Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթն է նախատեսում ընդունել, որ ներառելու է 10 միլիարդ եվրոյի սահմանափակումներ։ Արեւմտյան մամուլը եւ փորձագիտական շրջանակները սկսել են ավելի հաճախ բարձրաձայնել պատժամիջոցների ոչ բավարար արդյունավետության ու Ռուսաստանի մեկուսացման մասով հաջողության չհասնելու մասին։ Ինչպես նշում է «The Washington Post»-ը, «աշխարհը հեռու է միասնությունից» Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված հարցերում, իսկ «հակամարտությունը բացահայտեց խոր գլոբալ բաժանումը եւ ԱՄՆ ազդեցության սահմաններն արագ փոփոխվող աշխարհակարգում»։ Ըստ հրատարակության՝ մեկուսացման ձախողման ապացույցների թվում են Հնդկաստանի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի աճի մասին, ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վերջին վեց շաբաթվա ընթացքում ընդունել են աֆրիկյան ինը երկրներում։ Իսկ նախօրեին Մոսկվայում գտնվող Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները չեն ենթարկվում երրորդ կողմերի ճնշումներին, դրանք ունեն «ամուր հիմքեր տնտեսության, քաղաքականության եւ մշակույթի ոլորտներում»։
Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը խնդիրների է բախվում նաեւ Եվրամիության ներսում։ «Թույլ օղակի» կարգավիճակում Հունգարիան է հանդես գալիս։ Վարչապետ Վիկտոր Օրբանը տարբեր առիթներով քննադատել է Եվրամիությանը՝ նշելով, որ վերջինիս գազային քաղաքականությունը հակասում է իր երկրի շահերին։ Նախօրեին նա Հունգարիայի խորհրդարանի «Ֆիդես» եւ Քրիստոնեաժողովրդավարական ժողովուրդների կուսակցության (PPCD) դաշինքի պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական տնտեսությունը վերջին մեկ տարում թուլացել է այն պատճառով, որ Բրյուսելում առաջ են տանում ամերիկյան շահերը՝ ի վնաս եվրոպականի։ Օրբանը նաեւ նշել է, որ «Եվրոպայի ռազմական հզորությունն սկսեց թուլանալ, քանի որ պատերազմը նվազեցրեց եվրոպական բանակների պաշարները, եւ նրանք չեն անհանգստանում դրանք փոխարինելու համար», ուստի «ընդամենը մեկ տարում Եվրոպան կորցրել է իր անկախությունը, տնտեսական եւ ռազմական ուժը»։ Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրոպան ստիպված է 5-10 անգամ շատ վճարել, քանի որ հրաժարվում է ռուսական էներգակիրներից՝ հօգուտ ամերիկյանի։
Էներգետիկ ճգնաժամը ստիպում է Եվրամիության երկրներին արագացնել նավթի եւ գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան։ Հունգարիան Ռուսաստանից կախված է գազի մատակարարման 85 տոկոսով, նավթի մատակարարմամբ՝ 65 տոկոսով եւ միջուկային վառելիքի մատակարարմամբ՝ 100 տոկոսով: Իսկ նրա կողմից վերահսկվող «Մոլ» ընկերությունն աշխատում է ռուսական «Ուրալս» նավթով եւ շահույթ է ապահովում իշխող «Ֆիդես» կուսակցության ֆինանսավորման համար: 2020 թ. Հունգարիայի ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիան երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է եւ ինքնիշխանության անբաժանելի մաս։ Չնայած ռուսական ածխաջրածիններից ունեցած կախվածությանը, Հունգարիան ձգտում է միջնորդ դառնալ ԵՄ-ի եւ թյուրքական աշխարհի երկրների միջեւ, որոնք էներգետիկ ոլորտում այլընտրանք են Ռուսաստանին։ Միաժամանակ օգտագործվում են Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ առկա հակասությունները, երկրի համար որոշակի արտոնություններ ստանալու նպատակով, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում:
Եվրոպական եւ միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Հունգարիայում Ռուսաստանի դեսպանատան 2015-2021 թթ. աշխատակից Կիրիլ Տերեմեցկին «Ինչպես է Հունգարիան փորձում դառնալ Կենտրոնական Եվրոպայի նոր միջին ուժը» հոդվածում անդրադառնում է Եվրոպայում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու միջոցով «միջին ուժի» (middle power) կարգավիճակ ձեռք բերելու Հունգարիայի քայլերին։ Այդ նպատակով պաշտոնական Բուդապեշտն իր հարաբերություններն է զարգացնում Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Թյուրքական պետությունները Հունգարիային համարում են հուսալի գործընկեր, որը կարող է ներկայացնել իրենց շահերը եվրոպական կառույցներում։ Հունգարիան էլ շահագրգռված է իրացման նոր շուկաներով, լրացուցիչ արժեշղթաների ստեղծմամբ եւ, իհարկե, թյուրքական պետությունների էներգետիկ ներուժով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի մասով փորձագետը նշում է, որ էներգետիկ ճգնաժամն արագացրել է Հունգարիայի կառավարության կողմից նախկինում մեկնարկած գործընթացը, եւ Ադրբեջանը դրա իրականացման հիմնական բաղադրիչներից է. «2021 թ. հունվարին Հունգարիան առաջին երկրներից էր, որը հետաքրքրություն ցուցաբերեց 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերակառուցման նախագծերի նկատմամբ»։ Ի դեպ, այս տարվա սկզբին Հունգարիան նախատեսում է գնել ադրբեջանական գազ, որը ներկայումս Եվրոպա մատակարարվում է Անդրադրիատիկ եւ Անդրանատոլիական գազատարներով: 2022 թ. դեկտեմբերի 17-ին Հունգարիան, Վրաստանը եւ Ռումինիան Ադրբեջանի կառավարության հետ պայմանագիր են ստորագրել Սեւ ծովում սուզանավային մալուխի մասին, որով Եվրոպան կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրվող հավելյալ էլեկտրաէներգիա կստանա։ Կիրիլ Տերեմեցկու կարծիքով՝ այս նախագիծն ուղղված է լինելու ապագայում լրացուցիչ գազատարի կառուցմանը, որով կնվազեցվի Բաքվի եւ եվրոպական երկրների կախվածությունը Անկարայից։
Հունգարիայի եւ Թուրքիայի ակտիվ համագործակցությունն սկսվել է հատկապես 2015-ից, փախստականների ճգնաժամից հետո։ Գրեթե յուրաքանչյուր ելույթում Օրբանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նախագահին միգրացիայի նկատմամբ նրա կոշտ վերաբերմունքի, ուկրաինական հակամարտության հարցում «կառուցողական մոտեցման» եւ էներգիայի կայուն մատակարարման համար։
«Միջին ուժ» դառնալու ցանկությունը ստիպում է Հունգարիային գործել Անկարա-Մոսկվա-Բրյուսել եռանկյունու մեջ՝ հարաբերելով սեփական շահերն այդ երեք կենտրոնների շահերի հետ։ Այդ առումով ուշագրավ է 2021 թ. Վիկտոր Օրբանի հետեւյալ հայտարարությունը. «Գլխավոր պատմական դասը, որ քաղել են հունգարացիները, այն փաստն է, որ մենք պետք է հետեւենք երեք երկրներին, քանի որ մեր կյանքն անցնում է այս եռանկյունու մեջ: Մեր նախնիները պատմել են Մոսկվայի, Բեռլինի, Ստամբուլի մասին, իսկ մեր օրերում խոսքը Անկարայի մասին է։ Հենց այս եռանկյունին, որի շրջանակներում ապրում են հունգարացիները, մեզ համար կարեւոր է, ուստի մենք պետք է բարեկամական եւ ռազմավարական դաշինքի մեջ լինենք Անկարայի հետ»։ Հարկ է նշել, որ Օրբանը 2022 թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ոչ թե Գերմանիա, այլ Թուրքիա։
Դեպի Թուրքիա հայացքն ուղղելու մասին է խոսում այն հանգամանքը, որ Հունգարիան չի շտապում վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը՝ սպասելով Թուրքիայի որոշմանը։ Նման քաղաքականությունը, թերեւս, արդարացված է Հունգարիայի շահերի տեսնկյունից, սակայն խնդրահարույց է Եվրամիության համար։ Իհարկե, ԵՄ-ն բազմիցս ճնշում է գործադրել Հունգարիայի վրա, օրինակ՝ սպառնալով կրճատել ներդրումները երկրի բյուջեում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ այդ երկրի տնտեսությունը մեծապես հիմնված է եվրոպական ներդրումների վրա։ Այլ հարց է՝ որքանով է ձեռնտու Եվրամիությանը կտրել «թույլ օղակը» եւ Եվրոպայի կենտրոնում ունենալ «անկախ» եւ դեպի Մոսկվա ու Անկարա ձգտող երկիր։ Հունգարիային էլ այլ բան չի մնում, քան որոշակի հավասարակշռություն պահպանել նախընտրելի եռանկյունու շրջանակներում՝ կողմերից որեւէ մեկի չափից ավելի ազդեցության տակ չընկնելու համար։