Եվրոպացի քաղաքագետները հայտարարել են, որ չեն ցանկանում ռուսական գազի համար վճարել ռուբլիով: Եվ պատրաստ են արդեն այս տարվա վերջին հրաժարվել դրա ներկրումից: Սակայն անցումը ռուբլու կամ հրաժարումը մատակարարումից նախատեսված չի գործող պայմանագրերով: Այդ իսկ պատճառով վաճառողն ու գնորդները կհենվեն ֆորս-մաժորային հանգամանքների վրա: Ռուսաստանի Դաշնության համար նման հանգամանք կարող է լինել երկրի՝ եվրոյով ու դոլարով ռեսուրսների կալանքը: Փորձագետները չեն բացառում, որ սցենարներից մեկով հնարավոր է աստիճանական անցում վճարման ու առաքման նոր պայմանների, մինչեւ գործող պայմանագրերի ժամկետն ավարտվի: Դրանցից ամենախոշորները կնքված են մինչեւ 2036 թ.:
Ռուսաստանն աշխատում է «ոչ բարեկամ» երկրներին ռուբլիով գազ մատակարարելու մանրամասների վրա, սակայն եթե Եվրոպան հրաժարվի վճարել ռուսական արժույթով, Մոսկվան չի զբաղվի բարեգործությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչեւ մարտի 31-ը կսպասի նախարարների կաբինետի, Ռուսաստանի բանկի եւ «Գազպրոմի» զեկույցներին՝ գազի մատակարարման համար վճարման արժույթը ռուբլիով փոխելու մասին՝ պահպանելով պայմանագրերով հաստատված մատակարարումների ծավալները, գները եւ գնագոյացման սկզբունքները: Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Ռուսաստանը, եթե Եվրոպան հրաժարվի գազի համար վճարել ռուբլիով՝ առաջարկելով «լուծել հարցերը, երբ դրանք կառաջանան»։
Եվրոպայում փորձում են դուրս գալ Ռուսաստանի Դաշնության առաջարկի պատճառով ստեղծված շփոթությունից եւ միասնական դիրքորոշում ձեւավորել այդ հարցում։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը երկուշաբթի հայտարարել է, որ G7-ի երկրները հրաժարվում են վճարել ռուբլիով։ Նա նշել է, որ G7-ի երկրների էկոնոմիկայի նախարարները, քննարկելով Ռուսաստանի պահանջները, միասնական են եղել, որ դա գործող պայմանագրերի միակողմանի խախտում է, շեշտել են, որ դրանցում ներգրավված ձեռնարկությունները հավատարիմ կմնան պայմանավորվածություններին։
Իսկ Եվրոպայում միմյանց հետ մրցող քաղաքական ծանրքաշայինները հայտարարություններ են անում, որ ռուսական գազից հրաժարումն իրենց նախաձեռնությունն է։ Ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը «Sky News Arabia»-ին տված հարցազրույցում, Եվրամիությունը երկու տարվա ընթացքում կարող է հրաժարվել ռուսական գազից։ Եվրահանձնաժողովը պլանավորում է ազատվել ռուսական էներգառեսուրսներից մինչեւ 2027 թ., եւ այդ ծրագրերը հավանության են արժանացել Եվրամիության երկրների ղեկավարների կողմից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։
Այնուամենայնիվ, առաջվա պես ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե որտեղից կգա փոխարինումը, եւ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից օրերս խոստացված 15 մլրդ խմ հեղուկ բնական գազը, պարզվում է, հարցականի տակ է: Այդ մասին հաղորդել է «Politico» թերթը: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն արդեն խոստովանել է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ այդ 15 միլիարդի (որն, ի դեպ, ռուսական մատակարարումների 10 տոկոսից էլ պակաս է) մատակարարման մասին համաձայնագիրը պայմանագրերով ապահովված չէ։ Հավանաբար, հենց այդ պատճառով երկուշաբթի Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը ներկա պայմաններում չի աջակցում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների բոյկոտին։
2020 թ. «Գազպրոմը» 219 մլրդ խմ գազ է վաճառել հեռավոր արտասահմանյան երկրներին՝ միջինը 10.3 հազար ռուբլի 1 հազար խմ-ի դիմաց, միեւնույն ժամանակ վաճառքից զուտ հասույթը (առանց ակցիզների եւ մաքսատուրքերի) կազմել է 1.8 տրլն ռուբլի։ Որպես եվրոպական գազի շուկայում իր գործունեության հիմք՝ «Գազպրոմն» օգտագործում է երկարաժամկետ պայմանագրեր։ Գազի մի մասը մատակարարվում է կարճաժամկետ եւ միջնաժամկետ վաճառքի, ինչպես նաեւ փոխանակման գործողությունների եւ միանվագ գործարքների հիման վրա։
2020 թ. փետրվարին «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալ Ելենա Բուրմիստրովան ասել է, որ 2021-2024 թթ. ավարտվում են Նիդեռլանդների, Բուլղարիայի, Սերբիայի, Իտալիայի, Թուրքիայի եւ Հունգարիայի հետ ավելի քան 30 մլրդ խմ ծավալով պայմանագրերը։ Մասնավորապես՝ 2022 թ. կավարտվեն «Բուլղարգազի» հետ 2.9 մլրդ խմ-ի պայմանագրերը, 2023 թ.՝ եվրոպական խոշոր պայմանագրի ժամկետը WIEH թրեյդների հետ, որն ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմին»: Կասկածից վեր է, որ մոնոպոլիստը հեշտությամբ կարող է նրա հետ պայմանավորվել ռուբլիով վճարման անցնելու մասին։ 2022 թ. կավարտվի «PGNiG»-ի հետ 10.2 միլիարդի պայմանագիրը, սակայն Լեհաստանը վաղուց հայտարարել է, որ այն չի երկարաձգվի, իսկ ռուսական գազը կփոխարինվի Նորվեգիայից «Baltic Pipe» խողովակաշարով մատակարարումներով, ինչպես նաեւ ամերիկյան հեղուկ գազով: Միեւնույն ժամանակ Եվրոպայում «Գազպրոմի» ամենախոշոր պայմանագրերը՝ Իտալիայում «Eni»-ի եւ Գերմանիայում «Uniper»-ի հետ՝ տարեկան գրեթե 50 միլիարդ ընդհանուր ծավալով, կնքվել են մինչեւ 2035-2036 թթ. ժամկետով:
«Գազպրոմն» առայժմ առաջարկներ կուղարկի եվրոպացի գործընկերներին պայմանագրերի վերակնքման վերաբերյալ (կամ պայմանագրերի փոփոխման, որոնք, միեւնույն է, դեռ պետք է վերաստորագրվեն),- կանխատեսել է Ֆինանսական համալսարանի եւ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչը։- Հետո կարող են սկսվել սակարկությունները, որի ընթացքի մասին «Գազպրոմը» կզեկուցի ռուսական իշխանություններին։ Գազի մատակարարման հրատապ դադարեցումը՝ ի պատասխան ենթադրյալ «ռուբլի գտնելու անհնարինության», հնարավոր է, բայց, այդուհանդերձ, դեռ հիմնական սցենարը չէ (ավելի շուտ՝ սակարկություն կլինի)»:
Իրականում, ըստ Միտրախովիչի, ցանկության դեպքում «ռուբլի գտնելը» շատ հեշտ է. «Բավական է գնալ մոսկովյան բորսա կամ պարզապես հաշիվ բացել ռուսական բանկում եւ կատարել փոխանակում»:
Եվրոպացիների կողմից պայմանագրի տառին հղում անելը ներկա իրավիճակում տարօրինակ է, քանի որ Եվրոպան ինքն է սպառնում խզել պայմանագրերը: Էլ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Եվրամիության խոստումը՝ 2022 թ. ռուսական գազի սպառումը 60 տոկոսով նվազեցնելու մասին, ինչը պայմանագրերի խախտման ցայտուն ապացույց է:
«Total Research» ռազմավարական հետազոտությունների բաժնի մասնագետ Նիկոլայ Վավիլովը կարծում է, որ խոսքը շատ կարճ ժամանակում ռուբլու անցնելու մասին չէ։ «Անցումը կկատարվի, երբ ավարտվեն գործող պայմանագրերը, որոնց ժամկետները կարող են միանգամայն տարբեր լինել. ինչ-որ տեղ պայմանագիրը կարող է ավարտվել մարտի 31-ին, ինչ-որ տեղ՝ 10 տարի հետո, բայց միտումը, ամեն դեպքում, հենց այդպիսին է լինելու։ Այն գնումները, որոնք արվում են բորսայում, նույնպես կկատարվեն ռուբլիով։ Պայմանագրերում նման փոփոխությունները պետք է մշակվեն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ուստի դժվար թե փոփոխությունը հնարավորինս արագ լինի»,- ասել է Վավիլովը։
Փորձագետը չի բացառել, որ գործող պայմանագրերը կարող են ֆորս-մաժորային հանգամանքների վերաբերյալ կետեր ունենալ՝ կապված պատժամիջոցների եւ եվրոյով վճարումների ընդունման անհնարինության հետ: «Եթե այնտեղ նման բացեր կան, ապա գնորդները չեն կարողանա դրանք «փակել»։ Ամեն դեպքում՝ կարծես թե կտրուկ անցումը ռուբլու չափազանց խնդրահարույց կլինի»,- ընդգծել է նա։
«Գազպրոմը» իսկապես կարող է պարզապես փակել փականը, եւ սա ուժեղ հարված կլինի Եվրոպային, քանի որ ջեռուցման, լույսի, էլեկտրաէներգիայի վճարները կտրուկ կբարձրանան։ Բայց նման ժեստից հետո գազի իրացման շուկան կոչնչանա. արդեն ոչ ոք առեւտուր չի անի Ռուսաստանի հետ, որքան էլ թանկ լինի այլընտրանքը,- շեշտել է Վավիլովը։- Բացառություններ կկազմեն, անշուշտ, այն երկրները, որոնք ներառված չեն «ոչ բարեկամների» ցուցակում, օրինակ՝ Սերբիան կամ Հունգարիան։ Հնարավոր է՝ նրանք միջնորդներ լինեն Եվրոպային վառելիքի վաճառքի գործում, բայց այս իրավիճակը նույնպես այնքան էլ հավանական չի թվում»: