Մինչ թուրքական իշխանական շրջանակները ցնծում էին` ընդդիմադիր դաշտի պառակտումը դիտելով որպես առաջիկա ընտրություններում գործող նախագահի վերընտրման սկիզբ, «Վեցի սեղանի» անդամները հասցրեցին համաձայնության հանգել եւ վերականգնել միասնությունը: Արագությունը, որով հաշտությունը կայացավ, վկայում է, որ ընդդիմության շրջանում տարաձայնությունները չէին հասցրել արմատավորվել եւ տարածվել կամ դա դիվանագիտական ճարպիկ քայլ էր՝ ստուգելու ինչպես իշխանությունների, այնպես էլ բնակչության հասցեական խմբերի արձագանքը:
«Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ իրենց առաջարկները մերժվել են ընդդիմության միասնական թեկնածուի ընտրության հարցում, եւ դա է դաշինքից դուրս գալու պատճառը: Այնուհետեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ միասնական թեկնածու հռչակված «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում «հարմար պայմաններում» փոխնախագահներ կնշանակվեն Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն եւ Մանսուր Յավաշը:
Խնդիրն այն է, որ Թուրքիայի գործող օրենսդրությամբ միայն մեկ փոխնախագահ կարող է նշանակվել: Այդ իսկ պատճառով հաղթանակի դեպքում հարկ կլինի փոխել պետական ապարատը: Ամեն դեպքում՝ փոփոխություններ կլինեն: Բանն այն է, որ ընդդիմությունը երազում է Թուրքիան վերադարձնել խորհրդարանական համակարգի, որը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2017 թ. չեզոքացրել է: Քըլըչդարօղլուի ընտրական խոստումներից մեկը կոռուպցիան արմատախիլ անելն է եւ կապալառուների հետապնդումը, ովքեր հասցրել են հարստանալ Էրդողանի օրոք պետական աճուրդների շնորհիվ: Թեկնածուն պլանավորում է զբաղվել նաեւ ֆոնդային շուկայում «մանիպուլյացիայով», որի պատճառով մանր ներդրողները զրկվել են առանց այդ էլ ոչ մեծ եկամտից:
Ընդդիմությունը խոստանում է ստեղծել միանգամայն անկախ Կենտրոնական բանկ, որը կկենտրոնանա արժեզրկման զսպման վրա: Այժմ Էրդողանն իրավունք ունի ուղղակիորեն նշանակել եւ ազատել ԿԲ ղեկավարներին ու դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի անդամներին: Բայց առանցքային նպատակը Էրդողանին հաղթելն է: Երկրաշարժից հետո ընդդիմությունը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ, որը հանգեցրել է հսկայական թվով զոհերի եւ ավերածությունների: Էրդողանը քննադատել է Արեւմուտքին «ստոր արշավի» համար՝ ընտրությունների վրա ազդելու նպատակով:
Եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնում նշանակման տեղեկությունը կարող է զգալիորեն բարձրացնել միասնական ընդդիմության թեկնածուի վարկանիշը երկրում, ապա Մանսուր Յավաշի ազգայնական համբավը կարող է վախեցնել ընտրողների մի մասին, հատկապես՝ քրդերին:
Դեռ 2010 թ., ինչպես նշում է «The Washinghton Post»-ը, Քըլըչդարօղլուն ստացավ թուրքական Գանդի մականունը «նիհարության եւ համեստության» համար: Առաջիկա ընտրությունները կարող են արմատապես փոխել երկրի քաղաքական եւ տնտեսական հետագիծը: Ինչպես գրում է «The New York Times»-ը, նժարին Թուրքիայի տնտեսական ապագայի հարցն է: Ընտրություններում հաղթողը ստիպված է լինելու հաղթահարել անցյալ տարի 85 տոկոսի հասած արժեզրկման հետեւանքները, ինչպես նաեւ վերացնել երկրաշարժի վնասները: Քննադատները այս խնդիրները «հիանալի հնարավորություն» են համարում՝ գործող նախագահ Էրդողանին իշխանությունից հեռացնելու համար:
20 տարի Էրդողանը իշխել է Թուրքիայում, եւ այդ ընթացքում այդ երկրում շատ արժեքներ հետին պլան են մղվել: Ընդդիմադիրները հայտարարում են, որ եթե այս անգամ չհաղթեն, լիովին կկորցնեն ժողովրդավարությունը: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով նրանք, չնայած տարաձայնություններին, կարողացան պայմանավորվել եւ ընդհանուր լեզու գտնել: Սակայն կա մի հանգամանք, որը կարող է վնասել Քըլըչդարօղլուին: Հարցն այն է, որ նա ալեւի է, այսինքն՝ սուննի մահմեդական չէ: Իսկ մի երկրում, որտեղ բնակչության 70 տոկոսը սուննի մահմեդական է, ընտրողների քվեարկությունը Քըլըչդարօղլուի օգտին վերածվում է անչափ բարդ խնդրի:
Ընդդիմությունն օգտագործում է նաեւ այն փաստը, որ Էրդողանի կառավարումը վերջին տարիներին անհաջող է եղել: Թուրքիայի նախագահի եւ նրա կառավարության ձախողումների ու սխալ հաշվարկների պատճառով դժգոհություններ են առաջացել կառավարող էլիտայում, որը լրացուցիչ սրվել է ներքին տնտեսական ճգնաժամով, ազգային տարադրամի արժեզրկմամբ եւ արտաքին քաղաքականության մեջ ճահճացմամբ: Երբ խորհրդարանական համակարգից անցում կատարվեց նախագահականին, Էրդողանը կամավոր կերպով դարձավ ոչ միայն բարձր մակարդակի ղեկավար, այլեւ ազգի իսկական առաջնորդ, որի հաջողությունների հետ թուրքական հանրությունը լուրջ հույսեր էր կապում: Սակայն հրաշք տեղի չունեցավ: Երկիրն ավելի ու ավելի թաղվեց սեփական խնդիրների ճահճում:
Ընդդիմությունն այսօր հզոր աջակցություն է ստանում բիզնեսի ներկայացուցիչներից: Քըլըչդարօղլուին զգալիորեն հզորացնում են այնպիսի հոսանքները, որոնք հանդես են գալիս քրդերի հետ բարեկամության օգտին, գովաբանում են հանդուրժողականությունը ոչ ավանդական փոքրամասնությունների նկատմամբ, հանդես են գալիս կառավարման խորհրդարանական համակարգին վերադարձի օգտին: Ակնհայտ է, որ այս դեպքում թուրքական ընդդիմությունը պետք է որ ընդունվի որպես լիովին արեւմտամետ:
Թուրքիայի կյանքում, այսպիսով, բոլոր նախադրյալները կան, որ Էրդողանը կարող է ավարտել իր քաղաքական կարիերան: Եթե դա տեղի ունենա, ապա շատ համաձայնագրեր, այդ թվում` միջազգային համագործակցության վերաբերյալ, կվերանայվեն: Փոփոխությունների կենթարկվի երկրի արտաքին քաղաքականությունը: Մասնավորապես՝ եթե Թուրքիան այժմ չեզոքություն է պահպանում Ռուսաստանի նկատմամբ, ոչ միայն չի միանում նրա դեմ կիրառված արեւմտյան պատժամիջոցներին, այլեւ օգտագործում է առաջացած նոր հնարավորությունները Մոսկվայի հետ առավել ակտիվ առեւտուր անելու համար, ապա նոր իշխանությունների օրոք Անկարայում կարող են հիշել, որ իրենք ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ են: Դա նշանակում է, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար, հատկապես՝ ռազմական հատուկ գործողության գոտում: Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի էներգետիկ համագործակցությունը կդանդաղի եւ, հնարավոր է, կչեղարկվի: Այդ դեպքում ոչ մի գազային հանգույցի կամ նոր հոսքի մասին խոսք անգամ չի կարող լինել: