Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հաստատվել է նաեւ 10-րդ փաթեթը

«Պատժամիջոցները թույն են. գործում են դանդաղ, բայց հաստատ»

Փետրվարի 28, 2023
Միջազգային
Հաստատվել է նաեւ 10-րդ փաթեթը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: ԵՄ-ի այդ որոշումը պայմանավորված է մեկ տարի առաջ ՌԴ-ի զորքերի՝ Ուկրաինա ներխուժմամբ: Փաթեթը նախատեսում է 11 միլիարդ եվրոյի չափով արդյունաբերական ապրանքների արտահանման կրճատում: Ռուսաստանի համար դժվար կլինի օդանավերի շարժիչների, ալեհավաքների եւ այլնի համար պահանջվող դետալների մեկ այլ աղբյուր գտնել…

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Բրյուսելը կշարունակի ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա: «Մեր պատժամիջոցները կտրուկ քայքայում են Ռուսաստանի տնտեսական բազան՝ ոչնչացնելով դրա արդիականացման ցանկացած հեռանկար: Մենք կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի եւ նրանց վրա, ովքեր օգնում են Մոսկվային ռազմադաշտում: Կշարունակենք դեմ գնալ Պուտինի ընկերներին: Կհետապնդենք նրանց, ովքեր օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները կամ համալրելու զինանոցը»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Հունգարիան պահանջել է սահմանափակումների մասին փաստաթղթից հանել մի շարք ռուսների անուններ: ԵՄ-ի սեւ ցուցակում, ի վերջո, հայտնվել են Կրեմլի քարոզիչներ, քաղաքական ներկայացուցիչներ, ռազմական ղեկավարներ եւ այլն: Լեհաստանն ու Լիտվան, ընդհակառակը, հանդես են եկել առավել կոշտ դիրքորոշման օգտին: Իսկ նախօրեին ԵՄ-ի երկրները հրաժարվել էին պատժամիջոցներ սահմանել ռուսական ատոմային ու ադամանդի արդյունաբերության դեմ: Պատժամիջոցների ցուցակում հայտնվել են «Ալֆա-բանկը», «Ռոսբանկը», «Տինկոֆֆը» եւ ռուսական Ազգային բարեկեցության հիմնադրամը: Ենթադրվում է, որ այդ բանկերը, որոնց ակտիվները, բնականաբար, կսառեցվեն, կանջատվեն SWIFT-ից, իսկ նրանց հետ գործարքները կարգելվեն:

Պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց ցուցակում հայտնվել են «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինկին, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը, ռուս վիրաբույժ Լեոնիդ Ռոշալը, ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան, ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը, պրոդյուսեր Ալեքսանդր Հակոբովը, «ռազմական թղթակից» Ալեքսանդր Կոցը, լրագրող Մարինա Ահմեդովան ու մարզուհի Ալինա Կաբաեւան: Սեւ ցուցակում ընդգրկվել է 121 ֆիզիկական ու իրավաբանական անձ:

«Ներդրվել են նկատելի սահմանափակումներ արտահանման-ներմուծման համար, արգելվել են ռուսական քարոզչական ԶԼՄ-ները: Մենք առաջվա պես միասնական ենք մեր վճռականության մեջ՝ վնաս հասցնելու ռուսական ռազմական մեքենային»,-գրել է Բորելը: Համաձայն ԵՄ-ի հայտարարության տեքստի՝ արգելվել են «RT Arabic»-ի եւ «Sputnik Arabic» հեռարձակումն ու տարածումը: «Այդ հեռուստաալիքները Ռուսաստանի Դաշնության մշտական ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ են եւ նրանց կողմից օգտագործվում են ապատեղեկատվության տարածմանը միտված շարունակական եւ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ Եվրամիությունը նշում է, որ ԵՄ-ի Մարդու իրավունքների խարտիայի համաձայն՝ այս միջոցառումները նշված հեռուստաալիքներին չեն խանգարում ԵՄ-ի տարածքում իրականացնել այնպիսի գործունեություն, որը կապված չէ հեռարձակման հետ: Օրինակ՝ անցկացնել հետազոտություններ եւ հարցազրույցներ վերցնել:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ պատժամիջոցներ են կիրառվել նաեւ նրանց դեմ, ովքեր «պատասխանատվություն են կրում առնվազն 6000 ուկրաինացի երեխաների բռնի տեղահանության համար: Դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, այդ թվում՝ Ժնեւի կոնվենցիայի»:

Ներդրվել են նաեւ տեխնոլոգիաների ու արդյունաբերական ապրանքների արտահանման լրացուցիչ արգելքներ, ինչպիսիք են էլեկտրոնիկայի, տրանսպորտային միջոցների, մեքենաների մասերի եւ շինարարական հատվածի համար ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ի շահ Ռուսաստանի զինված ուժերի: Արգելվել է Ռուսաստանով Եվրամիությունից արտահանվող ապրանքների ու կրկնակի նշանակության տեխնոլոգիաների տարանցումը, որպեսզի պատժամիջոցները չշրջանցվեն: Արգելք է դրվել այն ապրանքների վրա, որոնք Ռուսաստանին «զգալի եկամուտներ» են ապահովում, այդ թվում՝ ասֆալտը (բիտում) եւ սինթետիկ կաուչուկը: Արտահանման սահմանափակումներ են մտցվել 96 կազմակերպությունների դեմ, որոնք «ուղղակի աջակցություն են ցուցաբերել» Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին: Միեւնույն ժամանակ արգելվել է գազի պահպանման հզորություններ տրամադրել ռուսներին (բացառությամբ բնական գազի հեղուկացման հզորությունների մի մասի):

«Ակտիվների սառեցման արգելքների արդյունավետությունն ապահովելու համար Խորհուրդը որոշել է ներդնել ավելի մանրամասն պարտավորություններ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող միջոցների եւ տնտեսական ռեսուրսների հաշվետությունների համար, որոնք սառեցվել կամ ենթարկվել են ինչ-ինչ տեղաշարժերի պատժամիջոցների կիրառումից ոչ շատ առաջ»,- ասված է ԵՄ-ի հայտարարության մեջ: Բացի այդ, անդամ պետությունների, ինչպես նաեւ սառեցված պաշարների եւ ՌԴ ԿԲ ակտիվների վերաբերյալ հանձնաժողովի համար հաշվետվության ներկայացման նոր պարտավորություններ են սահմանվել:

ԵՄ-ի խորհուրդը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին արգելել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել Եվրամիության ռազմավարական ձեռնարկություններում:

Ավելացնենք, որ սահմանափակումներ են կիրառվել նաեւ անօդաչուներ արտադրող իրանական 7 ընկերությունների նկատմամբ: Բրյուսելը պնդում է, որ Ռուսաստանն օգտագործում է այդ անօդաչու թռչող սարքերը: Հարկ է նշել, որ առայժմ չի կազմակերպվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինայի վերականգնման համար: ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումներ են կիրառել նաեւ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Կանադան: Բացի այդ, մարտի 10-ից ԱՄՆ-ը Ռուսաստանից ալյումինի եւ ալյումինե ապրանքների ներմուծման համար վճարը կսահմանի 200 տոկոս:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «Euronews»-ին տված հարցազրույցում փաթեթի ընդունումից առաջ հայտարարել էր, որ վստահ է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աշխատում են: «Մենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառել, որոնք նրան մեծ վնաս են հասցնում: Ածխաջրածինների վաճառքից նրա եկամուտները նվազում են: Աճում է ՌԴ-ի բյուջետային ու առեւտրային դեֆիցիտը: Ծայրահեղ կարեւոր, այդ թվում՝ ավտոմոբիլային ու ավիաարդյունաբերական ոլորտները, կանգնեցվել են: Պատժամիջոցները թույն են. գործում են դանդաղ, բայց հաստատ:

Իհարկե, միասնական մնալը միշտ չէ, որ հեշտ է, բայց մեզ առայժմ հաջողվում է դա: Ոմանք բողոքում են, չեն համաձայնում, բայց, ի վերջո, մենք հասնում ենք անհրաժեշտ միասնականության: Ցավոք, վախենում եմ, որ այս պատերազմը եւս մեկ տարի կտեւի: Ռուսաստանն ունի 300 հազար զինվոր՝ կրկնակի ավելի, քան մինչեւ պատերազմը, եւ պատրաստվում է գրոհել, երբ եղանակը թույլատրի: Իրավիճակը բարդ է, եւ այդ պատճառով եմ կարծում, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է շարունակենք նույն ոգով: Միեւնույն ժամանակ ձգտում ենք բոլոր միջոցներով, հատկապես՝ ՄԱԿ-ի միջոցով, հնարավոր ամեն բան անել բանակցությունների ու խաղաղության համար: Սակայն խաղաղությունը պետք է հիմնված լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարգման եւ ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման վրա: Բայց  չգիտեմ՝ բանակցություններն արդյոք շո՞ւտ կսկսվեն: Մինչ այժմ Պուտինը բոլորին ասել է, որ ինքը ռազմական նպատակներ ունի: Քանի դեռ չի հասել դրանց, ինչպես երեւում է, չի կանգնեցնի պատերազմը: Նա է սկսել այս պատերազմը, եւ ինքն էլ պետք է կանգնեցնի»,- շեշտել է Բորելը:

Թեգեր: ՈւկրաինապատերազմպատժամիջոցներՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է

Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է

Էրդողանի անձնական ներդրման պատմությունը

Էրդողանի անձնական ներդրման պատմությունը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist