2022 թ. վերջին Թուրքիան սկսել է հրետանային կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային: Մինչ այդ Կիեւը մի քանի ամիս աղաչում էր Բայդենի վարչակազմին իրեն այդպիսի արկեր տալ: Այդ մասին «Foreign Policy»-ին պատմել են ամերիկյան ու եվրոպական պաշտոնյաները, ովքեր ծանոթ են Անկարայի որոշմանը: Այսպիսով՝ Ուկրաինան ստանում է հզոր, բայց մարտադաշտում ռուսական տանկերն ու անձնակազմը ոչնչացնելու վիճելի միջոց:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան երկակի նշանակության կատարելագործված սովորական արկերի առաջին խմբաքանակներն ուղարկել է 2022 թ. նոյեմբերին: Այդ զինամթերքը պատրաստվել է «սառը պատերազմի» դարաշրջանում՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ արտադրության մասին համաձայնագրի շրջանակներում: Դրանք նախատեսված են տանկերը ոչնչացնելու համար եւ կարող են երկար տարիներ մնալ մարտադաշտում, եթե անմիջապես չեն պայթել: Յուրաքանչյուր այդպիսի կասետային զինամթերք արձակում է մոտավորապես 88 ենթափամփուշտ: ԱՄՆ օրենսդրությամբ արգելված է երկակի նշանակության կատարելագործված սովորական զինամթերքի արտահանումը ձախողման բարձր մակարդակի պատճառով:
Թուրքիան մի քանի ամիս փորձում էր թաքցնել մատակարարումների փաստը: Անկարան իրեն ոչ միանշանակ է դրսեւորում հակամարտության ողջ ընթացքում. Ուկրաինային «Bayraktar» մարտական անօդաչուներ է մատակարարել, որոնց օգնությամբ հաջողվել է խափանել Ռուսաստանի հարձակումը Կիեւի վրա: Միեւնույն ժամանակ Թուրքիան ՄԱԿ-ի հետ միասին դիվանագիտական միջնորդի դեր է կատարել ուկրաինական Օդեսա նավահանգստից ցորենի արտահանման գործում եւ շարունակում է ռուսական զենք գնել՝ զայրույթ առաջացնելով ՆԱՏՕ-ում: Առայժմ պարզ չէ՝ Թուրքիայի մատակարարած արկերը կիրառվո՞ւմ են մարտական գործողությունների ընթացքում:
«Երբ ԱՄՆ-ն մերժեց Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղ Կիեւը կարող էր դրանք ստանալ,- ասել է տեղեկացված մի աղբյուր՝ խնդրելով չհրապարակել իր անունը:- Դա ցույց է տալիս, որ թեպետ Անկարան որոշ առումներով սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, բայց արդեն դարձել է Ուկրաինային ռազմական օգնության շատ կարեւոր մատակարար»։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն արձագանքել «Foreign Policy»-ի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։ Սակայն կասետային զինամթերքի առաքումները հստակ ցույց են տալիս, որ Անկարան կարեւոր դեր է խաղացել Ուկրաինային զենքի մատակարարման եւ ռուսական լայնամասշտաբ հարձակումը հետ մղելու գործում։
Թուրքական «Bayraktar TB2» անօդաչու սարքերն օգնել են կանգնեցնել ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները, որոնք ռազմական գործողությունների առաջին օրերին մոտենում էին Կիեւին։ Ըստ առկա տեղեկությունների՝ դրանք դեր են խաղացել Ուկրաինայի կողմից ռուսական «Մոսկվա» հածանավի խորտակման մեջ, որը սեւծովյան նավատորմի դրոշակակիրն էր։ Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Անկարան գաղտնի օդային կամուրջ է կազմակերպել Չորլու ավիաբազայից, որը բայրաքթարների արտադրության գործարանի մոտ է, եւ անօդաչուներ է ուղարկում Լեհաստան, որտեղից դրանք տեղափոխվում են Ուկրաինա։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ երկրի ռազմական հրամանատարությունը փորձում են գաղտնի պահել մատակարարումների փաստը, սակայն նրանց մերձավոր վստահված անձինք, այդ թվում՝ նախագահի փեսան, ով գլխավորում է «Bayraktar TB2» ընկերության տնօրենների խորհուրդը, բացահայտ քարոզում են անօդաչուների հաջողություններն ու արժանիքները մարտադաշտում:
Թուրքիան թաքցնում է իր պահեստներում եղած կասետային զինամթերքի քանակը: Բայց «Mechanical and Chemical Industry Corporation»-ը, որի շտաբ-բնակարանը Անկարայում է, անցյալում ամերիկյան արտոնագրով արտադրել է 155 միլիմետր տրամաչափի ավելացված հեռահարությամբ հրետանային արկեր, որոնք ունեն ինքնալուծարիչներ՝ մարտական հարվածային տարրերով: Թուրքական մեկ այլ զինամթերքի արտադրող «Roketsan»-ը ժամանակին արտադրում էր TRK-122 չկառավարվող հրթիռներ 122 մմ տրամաչափի հրետանու համար: Նախկինում Թուրքիա կասետային զինամթերք էին մատակարարում Սլովակիան, Չիլին եւ ԱՄՆ-ն։
Սակայն Թուրքիայի նոր որոշումը յուրահատուկ հետընթաց է, քանի որ նա միջազգային հանրության առջեւ պարտավորություն է ստանձնել չօգտագործել կասետային զինամթերք: 2021 թ. հոկտեմբերին Ժնեւի Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի միջազգային կազմակերպության նախագահին ուղղած նամակում Անկարան հաստատել է, որ 2005-ից կասետային զինամթերք չի օգտագործում, չի արտադրում, չի ներմուծում ու չի արտահանում, ինչպես նաեւ մտադիր չէ դա անել ապագայում:
Մարդիկ, ովքեր պահանջում են, որ Միացյալ Նահանգները կասետային արկեր մատակարարի Ուկրաինային, պնդում են, որ Դոնբասի բաց տարածքներում դա ամենաարդյունավետ միջոցն է՝ վերացնելու ռուսական խրամատները, որոնք չունեն ամրություններ ու ծածկեր: Սակայն Էրդողանին այս տարի սպասվում է շատ կոշտ նախընտրական արշավ. ընտրությունները տեղի կունենան տնտեսական խնդիրների եւ բարձր գնաճի ֆոնին: Ուստի նա շատ հետեւողական քաղաքականություն է վարում ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության ողջ ընթացքում։ Տնտեսության մեջ Անկարան գործում է որպես Մոսկվայի բարեկամ, բայց ռազմական առումով նրա դեմ միավորվում է սեւծովյան այլ երկրների եւ ՆԱՏՕ-ի անդամների հետ։ Կրեմլը դժգոհ է Ուկրաինային թուրքական զենքի վաճառքից, բայց միեւնույն ժամանակ Անկարան ընդլայնում է տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ հակազդելով Ռուսաստանի տնտեսությունը մեկուսացնելու եւ համաշխարհային շուկաներից դուրս մղելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս անդամների ջանքերին։ Դժգոհություն առաջացնելով ՆԱՏՕ-ի մյուս անդամների մոտ՝ Թուրքիան արգելակում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք, ինչին այդ պետությունները փորձում էին հասնել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից։
«Պուտինը հիասթափված է: Թուրքիայի դիրքորոշումը կատարյալ չէ, բայց վատն էլ չէ, քանի որ դա նրան մուտք է ապահովում համաշխարհային շուկաներ եւ շնչելու հնարավորություն է տալիս: Եվ դա Ռուսաստանի համար շատ կարեւոր է,- ասում է Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Չաղապթայը:- Պուտինի համար իրերի այս դրությունն ընդունելի է»: Կրեմլն առայժմ չի շտապում քննադատել Թուրքիային մամուլում տարածվող այսպիսի հաղորդումների ֆոնին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անկարան իր երկկողմ պարտավորություններն ունի: Այդուհանդերձ, արեւմտյան լրատվամիջոցները շեշտում են, որ իր առաքումների փաստը Թուրքիան ձգտել է թաքցնել միայն այն պատճառով, որ այդպիսի քաղաքականությունը լուրջ խոչընդոտ կլինի՝ ամրացնելու ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դերը: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կանխելու համար Անկարան լիովին հերքում է այդ տեղեկությունները: Թուրքիայի նախագահի գրասենյակում «ՌԻԱ նովոստի» գործակալության աղբյուրը հանդես է եկել հայտարարությամբ, որ «Foreign Policy»-ում հայտնված տվյալները ապատեղեկատվություն են եւ նպատակ ունեն խարխլել Ուկրաինայի շուրջ դիվանագիտական գործընթացը:
Անկարան, ինչպես երեւում է, խաղում է Մոսկվայի հետ, բայց արդեն վաղուց դարձել է Կիեւին ռազմական օգնության կարեւոր առաքիչը: Այսպիսի քաղաքականությամբ Թուրքիան կկորցնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում միջնորդ դառնալու հնարավորությունը, իսկ դա ծանր հարված կլինի 2023 թ. հունիսին վերընտրվել ցանկացող Էրդողանի համար. Ուկրաինային կասետային ռումբեր մատակարարելու մեղադրանքները հեղինակության հետ կապված լուրջ ռիսկեր են պարունակում: