ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել եւ Պաղեստին: Դեկտեմբերյան երդմնակալությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ Բենիամին Նաթանյահուի կառավարությունն ընդունում է Ջոզեֆ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի: Չնայած այն հանգամանքին, որ, ըստ պաշտոնատար անձանց հայտարարությունների, բանակցային օրակարգը պետք է կենտրոնացված լինի Պաղեստինի հարցի եւ նոր կաբինետի բարեփոխումների վրա, կողմերը դժվար թե կարողանան խուսափել Ուկրաինային զենքի մատակարարման խնդրի քննարկումից։ Դա տարաձայնությունների առարկա է ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ:
«Times of Israel»-ի աղբյուրը հայտնել է, որ Բլինքենի շփումները Նաթանյահուի կառավարության հետ միտված են լինելու պաղեստինյան հարցի շուրջ փոխըմբռնմանը։ Վաշինգտոնը ցանկանում է պարզաբանումներ ստանալ՝ կապված Հորդանան գետի Արեւմտյան ափին իր տարածաշրջանային դաշնակցի վերաբնակեցման քաղաքականության հետ եւ Երուսաղեմում Տաճարի լեռան հանդեպ նրա գծի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Սպիտակ տանն անհանգստացնում է Նաթանյահուի գործընկերների պատրաստակամությունը՝ հիմնովին վերանայելու ազգային դատական համակարգը, ինչը զգալիորեն կնվազեցնի բարձրագույն դատական իշխանության լիազորությունները եւ, հավանաբար, կհանգեցնի սահմանադրական ուժեղ ճգնաժամի: Միեւնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ Բլինքենը չի բարձրացնի Կիեւին զենքի մատակարարման հարցը։
Իսրայելն առայսօր մերժել է Ուկրաինային առաջադեմ տեխնոլոգիաներ տրամադրելու ԱՄՆ-ի խնդրանքների մեծ մասը՝ մտավախություն ունենալով, որ այդ քայլը կարող է լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ վնաս հասցնել նրա շահերին Սիրիայում: Այդուհանդերձ, մերձավորարեւելյան երկրի իշխանություններին օգնության խնդրանքով դիմելու վերջին փորձերից մեկը կատարվեց երկու շաբաթ առաջ։ Այդ մասին պատմել է «Axios»-ը։ Նրա աղբյուրների տվյալներով՝ Ամերիկանհարցում է ուղարկել իսրայելցի զինվորականներին՝ նրանց պահեստներում պահվող «MIM-23 Hawk» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համար։ Համանման հարցումներ են ուղարկվել նաեւ մի քանի այլ պետությունների, որտեղ այդ համակարգերը շահագործվել կամ պահվել են պահեստներում:
Այդուհանդերձ, իսրայելցի պաշտոնյաները դաշնակցին պատասխանեցին մերժումով՝ պատճառաբանելով, թե «Hawk» համակարգերը հնացել են եւ չեն կարող լիարժեք գործել. սարքավորումները չափազանց երկար ժամանակ են առանց սպասարկման եղել: «Axios»-ի աղբյուրները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ պատասխանը միայն մասամբ է ճշմարիտ։ Նրանց խոսքով՝ չնայած որ արձակման սարքավորումներն իսկապես կարող են անսարք լինել, հրթիռները, ընդհակառակը, ենթակա են վերականգնման, առավել եւս՝ օգտագործման։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակային հայտարարության մեջ ընդգծել է, որ ռազմական իսթեբլիշմենտի դիրքորոշումը Կիեւին ռազմական օգնության վերաբերյալ չի փոխվել, իսկ յուրաքանչյուր դիմում իշխանությունների կողմից դիտարկվում է «անհատական կարգով»:
Սակայն ամերիկյան կողմին հաջողվել է Իսրայելից վերցնել հին զինամթերքի գոնե մի մասը։ Վերջերս «New York Times»-ը հայտնել էր, որ Պենտագոնը սկսել է իր հին հրետանային պաշարները տեղափոխել Ուկրաինա: Դրանք Իսրայելի ձեռքում էին Դատաստանի օրվա պատերազմից (1973 թ.) հետո: 2006 եւ 2014 թթ. ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցը նույնիսկ կարողացավ կիրառել այդ արկերը, երբ զինված առճակատման մեջ մտավ համապատասխանաբար լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: Սկզբում իսրայելցի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնում այդ միջոցները Կիեւին փոխանցելու համար, բայց, ի վերջո, եզրակացրեցին, որ այդպիսի օգնությունը չի խախտի չեզոքության քաղաքականությունը։
«Իսրայելը նուրբ հավասարակշռություն է պահպանում, եւ նրա համար այս դիրքորոշումը սկզբունքային է, ինչպիսի կոնյուկտուրա էլ որ գոյություն ունենա,- ասել է Վաշինգտոնի՝ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի հրավիրված հետազոտող եւ ՌԴ միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Անտոն Մարդասովը:-Նաֆթալի Բենեթի կաբինետը (Իսրայելի վարչապետ, ով իշխանության եկավ 2021 թ. ընդդիմադիր կոալիցիայի հետ միասին) փորձեց մերձենալ Վաշինգտոնի հետ դեռ 2022 թ. փետրվարից առաջ, ուստի նրա ավելի հստակ դիրքորոշումն ուկրաինական իրադարձությունների հարցում միանգամայն բացատրելի էր: Այդուհանդերձ, նույնիսկ այդ իշխանությունն էր անհանգստացած Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզումից եւ շտկեց իր գիծը դեպի չեզոքություն»։
Ինչպես շեշտել է Անտոն Մարդասովը, Իսրայելի ու Ուկրաինայի մերձեցման ակունքներում կանգնած է հենց Նաթանյահուն, չնայած որ նա եւ իր կողմնակիցները մեկ անգամ չեն փորձել օգտագործել ռուսական խաղաքարտը նախընտրական քարոզարշավում: «Դա կարեւոր է, բայց հաճախ մոռացվում է,- շեշտել է Մարդասովը:-Ուստի Նաթանյահուն, մեծ հաշվով, իրավունք ուներ ձեռնպահ մնալ Ուկրաինայի վերաբերյալ մեկնաբանություններից, ինչի համար նա քննադատության էր ենթարկվում նաեւ սեփական դիվանագիտական կորպուսի կողմից։ Նրա դիրքորոշումը բացատրվում է ոչ այնքան Կրեմլի հետ հարաբերություններով, որքան իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին ռուսական գործոնի կարեւորության գիտակցմամբ, ինչը, ըստ էության, ազդում է նաեւ Սիրիայում իրավիճակի վրա, քանի որ Թեհրանը «ցամաքում» նույնպես խաղաքարտեր է օգտագործում առավել կարեւոր բանակցությունների վարման համար»:
Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա Մարդասովն ընդգծում է, որ հենց Նաթանյահուի օրոք են կարեւոր բանակցություններ վարվել Սիրիայի հարցով այն բանից հետո, երբ ռուսական «Իլ-20» ինքնաթիռը խոցվեց Միջերկրական ծովի վրա։ Ռուսական կողմն ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը դրեց իսրայելական ավիացիայի վրա: Այս դոսյեի շուրջ երկխոսությունը կոշտ էր, չնայած ցուցադրական քաղաքավարությանը: «Այլ բան է, որ Նաթանյահուն Կրեմլի համար ավելի հասկանալի քաղաքական գործիչ է։ Բայց նրան ոչ մի կերպ հարմար գործիչ չես անվանի, դա անհեթեթություն է»,- ամփոփել է փորձագետը:
Բլինքենի այցը շատ հարցեր կհստակեցնի, տարածաշրջանային դաշնակցի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը՝ նույնպես: Հավանաբար, Թել Ավիվը, որը շատ բան է ակնկալում ԱՄՆ-ից՝ կապված Իրանի նկատմամբ գործողությունների հետ, որոշակի հիասթափության փուլ է ապրում եւ ցուցադրում է դա: Հանուն անկեղծության պետք է ասել, որ ավելի շատ պահանջում է, քան տալիս: Իսրայելի հարցում Միացյալ Նահանգներում, որտեղ վաղուց են հասկացել, որ ԱՄՆ-ին փորձում են իրենց շահերի համար օգտագործել Իրանի դեմ, վերագնահատումների անհրաժեշտություն կա: Իսկ Ռուսաստանի հետ Իսրայելի մերձեցումը եւս մեկ հարց է առաջացնում. իսկ որքանո՞վ են անկեղծ Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները, եթե հաշվի առնենք նաեւ, որ Իսրայելն ու Թուրքիան ամրանում են Ադրբեջանում՝ Թեհրանին հարվածելու համար: Իրանի միջուկային ծրագրին դիմակայումը, իհարկե, կարող է դառնալ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը: Իրադարձությունների զարգացումը, սակայն, կարող է նոր իրավիճակ ստեղծել, որում անհնար չի թվա անգամ Վաշինգտոնի ու Թեհրանի հետագա մերձեցման հեռանկարը…