Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երկրաշարժը ցուցադրեց կոռուպցիայի մակարդակը Թուրքիայում

«Մենք գերեզմաններ ենք գնել տրիլիոն դոլարով»

Փետրվարի 18, 2023
Միջազգային
Երկրաշարժը ցուցադրեց կոռուպցիայի մակարդակը Թուրքիայում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
167
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի աղետի գոտում հայտնաբերվել են ավելի քան 50500 վնասված շենքեր, որոնք անհրաժեշտ է շտապ քանդել: Այս մասին հայտարարել է երկրի շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը: «Շարունակվում են վնասի գնահատման աշխատանքները, որոնց մասնակցում է 7100 մարդ: Ստուգվել է 387346 շենք: Մեր տվյալներով՝ կան 50576 շենքեր, որոնք շտապ պետք է քանդել»,- «TRT Haber»-ի եթերում ասել է գերատեսչության ղեկավարը: Քուրումի տեղեկությունների համաձայն՝ աղետի գոտում եւս 279655 շենքեր աննշան վնասվածքներ ունեն կամ ընդհանրապես չեն վնասվել:

Օրեցօր Թուրքիայում ավելի ու ավելի է սրվում իրավիճակը՝ կապված բնակելի շինությունների որակի հետ: Համացանցում շատ է խոսվում այն մասին, որ շինարարների շրջանում կոռուպցիան զանգվածային բնույթ է կրել. շենքերը հիմնականում կառուցվել են ոչ որակյալ շինարարական նյութերով: Վերջին օրերին խուճապի մեջ են նաեւ Ստամբուլի բնակիչները. սեյսմոլոգների կանխատեսումների համաձայն՝ 16 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսի շրջանում կարող է հզոր երկրաշարժ լինել: Ստամբուլցիները բջջային հեռախոսներով ուսումնասիրում են շենքերի նկուղները՝ իրենց շինության, տան որակի մասին իրական պատկերացում կազմելու եւ գնահատելու համար, թե արդյոք դրանք կդիմանա՞ն ստորգետնյա հնարավոր ցնցումներին:

Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո խոսակցություններ են սկսվել, որ հնարավոր են նոր ցնցումներ նաեւ Ստամբուլում: Իսկ սեյսմոլոգները վաղուց են խոսում այդ մասին՝ շեշտելով, որ հարցը ոչ թե երկրաշարժի լինել-չլինելուն է վերաբերում, այլ նրան, թե երբ տեղի կունենա:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել գիտնականների կանխատեսումները եւ տեխնոլոգիաները՝ հասկանալու համար, թե որտեղով է անցնում տեկտոնական խզվածքի գիծը, եւ շինարարական հատվածը զարգացնել «անհրաժեշտ ուղղությամբ»: «Կարեւոր է, թե ինչպես ենք մենք տեսնում այդ գործընթացը»,- նշել է Իմամօղլուն՝ ակնարկելով այն սխալները, որոնք առկա են թուրքական կառավարության աշխատանքում:

«Եթե հարցնեք, թե Ստամբուլն արդյոք պատրա՞ստ է տարերային աղետին, ապա ոչ, պատրաստ չէ: Եթե Ստամբուլում երկրաշարժ տեղի ունենա, ապա մենք միանշանակ շատ ավելի մեծ վնասներ կունենանք, քան Կահրամանմարաշում»,- հայտարարել է թուրք սեյսմոլոգ Նաջի Հերյուրը՝ շեշտելով, որ ստամբուլյան երկրաշարժը սարերի հետեւում չէ:

Մասնագետներն արդեն հիմա հաշվարկում են, թե այսօր գոյություն ունեցող իրավիճակում տարերային աղետն ինչպիսի ավերածություններ կկատարի Ստամբուլում: Շատ բան, իհարկե, կախված կլինի երկրաշարժի ինտենսիվությունից, ժամանակից ու տեղից, հողից ու շինությունների դիմացկունությունից: Այդուհանդերձ, նրանք, ընդհանուր առմամբ, վստահ են, որ եթե, ենթադրենք, քաղաքում 7.8 մագնիտուդ հզորության ցնցումներ լինեն, ինչպես Թուրքիայի հարավ-արեւելքում, ապա հետեւանքները պակաս կործանարար չեն լինի: Ստամբուլը գտնվում է Եվրասիական ու Անատոլիական տեկտոնիկ սալերի խզվածքի միջեւ: Դժվար է կանխատեսել, թե էպիկենտրոնը կոնկրետ որ մասում կլինի, բայց եթե հետեւենք Ստամբուլի տակով անցնող խզվածքի գծերին, ապա ամենաշատը կտուժի քաղաքի եվրոպական մասը, այդ թվում՝ պատմական կենտրոնը եւ հարավարեւմտյան մասը՝ Մարմարա ծովի երկայնքով:

Բոսֆորի համալսարանի տվյալներով՝ տարերային աղետը կարող է հանգեցնել 14 հազար մարդու մահվան, եթե տեղի ունենա գիշերը: Իսկ եթե գրանցվի ցերեկը, կզոհվի 12 հազար մարդ: Տուժածների թիվը կհասնի մոտ 100 հազարի: Ստամբուլի քաղաքապետարանի ուսումնասիրության համաձայն՝ այսպես թե այնպես կվնասվի մոտ 260 հազար շենք, տնտեսական կորուստները կկազմեն 40 մլրդ դոլար:

Այժմ Ստամբուլի ցանկացած բնակիչ, ով ապրում է մինչեւ 2000 թ. կառուցված տանը, կարող է դիմել քաղաքապետարանի պաշտոնական կայքէջին՝ ստուգելու բնակարանի սեյսմակայունությունը։ Քաղաքապետարանի աշխատակիցները զննում են շենքերը՝ վերլուծության համար տվյալները փոխանցելով փորձագետներին: Դրանց հիման վրա կազմվում է ռիսկերի արձանագրություն, անհրաժեշտության դեպքում կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

Ստամբուլում նմուշներ են վերցվել Քադիքյոյի կենտրոնական շրջանի հիմքերից։ Այնտեղ բետոնի փոխարեն «չար աչքից հեռու պահող» իրեր են հայտնաբերվել, թերթերի կտրոններ եւ պենոպլաստ։ Այժմ թուրքերը կասկածում են, որ ամբողջ երկրում շինարարության որակը նույնն է, ինչի պատճառով շենքերը ցնցումներին դիմակայելու քիչ հնարավորություններ ունեն։ Սեյսմոլոգ, ֆիզմաթ գիտությունների դոցենտ Աննա Լյուսինան «News.ru»-ի հետ զրույցում նշել է, որ շատ բան կախված կլինի ոչ միայն երկրաշարժի մագնիտուդից, այլեւ օջախի խորությունից:

Այժմյան Թուրքիան հին ժամանակներից հայտնի է որպես սեյսմիկ վտանգավոր տարածք, որովհետեւ այստեղ հատվում են չորս մեծ տեկտոնիկ սալերը՝ Եվրասիականը՝ հյուսիսում, Անատոլիականը՝ կենտրոնում, Աֆրիկականն ու Արաբականը՝ հարավում: Բայց բնակչությանն առաջին հերթին զայրացրել է այն, որ ստորգետնյա ցնցումների վտանգին քաջածանոթ կառավարությունն անփույթ է վերաբերվել սեյսմիկ վտանգավոր գոտում բնակարանների ու այլ շինությունների շինարարությանը եւ չի կարողացել նվազեցնել կորուստները, չնայած Թուրքիան 1999 թ. նման ողբերգություն ապրել է: Այդ ժամանակ Իզմիթում՝ Ստամբուլից ոչ շատ հեռու գրանցված 7.4 մագնիտուդով երկրաշարժը խլեց 17 հազար մարդու կյանք, 250 հազար մարդ մնաց առանց ծածկի: 1999 թ. երկրաշարժը, ինչպես գրել է Համաշխարհային բանկի տնտեսագետ Չարլզ Քեննին իր «Շինարարություն, կոռուպցիա եւ զարգացող երկրներ» գրքում, ցուցադրեց կոռուպցիայի մակարդակը Թուրքիայում:

1999 թ. երկրաշարժից հետո երկրի կառավարությունը շինարարական նոր նորմեր հաստատեց, որոնք հետագայում պետք է մեղմեին տարերային աղետների հետեւանքները: Բայց, դատելով վերջին երկրաշարժի կատարած ավերածություններից, պարզ է դառնում, որ այդ կանոնները չեն պահպանվել:

Համացանցում հայտնված տեսանյութերում մարդիկ ցուցադրում են քանդված շենքերը, բետոնի փափկությունը: Մեկ այլ տեսանյութում տեղացի բնակիչը ցույց է տալիս, թե ինչպես է աղյուսը փշրվում, երբ ձեռքդ ես վերցնում այն: Իսկ Թուրքիայում շենքերը հիմնականում կառուցվում են աղյուսով: Արդյունքում հարց է առաջանում, թե ինչու է տների որակն այդքան ցածր նախապես հայտնի սեյսմիկ վտանգավոր գոտում:

Իշխանությունները նախ արդարանում էին, որ փլված բոլոր շենքերը կառուցվել են մինչեւ նոր կանոնների ներդրումը: Սակայն թուրքերն սկսել են զբաղվել հարցի պատմության ուսումնասիրությամբ, եւ պարզվել է, որ քանդված շինությունների թվում շատ են նորակառույցները:

Ընդդիմությունը քննադատում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ մեղադրելով նրան շինարարական հատվածում կոռուպցիայի խթանման մեջ. շենքերը նույնիսկ հիմա, չնայած շինարարական նորմերի առկայությանը, կառուցվում են անորակ նյութերով: Նույնիսկ ակնհայտ խոտան շինանյութեր էին օգտագործվում միայն այն պատճառով, որ, ինչպես ընդդիմությունն է շեշտում, դրանց փոխարինումը կամ շինտարածքից հեռացումը ֆինանսական լրացուցիչ ծախսեր էր պահանջում: Եղել են դեպքեր, երբ հաստատվել է 4-հարկանի շենքի պլան, բայց գործնականում մի քանի հարկ ավելի է կառուցվել՝ հիմքը չհամապատասխանեցնելով նման ծանրաբեռնվածության պահանջներին:

Հավանաբար, իշխանությունները գիտեին շինարարների անազնվության մասին, բայց դրան նշանակություն չէին տալիս: Հնարավոր է նաեւ, որ հատուկ աչք էին փակում, որովհետեւ, ինչպես պնդում են ընդդիմադիրները, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շինարարական բիզնեսով զբաղվելու թույլտվություն է տվել միայն իր մտերիմներին՝ փակելով ուրիշների մուտքն այդ ոլորտ:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության հակառակորդներն իշխանության ամենաբարձր օղակների մասնակցությունը կապում են կասկածելի շինարարական համաներումների հետ, որոնք սովորական պրակտիկա են դարձել 1960-ականներից:

Գործնականում խոսքն առանց անվտանգության նորմերի պահպանման շենքերի շինարարության համար տուգանքի վճարումից օրինական ճանապարհով խուսափելու մասին է: Վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թ.: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը բարձր գնահատեց որոշումը. այն գանձարան է բերել մոտ 3.1 մլրդ դոլար՝ գույքահարկից եւ գրանցման վճարից։ Շինարարական համաներման շրջանակներում երկրաշարժից տուժած 10 մարզերի 294166 շենքեր ստացել են գրանցման վկայականներ։

Անշուշտ, շենքերի օրինականացման հետ կապված նման չարաշահումները մարդկանց ստիպում են զգուշանալ նույնիսկ այն տների դեպքում, որոնք կառուցվել են առանց համաներման։ Այսինքն՝ ողջ շինարարության ոլորտը կասկածի տակ է։ Քննադատներն էլ վաղուց են զգուշացրել, որ նման սխեմաները շատ հարցեր են առաջացնում։ «Շինարարական համաներումը շատ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել մեր քաղաքացիներից շատերի մահվան։ Մենք գերեզմաններ ենք գնել տրիլիոն դոլարով»,- ասել է Քաղաքացիական ճարտարագետների պալատի նախագահ Ջեմալ Գյոքչեն։

Հսկայական ավերածությունները սարսափելի հարված են հասցրել Էրդողանի հեղինակությանը: Հասկանալով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, այն էլ՝ նախագահական ընտրություններից առաջ, երկրի ղեկավարը փորձում է կանխել իրադարձությունների նման ընթացքը՝ զանգվածաբար ձերբակալելով շինարարներին: Ընդհանուր առմամբ, ձերբակալման 100 օրդեր է տրվել, իսկ արդեն ձերբակալվածներից ոչ ոք կատարվածի մեղքն իր վրա չի վերցրել:

Եվս մեկ խնդիր է թուրք շինարարների ու կապալառուների ցածր որակավորումը: Շինարարական բիզնես մտնելու ու բնակելի շենքի շինարարության կապալառու դառնալու համար կրթություն պետք չէ: Ըստ էության՝ յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել այդ գործով, եթե փող ունի: Նաեւ պետք է ասել, որ շատ ավելի քիչ զոհեր կլինեին, եթե որոշ պաշտոնյաներ կաշառքի դիմաց անվտանգության կանոնները խախտող շենք-շինություններ կառուցելու թույլտվություն չստանային։

Թեգեր: երկրաշարժԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում

«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում

Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist