Կապել Ռուսաստանին եւ Իրանին՝ շրջանցելով միջբանկային SWIFT համակարգը, տեխնոլոգիական առումով միանգամայն հնարավոր է, եւ այս երկրները նման հարցերում բավական փորձ ունեն: Մոսկվան ու Թեհրանն այժմ խորհրդակցություններ են անցկացնում՝ կապված Իրանի՝ Ռուսաստանի բանկերի կողմից ընդունված «Միր» վճարային համակարգին միանալու հնարավորության հետ: Այս մասին գրում է իրանական «Resalat»-ը: Դրան անդրադարձել են նաեւ իրանական այլ ԶԼՄ-ներ: Այսպես՝ «Ֆարս» լրատվական գործակալությունը, հենվելով երկրի պաշտոնատար անձանցից մեկի խոսքերի վրա, հաղորդել է, որ Իրանն իրականում ակտիվորեն ուսումնասիրում է ռուսական վճարային համակարգի օգտագործման հնարավորությունը՝ դրանում գործող ծանուցման համակարգով:
Ռուսաստանը վերջերս է հայտարարել սեփական ֆինանսական ծանուցման համակարգի ստեղծման մասին՝ SWIFT միջազգային վճարային համակարգից երկրի անջատմանն ի պատասխան: Իրանը նախաձեռնությունը գնահատել է նաեւ որպես միջազգային ապօրինի պատժամիջոցներին դիմակայելու արդյունավետ միջոց: Բացի այդ, պաշտոնական Թեհրանը հաղորդել է, որ երկիրն ակտիվորեն ուսումնասիրում է Ռուսաստանի ֆինանսական ոլորտում ստեղծվող այս համակարգին միանալու հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ հարկ է հիշեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը SWIFT վճարումների եւ փոխանցումների միջազգային համակարգից դեռ 2012 թ. է հանվել: Իսկ հիմա արեւմտյան երկրները հայտարարել են այս համակարգից ռուսական մի քանի բանկերի հեռացման մասին։
Ինչպես «Ռիա-նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Թեհրանում մտադիր են ջանքեր ներդնել Ռուսաստանում ստեղծվող վճարային համակարգին իրանական խոշոր բանկերի մասնակցության նպատակով նախաձեռնությանը միանալու համար:
Ինչպես հայտնի է, ռուսական ֆինանսական համակարգը հայտնվել է արեւմտյան երկրների պատժամիջոցների տակ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարեց ռազմական հատուկ օպերացիայի մեկնարկի մասին՝ միտված Ուկրաինայի ապառազմականացմանը: Այդ իրադարձությանը նախորդել էր պաշտոնական Մոսկվայի կողմից Դոնբասի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը հայտարարել է, որ Կիեւը բացահայտ չի կատարում 2014-2015 թթ. Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այդ համաձայնագրի նպատակն էր կարգավորել հակամարտությունն Ուկրաինայի ղեկավարության ու երկրի արեւելքում գտնվող, պետական հեղաշրջման արդյունքում քաղաքական ռեժիմի փոփոխությունը չճանաչող երկու մարզերի միջեւ:
Ռազմական հատուկ օպերացիայի սկսվելուց մի քանի ժամ անց Ուկրաինան հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական բոլոր հարաբերությունների խզման մասին: Արեւմտյան երկրների մեծ մասը նույնպես անմիջապես հայտարարեց Ուկրաինային աջակցության մասին, իսկ Ռուսաստանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կիրառվեցին. թիրախում հայտնվեցին ռուսական ֆինանսական ինստիտուտների մեծ մասը, ՌԴ-ի էներգետիկ հատվածը եւ նրա քաղաքական էլիտայի զգալի մասը: Պատժամիջոցները նաեւ ենթադրում էին SWIFT միջազգային փոխանցումների եւ բանկային ծանուցումների համակարգից ռուսական բանկերի մեծ մասի անջատումը:
Այս պատժամիջոցների կիրառումից անմիջապես հետո Ռուսաստանում հայտարարեցին այնպիսի միջոցառումների մշակման մասին, որոնք պետք է նվազեցնեին այդ պատժամիջոցների հետեւանքները: Բացի միջբանկային ծանուցումների սեփական համակարգի ստեղծման նախաձեռնությունը, որն իրականում Ռուսաստանում հայտնվել էր ուկրաինական ճգնաժամից շատ առաջ եւ սերտորեն կապված էր նաեւ մի շարք պետությունների աջակցությամբ ազգային արժույթներով միջազգային վճարումներ կատարելու ռուսական նախաձեռնության հետ (մասնավորապես՝ Չինաստանի, Իրանի, Եգիպտոսի), Ռուսաստանի նախագահը օրերս հայտարարել է «ոչ բարեկամ» երկրներին ռուսական էներգառեսուրսների, առաջին հերթին՝ բնական գազի դիմաց, որպես վճարային միավոր, ռուսական ռուբլու հռչակման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե դոլարի կամ եվրոյի: «Ոչ բարեկամ» երկրների շարքում Մոսկվան առաջին հերթին տեսնում է այն երկրներին, որոնք Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո հայտարարել են պատժամիջոցների ներդրման մասին, ինչպես նաեւ անցած տարիներին նույնպես Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշման քաղաքականություն են վարել:
Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների քաղաքականությունը, չնայած այն վայելում է արեւմտյան խոշորագույն պետությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ ՌԴ-ում գործող արեւմտյան մի շարք ընկերությունների աջակցությունը, այդուհանդերձ, ամենեւին էլ միանշանակ արձագանք չի առաջացրել արեւմտյան ֆինանսական շուկաներում, առաջին հերթին՝ խոշորագույններից մեկում՝ «The Wall-Street»-ում: Ընդ որում՝ այդ արձագանքն ընդգրկում է լրջագույն անհանգստություն՝ կապված ոչ միայն ֆինանսական ինստիտուտների, այլեւ, ընդհանրապես, համաշխարհային տնտեսության ապագայի հետ: Հակառուսական կոշտ պատժամիջոցների հարուցած լրջագույն անհանգստության մասին «The Wall-Street»-ի խոշորագույն բանկերը զգուշացրել են ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսին, այնպես էլ նախագահ Բայդենի վարչակազմին: Նրանք դա արել են այն ժամանակ, երբ պատժամիջոցները դեռ ուժի մեջ չէին մտել: Այդ մասին հաղորդել է հեղինակավոր «Bloomberg»-ը:
Իրենց անհանգստությունը բավական հստակ հիմնավորել են այնպիսի խոշոր բանկային հաստատություններ, ինչպիսիք են «JP Morgan»-ը եւ «City-Group»-ը: Այս բանկերի ներկայացուցիչների եւ վերլուծական ծառայությունների հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանի հանդեպ կոշտ միջոցները, նման SWIFT միջազգային փոխանցման համակարգից անջատմանը, հղի են «Ռուսաստանի եւ Չինաստանի հետագա վտանգավոր մերձեցմամբ», իսկ այնուհետեւ՝ համաշխարհային բոլոր ֆինանսական հոսքերի վերահսկողությունից դուրս գալով, որի հետեւանքը կլինի քայքայումն ու քաոսը համաշխարհային ֆինանսական շուկաներում:
Իր հետեւանքներով ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նման իրավիճակում SWIFT-ի այլընտրանքային համակարգերի անխուսափելի ստեղծումը: Ընդ որում՝ Ռուսաստանի օրինակին, ինչպես հայտարարել են նշված ֆինանսական կառույցներում, կարող են հետեւել նաեւ այլ երկրներ, ինչը, իր հերթին, կհանգեցնի աղետի ողջ համաշխարհային տնտեսության մեջ: Այսինքն՝ դոլարը կզրկվի համաշխարհային տիրապետությունից՝ որպես ունիվերսալ վճարային միջոց եւ չի կարողանա ծառայել որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված ողջ համաշխարհային առեւտրային կարգի երաշխավոր:
Արեւմտյան ֆինանսական ինստիտուտներում հիմա նաեւ կարծիքներ են հնչում, որ անհրաժեշտ է վերջ դնել արեւմտյան մի շարք երկրների կողմից դոլարի վրա հիմնված համաշխարհային ֆինանսական համակարգի՝ որպես «Հարկադիր դիվանագիտության», «հնազանդության պարտադրման» եւ «ոչ հաճելիներին պատժի» մեխանիզմի: Ակնհայտորեն «ոչ հաճելիների» շարքում են համաշխարհային ասպարեզում Արեւմուտքի հակառակորդ երկրները: Վերլուծաբանների կարծիքով՝ ովքեր վերը նշված կարծիքի կրողներ են, Արեւմուտքը, միջազգային ավանդական ինստիտուտների օգտագործման փոխարեն, որոնք ստեղծվել են ֆինանսատնտեսական, քաղաքական ու ռազմական անվտանգության երաշխավորման համար (ՆԱՏՕ, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ), ֆինանսական համակարգը դիտարկել է ոչ թե որպես կարգավորիչ, այլ զենք, որն օգտագործվում է ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելու, մրցակիցներին ուժային ճանապարհով չեզոքացման ու «ոչ հաճելի» երկրներին համաշխարհային շուկաներից դուրս մղելու համար:
ՌԴ-ում Իրանի դեսպան Ջալալին օրերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկկողմ խորհրդակցություններից հետո հնարավոր կդառնա Իրանի ֆինանսական հաստատությունների միացումը «Միր» վճարային համակարգին. Իրանում կթողարկվեն նաեւ համապատասխան պլաստիկ քարտեր:
«Միջբանկային ծանուցման եւ դրամական փոխանցումների «Միր» համակարգը, որը գտնվում է Ռուսաստանի կենտրոնական բանկի վերահսկողության տակ, օգտագործվում է ողջ ՌԴ-ի տարածքում եւ կարող է աշխատել նաեւ արտասահմանում,- Ջալալիի խոսքերը մեջբերել է իրանական «Hamshahri»-ն:- Այն ՌԴ-ում սկսել է գործել 2014-ից, այն բանից հետո, երբ արեւմտյան երկրներն սկսեցին զանգվածային պատժամիջոցներ կիրառել ռուսական ձեռնարկությունների, ֆինանսական ու պետական հաստատությունների նկատմամբ»:
Հայտնի է, որ ներկայումս «Ռուսաստանի քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը «Միր» համակարգի կողմից աջակցվող առնվազն մեկ քարտի տեր է, եւ ՌԴ-ում բոլոր ֆինանսական գործարքների ավելի քան 25 տոկոսն իրականացվում է այս համակարգի միջոցով: