Փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում առեւտրատրանսպորտային լոգիստիկ ուղիների վերահսկման առումով կարեւոր նշանակություն ունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Չինաստանի ընդլայնմանը հակազդելու համար Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները հանդես են գալիս տարբեր միջազգային հարթակների ստեղծմամբ, որոնցից մեկը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի եռակողմ գործակցության ձեւաչափն է՝ «AUKUS»-ը, որին բազմիցս անդրադարձել ենք։ Ավստրալիայից բացի ԱՄՆ-ի համար «հենման» կետեր են նաեւ Ճապոնիան, Թաիլանդը, Հարավային Կորեան։
Գրեթե միաժամանակ Հարավային Կորեա են այցելել երկու արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հունվարի 29-30-ը Սեուլ էր մեկնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ հունվարի 30-ին՝ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Վերջինս Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է սովորական եւ միջուկային զենք օգտագործել Հարավային Կորեան պաշտպանելու համար։ «Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան: Միացյալ Նահանգները հավատարիմ է ընդլայնված զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական հնարավորությունների ամբողջ շրջանակի օգտագործումը, ներառյալ սովորական եւ միջուկային զենքերը, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ Օսթինը նաեւ նշել է, որ Հարավային Կորեայում ծառայում են 28500 ամերիկացի զինծառայողներ (այն ԱՄՆ-ի ամենամեծ ռազմակազմն է արտասահմանում)։ Եթե հաշվի անենք, որ Վաշինգտոնը շատ հաճախ «պաշտպանությունն» ընկալում է որպես «կանխարգելիչ» գործողությունների իրականացում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ անհրաժեշտ պահին Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին կարող է եւս մեկ ճակատ բացել Չինաստանի դեմ Թայվանի շուրջ հակամարտության դեպքում։
Վաշինգտոնն այդպիսով փորձում է հստակեցնել պոտենցիալ գործընկերների թիվը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ առավել բարենպաստ դիրքավորվել ռազմական հնարավոր սցենարների զարգացման դեպքում։ Դրա համար Վաշինգտոնը փորձելու է օգտագործել այդ երկրներում ներքին ու արտաքին հակասությունները։ Բնականաբար, տարածաշրջանային երկրները ոգեւորված չեն ռազմական բախման հեռանկարով կամ իրավիճակի սրմամբ, քանի որ լավ են հասկանում, որ բախման հետեւանքներն իրենց երկրներն են կրելու։
Միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները հուշում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկարաձգման ֆոնին, արեւմտյան դաշնակիցները ձգտում են զրկել Ռուսաստանին հավանական դաշնակիցներ ձեռք բերելուց, իսկ դրա լավագույն տարբերակը նման դաշնակիցներին սեփական խնդիրներով զբաղեցնելն է։ Դրանով միաժամանակ լուծվում են նաեւ ռազմավարական նշանակության այլ հարցեր եւս, ինչպես օրինակ՝ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների նկատմամբ հնարավորության սահմաններում առավելագույն վերահսկողություն ապահովելը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության համաձայն Չինաստանը համարվում է «գլխավոր մարտահրավերը»՝ «կանոնների վրա հիմնված միջազգային կարգին» հակադրվելու պատճառով։
Եթե Միացյալ Նահանգների համար Հարավային Կորեան հետաքրքիր է հատկապես Չինաստանի դեմ գործելու առումով, ապա ՆԱՏՕ-ն ցանկանում է Սեուլին ակտիվորեն ներգրավել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ Նման զարգացումը բոլորովին նոր հնարավորություններ կբացի ռազմական կառույցի համար, քանի որ տարածաշրջանային կազմակերպությունից կվերածվի համաշխարհայինի։ Պետք է նկատել, որ Հարավային Կորեան փորձում է զգուշորեն գործել, չցանկանալով այնպիսի կտրուկ քայլեր կատարել, որոնք ավելորդ լարվածություն կստեղծեն, սակայն, բացի այդ, 2022 թ. Փհենյանի վարչակազմի իրականացրած 32 հրթիռային փորձարկումները ստիպում են Սեուլին բաց չթողնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Ի դեպ, անցած տարվա հունիսի 28-30-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, բացի անդամ երկրներից, որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ մասնակցում էին Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ առաջին անգամ Հարավային Կորեան։ Հարավային Կորեան կազմակերպության գործընկերներից միակ երկիրն էր Ասիայում, որը չուներ ՆԱՏՕ-ի առաքելություն։ Այնուամենայնիվ, նա ցանկություն հայտնեց առաքելություն բացել Մադրիդի գագաթնաժողովում, եւ այդ խնդրանքը բավարարվեց սեպտեմբերի 28-ին։ Գագաթնաժողովում բանակցություններ են տեղի ունեցել Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ, որի առանցքը «ազատ եւ բաց հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան» ունենալն է։ Թեեւ Հարավային Կորեան հայտարարել է, թե իր մասնակցությունը գագաթնաժողովին չպետք է դիտվի որպես Չինաստանի դեմ ուղղված գործողություն, Պեկինի վարչակազմը քայլեր է ձեռնարկել ցույց տալու, որ դժգոհ է տեղի ունեցողից։
Ընդհանուր առմամբ, Արեւմուտքի վարած քաղաքականությունը կարելի է դիտարկել «անակոնդայի գրկախառնության» համատեքստում, երբ փորձ է արվում բոլոր կողմերից սեղմել «մահացու օղակը»։ Այս դեպքում օղակի մեջ պատրաստվում են թողնել Ռուսաստանին եւ Չինաստանին՝ ռազմաբազաներ ստեղծելու եւ տնտեսական պատերազմ վարելու միջոցով։