Սաուդյան Արաբիան պատրաստ է Չինաստանին նավթ վաճառել յուանով՝ դոլարի փոխարեն: Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, դա ամերիկացիների եւս մեկ կորուստն է ռազմավարական կարեւոր դաշնակցի նկատմամբ Բայդենի վարչակազմի արհամարհական վերաբերմունքի պատճառով:
Սաուդյան Արաբիայի ու Չինաստանի միջեւ նավթի վաճառքի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները առայժմ հայտնի չեն: Կողմերն արդեն երկար տարիներ բանակցություններ են վարում, որ նավթի մի մասը վաճառվի յուանով: Նավթի համաշխարհային առեւտրի մոտ 80 տոկոսն ԱՄՆ դոլարով է, յուանն այնքան ազատ փոխարկելի չէ, որքան պետք է լինի պահուստային արժույթը, իսկ Սաուդյան Արաբիայի արժույթը՝ ռիալը, կապված է դոլարի հետ: Այդուհանդերձ, ըստ լուրերի՝ կողմերը հետաքրքրված են յուանով առեւտրին անցնելու հեռանկարով, եւ բանակցությունների մասին նորությունները անհանգստացնող ազդանշան են ԱՄՆ-ի համար: 1974 թ. Սաուդյան Արաբիան պարտավորվեց նավթի առեւտուրը վարել միայն դոլարով՝ Վաշինգտոնի կողմից իր անվտանգությունը երաշխավորելու պայմանով: Բայդենի վարչակազմը հաճախ է խախտել պայմանավորվածությունները, եւ, դատելով ամեն ինչից, դա հոգնեցրել է Սաուդյան Արաբիային:
Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական առաջին քայլերից մեկը Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմին աջակցության դադարեցումն էր: Միացյալ Նահանգները հութիներից հանել է նաեւ ահաբեկչի կարգավիճակը։ Հետո Սպիտակ տունը հետաձգել է պլանավորված զենքի վաճառքը Էր Ռիադին. դա իսկական ապտակ էր անվտանգության ոլորտում, եւ միայն անցյալ տարվա վերջին հնարավոր եղավ կարգավորել իրավիճակը:
Հութիները «շնորհակալություն» են հայտնել Բայդենին նվերի համար՝ ուղարկելով իրենց անօդաչու սարքերը եւ հրթիռներ արձակելով Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային շրջանների ու քաղաքների վրա: Բացի այդ, Սաուդյան Արաբիան սարսափով հետեւում է, թե ինչպես է Բայդենը համաձայնեցնում նոր գործարքը, որն Իրանին կապահովի ռեսուրսներով՝ ֆինանսավորելու Սաուդյան Արաբիայի դեմ երրորդ երկրների միջոցով վարվող պատերազմները, մինչեւ Թեհրանը սեփական միջուկային ռումբ կստեղծի:
Բայդենն ու նրա խորհրդականները նշում են, որ ողջ խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության մեջ է: Նրանք մատնացույց են անում, որ Էր Ռիադը 2018 թ. կազմակերպել է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես խոսել է հումանիտար խնդիրների մասին՝ հայտարարելով այն մասին, որ հիմա Վաշինգտոնը հութիներին ահաբեկիչ չի համարում:
«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, այդուհանդերձ, քայլեր է կատարել իր երկրի ներսում ազատականացման համար: Ավելին՝ Միացյալ Նահանգներին պետք են բոլոր բարեկամները, որոնց նրանք կարող են պահպանել այդ բարդ եւ անհանգիստ տարածաշրջանում: Բայդենի վարչակազմի ինտերնացիոնալիստները սխալմամբ ենթադրում են, որ այնպիսի պետությունները, ինչպիսին ԱՄՆ-ն է, կարող են իրենց շքեղություն թույլ տալ՝ համագործակցելու բարոյապես բացառապես անբասիր դաշնակիցների հետ»,- նշել է «Wall Street Journal»-ը:
Այժմ Սաուդյան Արաբիան վերանայում է իր դիրքորոշումը, քանզի հասկացել է, որ չպետք է հույսը դնի ԱՄՆ-ի վրա։ Նրանք տեսան Բայդենի վարչակազմի թշնամանքը եւ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից: Թագաժառանգը մերժել է նավթի արդյունահանումն ավելացնելու Բայդենի կոչերը, եւ եթե լուրերին կարելի է հավատալ, նույնիսկ հրաժարվել է ԱՄՆ նախագահի հեռախոսազանգից:
Պեկինը ուրախ է, որ կարող է լրացնել առաջացած դատարկությունը, եւ նա կարող է մեծ օգուտներ քաղել, եթե կարողանա համոզել Էր Ռիադին՝ համաձայնագիր ստորագրելու յուանով նավթ գնելու մասին: Դա Պեկինին հնարավորություն կտա հիմքեր ստեղծել գլոբալ յուանի համար՝ աշխարհով մեկ ընդլայնելով չինական արժույթի տարածման ծավալները: Դա, իր հերթին, Չինաստանին թույլ կտա յուանը որպես առեւտրային արժույթ առաջարկել ԱՄՆ-ի հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը: Այս իմաստով Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցները շատ ավելի քիչ արդյունավետ կլինեն։
«Առայժմ դոլարի գլոբալ գերակայությունը պահպանվում է, սակայն Վաշինգտոնը պետք է հակահարված տա առաջացող բոլոր մարտահրավերներին, հատկապես՝ ռազմավարական հակառակորդների կողմից: Այժմ հենց դրանով պետք է զբաղվի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, եթե, իհարկե, կարողանա պոկվել համաշխարհային հարկերի ներմուծման եւ կլիմայական կարգավորման իր քարոզարշավից»,- շեշտում է «Wall Street Journal»-ը՝ ավելացնելով, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում սխալներն ընդգծում են առաքինի լիբերալ ինտերնացիոնալիզմի բայդենյան տարբերակի թերությունները: «ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ խիստ քննադատում էր ամերիկյան արժեքները, իսկ Բայդենը չափազանց հեռու է գնացել հակառակ ուղղությամբ: Ակնհայտ է, որ նախագահը եւ նրա արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները կարծում են, թե մարդու իրավունքների եւ կլիմայի հարցերում վարվող խաղը կհաղթի եւ կիրականացնի ամերիկյան հետաքրքրությունները: Հաջողակ նախագահները, ինչպիսին Ռոնալդ Ռեյգանն է, կարողացել են համատեղել իդեալիզմն ու ռեալիզմը համաշխարհային ասպարեզում վտանգավոր չարագործների եւ ընկերների հետ շփվելիս»,- գրում է «Wall Street Journal»-ը:
Մեծ պետությունների մրցակցության այս դարաշրջանում Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ օտարել դաշնակիցներին, որոնք կարող են օգնել՝ զսպելու հակառակորդներին, որոնք, ըստ թերթի ձեւակերպման, «ձգտում են վնասել Ամերիկայի շահերին եւ արժեքներին»: ԱՄՆ-ն Ուկրաինայում բարձր գին է վճարում Սաուդյան Արաբիային կորցնելու համար: Հավանաբար, հենց այդ պատճառով ԱՄՆ-ն վերջին ամսում Սաուդյան Արաբիային մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգեր է մատակարարել, որոնք անհրաժեշտ են, «որպեսզի Սաուդյան Արաբիան կարողանա հետ մղել Եմենում «Անսար Ալլա» (հութիներ) խմբավորման հրթիռային հարվածները»: Էր Ռիադն անցյալ տարվա վերջին էր ԱՄՆ-ից խնդրել այդ համակարգերը՝ շեշտելով, որ իրենց պաշարները չափազանց ցածր մակարդակի վրա են: «Wall Street Journal»-ի ամերիկյան աղբյուրը շեշտել է, որ որոշման կայացման համար մի քանի ամիս է պահանջվել, քանզի Վաշինգտոնի մյուս դաշնակիցների պահանջարկը՝ ձեռք բերելու «Patriot»-ներ, շատ բարձր է եղել: Համակարգերն ու մարտական մյուս միջոցները Սաուդյան Արաբիա են ուղարկվել Մերձավոր Արեւելքի այլ երկրներից: