Ուկրաինայում ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվ քննարկումներ են ընթանում քաղաքական հետնաբեմում։ Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Վարշավա, որտեղ հանդիպել էր Լեհաստանի նախագահ Դուդայի հետ։ Ի տարբերություն նախորդ անգամների, այցը պաշտոնական էր, այլ ոչ թե այլ երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ եւ Բելգիա ուղեւորվելու համար։ Լեհաստանը խոստացել է, որ կփորձի Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալ հուլիսին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում, ինչը, ըստ Դուդայի, «կուժեղացնի Ուկրաինայի ռազմական ներուժը»։ Դուդան նաեւ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային փոխանցել Լեհաստանին հասանելի բոլոր ՄիԳ-29 կործանիչները։ «Եվրանյուզի» տեղեկացմամբ, առաջին ՄիԳ-երը արդեն հասել են Ուկրաինա:
Այցի ամենահետաքրքիր եւ ուշագրավ հայտարարությունները, սակայն, վերաբերում են երկու երկրների միջեւ հարաբերություններին նոր որակ հաղորդելուն։ Վարշավայում Զելենսկին հայտարարեց, որ ապագայում իրենց միջեւ չեն լինի քաղաքական, տնտեսական, պատմական սահմաններ։ Նման հայտարարություններն առաջին անգամ չեն արվում. այդ մասին դեռեւս 2022 թ. հայտարարել էր Լեհաստանի նախագահը։ Օրեր առաջ Լեհաստանի փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտ է լեհ-ուկրաինական պայմանագիր, որը «երկրների միջեւ հարաբերությունները պաշտոնական իմաստով ավելի բարձր մակարդակի կբարձրացնի»։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը, որը քննարկվում էր դեռեւս Ուկրաինայի նախագահի՝ Վարշավա այցից առաջ, հարաբերություններին «նոր լիցք» կհաղորդի։ Վավժիկը մանրամասնել է, որ դա պարզապես համաձայնագիր չի լինելու, այլ փաստաթղթերի շարք։ Որոշ վերլուծաբաններ եւ լրատվամիջոցներ նշում են համադաշնության մեջ Ուկրաինայի եւ Լեհաստանի մոտալուտ միաձուլման հնարավորության մասին։ Մեկ այլ տեսակետի համաձայն, առավել իրատեսական է դառնում Արեւմտյան Ուկրաինայի անշլուսը (գերմ.՝ միացում.- խմբ.)։ Օրինակ՝ «Niezależny Dziennik Polityczny» պորտալի սյունակագիր Հաննա Կրամերը նշում է, որ ԱՄՆ-ն կարող է մասնատել Ուկրաինան եւ երկրի արեւմուտքը փոխանցել Լեհաստանին՝ Վարշավայից Կիեւի իշխանություններին ֆինանսական օգնության դիմաց։
Պետք է նշել, որ երկրների կլանումն այլեւս տեղի չի ունենում միայն ռազմական հարթությունում, առավել ձեռնտու տարբերակը, ինչպես բազմիցս նշել ենք, «փափուկ ուժի» կիրառումն է։ Տնտեսական, հումանիտար, սոցիալ-մշակութային ազդեցության ընդլայնումն առավել նպատակահարմար է թվում։ Այդպիսի զարգացում նկատվում է նաեւ լեհ-ուկրաինական հարաբերություններում։ Մասնավորապես Արեւմտյան Ուկրաինայի, Գալիցիայի եւ Վոլինիայի այն շրջաններում, որոնք որոշակի ժամանակաշրջանում եղել են լեհական նահանգներ, ներկայումս սերտաճում կա համատեղ բիզնես ձեռնարկությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, երիտասարդական տարբեր ծրագրերի, ուսանողների փոխանակման մակարդակում։ Ավելի վաղ՝ Զելենսկու այցից առաջ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին, որ առաջիկա ամիսներին համաձայնագիր կկնքվի, որն արտոնություններ եւ առավելություններ կտա Ուկրաինայում լեհական ընկերություններին ու քաղաքացիներին։
Լեհաստանի հավակնությունները բավականին մեծ են եւ հեռուն գնացող։ Երկիրը ցանկանում է դառնալ արեւելաեվրոպական ազդեցիկ երկրներից մեկը, եթե ոչ առաջատարը։ Վարշավան պաշտոնապես նպատակ է դրել մինչեւ 2030 թ. դառնալ Եվրոպայի ամենամեծ ռազմական տերությունը։ Նրանք ձգտում են ստեղծել Եվրոպայի ամենամեծ բանակը, որն իր չափերով կգերազանցի անգամ Գերմանիայի բանակին։ Լեհաստանը դրանով ուղերձ է հղում իր արեւմտյան դաշնակիցներին, որ պատրաստ է ապագայում ստանձնելու Եվրոպայի արեւելյան սահմանների պաշտպանությունը։ Այդ առումով Լեհաստանի վրա «խաղադրույք» են արել Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան (այս թեմային «ՀՀ»-ն անդրադարձել է 2022 թ. նոյեմբերի 10-ի համարում տեղ գտած «Լեհաստանը կարեւոր օղակ դառնալու ճանապարհին է» վերտառությամբ հոդվածում)։ Այսօր տեղի է ունենում Լեհաստանի ռազմականացում, նրա սովորական սպառազինությունների քանակական աճ, առաջին հերթին՝ հարձակողական, օրինակ՝ տանկեր։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 7 հինգերորդ սերնդի F-22A Raptor կործանիչները Վիրջինիայի բազայից տեղափոխվել են Լեհաստան եւ արդեն տեղակայված են Պովիդզում գտնվող ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստում, որտեղ դրանք կօգտագործվեն որպես ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջնային մարտական խմբի մաս:
Լեհաստանի ամուր դիրքերը թույլ են տալիս Արեւմուտքին արեւելաեվրոպական երկիրն օգտագործել որպես անվտանգության բարձիկ Ռուսաստանի հավակնությունների պարագայում։ Այսօր արդեն Լեհաստանն է ցանկանում օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ արդեն իր համար «անվտանգության բարձիկ» ապահովել, որի համար ԵՄ-ից եւ Միացյալ Նահանգներից լրացուցիչ բոնուսներ է ակնկալում։ Հայտնի է, որ Լեհաստանում ստեղծվում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի «լոգիստիկ թիկունք»: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ «ՆԱՏՕ-ի մի քանի հազար միավոր զինտեխնիկա կպահվի Պովիդզում եւ Լեհաստանի որոշ այլ վայրերում»,- ասել է նա։ Ըստ Մորավիեցկիի՝ խոսքը տանկերի, հետեւակի մարտական մեքենաների ու զենքերի մասին է, որոնք «թույլ կտան արագ ակտիվացնել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը»։ «Ռիա նովոստիի» փոխանցմամբ, անցյալ հոկտեմբերին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց ՆԱՏՕ-ի միջուկային պաշտպանության ոլորտում ավելի մեծ ներգրավվածություն ունենալու շահագրգռվածության մասին: Լեհաստանի ղեկավարը չի հերքել նաեւ երկրում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը։ Նշենք, որ երեկ վարչապետ Մորավիեցկին եռօրյա այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ բանակցելու զենք արտադրողների հետ։ Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այցի հիմնական նպատակներից են՝ երկու երկրների տնտեսական համագործակցությունը, Լեհաստանի անվտանգության ապահովմանն ու էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը։ «Մեր բանակի համար առանցքային գնումներից են ամերիկյան M1 Abrams տանկերը եւ F-35 կործանիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այդ համատեքստում պետք է դիտարկել այն հարցը, թե որքանով է ձեռնտու Ռուսաստանին Արեւմտյան Ուկրաինայի կլանումը Լեհաստանի, ինչու չէ՝ նաեւ Հունգարիայի եւ Ռումինիայի կողմից։ Վերջիններս նույնպես կարող են «ուկրաինական կարկանդակի» հանդեպ հավակնություններ ունենալ բարենպաստ պայմանների առկայության դեպքում։ Վերադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ նշենք, որ Արեւելյան Եվրոպայում Ուկրաինայի հաշվին նոր սահմանների ի հայտ գալը թույլ կտա Մոսկվային միջազգային հարթակում օրինականացնելու Ուկրաինայի արեւելյան հատվածի ներառումը դաշնության կազմում։ Ինչեւէ, բոլոր այս սցենարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն, եթե այն ընդունելի դառնա հակամարտության մեջ ներգրավված թե անմիջական, թե միջնորդավորված մասնակիցների համար։ Ինչպես տեսնում ենք, քաղաքական առաջնորդների հանդիպումներն ու այցերը հուշում են, որ քննարկումներ են ընթանում առավել ընդունելի տարբերակ գտնելու համար։