ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Զրույցի ընթացքում Պուտինը, ոչ ավելի եւ ոչ պակաս, շեշտել է «Էրդողանի անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում»: Ավելին՝ չի բավարարվել հեռախոսազրույցով ու շնորհավորական հեռագիր է ուղարկել՝ «Էրդողանի անձնական ներդրման» մասին իր գնահատականը սերունդներին թողնելու համար: Մոտավորապես այնպես, ինչպես մարդիկ եւ զանգահարում են հոբելյարներին, եւ գրառումներ կատարում նրանց ֆեյսբուքյան էջերում…
Ռուսաստանի ու Թուրքիայի՝ վերջին շրջանի հարաբերությունների պատմությունն արձանագրում է, որ թուրքերը Սիրիայում խփել են ռուսական «Սու-24» կործանիչը, իսկ հետո օդում գնդակահարել օդաչու Օլեգ Պեշկովին, ով փորձում էր պարաշյուտի օգնությամբ փրկել իր կյանքը: Սա Էրդողանի առաջին ներդրումն էր երկկողմ հարաբերություններում: Այս դեպքից յոթ ամիս անց ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից, իսկ թուրքական ԶԼՄ-ները շեշտեցին, որ փաստաթղթում Էրդողանը ցավակցություն է հայտնել ռուս օդաչուի մահվան կապակցությամբ եւ ներողություն է խնդրել միայն վերջինիս ընտանիքի անդամներից…
Թուրքիայի նախագահի երկրորդ եւ առավել հնչեղ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն է: Հատկանշական է, որ դիվանագետը սպանվել է Անկարայի Ժամանակակից արվեստի պատկերասրահում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Երբ դեսպանն ավարտում էր ելույթը, զինված հանցագործը ներխուժեց շենք եւ կրակեց Կառլովի թիկունքին, որից հետո վերջինս վայր ընկավ՝ որպես «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի վերջին լուսանկար…
Գուցե այս ուղերձը «բացահայտում» է, թե ռուսական իշխանությունների ներկայացուցիչները երբ են իրենց հակառակորդների «ջանքերը» գնահատում որպես «հարաբերությունների զարգացման գործում» անձնական մեծ ներդրում…