Իրանը չի բացառում, որ կարող է հրաժարվել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից՝ ի պատասխան եվրոպական պետությունների պատրաստակամության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ ռազմաքաղաքական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը, ընդգրկելու ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Հարցը զգայուն բնույթ ունի Թեհրանի համար, որովհետեւ նախկինում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ամերիկյան համանման պատժամիջոցների կիրառումից հետո վերացվել է նրա հայտնի գեներալներից մեկը՝ Քասեմ Սոլեյմանին:
Հարկ է նշել, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից հնարավոր հրաժարման մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Եվրոպական առաջատար որոշ քաղաքական առաջնորդներ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեն եւ միայն այսօր են գլխավորել իրենց պետությունները,- նշել է նա:- Եթե նրանք ռացիոնալ ճանապարհ չընտրեն եւ չուղղեն սեփական դիրքորոշումը, կարող է դիտարկվել ցանկացած հնարավորություն»: Այսպես է նախարարը մեկնաբանել Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը՝ արգելող միջոցներ կիրառելու ԻՀՊԿ-ի նկատմամբ: Համապատասխան նախաձեռնությունը, խոստացել է Աբդոլլահիանը, կհանգեցնի «հեռուն գնացող փոփոխությունների» եւ «էական ազդեցություն կունենա» Մերձավոր Արեւելքում զինված ուժերի դրության վրա:
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին բանաձեւին, որը Եվրամիության (ԵՄ) ղեկավարությանը կոչ է անում ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում։ Տեղի քաղաքական գործիչները դրական են արձագանքել դրան: «Իրանական ռեժիմը խախտում է մարդու հիմնական իրավունքները,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։- Մենք իսկապես դիտարկում ենք պատժամիջոցների նոր փաթեթը, եւ ես նույնպես կաջակցեի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդգրկմանն այս ցուցակում»: Չնայած որ Եվրախորհրդարանի բանաձեւն առավելապես խորհրդատվական բնույթ ունի եւ չի կարող Բրյուսելին պարտավորեցնել որեւէ կոնկրետ բան անել, այն, միեւնույն է, չէր կարող չվրդովել Թեհրանին։
«ԻՀՊԿ-ն հզոր կազմակերպություն է, առանց որի ջանքերի եվրոպական բոլոր կառավարություններն այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ կլինեին»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գլխավոր շտաբը: Իր հերթին՝ իրանական օրենսդիր մարմնի՝ մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է, որ խորհրդարանը «ցանկացած միջոց կկիրառի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների թվին դասելու կամ պատժամիջոցային ցուցակներում ընդգրկելու դեմ, եւ այդ միջոցները կլինեն արագ ու վճռական»: «Մենք Եվրոպայի երկրների բանակները կճանաչենք ահաբեկչական կազմակերպություններ եւ նրանց դեմ պայքարի անհրաժեշտ միջոցների ընդունման մասին հարցը կներառենք օրակարգում»,- հայտարարել է նա:
Ի դեպ, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը լքելու սպառնալիքը շատ ավելի տպավորիչ է: Իրանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ նման հայտարարությունների են դիմել 2018-ից ի վեր փլուզվող «Միջուկային գործարքի» ֆոնին։ «Եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, ապա մենք կվերադառնանք մեր պարտավորությունների իրականացմանը,- 2020 թ. հունվարին հայտարարել էր Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:- Եթե նրանք շարունակեն քաղաքական խաղերը, որոնք ոչ մի իրավական հիմք չունեն, ապա մենք բազմաթիվ տարբերակներ ունենք»: Հենց այդ տարի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու օրինագիծը քննարկման նպատակով փոխանցվեց մեջլիսի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին։ Սակայն այս պատմությունը ոչնչով չավարտվեց:
Ըստ ռուս փորձագետների՝ քանի որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի ազդեցիկ մասն է, ինչ-որ իմաստով նրա ընդգրկումն ահաբեկչական կազմակերությունների ցուցակում Եվրոպայում օրենքից դուրս կդնի Իսլամական Հանրապետությանը: Թեհրանին առաջին հերթին անհանգստացնում է այն, որ նման բնույթի արգելող միջոցները հարց կբարձրացնեն պետության միջազգային լեգիտիմության մասին: Բայց նույն այդ փորձագետները խոստովանում են նաեւ, որ եթե նույնիսկ Եվրամիությունը պաշտոնապես նման քայլ կատարի, այն բացառապես խորհրդանշական կլինի:
Երբ ԱՄՆ-ն անցյալում ԻՀՊԿ-ին ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, դրանից հետո հարված հասցվեց «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարին՝ գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Բացառված չէ, որ Թեհրանը, վախենալով անցյալի կրկնությունից, կարող է զգուշանալ հնարավոր սպառնալիքներից՝ նախաձեռնելով որոշակի գործողություններ: Նույն կերպ, ըստ փորագետների, չարժե լուրջ նշանակություն տալ նաեւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից հրաժարման Իրանի սպառնալիքին, որովհետեւ դա կնշանակի «դուռը շրխկացնել ոչ միայն Եվրոպայի հետ երկխոսությունում»:
Պայմանագրից հրաժարումը շատերը կհամարեն նաեւ դեմարշ ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք պակաս անհանգստացած չեն լինի, քան Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Վերլուծաբանները կարծում են, որ նման լուրջ քայլի հավանականությունը շատ փոքր է, քանի որ Ռուսաստանի ու Չինաստանի նշանակությունն այսօր Իրանի համար, երբ «Միջուկային գործարքին» վերադարձը մոտ հեռանկարում անհնար է թվում, ավելի է աճում:
Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ ռուսաստանյան շրջանակներն իրենց վերլուծություններում ընդամենը փորձում են իրանական կողմին համոզել իրենց կարեւորության մեջ: Վերջին շրջանում Ռուսաստան-Իրան փոխհարաբերություններում որոշակի սառնություն է նկատվում: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը չի ճանաչի Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերն ՌԴ-ի կազմում ընդգրկումը: Նրա խոսքով՝ չնայած Ռուսաստանի հետ «հիանալի հարաբերություններին», Իրանը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Աբդոլլահիանն ասել է նաեւ, որ Իրանի իշխանությունները հետամուտ են արտաքին քաղաքականության մեջ իրենց «հետեւողական սկզբունքին»: «Երբ ասում ենք, որ հակամարտությունն Ուկրաինայում լուծում չէ, հավատում ենք մեր դիրքորոշմանը՝ որպես հիմնարար քաղաքական սկզբունք»,- բացատրել է նա:
Նույն օրը, երբ Աբդոլլահիանն այս հայտարարությունն էր անում Թուրքիայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկում էին «Սիրիայի եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, ներառյալ՝ էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը»: Այնուհետեւ Թեհրան է այցելել ՌԴ նախագահի օգնական, պետական խորհրդի քարտուղար Իգոր Լեւիտինը. նա հավաստիացրել է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են Իրանի հետ համատեղ ավտոմեքենաների, ուղղաթիռների ու գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության կազմակերպմանը: Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի հետ հանդիպման ընթացքում Լեւիտինն ընդգծել է Ռուսաստանի համագործակցության պատրաստակամությունը սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ոլորտում: Իսկ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ բանակցություններում խոսվել է երկու երկրների կողմից այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք անհրաժեշտ են արեւմտյան պատժամիջոցների պատճառով առաջացած սահմանափակումների հաղթահարման համար տարադրամա-բանկային ոլորտում:
Ինչպես տեսնում ենք, իրանական կողմի հետ շփումներում ՌԴ իշխանությունները շեշտը դնում են միանգամայն այլ խնդիրների վրա: Ռուսաստանի ու Չինաստանի՝ Իրանից հնարավոր հիասթափության մասին մոսկովյան շրջանակները սկսել են խոսել միայն այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի ճանաչում ռուսական կողմի նվաճումներն Ուկրաինայում…