Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փուլն սկսվել է 2000-ականների կեսերից, երբ պարզ դարձավ, որ աշխարհը շարժվում է դեպի միաբեւեռ ձեւաչափ։ Նման աշխարհակարգում կրկին նշանակալից տեղ զբաղեցնելու համար Մոսկվան պետք է վերաձեւակերպեր ու շտկեր իր արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Նման շտկման փորձը, որը ձեռնարկվել էր 2010-ականների սկզբին ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունների «վերագործարկման» եւ Գերմանիայի ու այլ եվրոպական երկրների հետ «արդիականացման գործընկերության» կարգախոսներով, ակնհայտորեն ավարտվեց անհաջողությամբ։ 2014 թ. ուկրաինական ճգնաժամը վերջնականապես թաղեց Ռուսաստանի ինտեգրման գաղափարն արեւմտյան հանրության եւ դրա հետ կապված «Մեծ Եվրոպա Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ» նախագծի մեջ։ Դրանից հետո Ռուսաստանի հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ ակնհայտորեն վատթարացան։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները, քաղաքական մրցակցությունը, տեղեկատվական պատերազմը նոր ճակատ են բացել Ռուսաստանի դեմ։ Դա կոչվում է հիբրիդային պատերազմ։ 2022 թ. փետրվարին հիբրիդային պատերազմը տեղափոխվեց ռազմական հարթություն, եւ Արեւմուտքն սկսեց Ռուսաստանի դեմ կռվել` Ուկրաինայի ձեռամբ։
Ուկրաինայի ռազմական հակամարտությունը բոլորովին նոր փուլ բացեց Ռուսաստանի ներքին քաղաքականության մշակման մեջ։ Փոխվում են երկրի սահմանները, բնագծերը, ժողովրդագրությունը, տնտեսական համակարգը, սոցիալական հարաբերություններն ու տրամադրությունները, քաղաքական միջավայրը, գաղափարական վերաբերմունքը եւ շատ ավելին։ Պատերազմն ազդարարեց նախկին Ռուսաստանի Դաշնության ավարտը. երկիրն անցնում է նոր որակական վիճակի, որի ուրվագծերն արդեն սկսել են երեւալ։ Արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություններն իրենց մասշտաբով եւ նշանակությամբ չեն կարող համեմատվել երկրի ներսում իրականացվող վիթխարի փոփոխությունների հետ, սակայն Ռուսաստանի միջազգային դիրքի, աշխարհում նրա տեղի ու դերի համար դրանք նշանակում են արտաքին պայմանների արմատական փոփոխություն։ Հետեւաբար, նպատակները, խնդիրները, ռազմավարությունը եւ խաղային մարտավարությունն ամենաառաջնային գործոններն են, որոնք պետք է վերամշակել:
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների շուրջ անգլախոս երկրների, Եվրոպայի եւ ասիական դաշնակիցների միասնության աստիճանը հասել է նախկինում չտեսնված մակարդակի: Կտրուկ հակառուսական մոտեցում ցուցաբերեցին ոչ միայն Մեծ Բրիտանիան, Լեհաստանը եւ Բալթյան երկրները, այլեւ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան։ Ռուսական պատմության մեջ առաջին անգամ նա Արեւմուտքի ճամբարում չունի ոչ միայն դաշնակիցներ, այլեւ նույնիսկ միջնորդներ։ Եվրոպական մի շարք երկրների ավանդական չեզոքությունն ամբողջությամբ ի չիք է դարձել։ Հակառուսական դաշինքին փաստացի միացան ոչ միայն Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին, այլեւ Ավստրիան, Իռլանդիան եւ նույնիսկ Շվեյցարիան, որը ոչ մի ասոցիացիայի անդամ չէ։ Այս կոալիցիայի կողքին է նաեւ Վատիկանը։ Ճիշտ է, Արեւմուտքի երկրներին չի հաջողվել հասնել Ռուսաստանի համաշխարհային քաղաքական մեկուսացման, սակայն նրանք կարողացել են միջազգային կառույցներն օգտագործել իրենց օգտին։ Հենց սրա միջոցով Արեւմուտքին հաջողվեց ստանալ ձայների մեծամասնություն՝ ի պաշտպանություն հակառուսական բանաձեւերի։ Արդյունքում նույնիսկ Ռուսաստանի ներկայացուցիչների ֆիզիկական մասնակցությունն այդ կազմակերպությունների համաժողովներին կախված է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների իշխանությունների որոշումներից։ Ռուսաստանի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը հարվածի տակ է, եւ ԱԽ-ում Ռուսաստանի վետոյի իրավունքը շրջանցվում է՝ վճիռները Գլխավոր ասամբլեային հանձնվելով:
Չնայած ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրներն անվերջ հայտարարում են, թե չեն ցանկանում հակամարտության կողմ դառնալ, այնուամենայնիվ, ակտիվորեն մասնակցում են ուկրաինական բանակը սպառազինելու եւ պատրաստելու գործին, տրամադրում հետախուզական տեղեկատվություն, լայնածավալ ֆինանսական, տնտեսական եւ տեխնիկական աջակցություն։ Դա, ըստ էության, ամենաակտիվ միջամտությունն է պատերազմին: Ավելին, ռուս պաշտոնյաների հայտարարությունները, որոնք վերաբերում էին Ռուսաստանի միջուկային ներուժին, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններին, կայծակնորեն տարածվեցին Արեւմուտքում՝ որպես միջուկային պատերազմի սանձազերծման նախապատրաստության վկայություն։ Պարադոքսալ կերպով այս տեղեկատվական արշավը չհանգեցրեց Արեւմուտքում միջուկային սպառնալիքի դեմ ուղղված հասարակական բողոքի։ Պատճառներն ակնհայտ են. Ռուսաստանի ղեկավարության որոշումը՝ միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին կամ ՆԱՏՕ-ի երկրներին, անհավանական է համարվում նման որոշման հետեւանքով ակնհայտ ինքնաոչնչացման պատճառով, եւ Ռուսաստանը կդառնա ողջ մարդկության թշնամի։ Ավելին, այդ վարկածն անհավանական է թվում այն պատճառով, որ ուկրաինական զորքերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը չի արժանանում արեւմտյան հասարակության որեւէ արձագանքի։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ), իր հերթին, ըստ էության քողարկում է Ուկրաինային, որի նման գործողությունները, փաստացիորեն, վտանգում են Եվրոպայի միջուկային անվտանգությունը։
Բացի միջուկային վառելիքի հետ կապված հնարավոր միջադեպերից, կա քիմիական զենքով եւ կենսաբանական նյութերով սադրանքների վտանգ։ Սիրիայում պատերազմի փորձը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կողմից արեւմտյան երկրների լիակատար վերահսկողությունը սադրանքների իրական սպառնալիք են ստեղծում, որի պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը։ Տեղեկատվությունը նման տեսանկյունից աշխարհին հրամցնելու նպատակը կարող է լինել հակամարտության սրումն ընդհուպ մինչեւ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ռազմական բախում։ Ռուսաստանի տնտեսական կապերն Արեւմուտքի հետ քայքայվել են. Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ պատժամիջոցային պատերազմը սկսվել է 2014-ից եւ դրանից հետո անշեղորեն սրվել է՝ 2022 թ. այն վերաճելով համապարփակ տնտեսական, դրամավարկային եւ ֆինանսական պատերազմի։ Արդյունքում աշխարհատնտեսական մոդելը, որին հետեւում էր Մոսկվան ԽՍՀՄ-ի փլուզումից եւ շուկայական հարաբերություններին անցնելուց հետո, պարզվեց, որ խզվել է իր ամենակարեւոր սեգմենտում՝ հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ հիմնական առեւտրային, ներդրումային եւ տեխնոլոգիական գործընկերոջ հետ։ Ռուսաստանը բախվեց մի բանի, որը նա ընդհանրապես չէր սպասում՝ սուվերեն արտարժույթի պահուստների, մասնավոր ձեռներեցների ակտիվների սառեցում ու բռնագրավում եւ, փաստորեն, լիակատար դուրսմղում արեւմտյան արժույթներով ֆինանսական գործարքների համակարգից։ Արդյունքում երկիրը կորցրեց ոչ միայն կենտրոնական բանկի պահուստների կեսը, այլեւ մուտքը դեպի արեւմտյան շուկաներ։ Այսպիսով, այն ակնկալիքը, որ արեւմտյան տնտեսական խաղացողները, իրենց շահերից ելնելով, կմեղմացնեն աշխարհաքաղաքական բախումների հետեւանքները, չարդարացավ։
Մոսկվայի համար ջախջախիչ էր Եվրոպայի հետ էներգետիկ կապերի խզումը, որը նաեւ ճգնաժամային էր հենց Եվրոպայի համար։ Էներգետիկ համագործակցությունը համարվում էր Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների կայունության երաշխավորը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների: Ռուսաստանն ամեն կերպ փորձում էր զարգացնել ԵՄ երկրներին էներգիայի գերվստահելի մատակարարի կերպարը։ Մոսկվան հույս ուներ, որ ռուսական էներգետիկ զենքը Եվրոպային կպահի իր կողմում: Այս հաշվարկը նույնպես ձախողվեց։ Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը խզելը ԵՄ-ի համար դժվարագույն քաղաքական փուլ բացեց. պետք է ուղիներ փնտրել ստեղծված խրթին իրավիճակից դուրս գալու համար։ ԵՄ-ն ելքը չի տեսնում Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու, թեկուզ նախապայմաններով կրկին էներգետիկ փոխհարաբերություններ վերակառուցելու մեջ։ Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունները կրկին թշնամական են դառնում. գերմանական հասարակական գիտակցության մեջ արագ վերականգնվում է հետամնաց, ռեակցիոն եւ ագրեսիվ Ռուսաստանի կերպարը, իսկ ռուսականում նացիստների ներխուժման մասին հիշողությունները կրկին հրատապ են դառնում։ Եվրոպայի երկու խոշորագույն խաղացողների միջեւ թունավորված հարաբերությունները ծառայում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական շահերին, բայց ապագայում վերածվում են Եվրոպայում անկայունության կարեւոր գործոնի։
Ռուս-ուկրաինական պատերազմը փորձություն է դարձել ոչ միայն Ռուսաստանի հակառակորդների եւ նախկինում չեզոք պետությունների, այլեւ Մոսկվայի պաշտոնական դաշնակիցների եւ ինտեգրացիոն գործընկերների համար։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) եւ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կրկին ճգնաժամային դրություն է։ Հասկանալի է, որ կազմակերպությունների անդամ երկրների հիմնական շարժառիթն է ամեն կերպ խուսափել Արեւմուտքի հետ հարաբերությունները փչացնելուց եւ փորձել դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը։ Այս իրավիճակը Մոսկվայի համար պետք է մտածելու առիթ տա՝ վերանայելու եւ վերամշակելու նախկին խորհրդային հանրապետությունների վերաբերյալ իր մոտեցումները: Իրողությունները ցույց են տալիս, որ նախկին մոտեցումներն այլեւս աշխատող չեն, ավելին՝ թաքնված թշնամանք են առաջացնում Ռուսաստանի հանդեպ։
Իհարկե, պատերազմը փորձություն է դարձել առաջին հերթին հենց Ռուսաստանի համար։ Այն ջրի երես հանեց ռազմաքաղաքական ռազմավարության եւ մարտավարության հետ կապված լուրջ խնդիրները։ Այդ խնդիրները հիմնականում կապված են զինված ուժերի պատրաստման, սպառազինման, վերազինման եւ համալրման, երկրի արդյունաբերության, մոբիլիզացիոն պատրաստվածության, պետական քաղաքականության գաղափարախոսության, քաղաքական ինստիտուտների կոռումպացված լինելու հետ։ Այս եւ այլ խնդիրների համակարգը, քանի դեռ դրանք չեն հաղթահարվել, հուսահատեցնում են դաշնակիցներին եւ խրախուսում Ռուսաստանի հակառակորդներին ավելի վճռական գործել՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկել եւ սադրել երկրում քաղաքական ռեժիմի փոփոխություն։ Վերջինը, ի դեպ, սկսում է աստիճանաբար տարածվել հասարակության լայն շերտերում։
Աշխարհաքաղաքական լուրջ կատակլիզմների, խզվածքների եւ ճեղքերի այս ֆոնին Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, ձգտելով ամրապնդել իրենց ինքնիշխանությունը եւ մեծացնել իրենց դերը համաշխարհային կառավարման մեջ, պաշտոնապես չեզոք դիրք են գրավել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունում։ Որոշ դեպքերում՝ իրանական եւ չինական դիրքորոշումներն ակնհայտորեն բարեհաճ են Մոսկվայի համար։ Սակայն պետք է նշել, որ այդ դիրքորոշումները ոչ թե պայմանավորված են այն բանով, որ այդ երկրները համաձայն են Ռուսաստանի գործողությունների հետ, այլ նրանով, որ հակասությունները շատ են Արեւմուտքի հետ։ Պետությունների այս խումբը հրաժարվեց միանալ հակառուսական պատժամիջոցներին, չնայած նրանք մասամբ պաշտպանում էին Ռուսաստանի գործողությունները դատապարտող քաղաքական բանաձեւերը:
Այսպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրավիճակը կտրուկ փոխվել է դեպի բացասականը։ Տեսականորեն կա հանձնվելու ճանապարհ, բայց նույնիսկ այն չի վերադարձնի Ռուսաստանը ոչ փետրվարի 23-ին, ոչ էլ 2013 թ.։ Դա ազգային աղետի, հավանական քաոսի եւ ինքնիշխանության բացարձակ կորստի ճանապարհն է։ Եթե Մոսկվան փորձում է հասնել արտաքին աշխարհի հետ փոխգործակցության որակապես ավելի բարձր մակարդակի, ապա անհրաժեշտ է որակապես քաղաքական նոր էլիտա ձեւավորել եւ վերամշակել արտաքին քաղաքականությունը՝ հատկապես նորովի աշխատել դաշնակիցների հետ։ Նման պատերազմներ եղել են Ռուսաստանի պատմության մեջ, օրինակ՝ Ղրիմի եւ ռուս-ճապոնական պատերազմները, որոնք հանգեցրին ներքին բարեփոխումների եւ հետագա զարգացումների։ Պարտությունից խուսափելը, սակայն, չի նշանակում հաղթել։ Առաջնային գծի երկայնքով ռազմական գործողությունների սառեցումը կնշանակի Մոսկվայի կողմից նպատակներին հասնելու անկարողության, այսինքն՝ բարոյական պարտության ճանաչում։ Այնուամենայնիվ, այս տարբերակը կա, եւ, որքանով հնարավոր է դատել, այն մշակվում է շահագրգիռ կողմերի կողմից։ Կա նաեւ ռազմավարական հաջողության տարբերակը։ Ռուս հասարակության շրջանում պետք է զգուշությամբ օգտագործել «հաղթանակ» բառը, քանի որ ներքաղաքական հավաքական գիտակցության մեջ 1945-ից հետո այն նշանակում է թշնամու ջախջախիչ պարտություն։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, ապա Ռուսաստանի կողմից հարեւան երկրի ողջ արեւելյան, հարավային եւ կենտրոնական հատվածների վերահսկողությունը կարելի է համարել ռազմավարական հաջողություն, որը հարաբերական է։
Համաշխարհային տուրբուլենտության սկզբնավորման պայմաններում ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաեւ աշխարհատնտեսական եւ ռազմական ոլորտում Ռուսաստանն այլեւս չունի շահագրգռվածություն կամ հատուկ հնարավորություններ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում ստատուս քվոն պահպանելու։ Սովորել, թե ինչպես հաջողությամբ հանդես գալ այս դերում, հեշտ չի լինի: Նոր աշխարհակարգին անցումը կպահանջի մի ամբողջ դարաշրջան եւ մեծապես կախված կլինի երկու առաջատար համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցակցության հետեւանքներից։ Սակայն իրավիճակը ծայրաստիճան հեղհեղուկ է, եւ Ռուսաստան- Արեւմուտք հակամարտությունը, անպատճառ, իր ազդեցությունը կունենա հետագա զարգացման վրա։ Ռուսաստանի համար ռազմավարական կայունության բանալին տարբեր ոլորտներում սեփական ներուժի զարգացումն է եւ դաշնակիցների հետ իսկապես դաշնակցային հարաբերությունների ձեւավորումը։
Նոր միջավայրում ռազմավարական կայունության պահպանումը պահանջում է ավելի սերտ ներգրավվածություն Չինաստանի եւ խոր երկխոսություն Հնդկաստանի հետ: Այսուհետ էներգետիկ անվտանգության հարցերը պետք է լուծվեն Չինաստանի եւ Հնդկաստանի հետ՝ որպես խոշորագույն սպառողներ, Սաուդյան Արաբիան եւ ՕՊԵԿ-ի մյուս երկրները՝ նավթի շուկայում, եւ Քաթարը՝ գազի: Ռուսական սննդամթերքի հիմնական սպառողները նույնպես Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում են։ Անցումային աշխարհակարգի հիմքերի կառուցման առումով հատկապես կարեւոր ուղղություն է Եվրասիայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Կասպից ծովում, Պարսից ծոցում ամուր անվտանգության համակարգ ստեղծելն ու պահպանելը։
Այսպիսով, ռուս-ուկրաինական պատերազմը հղի է կործանարար հետեւանքներով ոչ միայն Ռուսաստանի ու Ուկրաինայի, այլեւ Արեւմուտքի համար։ Երկու կողմերն էլ աստիճանաբար պետք է վերամշակեն իրենց մոտեցումները հետպատերազմյան աշխարհակարգին համապատասխան, քանզի դրա ձեւավորման վրա նշանակալի ազդեցություն կունենան Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները։