Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հրավերով մարտի 27-28-ը Երուսաղեմում տեղի է ունեցել, վերջինիս բնութագրմամբ, «վեցակողմյան դիվանագիտական պատմական նիստ»: Դրան մասնակցում էին Եգիպտոսի, Մարոկկոի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի ԱԳ նախարարներ Սամեհ Շուքրին, Նասեր Բուրիտան, Աբդուլահ բին Զայեդ ալ Նահյանը, Աբդուլ Լաթիֆ ալ Զիյանին, ինչպես եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Սա, փաստորեն, մարտի 21-ին Շարմ էլ Շեյխում արաբա-իսրայելական եռակողմ աննախադեպ հանդիպումից հետո երկրորդն է։
Շարմ էլ Շեյխի հանդիպումը տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթահ ալ Սիսիի հրավերով, որին մասնակցել են Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, ԱՄԷ-ի թագաժառանգ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների, նիստում քննարկվել են Իրանի ազդեցությունը տարածաշրջանում արգելափակելու եւ Պարսից ծոցի ավազանում այդ երկրի գործունեությամբ պայմանավորված անվտանգային սպառնալիքներին դիմակայելու հարցերը։ Իսրայելյան հայտնի «ynetnews.com» կայքը նշել է, որ նիստում քննարկվել է նաեւ ընդդեմ ԱԹՍ-ների, հրթիռների եւ ահաբեկչական այլ վտանգների տարածաշրջանային պաշտպանության ձեւավորման հարցը։ Ըստ նշյալ աղբյուրի՝ այս առնչությամբ Բենեթը ներկայացրել է իր՝ տարածաշրջանային բազմակողմանի ՀՕՊ-ի ձեւավորման «երազանքը», որտեղ ընդգրկված կլինի լազերային պաշտպանությունը, որն Իսրայելի ռազմարդյունաբերության եւ անվտանգության համալիրները սկսել են արտադրել։ Բացի այդ, կարեւորվել են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնության եւ Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի անունը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից դուրս բերելուն դեմ լինելու հարցերը։ Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ Շարմ էլ Շեյխում քննարկվել է նաեւ Ուկրաինայի հարցը, թերեւս հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն դրական չեն արձագանքել նավթի արդյունահանությունն ավելացնելու ԱՄՆ-ի պահանջին, ինչը հակասում է OPEC+-ի որոշումներին։ Վեցակողմյան համաժողովին, փաստորեն, չէր մասնակցում «Աբրահամի պայմանագրով» 2020 թ. Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատած 4-րդ երկիրը՝ Սուդանը, ինչի մասին տեղեկություն չի հրապարակվել, բայց եւ այնպես կարելի է ենթադրել, որ Խարտումի բացակայությունը պայմանավորված է այդ երկրում զինվորական հեղաշրջումից հետո իրավիճակի դեռեւս կայուն չլինելով։
Երկօրյա համաժողովում, օրակարգի քննարկվող հարցերից զատ, որոնք գրեթե նույնն էին, ինչ Շարմ Էլ Շեյխինը, Իսրայելը ջանք չի խնայել հնարավորինս սերտացնել փոխհարաբերությունները «Աբրահամի պայմանագրի» երկրների հետ, ինչպեսեւ ընդլայնել դրա շրջանակները։ Ի դեպ, Մարակկոյի եւ Բահրեյնի հետ Իսրայելն արդեն ռազմական ու անվտանգության ոլորտներում համաձայնագրեր է ստորագրել։ Դոնալդ Թրամփը, 2017 թ. գալով իշխանության, նպատակամղված էր Իրանի դեմ սահմանափակումներ ու պատժամիջոցներ կիրառելով այդ երկիրը մեկուսացնել տարածաշրջանում։ Սահմանափակումներին զուգահեռ՝ Թրամփի կառավարությունը ջանքեր էր գործադրում Իրանի դեմ ձեւավորել «Արաբական ՆԱՏՕ»՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի անդամակցությամբ, որի հետ սերտորեն համագործակցելու էին նաեւ Թուրքիան ու Իսրայելը: Սա ռազմական մի դաշինք էր, որն ամերիկյան ռազմավարները նախագծել էին ընդդեմ Իրանի ազդեցության տարածման եւ Միջին Արեւելքի ճգնաժամերի: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նշյալ երկրներ եւ բարձր մակարդակի փոխայցերը Վաշինգտոն, ինչպես նաեւ 2017 թ. մյունխենյան անվտանգության համաժողովում Իրանի դեմ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի համահունչ խիստ քննադատական ելույթները պայմանավորված էին նման կառույցի ձեւավորման միտումով:
Սակայն տարբեր պատճառներով Թրամփին չհաջողվեց այդ ծրագիրը կյանքի կոչել։ Բայց բուռն ջանքերի շնորհիվ եւ արաբական որոշ երկրների քաղաքական ու տնտեսական միավորներ տալով՝ նա կարողացավ հասնել «Աբրահամի պայմանագրին», որին իր հովանավորությունն է հայտնել նաեւ նախագահ Բայդենը։ ԱՄՆ-ը նախկիում եւս լուրջ ջանքեր է գործադրել այս ուղղությամբ, ինչի արդյունքում 1987 թ. ստորագրվեց Եգիպտոս-Իսրայել քեմփդեյվիդյան հաշտության համաձայնագիրը, որով Կահիրեն դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ։ Այնուհետեւ, 1994 թ. նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնած միջինարեւելյան խաղաղության գործընթացի շրջանակներում, Հորդանանը եւս խաղաղության համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ։ Քլինթոնն ավելի ուշ ջանքեր գործադրեց ԱՄՆ-ի մասնակցությամբ արաբական երկրների ու Իսրայելի միջեւ տարաձայնությունները լուծելու տնտեսական համաժողով ձեւավորելու միջոցով, բայց հաջողություն չունեցավ։ Ինչպես նշում է «ynetnews.com»-ը, Իսրայելը, հաշվի առնելով արաբական որոշ երկրների լուրջ տարաձայնություններն Իրանի հետ, ջանքերը կենտրոնացրել է՝ ընդդեմ այդ երկրի ձեւավորելու տարածաշրջանային բազմակողմանի դիմադրության կոալիցիա, այլ կերպ՝ ձգտում է իրականացնել «արաբական ՆԱՏՕ» ստեղծելու Թրամփի ծրագիրը՝ այլ ձեւաչափով։
Մարտի 27-ին Բլինքենը Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, թե գլխավոր հարցի շուրջ երկու երկրները համակարծիք ու հաստատակամ են, այն է՝ Իրանին երբեք թույլ չեն տա միջուկային զենք ունենալ։