների ուժեղացում, ԵՄ-ին անդամակցող որոշ երկրներ, որոնք համաձայն չեն միասնական պատժամիջոցային եւ միգրացիոն քաղաքականության հետ, կարող են միությունից դուրս գալ:
Ընդհանուր եզրակացություններ
1. ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան շարունակելու են հետեւողականորեն «կառավարելի քաոս» պահպանել Եվրասիայի պետություններում:
2. Հաջորդ ռազմական հակամարտության ամենահավանական տարածք կարող է դառնալ Թայվանի նեղուցի գոտին: Նաեւ չեն բացառվում Հնդկաստանի մերձսահմանային բախումները Պակիստանի ու Չինաստանի հետ:
3. Առաջիկա ամիսներին Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունը ձեռք կբերի դիրքային քաղաքական-տնտեսական պատերազմի բնույթ: Ով առաջինը նահանջի, նա էլ տանուլ կտա:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա նրա ապագան բարդ է լինելու: Սակայն ոչ ճակատագրական: ՌԴ-ում «հեղափոխական» սցենարի երեւան գալը, կարծում ենք, քիչ հավանական է: Ավելի շուտ Եվրոպայի բնակչությունն ու գործարար շրջանակները կտուժեն: Սննդամթերքի եւ էներգակիրների գների շեշտակի աճը ստիպելու է պատասխան զիջումների գնալ, իսկ Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունները կվերադառնան ռուսաստանյան շուկա: Եթե, իհարկե, մինչ այդ գոյացած բացը ուրիշները չզբաղեցնեն, ինչն, ի դեպ, նույնպես հավանական է:
Ընդ որում, հարկ է հասկանալ, որ իր նպատակներին հասնելու համար Ռուսաստանը պետք է ոչ միայն հաջողությամբ ավարտի Ուկրաինայում տարվող գործողությունները, այլեւ շտկի ներքին քաղաքականության, միգրացիայի, արտերկրում հայրենակիցներին սատարելու ուղղությամբ թույլ տված սխալները: Արմատական վերանայման կարիք ունի նաեւ հետխորհրդային տարածության պետությունների նկատմամբ Մոսկվայի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը: Միայն այդ դեպքում Ռուսաստանը կկարողանա ռազմական հաջողությունը վերածել քաղաքական առաջխաղացման եւ արժանի տեղ գրավել ապագա աշխարհում:
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ