Հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի է ունեցել զինված հարձակում։ Հարձակվողը, որ անմիջապես ձերբակալվել է, ըստ իրանական կողմի՝ Ուրմիա քաղաքից իր 14-ամյա դստեր ու 7-ամյա որդու հետ էր եկել դեպքի վայր եւ այդ քայլին դիմել էր բացարձակապես անձնական դրդապատճառով։ Նա Բաքվում ուսումնառության տարիներին ծանոթացել եւ ամուսնացել է բաքվեցի մի աղջկա հետ, որը 2022 թ. ապրիլի 29-ին Թեհրանում մտել է Ադրբեջանի դեսպանություն եւ այլեւս չի վերադարձել։ Ամուսնու խոստովանությամբ՝ ինքը բազմիցս դիմել է դեսպանատուն, բայց որեւէ հոդաբաշխ պատասխան չի ստացել, ուստի զայրացած դիմել է այդ քայլին։
Ալիեւն անմիջապես այն բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն, հայտարարել, թե դիվանագիտական ներկայացուցչության դեմ դա անընդունելի է։ Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, դատապարտել է տեղի ունեցածը, շեշտել, թե Իրանն անտեսել է Բաքվի պահանջները անվտանգությունն ուժեղացնելու հարցում՝ հավելելով, թե այդ երկրի ԶԼՄ-ներում հակաադրբեջանական քարոզչությունը եւս լուրջ դեր է ունեցել։ Ապա այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է, թե Իրանի կառավարությունը մասնակից է այդ «ահաբեկչությանը»։ Բաքուն նաեւ դեսպանության մոտ Իրանի ոստիկանության հերթապահին է մեղադրել անգործության համար։ Մինչդեռ սովորաբար այդ ծառայության ներկայացուցիչները զինված չեն լինում եւ միայն անվտանգության ու կարգապահության իրավիճակը զեկուցելու պարտականություն ունեն։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խստիվ դատապարտելով հարձակումը, շեշտել է, թե Ադրբեջանը երբեք միայնակ չէ։ Իսրայելի արձագանքը եւս անմիջապես էր ու խիստ դատապարտող՝ համերաշխության ու դաշնակցային ոգով։ Ընդգծված ջերմությամբ էր նաեւ Կիեւի արձագանքը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում «ահաբեկչության» համար մեղադրել են Հայաստանին, ինչը, թերեւս անուղղակիորեն նկատելի է նաեւ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցում։ Ըստ «ISNA» գործակալության՝ հունվարի 29-ին նրանք հեռախոսազրույց են ունեցել, որում Ռայիսին Իրանի կառավարության եւ բնակչության անունից խորապես վշտակցել է Ադրբեջանի դեսպանությունում տեղի ունեցածի առնչությամբ, շեշտել, որ համապատասխան մարմինները խորապես հետամուտ են լինելու հարցին։ Ռայիսին շեշտել է նաեւ, որ երկու երկրների եղբայրական, բարեկամական փոխհարաբերությունները հիմնված են պատմամշակութային անքակտելի կապերի վրա, ուստի Իրանի եւ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տա, որ այլոց չարախոսությունների ազդեցության ներքո խարխլվեն դրանք։
Ըստ ամենայնի, Իրանի նախագահն «այլոց» ասելով նկատի է ունեցել Իսրայելին ու ԱՄՆ-ին, Ալիեւն էլ նույնպես անուղղակի մեղադրել է Հայաստանին։ Նա շնորհակալություն է հայտնել, ապա հավելել, թե այն անսպասելի ոճրագործություն էր, սակայն երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի այնպիսին, որ նման դեպքերը պատեհ առիթ չլինեն որեւէ մեկի համար հարվածի տակ դնել երկու երկրների բարեկամական փոխհարաբերությունները։ Այսուհանդերձ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, թե Թեհրանից հետ են կանչվել իրենց դիվանագետներն ու աշխատակիցները, սակայն 4-5 մարդ մնացել է։ Իրանը, հավանաբար, հենց այդ փաստը նկատի ունենալով, հայտնել է, թե այն գործում է։ Թեեւ Այխան Հաջիզադեն շեշտել է, թե հարձակման համար լիովին պատասխանատու է Թեհրանը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը ցանկանում է տեղի ունեցածը եւս ի շահ Բաքվի շահարկել, մասնավորապես՝ չարաբաստիկ միջանցքի առնչությամբ։ Ահա թե ինչու, ոմանք, հենվելով որոշ փաստերի վրա, նույնիսկ չեն բացառում, որ դա հենց Բաքվի ձեռքի գործն էր։
Հաջորդ օրը նոր փորձանք էր սպասում Իրանին՝ չհաշված Խոյի երկրաշարժը, տեղի ունեցավ նաեւ «Իրանի դեմ հարձակում», ինչը, ըստ Թեհրանի, ձախողվեց, բայց լայն արձագանք գտավ միջազգային մակարդակով։ Հունվարի 29-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Սպահանի զինամթերք արտադրող համալիրի վրա փոքր ԱԹՍ-ների հարձակման առնչությամբ իր թվիթերյան էջում այն բնութագրելով որպես «պայթյունների գիշեր Սպահանում»՝ նշել էր, թե «Ուկրաինան ձեզ նախազգուշացրել էր»։ Մինչդեռ Իրանը շեշտում է, թե հարձակումը լուրջ վնասներ չի առաջացրել, ԱԹՍ-ները վնասազերծվել են համալիրի հակաօդային սարքերով։ Իսկ ուկրաինացի պաշտոնյաներն այն ռուս-ուկրաինական պատերազմում Թեհրանի որդեգրած քաղաքականության հետեւանք են համարել։
Թեեւ պաշտոնական Թեհրանը համալիրի վրա հարձակումը բնութագրում է որպես ձախողված եւ շեշտում, թե միայն չնչին վնասներ է կրել տանիքը, սակայն իսրայելական ԶԼՄ-ները, այդ թվում՝ «The Jerusalem Post» օրաթերթը, հենվելով արտերկրյա եւ, մասնավորապես, արեւմտյան աղբյուրների վրա, շեշտել է, որ հակառակ Թեհրանի պնդումների, հարձակումն Իրանի զարգացած զենքեր արտադրող այդ համալիրի վրա «չափազանց մեծ հաջողություն է արձանագրել»։ Իսկ «Intelli times» կայքը գրել է, թե հարձակման թիրախն Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնն է եղել, ապա շեշտել, թե ժամանակը պատահական չէր ընտրվել, քանի որ տեղի ունեցավ այն օրվա ավարտին, երբ հեղափոխության առաջնորդն այցելել էր «Արդյունաբերության ձեռքբերումներ» ցուցահանդես՝ լինելով նաեւ ԱԹՍ-ների տաղավարում։ Պաշտոնական Թեհրանն ուշացումով մեղադրել է Իսրայելին՝ նշելով, թե փոքր ԱԹՍ-ներն օդ են բարձրացել համալիրի մոտակա տարածքներից։ Իսկ Իրան-5+1-ի բանակցությունների թիմի փորձագետ, խորհրդական Մոհամեդ Մարանդին այդ առնչությամբ նախազգուշացրել է Թել Ավիվին։
Իրանի ԱԳ նախարարը հունվարի 29-ին հայտարարել է, թե Սպահանում տեղի ունեցածի նպատակն իր երկիրն անապահով դարձնելն էր, սակայն Թեհրանը ջանքի չի խնայի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նա միաժամանակ նշել է, որ ՊՆ-ի արտադրական համալիրը թիրախ դարձնելը որեւէ ազդեցություն չի ունենա Իրանի միջուկային ծրագրերի վրա, ինչը, թերեւս, անուղղակի ակնարկ էր Իսրայելին, որը բազմիցս թիրախավորել է Իրանի միջուկային օբյեկտները։ Ամերիկյան «Wall Street Journal» օրաթերթը հունվարի 29-ին, հիմք ընդունելով ԱՄՆ պաշտոնյաների հայտնած տեղեկությունները, գրել է, թե Իսրայելը ԱԹՍ-ներով թիրախ է դարձրել Իրանի ռազմարդյունաբերական մի օբյեկտ, իսկ ոմանք էլ ենթադրում են, թե դա ԱԹՍ-ներ ու հրթիռներ արտադրող համալիր է եղել։ Հիշյալ թղթակցությունը թարգմանաբար տեղադրվել է նաեւ իսրայելական «Tiam of Israel» կայքում, որը գրել է, թե պայթյունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրերի դեմ պայքարելու համար ուղիներ փնտրելու շուրջ ԱՄՆ-Իսրայել բանակցությունների հետ միաժամանակ։ Ապա վկայակոչելով «Wall Street Journal»-ի թղթակցությունը՝ նշել է, թե դեռեւս դրա ճշմարտությունն անկախ աղբյուրները չեն հաստատել։ Ի դեպ, ԱՄՆ-ն հայտարարել է, թե որեւէ առնչություն չի ունեցել դրա հետ։
Այլ կերպ ասած, ինչպես նախորդ դեպքերում, Իսրայելն ուղղակիորեն չի հաստատելու, ինչպեսեւ չի հերքելու, սակայն մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու պատմությունն է՝ դաշնակցին իր հավատարմությունը գործով ապացուցել եւ Թեհրանին նախազգուշական մեսիջ ուղարկել իր հրթիռաշինության ու միջուկային ծրագրի առնչությամբ։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ