Ստորգետնյա խոշոր ցնցումների արդյունքում, որոնք հսկայական ավերածությունների պատճառ դարձան Թուրքիայում ու Սիրիայում, զոհերի թիվը շարունակում է աճել: Որքան անցնում է ժամանակը, այնքան մարում է փլատակների տակ ողջ մարդկանց գտնելու հույսը: Արդեն երեք օր է՝ շատերը դեռ փլատակների տակ են՝ առանց սննդի ու ջրի, եւ պատահական չէ, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության, զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ: Երեկ առավոտվա տվյալներով` միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել էր 8574-ի: Այս մասին նշված է թուրքական բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման վարչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկաշարժների կանխատեսման եւ մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պետր Շեբալինը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի էպիկենտրոնում հետցնցումները կշարունակվեն դեռ երկու շաբաթ: «Այդ ժամանակ 6 բալ մագնիտուդով հետցնցումները կավարտվեն, սակայն դրանց հավանականությունը բարձր կմնա»,- հայտնել է փորձագետը:
Նրա խոսքով՝ ինստիտուտում մշակվել է հետցնցումային ակտիվության կանխատեսման ավտոմատացված համակարգ։ Այն ինքնուրույն տեղեկատվություն է հավաքում ընթացիկ երկրաշարժների եւ հետցնցումների մասին եւ դրանց հիմքի վրա գնահատում, թե ինչպես կդրսեւորվի սեյսմիկ իրադարձությունների հաջորդականությունը հետագայում։ Տեղեկությունը, որը համակարգն ավտոմատ կերպով մշակել է առաջին օրերի ընթացքում, ցույց է տվել, որ սեյսմիկ վտանգի նվազման տեմպերը փոքր-ինչ ավելի բարձր են, քան նման ուժգնությամբ երկրաշարժներից հետո՝ միջին հաշվով:
Շեբալինը, սակայն, չի բացառում, որ իրավիճակը հետագայում կարող է այլ կերպ զարգանալ։ «Կարճ ժամանակահատվածում երկու նման ամենաուժեղ երկրաշարժները վկայում են այն մասին, որ շատ մեծ քանակությամբ էներգիա է կուտակվել, եւ դրա վերաբաշխումը շատ դժվար է մոդելավորել»,- բացատրել է փորձագետը:
Մասնագիտական շրջանակների հրապարակած տեղեկատվությունը ցրում է ոմանց՝ աղետի հետեւում դավադիր հայացքներ որսալու ձգտումը, ինչը, իհարկե, որոշ չափով կապված է նաեւ Թուրքիայում մայիսին տեղի ունենալիք համընդհանուր ընտրությունների հետ: Տեղի ունեցած մարդկային ողբերգության ֆոնին գուցե տեղին չէ խոսել Թուրքիայի համար դրա քաղաքական հետեւանքների մասին, բայց ընթացող զարգացումներն այլ ելք չեն թողնում: Ոմանք կարծում են, որ Միացյալ Նահանգները միտված է առաջիկա ընտրություններում տապալել Էրդողանին: Հատկապես ռուսական շրջանակներն ակտիվորեն տարածում են այս գաղափարը, չնայած Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը «խորապես անհանգստացած» է Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով եւ ուշադիր հետեւում է իրադարձությունների ընթացքին: «Ես կապվել եմ թուրք պաշտոնատար անձանց հետ՝ հայտնելու համար, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտ ցանկացած օգնություն ցուցաբերել»,- ավելացրել է նա:
Միեւնույն ժամանակ պետք է շեշտել, որ ամերիկյան ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը: Այս գաղափարի կողմնակիցների շարքում է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա Արեւմուտքին բացահայտ կոչ է արել օգնել թուրքական ընդդիմությանը՝ տապալելու Էրդողանին: «Եթե Արեւմուտքը համարձակ քայլ անի՝ օգնելու Թուրքիայի ընդդիմությանը՝ հաջողության հույս ունենալու առաջիկա նախագահական ընտրություններում, ապա նաեւ հնարավորություն կառաջանա՝ կանգնեցնելու Էրդողանին»,- գրել է Բոլթոնը «The Wall Street Journal»-ում:
Արդեն պարզ է, որ երկրաշարժները հանգեցրել են մարդկային հսկայական կորուստների ու նյութական վնասի: Հետեւանքների վերացման, տուժած շրջաններում շենք-շինությունների եւ տնտեսական գործունեության վերականգնման համար շատ ջանքեր ու ժամանակ կպահանջվի: Այսպիսի դժվարությունները եւ դրանցով պայմանավորված ճգնաժամները, ըստ գործող իշխանությունների կողմնակիցների, կարելի է հանգիստ բացատրել իշխանությունների եւ անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անկարողությամբ»:
Թուրքական ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանին՝ բազմահազար զոհերի ու ավերածությունների պատասխանատվությունը դնելով նրա վրա: Նա համոզված է, որ իր 20-ամյա կառավարման ընթացքում երկրի գործող ղեկավարը չի կարողացել պատրաստվել նման երկրաշարժներին: Այս մասին գրում է «Spiegel»-ը: «Եթե ինչ-որ մեկը կրում է գլխավոր պատասխանատվությունն իրադարձությունների այսպիսի ընթացքի համար, դա Էրդողանն է»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Սեյսմոլոգները, իրենց հերթին, երկրի ղեկավարությանը հիշեցնում են, որ մեկ անգամ չեն զգուշացրել սպասվող աղետի ու դրա ծավալների մասին, սակայն դրանք անտեսվել են տարբեր մակարդակներում: Այն առիթով, որ Թուրքիան անպատրաստ էր նման ուժգնության երկրաշարժներին, խոսել է հայտնի սեյսմոլոգ Նաջի Հերյուրը: «Մենք բազմիցս ասել ու գրել ենք, որ այսպիսի երկրաշարժը մոտենում է: Մեզ ոչ ոք նույնիսկ չի հարցրել, թե ինչի մասին ենք խոսում»,- գրել է նա սոցիալական ցանցերում: Ավելի ուշ «Հուրիեթին» տված մեկնաբանության մեջ նա նկատել է. «Եթե մենք սկսեինք արագ ու անկանգ աշխատել 1999 թ. երկրաշարժից հետո, ապա 23 տարվա ընթացքում Թուրքիայի բոլոր քաղաքները ամուր կդարձնեինք»: Նրա խոսքով՝ հիմա խոցելի են նույնիսկ երկրի առանցքային մեգապոլիսները. բնական աղետի դեպքում Ստամբուլում կարող է վնասվել 50-60 հազար շենք:
Տեղի ունեցածին ոչ պակաս լուրջ նախընտրական հնչեղություն է տալիս այն, որ թուրքական ընդդիմությունը երկրի խորհրդարանում բազմիցս փորձել է հիմքեր ստեղծել նման աղետների նախազգուշացման համար, սակայն անարդյունք: Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս Ժողովրդահանրապետական եւ քրդերի հետաքրքրությունները ներկայացնող Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների, փորձել է օրենսդրական նախաձեռնություն ընդունել երկրաշարժների հարցերով հատուկ հանձնաժողով ստեղծելու համար։ Ընդդիմության ներկայացուցիչները հատկապես շեշտում են, որ 1999-ի ողբերգությունից հետո մեծ գումարներ են հավաքվել, սակայն ոչինչ չի արվել ենթակառուցվածքներն ամրացնելու համար։ Ավելին՝ քննադատները նշում են, որ իշխանությունների լուռ համաձայնությամբ կառուցվել են ինքնակամ, չարտոնագրված շենքեր, որոնք չեն համապատասխանում անվտանգության տեխնիկայի բազային կանոններին։
Այս ընթացքում ընդդիմությանը չի հաջողվել ինչ-որ բանի հասնել։ Էրդողանի կողմնակիցները խոչընդոտել են՝ նշելով, որ մերժումն ընթացակարգային բնույթ ունի, որ երկրաշարժները չեն կարող քաղաքական պայքարի գործիք լինել։ Ի դեպ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բնական երեւույթների թեման ակտիվորեն գործիքավորվում է մրցակից ուժերի կողմից: Այդպես եղավ Թուրքիայում 2021 թ. անտառային հրդեհների դեպքում, երբ կառավարամետ հրապարակախոսները սկսեցին դիմել դավադրության տեսություններին, ըստ որոնց՝ Արեւմուտքը ձգտում է կազմաքանդել Թուրքիան բնական աղետի միջոցով: Այժմյան ողբերգությունը նույնպես իրեն զգացնել է տվել քաղաքական հարթությունում. որոշ մեկնաբաններ այժմ ասում են, որ Թուրքիան պետք է փոխի համընդհանուր ընտրությունների օրը: Այս իրավիճակում, սակայն, նման քայլը վտանգավոր կլինի Էրդողանի համար: Էրդողանը չի կարող իրեն ծառայեցնել նաեւ արտաքին գործոնները, քանի որ այժմ պետք է կենտրոնանա ոչ թե տարբեր ուղղություններում նվաճումների եւ քրդերի դեմ պայքարի, այլ երկրաշարժների հետեւանքների վերացման վրա: Ստացվում է, որ ստորգետնյա ցնցումները խառնում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշվարկները:
Բայց, մյուս կողմից, Էրդողանն իրավիճակն իր օգտին կարող է շրջել՝ թուրքերին ընդհանուր ողբերգության եւ իր շուրջ համախմբելու միջոցով՝ ներկայանալով որպես ազգի փրկարար: Այստեղ ամեն ինչ կախված կլինի Անկարայի կողմից համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունից: