Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ վեցերորդ անգամ մտավ կառավարության շենք՝ որպես վարչապետ, եւ հայտարարեց, որ իրենց նպատակն է կենտրոնանալ իրանական սպառնալիքի յուրաքանչյուր ասպեկտի վրա։ Նաթանյահուի հայտարարություններից եւ գործողություններից, ինչպիսիք են հունվարի 9-ին ռազմավարական հարցերի նախարար Ռ. Դերմերին Վաշինգտոն գործուղելը, պարզ է դառնում, որ վարչապետը չի փոխել իր իռացիոնալ դիրքորոշումն Իրանի նկատմամբ: Նաթանյահուն շարունակում է ընդգծել, որ Իսրայելը չի վարանի խափանել միջուկային զինանոց ստեղծելու Իրանի ծրագրերը:
Այս համատեքստում Նաթանյահուն կարծես հիմնականում կենտրոնանում է Միացյալ Նահանգների հետ Իսրայելի կապերի ամրապնդման վրա՝ այդ կերպ մոբիլիզացնելով համաշխարհային եւ տարածաշրջանային ուժերը։ Նպատակն է ուժեղացնել քաղաքական եւ տնտեսական ճնշումը Թեհրանի վրա: Այնուամենայնիվ, այն մի շարք պատճառներով դառնում է գրեթե անհնար ներկայիս միջազգային մթնոլորտում: Իրանը փաստացի համաշխարհային քաղաքական գործընթացների կենտրոնում չէ. Ուկրաինայի պատերազմը եւ չինական սպառնալիքի կտրուկ աճն ԱՄՆ-ի համար ավելի հրատապ խնդիրներ են այս պահին, քան Իրանը: Ավելին՝ Բայդենի վարչակազմի մոտեցումից կարելի է ենթադրել, որ չնայած ուկրաինական պատերազմի ժամանակ Թեհրանի օգնությանը՝ լրացուցիչ ճնշումը կարող է քանդել Թեհրանի հետ ստեղծված հավասարակշռությունը եւ կանխել ապագա քաղաքական կարգավորման որեւէ հնարավորություն: Ուստի շատ կդժվարանա Նաթանյահուի եւ նրա թիմի համար Վաշինգտոնում որեւէ մեկին համոզելը, որ նրանք ճիշտ ուղու վրա են՝ վատթարացնելով հարաբերություններն Իրանի հետ: Սա լիովին հակասում է Նաթանյահուի քաղաքականությանը, որը բացառում է Թեհրանի հետ ցանկացած բանակցություն։ Եթե նույնիսկ Բայդենի վարչակազմը որոշի ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, ապա դա կանի գործարքին վերադառնալու նպատակով, այլ ոչ թե բանակցությունների հնարավորությունը վերացնելու համար:
Հարկ է նաեւ նշել, որ Իրանի դեմ արշավում ամերիկացի հրեաների աջակցությունը մոբիլիզացնելու վարչապետի ունակությունը կարող է խաթարվել, եթե նրա կառավարությունն ընդունի օրենքներ, որոնք վնասում են Իսրայելում նրանց կարգավիճակին, կամ այնպիսի քաղաքականություն վարի, ինչը հեռացնում է հրեական սփյուռքն Իսրայել պետությունից: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե Բայդենի վարչակազմը եւ Իսրայելը չեն կարող համագործակցել Իրանի հետ կապված հարցերի շուրջ։ Դրա մասին է վկայում նրանց ընդհանուր մտահոգությունը Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ փոխհարաբերությունների խորացման վերաբերյալ: Սակայն միջուկային խնդրի շուրջ տարաձայնությունները մնում են այնպիսին, ինչպիսին կան ներկայում։ Այնուամենայնիվ, այստեղ չէ, որ ավարտվում են Նաթանյահուի խոչընդոտները՝ աշխարհը մոբիլիզացնելու նրա ջանքերում: Պաղեստինի խնդիրն անվտանգության եւ քաղաքական խոշոր մարտահրավեր է։ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը կարող է նաեւ դժվարացնել Իսրայելի համար Թեհրանում իր գաղտնի գործողությունների ավելացումը քաղաքական եւ նույնիսկ անվտանգության տեսանկյունից: Նաթանյահուի մտացածին Իրանը, որը գրեթե չէր արձագանքում դիվերսիաներին եւ կիբերհարձակումներին, այսօրվա Իրանը չէ: Ի տարբերություն Հ. Ռոհանիի ժամանակաշրջանի, որտեղ հիմնական քաղաքական նպատակը միջուկային համաձայնագրի պահպանումն էր, Է. Ռաիսիի օրոք՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերակայությամբ, Թեհրանն ավելի շատ ցանկանում է հակահարված տալ իր դարավոր հակառակորդներին: Այդ իսկ պատճառով Իսրայելի կողմից իմպուլսիվ գործունեության ֆոնին պատերազմի վտանգը մեծանում է։
Եթե Նաթանյահուն կարծում է, որ տարածաշրջանային ուժերի մոբիլիզացումը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ճնշում կգործադրի Իրանի վրա, ապա սխալվում է իր հաշվարկների մեջ։ Այդ երկրները նախընտրում են պահպանել քաղաքական ու տնտեսական երկխոսությունը Թեհրանի հետ՝ հասկանալով, որ դա լարվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս երկրները շատ են վախենում տարածաշրջանային ռազմական հակամարտությունից իրենց անվտանգության վրա կործանարար ազդեցության պատճառով։ Այս բոլոր խոչընդոտները նպաստում են Նաթանյահուի դժվարություններին իսրայելական հասարակությանն Իրանի դեմ արշավի համար մոբիլիզացնելու հարցում։ Այս կասկածը եւ Իսրայելում աջերի ու ձախերի միջեւ խորացող պառակտումը կմեծացնեն իրանական համատեքստում վարչապետի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության անվստահությունը: Արդյունքում Նաթանյահուն դժվարությամբ կստանա ընդդիմության աջակցությունը։
Այսպիսով՝ ակնկալվում է, որ Իսրայելի նորընտիր՝ հնամենի վարչապետը բազմաթիվ դժվարություններ կունենա աշխարհին համոզելու, որ արձագանքի Իրանի սպառնալիքին: Բայց ո՞րն է այս քաղաքականության ռազմավարական նպատակը։ Վերջին տարիներին ակնհայտ է, որ չնայած բոլոր կողմերի սպառնալիքներին՝ Իրանը գրեթե անխոչընդոտ առաջ է տարել զարգացման իր ծրագիրը։ Իրանական միջուկային սպառնալիքը հետ մղելու ունակությունը չափազանց անհավանական է ցանկացած սցենարի դեպքում: Բացի այդ, հաղորդվում է, որ Իրանը փոխհամաձայնություն ունի հարստացման իր իրավունքի վերաբերյալ։ Այսպիսով՝ տեսանելի ապագայում Իրանը չի ապամոնտաժի իր միջուկային օբյեկտները ոչ մի սցենարով։ 2018-ից ի վեր Իրանի նկատմամբ Իսրայելի եւ մնացյալ աշխարհի քաղաքականության միջեւ տեսանելի անջրպետը միայն մեծացել է: Այնուամենայնիվ, մինչ Իսրայելը կհանձնվի եւ կորոշի միայնակ կանգնել իրանական սպառնալիքի դեմ, ավելի լավ է ներկայումս վերանայել իսրայելական քաղաքականության անիրատեսական տարրերը, որպեսզի դրանք ավելի սերտորեն համապատասխանեն իրականությանը: Ավելին՝ Նաթանյահուն այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որն անտեսում է միջազգային հանրության որոշումը, թե ամենաարդյունավետ եւ գուցե միակ լուծումը դիվանագիտությունն է։ Նրա քաղաքականությունը լավագույն դեպքում կարող է հանգեցնել նրան, որ աշխարհը շտապի Իրանի հետ գործարք կնքել, իսկ վատագույն դեպքում` ընտրել անգործությունը եւ Իսրայելին մեկուսացված թողնելը։