Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

ԱՄՆ-ին լուրջ մարտահրավեր է նետվել

Ապրիլի 1, 2023
Միջազգային
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Մոսկվա եւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեռ երկար կշարունակի մնալ ինչպես պետությունների, այնպես էլ վերլուծաբանների ու փորձագետների ուշադրության կենտրոնում: Այդ իրադարձությունն անհանգստացրել է նաեւ Հնդկաստանին, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, իսկ Չինաստանի հետ նրա հարաբերությունները, ըստ էության, թշնամական են: Հարցը դուրս չի մնացել «Times of India»-ի ուշադրությունից: Անդրադառնալով թեմային՝ լրատվամիջոցը հարց է բարձրացնում, թե արդյոք Պեկինը Մոսկվայի աջակցությամբ ավելի ագրեսի՞վ կդառնա հարեւանների նկատմամբ, Ռուսաստանն այլ մոտեցո՞ւմ կորդեգրի Հնդկաստանի հանդեպ՝ կողմնորոշվելով դեպի Չինաստան:

Վերջին տարիներին, անկասկած, ռուս-չինական հարաբերությունները նկատելիորեն ամրապնդվել են: Կողմերը հայտարարել են դրանց «անսահման» բնույթի մասին դեռեւս մինչեւ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկը: Ծինփինի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում այդ հայեցակարգը հետագա զարգացում ստացավ: Համաձայն Յոհանեսբուրգում Չինաստանի հյուպատոսության կայքի՝ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են երկու փաստաթուղթ՝ «Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հայտարարությունը նոր դարաշրջան մտնող համապարփակ գործընկերության եւ ռազմավարական համագործակցության խորացման մասին» եւ «Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը մինչեւ 2030 թ. ռուս-չինական տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման պլանի» վերաբերյալ: Շեշտը դրված է «երկու երկրների միջեւ ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման եւ լայնածավալ համագործակցության ծրագրերի ու պայմանավորվածությունների պլանների վրա»։ Փաստաթղթերը սերտորեն միահյուսված են «առանց սահմանների բարեկամության» մասին հայտարարություններով՝ շնորհիվ այն թեզի, որ երկու երկրների հարաբերությունները հասել են պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին։ Բացի այդ, առաջնորդները ստորագրել են մի քանի առեւտրային համաձայնագրեր։

Գագաթնաժողովի ընթացքում Սի Ծինփինը նշել է, որ Մոսկվայի ու Պեկինի միջեւ ամրապնդվում է ռազմավարական փոխադարձ վստահությունը, աճում է ընդհանուր հետաքրքրությունների թիվը: Կողմերը հիմնական ուշադրությունը բեւեռել են երկկողմ հարաբերություններին եւ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի քննադատությանը, որը «լարվածություն է ստեղծում»: Չնայած Չինաստանն ու Ռուսաստանը դատապարտել են ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մարտի 21-ին ստորագրած համատեղ հայտարարության համար, սակայն միեւնույն ժամանակ շեշտել են, որ նրանց գործակցությունը չի կրում «առճակատման բնույթ եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»: Նրանք նաեւ կոչ են արել «արագացնել բազմաբեւեռ աշխարհակարգի հաստատման գործընթացը»: Բազմաբեւեռ աշխարհի վրա շեշտ է դրվել՝ ցուցադրելու երկու երկրների ձգտումը դեպի մի աշխարհակարգ, որը հիմնված կլինի հավասարության վրա եւ կփոխարինի միաբեւեռ աշխարհակարգին, որում գերիշխում է Վաշինգտոնը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնումը, անկասկած, ամրացնում է Չինաստանի դիրքորոշումն այլ պետությունների հետ շփումներում: Հարցը միայն այն է, թե արդյոք Պեկինն արդյունքում ավելի թշնամական վերաբերմունք չի՞ դրսեւորի հարեւանների նկատմամբ: Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ Ազգային նստաշրջանում Սի Ծինփինը հայտարարել է, որ ուժի կիրառումը նշվում է տարբերակների թվում, եւ Չինաստանի ազգային ազատագրական բանակին կոչ է արել պատրաստվել տեղային հակամարտություններին: Վերջերս Չինաստանի նախագահը կրճատել է զինված ուժերի արդիականացման ժամկետները, իսկ «չինական երազանքի» ու «առողջացման» վրա դրված շեշտը խոսում է տարածքների գրավման ձգտման մասին, այն տարածքների, որոնք Չինաստանն իրենն է համարում:

Հնդկաստանի համար վիճելի է մնում սահմանային հարցը, իսկ Չինաստանն իրական հետաքրքրություն չի ցուցաբերում այն լուծելու համար: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի անգամ հարեւաններին հասկացրել է, որ առանց սահմանային իրավիճակի կարգավորման երկու երկրների փոխհարաբերությունները չեն բարելավվի: Կարելի է ենթադրել, որ այժմ Չինաստանն իրեն ավելի վստահ կզգա ու կշարունակի Հնդկաստանի նկատմամբ ագրեսիվ մոտեցումը ինչպես ցամաքային սահմանի երկայնքով, այնպես էլ Հնդկական օվկիանոսի ջրերում: Վիետնամը, Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները, ամենայն հավանականությամբ, կբախվեն իրենց բացառիկ տնտեսական գոտիներ հաճախակիացող ներխուժումների հետ:

Երկրորդ հարցն այն է, թե արդյոք Չինաստանը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել Ռուսաստանի վրա եւ ստիպել՝ փոխելու Հնդկաստանի նկատմամբ քաղաքականությունը: Արեւմտյան ԶԼՄ-ները եւ մի շարք փորձագետներ նշում են, որ Ռուսաստանն ընդունել է կրտսեր գործընկերոջ դեր, քանի որ Չինաստանի աջակցության կարիքն ուներ այն պահից, երբ սկսվեց ուկրիանական հակամարտությունը: Այլ վերլուծաբաններ նշում են, որ ներկա պահին քաղաքականության փոփոխության մասին դատողությունների հիմքեր չկան: Օրինակ՝ Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան հանդիպմանը պակիստանյան խմբավորումները չնշվեցին ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում՝ ի տարբերություն Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի։ Ուշագրավ են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքերն այն մասին, որ Չինաստանը «կրկնում է ռուսական քարոզչությունը» հակամարտության պատճառների վերաբերյալ։

Ռուսաստանն ու Չինաստանը միասին աշխատում են Արեւմտյան Ասիայում ԱՄՆ-ի ազդեցությունը նվազեցնելու կամ վերացնելու համար: Չինաստանի միջնորդությամբ Թեհրանը կարգավորում է հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իր հերթին, վերականգնում է շփումներն արաբական աշխարհի հետ: Արդեն հայտնի է, որ Դամասկոսը նույնպես Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում է: Բացի այդ, Մոսկվա այցելությունից հետո նա մեկնեց ԱՄԷ, որտեղ նրան շատ ջերմ դիմավորեցին:

Կարեւոր է նշել, որ Ռուսաստանն ու Չինաստանը մի շարք հարցերում նաեւ տարաձայնություններ ունեն: Մոսկվային դուր չի գալիս Չինաստանի ազդեցության ուժեղացումը Կենտրոնական Ասիայում, քանի որ դա ավանդաբար ռուսական ազդեցության գոտի է: Կրեմլը չի ցանկանում նաեւ, որ Պեկինը մեծ ներկայություն ունենա Արկտիկական տարածաշրջանում, ինչպես նաեւ գերիշխի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում երկարաժամկետ հեռանկարում:

Հնդկաստանը կայացել է որպես աշխարհաքաղաքական միտումների վրա ազդող խոշոր տերություն եւ աշխատում է միջազգային հարաբերությունների ողջախոհությունը վերադարձնելու ուղղությամբ: Պեկինի կարծիքով՝ «հիմա պատերազմի դարաշրջան չէ». ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում հակառուսական բանաձեւերից եւ հավանություն չի տալիս Ուկրաինային արեւմտյան ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարմանը։

Թեեւ ներկայումս, ըստ «Times of India»-ի, որեւէ նշան չկա, որ Չինաստանը կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ փոխելու իր քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ, զարգացումներին պետք է շատ ուշադիր հետեւել, քանի որ միջազգային իրավիճակն արագ է փոխվում։

Արեւմուտքում ռուս-չինական համագործակցությունն ընկալվում է որպես ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր, ուստի կարելի է չկասկածել, որ Վաշինգտոնը կհստակեցնի իր պատասխանը տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին, սակայն, կխոսենք այլ առիթով:

Թեգեր: ՀնդկաստանՉինաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist