ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին մերժել է Սիրիայից ամերիկյան զինված ուժերի դուրս բերելու մասին բանաձեւը. դեմ է քվեարկել 321 կոնգրեսական (150 դեմոկրատ, 171 հանրապետական), իսկ կողմ՝ միայն 103-ը (56 դեմոկրատ եւ 47 հանրապետական)։ Բանաձեւում նշվում էր, որ ամերիկացիները պետք է լքեն Սիրիան «փաստաթղթի հաստատումից ոչ ուշ, քան 180 օր հետո»։ Նախաձեռնության համահեղինակ, Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մեթ Գեթսը պնդել է, որ վարչակազմը պետք է բացատրի ամերիկյան ուժերի ներկայությունը Սիրիայում կամ դուրս բերի նրանց այնտեղից, իսկ Ներկայացուցիչների պալատը պետք է արտահայտի իր դիրքորոշումն այդ թեմայի վերաբերյալ: Ըստ Գեթսի՝ 2022 թ. դեկտեմբերին Արաբական Հանրապետությունում կար մոտ 900 ամերիկացի զինվորական։ Կոնգրեսականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պատերազմում ո՛չ Դամասկոսի դեմ, ո՛չ նրա կողմից։ «Ուրեմն ինչո՞ւ ենք մենք այնտեղ վտանգավոր ռազմական գործողություններ իրականացնում։ Բայդենը պետք է դուրս բերի բոլոր ամերիկյան զորքերը Սիրիայից»,- ավելի վաղ՝ փետրվարին ասել էր նա։ Վերջին տարիներին Կոնգրեսի երկու պալատները մեկ անգամ չէ, որ մերժել են նմանատիպ բանաձեւերը։
Բանաձեւի ընդդիմախոսները նշում են, որ կենսականորեն կարեւոր է վերանայել ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում, սակայն երկրից դուրս գալը սպառնում է ամերիկացիներին՝ թույլ տալով, որ օտարերկրյա ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին է «Իսլամական պետությունը», ուժեղանան: Նման կարծիքը հիմնավորում են 2021 թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը հաջորդող իրադարձություններով, ինչի արդյունքում երկրի իշխանությունն անցավ թալիբներին։
«The Hill» պարբերականը գրում է, որ կոնգրեսականը բանաձեւը ներկայացրել է փետրվարին այն բանից հետո, երբ Սիրիայում արշավանքի ժամանակ չորս ամերիկացի զինվոր եւ մեկ աշխատանքային շուն էին վիրավորվել: Ավելի ուշ օրինագիծը փոփոխվեց՝ զորքերը դուրս բերելու համար նախատեսված 15 օրը 180 օր դարձնելով: Գեյթը կարողացել էր հասնել այն բանին, որ բանաձեւը դրվի քվեարկության՝ հղում անելով Պատերազմի լիազորությունների ակտին, որն այն դարձնում է արտոնյալ եւ Կոնգրեսից պահանջում է ավելի արագ գործողություններ կատարել: Հիշեցնենք, որ Սիրիայում ամերիկյան զորքերը 2015-ից են: Սակայն ինչպես տեսնում ենք, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, չնայած կողմնակիցների, մեծ հավանության չի արժանանում։ Մերձավոր Արեւելքում ռազմական ներկայության պահպանումը սեփական շահերի պաշտպանության գրավականն է։ Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունները չեն համապատասխանում Միացյալ Նահանգների գործելաոճին։ Անգամ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով խիստ քննադատում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ որոշ քայլեր եւ հայտարարել էր, որ 2019 թ. զորքերը դուրս կբերի Սիրիայից, սակայն ի վերջո պարտավորվեց որոշ թվաքանակի զորք պահել երկրում: Բայդենի վարչակազմը շարունակում է պահպանել ԱՄՆ ներկայությունը Սիրիայում։
Ի դեպ, մարտի 4-ին Սիրիա էր այցելել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին, որի խոսքով՝ ամերիկյան ռազմական ներկայությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգության համար։ Հասկանալի է։ Ի վերջո, ամերիկացիներն ամրացել են Սիրիայի նավթային շրջաններում եւ թալանում են նրա հարստությունը։ Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնը եւ իր գործընկերները՝ ի դեմս Սիրիայի քրդերի, «առաջընթաց են գրանցում ԻՊ խմբավորմանը երկարաժամկետ պարտության մատնելու գործում»։ Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Մարկ Միլիի այցը Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ռազմաբազա՝ շեշտելով, որ դա երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում է։ Այս մասին ասվում է կիրակի օրը տարածված Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է SANA գործակալությունը։ Բացի այդ, Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել «տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգություն եւ կայունություն ապահովող երկրներին դատապարտել եւ վերջ դնել Միացյալ Նահանգների նման գործողություններին»։ Նշենք, որ Սիրիայի կառավարությունը մեղադրում է Վաշինգտոնին նաեւ երկրի ռեսուրսները, հիմնականում՝ հացահատիկային, եւ նավթամթերքները յուրացնելու, անջատողական խմբերին աջակցելու մեջ:
Ամերիկացի գեներալի այցը դժգոհություն է առաջացրել նաեւ ռազմական դաշնակցի մոտ։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ «սադրիչ այցի» վերաբերյալ բացատրություն պահանջելու համար։ Թուրքական կողմը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում նախապատվություն է տալիս «Աստանայի ձեւաչափին», որտեղ դերակատարություն ունեն Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։ Արեւմուտքը չի ընդունում այն, քանի որ դուրս է մնում այդ հարթակից։ Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում են տեխնիկական բանակցություններ՝ որպես Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստում։
Թուրքիայի համար այդ ձեւաչափը հետաքրքիր է նրանով, որ Ռուսաստանի, ինչու չէ նաեւ Իրանի հետ համագործակցությունը Սիրիայի հարցում հնարավորություն է ընձեռում լուծել իր համար անվտանգության հետ կապած հրատապ խնդիրները, միեւնույն ժամանակ արժեւորում է երկրի դերը ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի համար։ Իրանին եւ Ռուսաստանին նույնպես ձեռնտու է քառակողմ հարթակը, քանի որ արեւմտյան երկրների կողմից քաղաքական մեկուսացման փորձերի եւ պատժամիջոցների ֆոնին գործոն մնալու եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելուն ուղղված հնարավորություն է։ Նշենք, որ Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցությունը 11 տարվա ընդհատումից հետո կրկին կայացել էր Մոսկվայում՝ անցած տարվա դեկտեմբերին։