Յուրաքանչյուր տարվա հունվարի կեսին Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը խնդիրների քննարկման հարթակ է կառավարությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, կրոնական, գիտական, արվեստի, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս տարի այն անցկացվում է հունվարի 17-19-ը։ Եթե անցած տարի ֆորումը տեղի էր ունենում «բաժանված աշխարհ» տրամաբանության մեջ՝ հաշվի առնելով համավարակից հետո ստեղծված իրավիճակը, ապա այս տարվա թեման «մասնատված աշխարհն» է։ Սա ցույց է տալիս, որ տարբեր օբյեկտիվ եւ, միգուցե, սուբյեկտիվ պատճառներով բաժանված աշխարհն ավելի է «խորացել» սեփական ճահճում, եւ երկրներին, հասարակություններին ու քաղաքակրթական հենքով իրարից առանձնացող ամբողջություններին այլեւս սպառնում է մասնատումը, տրոհումը գրեթե բոլոր հարթություններում եւ ուղղություններով։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը վերջնական ազդակն էր «մասնատումն» արձանագրելու առումով։
«Համագործակցություն մասնատված աշխարհում» խորագրով 53-րդ նստաշրջանը անդրադառնալու է մի շարք հարցերի, այդ թվում՝ էներգետիկ, պարենային եւ աշխարհաքաղաքական ճգնաժամերի լուծման ուղիներին: Ֆորումի մեկնարկի նախօրեին հրապարակված «Oxfam» միջազգային բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի տարեկան զեկույցն անդրադարձել է այնպիսի կարեւոր խնդրի, ինչպիսին ծայրահեղ աղքատության եւ «ծայրահեղ» հարստության միաժամանակյա աճն է, այսինքն՝ սոցիալական անհավասարության կտրուկ խզումը։ Զեկույցը փաստում է, որ կորպորացիաներն ու դրանց սեփականատերերը սկսել են ավելի ու ավելի շատ օգուտ քաղել տարբեր ճգնաժամերից:
«Ամենահարուստների գոյատեւումը» խորագրով զեկույցում նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 26 տրիլիոն դոլարը կամ համաշխարհային հարստության գրեթե 62 տոկոսը, որը կուտակվել է 2020-ից ի վեր համավարակի ժամանակ, հայտնվել է մարդկանց ընդամենը մեկ տոկոսի ձեռքում, մինչդեռ աշխարհի բնակչության մյուս 99 տոկոսի համար այն կազմում է ընդամենը 16 տրիլիոն դոլար կամ այդ աճի 38 տոկոսը: Մեկ տարի առաջ միլիարդատերերի հարստությունը կրկին կտրուկ աճ գրանցեց՝ «սննդամթերքի եւ էներգետիկայի ընկերությունների աճող շահույթի» հաշվին։ Ըստ «Oxfam»-ի՝ այս ընկերությունների 95 տոկոսն ավելի քան կրկնապատկել է իրենց շահույթը 2022 թ.։ Այդ համատեքստում մտահոգիչ է այն փաստը, որ ավելի քան 820 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության յուրաքանչյուր տասներորդը տառապում է սովից, ինչը, ըստ կազմակերպության, համաշխարհային անհավասարության եւ աղքատության ամենամեծ աճն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ «Միլիարդատերերի կարողությունն օրական ավելանում է 2.7 միլիարդ դոլարով, չնայած որ առնվազն 1.7 միլիարդ աշխատող այժմ ապրում է այն երկրներում, որտեղ գնաճը գերազանցում է աշխատավարձը: Աշխարհի բազմամիլիոնատերերի եւ միլիարդատերերի վրա մինչեւ 5 տոկոս հարկը կարող է տարեկան հավաքել 1.7 տրիլիոն դոլար, ինչը բավարար է 2 միլիարդ մարդու աղքատությունից հանելու համար»,- նշված է զեկույցում:
Ելնելով վերոնշյալից՝ «Oxfam»-ը կոչ է անում ամբողջ աշխարհի կառավարություններին էականորեն բարձրացնել հարստության հարկերը, որպեսզի նվազեն ամենահարուստ մարդկանց թիվը եւ կարողությունը, ինչն էլ թույլ կտա վերաբաշխել այդ ռեսուրսները: Դա ենթադրում է ժառանգության, գույքի եւ հողի հարկերի, ինչպես նաեւ զուտ հարստության հարկերի կիրառում: «Oxfam International»-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուխերի խոսքով՝ «մինչ սովորական մարդիկ ամենօրյա զոհաբերություններ են անում առաջին անհրաժեշտության համար, ինչպիսին սնունդն է, գերհարուստները գերազանցել են նույնիսկ իրենց ամենախենթ երազանքները»: Զեկույցը ցույց է տալիս, որ ամենահարուստների հարկերը նախկինում շատ ավելի բարձր են եղել. վերջին քառասուն տարիների ընթացքում Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի եւ Ամերիկայի կառավարությունները նվազեցրել են եկամտահարկի դրույքաչափերը ամենահարուստների համար: Միեւնույն ժամանակ նրանք բարձրացրել են ապրանքների եւ ծառայությունների հարկերը, որոնք անհամաչափորեն ընկնում են ամենաաղքատ մարդկանց վրա։
Հատկանշական է, որ գլոբալ խնդիրների ու մարտահրավերների համար լուծումների հարթակ ներկայացող ֆորումը չի կարողացել արդյունավետ լուծումներ առաջարկել հատկապես վերջին տարիների ընթացքում ծագած մարտահրավերներին։ Այնինչ տիրապետում է բավարար ռեսուրսների, քանի որ մասնակիցները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական վերնախավի ներկայացուցիչներ են։ Այս առումով բավական համարձակ հարց է ծագում՝ կա՞, արդյոք, ցանկություն էլիտաների մոտ համակարգային լուծումներ գտնել եւ կյանքի կոչել, թե դրանք առնչվելու են միայն գերհարուստ շերտին։ Ընդհանուր առմամբ՝ վերլուծաբանները կարծում են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն անկում է ապրում, եւ այս տարվա դավոսյան ֆորումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։
Ինչ վերաբերում է Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգին, ապա կազմակերպիչների գնահատականով՝ աշխարհը պետք է պատրաստվի «անորոշության եւ տասնամյակի անկայունության»: Համաշխարհային գործընթացների եւ մասնավորապես մարդկության հետագա ճակատագրի վերաբերյալ ոչ միանշանակ գնահատականների արժանացած ֆորումի հիմնադիր եւ գործող նախագահ Կլաուս Շվաբի «մեծ վերագործարկում» դոկտրինն է, որը ենթադրում է հասարակությունների խորքային վերափոխում։
Շվաբյան «չորրորդ արդյունաբերական հեղափոխության» համատեքստում ենթադրվում է, որ գոյություն ունեցող տնտեսակարգն այլեւս «հնացել» է, եւ տնտեսության վերակառուցման արդյունքում «հին» գործարարների փոխարեն տնտեսական, քաղաքական վերնախավ կդառնան տեխնոկրատները, որոնք կկառավարեն հասարակություններն ու անհատներին «արհեստական ինտելեկտով» կառավարվող մեքենաների օգնությամբ։ Այդ առումով ուշադրության է արժանի ֆորումի կանխատեսումը, որ մինչեւ 2030 թ. անհատը «ոչինչ չի ունենա եւ երջանիկ կլինի»։ Այստեղ ի հայտ է գալիս թվային համակարգերից աճող գերկախվածությունը, որն էական ազդեցություն է թողնում անհատների կյանքի որակի, արժեհամակարգի, նախասիրությունների, վարքագծի վրա, ինչն էլ շղթայական ձեւով փոփոխությունների է հանգեցնում հասարակությունների եւ քաղաքական միավորների կառավարման մոդելի բնույթի վրա։ Նկատենք, որ շղթայական գործընթացի ուղղությունը կարող է եւ շրջվել, ու փոփոխություններն իրականանան «վերեւից ներքեւ»։ Ամբողջությամբ վիրտուալ կյանք տեղափոխվելուն, թերեւս, խոչընդոտում է այն, որ աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը դեռ միացված չէ համացանցին: