Երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի դիմումը՝ միանալու ՆԱՏՕ-ին, հասկանալի դարձավ, որ այդ հարցն արդեն լուծված է, եւ մնացել են սոսկ որոշ իրավական ու տեխնիկական հարցեր: Կարելի է երկար բանավիճել, թե արդյոք դա պե՞տք էր Թուրքիային, արդյոք Անկարան Վաշինգտոնի ճնշման տա՞կ է նման քայլ կատարել… Տարբեր տեսակի փաստարկներ կարելի է գտնել, սակայն հեռացող գնացքի հետեւից վազքն էներգիայի ավելորդ վատնում է միայն: Հիմա պետք է ուղղակի արձանագրել, որ Ֆինլանդիայի միացմամբ Հյուսիսատլանտյան դաշինքն անմիջականորեն հայտնվեց Ռուսաստանի հետ սահմանի մոտ: Բանն է, որ ՌԴ-ն եւ Ֆինլանդիան ընդհանուր 1271.8 կմ սահման ունեն: Թուրքիան, որը միշտ ելնում է բարեկեցության սեփական պատկերացումներից, վերջին շրջանում իր կայացրած որոշումներով ու կատարած գործողություններով, ըստ էության, հայտարարում է «արեւմտյան նավ» վերադառնալու իր ձգտման մասին, որովհետեւ հասկանում է, որ երկրաշարժի հետեւանքները կարող է վերականգնել միայն Արեւմուտքի միջոցով: Այսպիսով՝ երբ նժարներից մեկի վրա ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի դիմումն էր, որը չի հակասում Անկարայի հետաքրքրություններին, իսկ մյուսին՝ Թուրքիայի բարեկեցությունը, ապա պարզ է դառնում, թե նախապատվությունն ինչին պետք է տրվեր: Եվ հիմա թող Ռուսաստանում անվերջ խոսեն Թուրքիայի «դավաճանության» մասին: Մի կողմից՝ դա սեփական շահերի ընկալման արդյունքում կայացված որոշում է, այլ ոչ թե դավաճանություն ՌԴ-ին, իսկ մյուս կողմից էլ, եթե այն դավաճանություն անվանենք, պետք է նշենք, որ դա հաստատում է մի պարզ ճշմարտություն. դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»…
Ի դեպ, Թուրքիան իր բարեկեցության ապահովումը միայն Արեւմուտքի հետ չի կապում: Դրանում մեծ դեր են կատարում հետխորհրդային տարածքի թյուրքական պետությունները: Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը փոքր-ինչ բացում է այդ երկրի իրական ցանկությունների վարագույրը՝ ինչ էլ որ լինի, բարգավաճել բոլորի եւ յուրաքանչյուրի հաշվին, այդ թվում՝ թյուրքական եղբայրական ժողովուրդների:
Թյուրքական պետությունների կազմակերպությունը հիմնադրվել է սեփական ազդեցությունը տարածելու եւ նախկին կայսերական մեծությանը վերադառնալու Թուրքիայի ցանկության պատճառով: Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ թրքակենտրոն նախագծերն ու կազմակերպությունները չեն ֆինանսավորվում թուրքերի կողմից. «խնջույքը» կազմակերպում են Թյուրքական պետությունների կազմակերպության անդամները: Այսպես՝ գագաթնաժողովի արդյունքում հայտնի դարձավ, որ Ղազախստանը պատրաստ է 217 մլն դոլար ներդնել Թյուրքական ներդրումային հիմնադրամում՝ արտատարածաշրջանային առեւտրի ու լոգիստիկայի ընդլայնման համար:
Հատկանշական է նաեւ Թուրքմենստանի «զարթոնքը», որը երկար ժամանակ զբաղեցնում էր բացառապես չեզոք ու ոչ բլոկային դիրքեր: Թուրքմենստանը Թյուրքական պետությունների կազմակերպությունում շարունակում է դիտորդ մնալ, սակայն Աշգաբադը հույս ունի հաջորդ գագաթնաժողովին մասնակցել որպես ինտեգրացիոն կազմակերպության լիիրավ անդամ: Ավելին՝ Թուրքմենստանը լրջորեն մտածում է Թուրքիայի հովանու ներքո լայնածավալ նախագծեր իրականացնելու մասին: «Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կարող ենք գազամուղին զուգահեռ նաեւ էլեկտրահաղորդման գիծ անցկացնել»,- հաղորդել է Թուրքմենստանի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Թյուրքական պետությունների կազմակերպության՝ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովը նվիրված էր բնական աղետների ժամանակ ուժերի համախմբմանը: Այսպես կոչված «թյուրքական աշխարհի» երկրներն առաջիններից էին, որ օգնության ձեռք մեկնեցին Անկարային փետրվարյան սարսափելի երկրաշարժից հետո: Ադրբեջանը, մարդասիրական օգնությունից ու որոնողափրկարարական խմբերից բացի, Թուրքիայի վերականգնման համար հատկացրել է 12.7 մլն դոլար: Բայց թուրքերին միշտ ավելին է պետք, եւ այս առումով Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթելու համար հույսեր է կապում «թյուրք եղբայրների» օգնության հետ: Ինչպես ասում են, պատերազմում բոլոր միջոցները լավն են, սակայն Թուրքիայի ղեկավարը չի հրապարակել այդ միջոցներն ու գործիքները:
Ճիշտ է՝ Կենտրոնական Ասիայի երկրների ու Ադրբեջանի ղեկավարները Թուրքիայի մայրաքաղաք էին ժամանել՝ ավերիչ երկրաշարժից հետո արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման թեմայով հանդես գալու համար, սակայն պարզ է, որ դա իրականում հավատարմության, գերագույն առաջնորդի նկատմամբ ակնածանքի յուրահատուկ ցուցադրություն էր եւ Թուրքիայի առաջատար դերի ճանաչում:
Բացի օգնությունից, որն Էրդողանը պլանավորել է ստանալ, արտահերթ գագաթնաժողովը նրա համար առաջին հերթին կարեւոր էր քարոզչական նկատառումներով՝ ցուցադրելու համար իր հովանու ներքո «թյուրքական աշխարհի» միասնությունը: Չէ՞ որ Թյուրքական պետությունների կազմակերպության ստեղծումն Էրդողանի շրջապատը գնահատում է որպես նրա մեծագույն աշխարհաքաղաքական հաջողություն Օսմանյան կայսրության մեծության վերածննդի ճանապարհին: Պատահական չէ, որ բոլոր առաջնորդները թյուրք ժողովրդի հետ համերաշխության ավանդական խոսքերից հետո Էրդողանին հաջողություններ էին մաղթում առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ իսկ պատճառով դա շատ բանով նախընտրական գագաթնաժողով էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ Թուրքիայի՝ որպես «բոլոր թուրքերի պաշտպան», հավակնությունների հռչակումով: Հենց դրա հետ է կապված այն, որ եզրափակիչ հռչակագրում կետ կա, որով դատապարտվում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված «ահաբեկչական» հարձակումը: Դրանով հաստատվում է, որ Անկարան ու Թյուրքական պետությունների կազմակերպության մյուս անդամները լիովին աջակցում են Բաքվին Իրանի հետ դիմակայությունում: Եվ այստեղ մտածելու բան ունի նաեւ Ռուսաստանը:
Թյուրքական պետությունների կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ղազախական Թուրքեստան քաղաքում, ինչը ցուցադրում է Ղազախստանի յուրահատուկ դերն այդ կազմակերպության ընդհանուր կառուցվածքում: Եվ Տոկաեւն այս անգամ իր վրա վերցրեց կառույցի երկրներում գործող փրկարարական ծառայությունների ուժերի եւ տեխնիկական հագեցվածության միասնական ցուցակի մշակման գործը: Մայիսին Աստանայում Կենտրոնական Ասիա-ԵՄ երկրորդ տնտեսական ֆորումում տեղի կունենա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու տեխնիկական իրագործելիության եւ գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ թյուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաներ ու ձեռնարկատերեր:
Թյուրքական պետությունների կազմակերպությունը մշակութային, հումանիտար եւ կրթական ասոցիացիա չէ, այլ թյուրքական ժողովուրդների համախմբման այլընտրանքային նախագիծ՝ Մոսկվայի դիրքերը խարխլելու համար: Կասկածները վերացնելու համար մեջբերենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ կապված ՌԴ-ին Ղրիմի միանալու հերթական տարեդարձի հետ:
«Անեքսիայի տարելիցի օրը մենք հաստատում ենք Անկարայի դիրքորոշման անփոփոխելիությունը իրավիճակի չճանաչման հարցում: Մենք ընդգծում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր աջակցությունը: Թուրքիայի համար առաջնահերթություն է մնում Ղրիմի բնիկ բնակչության՝ թաթարների վիճակը: Անկարան հանդես է գալիս Ղրիմի թաթարների շրջանում իր հայրենակիցների պատմական ինքնության պահպանման օգտին նրանց պատմական հայրենիքում: Թուրքիան կշարունակի ջանքերը Ղրիմի թաթարների անվտանգությունն ու խաղաղ կյանքն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Ինչպես տեսնում ենք, թուրքական կողմը գիտակցաբար կենտրոնանում է Ղրիմի թաթարների վրա՝ որպես իր պոտենցիալ աջակցության բազայի՝ նրանց անվանելով «հայրենակիցներ» եւ խոսելով «նրանց պատմական ինքնության մասին»: Դա նշանակում է, որ Թուրքիան է հավակնում Ղրիմին, իսկ նույնպիսի փաստարկների հիման վրա կարող է, հենվելով Թյուրքական պետությունների կազմակերպության հայեցակարգի եւ «Մեծ Թուրանի» ստեղծման վրա, «հայրենակիցներ» անվանել ոչ միայն ղազախներին, ուզբեկներին, ղրղզներին ու թուրքմեններին, այլ նաեւ Կազանի թաթարներին, բաշկիրներին, յակուտներին, ալթայցիներին եւ Ռուսաստանի մյուս թյուրքերին…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ