Դեռ մինչեւ երկրաշարժը հայտնի էր, որ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է: Անցած տարվա ընթացքում գները երկրում աճ արձանագրեցին 64.3 տոկոսով: Սպասվում էր, որ այս տարի, չնայած բյուջեի դեֆիցիտին, իրավիճակը կնորմալանա, եւ տնտեսությունը կսկսի զարգանալ: Սակայն երկրաշարժից հետո դրական կանխատեսումներ այլեւս չկան:
Ինչպես հայտնում է «Bloomberg»-ը, երկրաշարժների պատճառով Թուրքիայի ազգային տնտեսությունն ավելի քան 84 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, ինչը հավասար է երկրի Համախառն ներքին արդյունքի 10 տոկոսին:
Թուրքիայի ձեռներեցության եւ բիզնեսի կոնֆեդերացիայի (Turkonfed) կանխատեսումների համաձայն՝ երկրաշարժները մոտ 70.8 մլրդ դոլարի վնաս են հասցրել բնակելի շենքերին, եւս 10.4 մլրդ դոլար կկազմեն ազգային եկամտի կորուստները։ «Turkonfed»-ը նշել է, որ աշխատուժի կորուստը Թուրքիայի տնտեսությանը կարժենա 2.9 մլրդ դոլար:
Կոնֆեդերացիայի հաշվարկները հենված են 1999 թ. Ստամբուլից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի արդյունքների վրա: Այդ ժամանակ ստորգետնյա ցնցման արդյունքում զոհվեց մոտ 18 հազար մարդ: Այժմյան երկրաշարժի մարդկային կորուստների թիվը վաղուց արդեն հատել է այդ սահմանագիծը, եւ դա՝ այն դեպքում, երբ փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները, դատելով աշխատանքների այժմյան ընթացքից, դեռ երկար կշարունակվեն: Տասնյակ հազարավոր մարդիկ դեռ անհետ կորածների ցուցակում են, եւ ոչ ոք այս պահին չի կարող ասել, թե վերջնարդյունքում որքան կկազմի զոհերի թիվը: Հայտնի է միայն, որ երկրաշարժից հետո այն ժամկետը, որի ընթացքում դեռ հնարավոր է կենդանի մարդկանց գտնել, անցնում է՝ մեծացնելով զոհերի քանակը:
Թուրքիայի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ճանապարհներին ու էլեկտրական ցանցերին, ինչպես նաեւ հիվանդանոցներին ու դպրոցներին հասցված վնասը կարող է հանգեցնել նրան, որ այս տարի բյուջեի դեֆիցիտը կգերազանցի ՀՆԱ-ի 5.4 տոկոսը՝ պաշտոնական 3.5 տոկոս կանխատեսման փոխարեն:
Երկրի համընդհանուր ընտրություններին նախապատրաստվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը բնակելի շենքերի շինարարությունը կավարտի մեկ տարվա ընթացքում, եւ նախնական 100 մլրդ լիրա կամ 5.3 մլրդ դոլար է հատկացվել տարերային աղետի հետեւանքների վերացման համար: Սակայն, ինչպես նշել է ռուս արեւելագետ Մարիա Կիչան, «Թուրքիայում ոչ թե սոսկ շենքերն են փլուզվում, այլ նվազագույնը փլուզվում են Էրդողանն ու նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, առավելագույնը՝ Թուրքիան»:
Կործանարար ստորգետնյա ցնցումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի հարավում, արդեն ազդել են համաշխարհային տնտեսության վրա: Մասնավորապես՝ նավթի գներն աճել են այն բանից հետո, երբ փակվեց Ջեյհան նավահանգիստը: Այստեղ է Թուրքիայում ամենախոշոր նավթավերամշակման գործարանը, իսկ այս նավահանգստից արտահանվում էր նաեւ իրաքյան նավթը:
Ստամբուլյան բորսայում կտրուկ աճեցին այն ընկերությունների գները, որոնք շինարարական նյութեր են արտադրում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտ ապագայում ցեմենտի ու բետոնի գները Թուրքիայում միայն կաճեն:
Ոմանք կարծում են, որ Թուրքիայում գազային հանգույցի կառուցմանը ոչինչ չի սպառնում: Անցած տարի երկրի իշխանությունները միայն հայտարարում էին, որ հանգույցի ենթակառուցվածքները մի քանի տարում կկառուցվեն երկրի կենտրոնական մասում: Ենթադրվում է, որ այդ հանգույցով եվրոպական շուկա կմղվի նաեւ ռուսական գազը: Հատկապես ռուս վերլուծաբաններն ու փորձագետներն անընդհատ շեշտում են, որ երկրաշարժն այդ ծրագրերի վրա չի ազդի: Կարող են ժամանակային փոփոխություններ լինել, իսկ արմատապես ոչինչ չի փոխվի: Նրանք այդ կարծիքը բացատրում են այն հանգամանքով, որ երկրաշարժի պատճառով լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջանում. գազային հանգույցի ենթակառուցվածքների համար անհրաժեշտ ամեն բան կա երկրի հյուսիսարեւմտյան մասում, որը երկրաշարժից վնասված շրջանների հակադիր մասում է: Նրանք միեւնույն ժամանակ կարծում են, որ Հաթայ նահանգում վնասված գազամուղը տարածաշրջանային նշանակություն ունի եւ ոչ մի կերպ չի ազգի միջազգային մատակարարումների նրա: Թուրքիայով անցնող մյուս գազամուղները նույնպես էական վնասներ չեն կրել, եւ էներգահամակարգը, որը կարեւոր է գազի ու նավթի տարանցման համար, կարող է շարունակել իր գործունեությունը եւ գումարներ բերել երկիր:
Բայց Թուրքիան արդեն հետաձգել է գազային հանգույցի քննարկման համար պլանավորված գագաթնաժողովն ավելի քան մեկ ամսով. այն կկայանա մարտի 21-22-ը: Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ հիմա մեծ ուշադրություն է դարձվում Թուրքիայում սեյսմիկ նոր կանխատեսումներին: Գիտնականներն ակտիվորեն արտահայտվում են այն մասին, որ նոր երկրաշարժների հավանակությունը մեծ է, այն էլ՝ նաեւ երկրի այլ շրջաններում: Արեւմտյան ԶԼՄ-ները կոչ են անում դադարեցնել «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը: Իսկ գազային հանգույցի ու ատոմակայանի շինարարության դադարեցումը կխաթարի Ռուսաստանի հետ հաստատված համագործակցությունն ու աշխատանքային գործընթացները, ինչպես նաեւ կկտրվեն կապերը, եւ անհրաժեշտ կլինի ինչ-որ նոր աշխատանք կատարել: Գուցե հենց այս հանգամանքն է փորձագիտական շրջանակներին ստիպում դրական ինչ-որ բան ընտրել այնտեղ, որտեղ գերիշխում է բացասականը:
Ռուս-թուրքական փորձագիտական շրջանակները հավաստիացնում են նաեւ, որ չեն տուժել զբոսաշրջային հիմնական՝ ծովափնյա շրջանները: Միջերկրական ծովի հանրաճանաչ եւ ամենաբարձր եկամուտն ունեցող հանգստավայրերում սեզոնը դեռ չի սկսվել, որոշ հյուրանոցներ ձմռանն ընդհանրապես չեն աշխատում, իսկ այժմ դրանցից մի քանիսը բացվում են միայն երկրաշարժից տուժածներին ժամանակավորապես տեղավորելու համար: Հետեւաբար, վախեցած հյուրերի զանգվածային արտահոսք եւ ամրագրումների չեղարկում չկա, իսկ սեզոնի մեկնարից առաջ, այսինքն՝ գարնան վերջին, ինչպես թուրք հյուրանոցատերերը հույս ունեն, արդեն ամեն ինչ կարգին կլինի, եւ զբոսաշրջության ոլորտը ֆինանսական կորուստներ չի կրի։ Սակայն դժվար թե մինչ այդ Թուրքիայում բնակարանային հարցը լուծվի, եւ մարդիկ լքեն հյուրանոցները: Միեւնույն ժամանակ, դժվար թե զբոսաշրջիկները նախկին ակտիվությամբ մեկնեն հանգստանալու այնտեղ, որտեղ, ըստ կանխատեսումների, ցանկացած պահի կարող է կործանարար երկրաշարժ տեղի ունենալ:
Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանն այժմ գործում է հանուն իր դաշնակցի՝ Էրդողանի շահերի պաշտպանության, ուստի այստեղ հնչող տեսակետներն ու կարծիքները չեն կարող չհամապատասխանել թուրքական իշխանության մոտեցումներին: Իսկ ահա նրանք, ովքեր Թուրքիայում են եւ անմիջականորեն կապված են աղետի գոտու հետ, նշում են, որ իրավիճակը պարզապես սարսափելի է: Որոնողափրկարարական աշխատանքների միայն շատ փոքր մասն է կատարվել, եւ արդեն զոհերի քանակն ուղղակի սարսափելի միտումներ է ցուցադրում: Անսովոր ցուրտ եղանակը հնձում է պարզապես չպատսպարված մարդկանց, ովքեր հրաժարվում են հեռանալ, քանի դեռ չեն գտել ու հողին չեն հանձնել իրենց հարազատներին: Սառչում են նաեւ նրանք, ովքեր ազատվել են թեթեւ վնասվածքներով ու հիվանդանոց չեն տեղափոխվել:
Հաթայում (Անտիոք), Կահրամանմարաշում (Մարաշ), Գազիանթեփում (Այնթապ) հումանիտար ողբերգություն է: Ինչպես պատմում են կամավորները, կենդանի մնացած մարդիկ փողոցում են՝ առանց ջրի, ջերմության ու կապի, եւ դա կարող է «երկրորդ ողբերգության» պատճառ լինել, ինչի պատճառով շատ ավելի մարդիկ կարող են զոհվել, քան անմիջականորեն ստորգետնյա ցնցումներից: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջադեպերի արձագանքման ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը:
«Հիմա մենք մի շինության մեջ ենք, որտեղ ուսուցիչները, կամավորները ապաստարան են կազմակերպել մի քանի ընտանիքների համար: Մեր սենյակում մոտ 20 մարդ է քնում: Բոլորս քնում ենք հատակին: Շատ քիչ սնունդ ու ջուր ունենք, երբեմն անջատվում է էլեկտրականությունը: Իհարկե, տաք ջուր չկա, ոչ մի հիգիենա չկա: Այս շաբաթվա ընթացքում (անցած շաբաթվա.- խմբ.) շատ մարդիկ են հիվանդացել, նաեւ իմ տասը ամսական աղջիկը: Սակայն մենք տանիք ունենք մեր գլխավերեւում: Իսկ քաղաքում, այգիներում շատ վրաններ են խփվել: Նույնիսկ կան այգիներ, որտեղ մարդիկ մնում են առանց վրանների, ուղղակի տաքանում են խարույկների մոտ: Իրավիճակը բավական սահմռկեցուցիչ է»,- պատմել է Աննան՝ Գազիանթեփից: Նրա խոսքով՝ քաղաքում խանութներն ու դեղատները սկսում են բացվել, բայց իր ընտանիքը ցանկանում է հեռանալ Գազիանթեփից:
Հենց այս մարդիկ՝ տուժածները, ովքեր արդեն հանդես են գալիս իշխանությունների դեմ՝ դժգոհ այն բանից, որ համարժեք գործողություններ չեն իրականացվում աղետի գոտում, մայիսին կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու այս կամ այն ուժի ու անհատի օգտին համընդհանուր ընտրություններում: Գործող իշխանությունները նրանց քննադատության թիրախում են հայտնվել փետրվարի 7-ից՝ սոցիալական ցանցերում: Եվ բնական է, որ այդ քննադատությանը պետք է միանային ընդդիմադիրները:
Հաթայ քաղաքում, որտեղ երկրաշարժից տուժել եմ իրենք՝ փրկարարներն ու բժիշկները, օգնության հետ կապված իրավիճակը միանգամից ծանր դարձավ: Եվ հենց այդտեղ են մեկնել թուրքական ընդդիմության ներկայացուցիչները՝ Ստամբուլի եւ Իզմիրի քաղաքապետերն ու Ազգային հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կիսվել է աղետի գոտի այցելությունից իր տպավորություններով.
«Ես հրաժարվում եմ նայել տեղի ունեցողին քաղաքականությունից դուրս եւ հավասարվել կառավարությանը: Այս փլուզումը հենց պլանային հարստացման հետեւանք է: Ես երկխոսություն չեմ վարի Էրդողանի, նրա պալատի եւ այն թալանչիների հետ, ովքեր այդ համակարգի մասն են եղել: Ես կմարտնչեմ իմ ժողովրդի հետ միասին: Մինչեւ վերջ»:
Թուրքիայի հանրաճանաչ սյունակագիրներից մեկը՝ Մուրատ Յետկինը, գրել է. «Նա (Էրդողանը.- խմբ.) իշխանության եկավ ոչ միայն երկրաշարժով եւ եթե պարտվի ընտրություններում, կհեռանա ոչ միայն երկրաշարժով: Հարյուր կաթիլը լրացնում է բաժակը, բայց հորդման պատճառը վերջինն է»:
Ուշագրավ է, որ թուրքական իշխանությունների քննադատությամբ հանդես է եկել ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ արտասահմանյան ԶԼՄ-ները: Հիմնականում քննադատության է ենթարկվում այն, որ կոռուպցիոն սխեմաների պատճառով վատ են կառուցվել տները, որ լրջորեն ուշացել է օգնությունը տուժածներին: Երկրաշարժը հսկայական ազդեցություն է գործել Թուրքիայի ներքին քաղաքականության վրա: Ընդդիմությունն ու Արեւմուտքն այժմ ունեն խաղաքարտեր, որպեսզի լրջորեն նվազեցնեն Էրդողանի վարկանիշն ընտրություններից առաջ:
Իսկ Թուրքիայի ներքին իրավիճակը, իր հերթին, անդրադառնում է արտաքին քաղաքականության վրա: Արտաքին քաղաքականությունը Թուրքիայում այժմ քչերին է հետաքրքրում, եւ Էրդողանը պետք է միջազգային օրակարգից անցնի ներքին օրակարգին: Նա հանդես էր գալիս որպես խաղաղարար ու եվրոպական գազային նոր բաշխիչ համակարգի շինարար: Իսկ նախընտրական քարոզարշավում ներքին օրակարգի վրա շեշտը դրել էր ընդդիմությունը: Ստացվում է, որ իշխանությունները ստիպված են խաղալ «ուրիշի ընտրական դաշտում»:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրեց ոչ միայն հսկայական մարդկային զոհերի, այլ նաեւ տեղաշարժի ինչ-որ գլոբալ քաղաքական շերտերում…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ