Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հունվարի 5-ին հայտարարել է, թե երկրի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թ. հունիսի 18-ին։ Իշխող «Հանրույթ» կոալիցիայի՝ «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ Դեւլեթ Բահչելիի գլխավորած ծայրահեղ ազգայնական գորշ գայլերի «Ազգային շարժում» կուսակցության (MHP) թեկնածուի անունը վաղուց արդեն հայտնի է: Նա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի նախաձեռնությամբ 2017 թ. երկրի սահմանադրության 18 դրույթների փոփոխությամբ գրեթե միապետի լիազորություններ է ստացել եւ մտադիր է ամեն գնով պահպանել սուլթանի իր կարգավիճակը։ Մինչդեռ ներքին պայմաններն Էրդողանի վերընտրվելու համար, մեղմ ասած, նպաստավոր չեն։
2022 թ. սեպտեմբերի դրությամբ գնաճը, կազմելով 85 տոկոս, փաստորեն, գերազանցել է 1998-ի 80.4 տոկոսն ու սահմանել նոր ռեկորդ։ Բացի այդ, ինչպես դեռեւս նոյեմբերի 20-ին գերմանական «n-tv»-ի կայքի մեկնաբան Յուդիթ Գորզն է նշել, Էրդողանն իր նպատակին հասնելու համար 2016 թ. ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ուժերին ասպարեզից հեռացնելու համար ջանք չի խնայել, բայց նրան չի հաջողվել լուրջ արդյունքներ արձանագրել։ Նա շեշտել է նաեւ, որ Էրդողանը ԶԼՄ-ներում խիստ գրաքննություն է սահմանել, երկիրն իսլամականացնում է, աշխարհիկությությունն աստիճանաբար դուրս է մղվում։ Այս առնչությամբ հավելենք, որ դեռեւս 2017-2018 թթ. ուսումնական տարվանից դասագրքերում իրականացվել են լուրջ փոփոխություններ, որոնց արդյունքում խիստ կարեւորվել է կրոնի դերը, իսկ հասարակական կյանքում գրեթե անտեսվել իգական սեռի ներկայությունը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել ծնողների շրջանում, մասնավորապես՝ խոշոր քաղաքներում։ Դա են վկայում Ֆրիդրիխ Նյումանի հիմնադրամի հովանավորությամբ թուրք փորձագետներ դոկ. Սեզեն Բայհանի եւ դոկ. Ջանան Արաթմուր Ջիմանի կատարած հումանիտար առարկաների 16 դասագրքերի ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մասին զեկույցը հրապարակվել է 2018 թ. հոկտեմբերին։ Վերոհիշյալին պետք է ավելացնել նաեւ նախկին ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Ալի Բաբաջանի հեռացումն իշխող կուսակցությունից, որոնք համապատասխանաբար ձեւավորել են «Ապագա» եւ «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցությունները, ինչը հարված էր AKP-ին։ Թեեւ Էրդողանը ջանք չի խնայում իրավիճակը շտկելու, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների հաշվին տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։
Անկարան, ընդունելով Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի նախապայմանները, բնականոնացրել է հարաբերությունները նշյալ երկրների ու ԱՄԷ-ի հետ։ Սակայն, ըստ երեւույթին, արաբական երկրները չեն ցանկանում փրկել Էրդողանին եւ բնավ էլ չեն շտապում լուրջ ներդրումներ կատարել Թուրքիայում։ Ուստի Էրդողանը ջանքերը կենտրոնացրել է «հայկական» ու «քրդական» հարցերը «լուծելու» եւ արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություններ արձանագրելու վրա, որոնք կարող են Էրդողանի համար փրկօղակ դառնալ: Հատկանշական է, որ Գորզը եւս շեշտում է, թե Էրդողանը հասարակության ուշադրությունը ներքին հարցերից դեպի արտաքին խնդիրներ շեղելու սովորույթ ունի, ուստի այդ նպատակով փորձում է Էգեյան ծովի կղզիների առնչությամբ Հունաստանի հետ բախումներ հրահրել կամ իրականացնել Սիրիայի հյուսիսի վրա հերթական հարձակումը։ Սակայն նման քայլերը բավական թանկ հաճույք են՝ հաշվի առնելով, որ դրանց դեմ է Վաշինգտոնը, քանի որ դրանք ավելի կսրեն ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունները, որոնք լարված են Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի հովանավորելու պատճառով։ Նա շեշտել է, որ Էրդողանին միայն մի հոգի կարող է փրկել. դա Ռուսաստանի նախագահ Պուտինն է։ Ապա Գորզը հավելել է, որ ուկրաինական պատերազմով արդեն Էրդողանը որոշ հաջողություններ արձանագրել է՝ միջնորդի դեր ստանձնելով։
Նշենք, որ Սիրիայի առնչությամբ Էրդողանը, 180 աստիճանով դիրքորոշումը փոխելով, Ռուսաստանի միջնորդությամբ ցանկանում է բնականոնացնել փոխհարաբերություններն այդ երկրի հետ, ինչը, թերեւս, լուրջ հարված կարող է լինել քրդերին։ Սակայն օրերս Դամասկոսը փոխհարաբերությունների կարգավորումը պայմանավորել է այդ երկրից թուրքական զորքերի դուրսբերումով։ «Քրդական» հարցի վերաբերյալ հավելենք, որ Էրդողանը ներսում ձգտում է խաղից դուրս թողնել «Ժողովրդի ժողովրդավարական» քրդամետ (HDP) կուսակցությանը, որն առնվազն 10-11 տոկոս կայուն ձայն ունի՝ լուծարելով այն։ Ահա թե ինչու HDP-ը հայտարարել է, որ մասնակցության այլընտրանքային նախագիծ եւս ունի։ Չնայած թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը չեն ընդունում HDP-ին, սակայն, ըստ ամենայնի, քրդերի ձայնը կարող է ճակատագրական լինել ընտրությունների համար։ Իսկ Սիրիայի քրդերի հանդեպ նոր հարձակումը, որը դեռեւս նախորդ տարվա ապրիլին էր նախատեսվում, բացառված չէ, որ իրականություն դառնա՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ համաձայնության գալով։
Ինչ վերաբերում է «հայկական» հարցին, որը շաղկապված է չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» հետ, ապա Թուրքիան ու նրա մաս կազմող Բաքուն ջանքերը շարունակում են այդ ուղղությամբ։ Բերձորի միջանցքի փակումն ու Նոր տարվա առիթով Ալիեւի հնչեցրած սպառնալիքներն էլ հենց այդ համատեքստով պետք է դիտել եւ զգուշանալ նաեւ նրանց հնարավոր, անգամ անկանխատեսելի քայլերից։ Ավելորդ չէ կրկնել, որ այս հարցում Հայաստանի շահերը լիովին համընկում են միմիայն Իրանի շահերի հետ, ուստի պետք է այս հարցում անվերապահ համագործակցել Թեհրանի հետ՝ արհավիրքը չեզոքացնելու ուղղությամբ՝ հաշվի չառնելով անհիմն ու անհեթեթ ասեկոսեները, թե գուցե Թեհրանը մտնի Սյունիք ու դուրս չգա։
Հատկանշական է, որ 2022 թ. աշնանը թուրքական սոցիոլոգիական հայտնի կենտրոնների սոցհարցումների արդյունքները եւս բնավ հուսադրող չեն Էրդողանի համար։ Ավելին՝ թուրք ընտրողները համոզված են, որ ներկա իրավիճակի հարցում լուրջ նշանակություն ունի երկրի կառավարումը նախագահական դարձնելը, այլ կերպ ասած՝ 65 տոկոսը դեմ է դրան, հետեւաբար՝ ընտրություններից հետո այդ հարցի շուրջ հանրաքվեն խիստ հավանական է։ Ինչ վերաբերում է խոհրդարանական ընտրություններին, ապա 6 կուսակցություններից ձեւավորված «Ազգային միասնություն» կոալիցիայի անդամ կուսակցությունների օգտին քվեարկելու է ընտրողների 45.5 տոկոսը, իշխող «Հանրույթ» կոալիցիայի՝ 35.5 տոկոսը, իսկ քրդամետ HDP-ի՝ 9.4 տոկոսը։ Նախագահի ընտրության վերաբերյալ Էրդողանի եւ 6 հավանական մրցակիցների առանձին-առանձին հարցումների արդյունքներով՝ 4-ի դեպքում ոչ շատ մեծ տարբերությամբ՝ առավելագույնը 10 տոկոսի, հաղթելու է Էրդողանը, իսկ Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետեր Էքրամ Իմամօղլուի եւ Մանսուր Յավաշի հետ մրցույթում՝ առաջին դեպքում՝ 1, երկրորդ դեպքում 9 տոկոս տարբերությամբ պարտվելու է։ Սակայն ընդդիմության հիմնական թեկնածուն կարող է լինել Իմամօղլուն, քանի որ Յավաշը, թեեւ ժողովրդահանրապետական կուսակցության աջակցությամբ է ընտրվել, սակայն ծայրահեղ ազգայնական հայացքներ ունի եւ հակված է «գորշ գայլերին»։ Ահա թե ինչու Էրդողանը ջանքեր է գործադրում խաղից դուրս մղել Իմամօղլուին։ Նա մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու համար, եւ բացառված չէ, որ կդատապարտվի 2.5 տարի ազատազրկման, ինչն անհետեւանք չի մնա։