Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Գլոբալիզացիան չի ավարտվել

Պարզապես գուցե դադարել է լինել այնպիսին, ինչպիսին ընկալում ենք այն

Ապրիլի 15, 2023
Միջազգային
Գլոբալիզացիան չի ավարտվել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գլոբալիզացիան հանրությանն անծանոթ հասկացություն չէ, եւ նրա մասին խոսելիս դրական կամ բացասական շեշտեր սովորաբար չեն դրվում: Սակայն, ինչպես պնդում է «Project Syndicate»-ը, կլիմայի փոփոխության կամ ապագայի համավարակների դեմ պայքարելիս անհրաժեշտ է ընդունել գլոբալ փոխկախվածության առկայությունը, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս: Բացառված չէ, որ այս կարծիքն առաջ են մղում այն երկրները, որոնց համար փոխկախվածությունը անվտանգության երաշխիք է, որն արժանի է ուշադրության եւ ուսումնասիրության:

Անցած տարվա վերջին կիսահաղորդիչների թայվանյան, կարելի է նույնիսկ ասել՝ համաշխարհային արտադրողի լեգենդար հիմնադիր Մորիս Չանգը հայտարարեց, որ «գլոբալիզացիան գրեթե մահացած է»: Աշխարհում, որտեղ գլոբալ շղթաների աշխատանքը խախտվում է համավարակի եւ ուժեղացող չին-ամերիկյան մրցակցության պատճառով, բազմաթիվ մեկնաբաններ կրկնում են այն կարծիքը, որ շատ ընկերություններ սկսել են վերակազմակերպել իրենց արտադրա-շուկայավարման շղթաները՝ արտադրությունը վերադարձնելով երկիր (on-shoring) կամ հեռավոր երկրներից տեղափոխելով մոտակա երկրներ (near-shoring): Սակայն սխալ կլինի եզրակացնել, որ գլոբալացումն ավարտվել է: Եվ մարդկության պատմության մեջ շատ բան բացատրում է, թե ինչու է դա այդպես:

Գլոբալիզացիան ուղղակի փոխկախվածությունն է միջմայրցամաքային, այլ ոչ թե ազգային կամ տարածաշրջանային հեռավորությունների վրա: Ինքնին դա ոչ լավ է, ոչ էլ վատ, եւ, իհարկե, նաեւ նորություն չէ։ Կլիմայի փոփոխությունը եւ միգրացիան նպաստում են մարդկության տարածմանը ողջ մոլորակում: Նման գործընթացները միշտ հանգեցնում են կենսաբանական փոխազդեցության եւ փոխադարձ կախվածության ավելացման: Ասիայում սկսված ժանտախտը 1346-1352 թթ. ժամանակահատվածում սպանեց Եվրոպայի բնակչության մեկ երրորդին: Ռազմական գլոբալիզացիայի մասին կարելի է խոսել առնվազն Քսերքսեսի, իսկ հետո՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից, որի կայսրությունն ընդգրկում էր երեք մայրցամաք։ Հետագայում մեծ կրոնները տարածվեցին բոլոր մայրցամաքներում, եւ սա գլոբալացման սոցիալ-մշակութային ձեւ էր:

Մեր ժամանակներում շեշտը դրվում է տնտեսական գլոբալիզացիայի՝ ապրանքների միջմայրցամաքային հոսքերի, ծառայությունների, կապիտալի, տեխնոլոգիաների ու ինֆորմացիայի վրա: Այդ գործընթացը նոր չէ, սակայն տեխնոլոգիաների փոփոխությունների շնորհիվ կտրուկ նվազեցին ծախսերը՝ կապված տարածության հետ, այդ իսկ պատճառով այժմյան տնտեսական գլոբալիզացիան ավելի խոր ու արագ է ընթանում: Դեռ միջին դարերում «Մետաքսի ճանապարհը» կապում էր Ասիան ու Եվրոպան, բայց դա լիովին տարբերվում էր ժամանակակից կոնտեյներային նավերի երթեւեկության ծավալներից, էլ չենք խոսում ինտերնետ կապի մասին, որը թույլատրում է ակնթարթորեն կապել մայրցամաքները:

Թեեւ 20-րդ դարում գլոբալիզացիան հիմնականում դիտվում էր որպես տնտեսական երեւույթ, 2000-ականներին այն նորաձեւ բառ դարձավ քաղաքականության մեջ (ինչպես դրա կողմնակիցների, այնպես էլ քննադատների շրջանում): Երբ Դավոսում ցուցարարները կոտրեցին «Մաքդոնալդսի» սրճարանի պատուհանները՝ բողոքելով Ասիայում աշխատանքային պայմանների դեմ, դա քաղաքական գլոբալիզացիայի օրինակ էր:

Ներկայիս գլոբալիզացիան ակնհայտորեն տարբերվում է 19-րդ դարի գլոբալիզացիայից, երբ Եվրոպան ձեւավորում էր նրա ինստիտուցիոնալ կառուցվածքի մեծ մասը, իսկ մեծ ծախսերի պատճառով շատ ավելի քիչ մարդիկ էին ուղղակիորեն ներգրավված դրանում։ Արեւմտյան ընկերություններն աշխարհով մեկ սկսեցին տարածվել դեռ 1600-ական թվականներին, իսկ 19-րդ դարի վերջին օտարերկրյա ուղղակի ներդրումների համաշխարհային ծավալը համարժեք էր համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսին։ 2010 թ. համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումներն արդեն ներառում էին ոչ արեւմտյան ընկերությունների ներդրումները, եւ դրանց ընդհանուր գումարը համարժեք էր համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսին:

1914 թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, գլոբալ փոխկախվածության աստիճանը չափազանց  բարձր էր, եւ այդ փոխկախվածությունը ներառում էր մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժը։ Եղել է նաեւ անհավասարություն, քանի որ տնտեսական գլոբալիզացիայի օգուտներն անհավասարաչափ են բաշխվել։ Սակայն տնտեսական փոխկախվածությունը խոշորագույն առեւտրային գործընկերներին չխանգարեց պատերազմել միմյանց հետ (հենց այդ պատճառով մարդիկ ժամանակին այն անվանեցին Մեծ պատերազմ): Չորս տարվա մահացու բռնություններից եւ ավերածություններից հետո համաշխարհային տնտեսական փոխկախվածությունը կտրուկ ընկել է: Համաշխարհային առեւտրի եւ ներդրումների ծավալները 1914 թ. մակարդակին հասան միայն 1960-ականներին:

Կարո՞ղ է նման բան կրկնվել: Այո, եթե մի կողմից ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը կամ Չինաստանը, ինչպես պնդում է «Project Syndicate»-ը, սխալվեն եւ մեծ պատերազմ սկսեն։ Բայց եթե բացառվեն նման անկանխատեսելի իրադարձությունները, կրկնությունը քիչ հավանական է: Չնայած ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական «խզման» մասին բոլոր խոսակցություններին, այդ խզումը դեռ շատ ընտրովի եւ անավարտ բնույթ է կրում: Ապրանքների եւ ծառայությունների համաշխարհային առեւտրի ծավալները կտրուկ աճել են 2020 թ. համավարակային անկումից հետո, թեեւ այս վերականգնումը հավասար չափով ուժեղ չի եղել բոլոր ուղղություններում:

Քանի որ ԱՄՆ-ը խոչընդոտներ է ստեղծում դեպի Չինաստան եւ Չինաստանից որոշակի բարձրարժեք ապրանքների հոսքի առջեւ, ԱՄՆ-ի ներմուծումը Չինաստանից ընդամենը 6 տոկոսով է ավելացել մինչքովիդյան մակարդակից, մինչդեռ Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծումն ավելացել է ավելի քան 30 տոկոսով։ Ստացվում է, որ ամերիկյան դեպքում տարածաշրջանայնացումն ակնհայտորեն գերազանցում է գլոբալիզացիան հետքովիդյան վերականգնման տեմպերով։ Բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ չնայած 2018-2022 թթ. ԱՄՆ ներմուծման Չինաստանի մասնաբաժինը 21 տոկոսից նվազել է մինչեւ 17 տոկոս, Վիետնամից, Բանգլադեշից եւ Թաիլանդից ԱՄՆ ներմուծումն աճել է ավելի քան 80 տոկոսով։ Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ գլոբալիզացիան մեռած չէ։

Այստեղ հարկ է նշել, որ Միացյալ Նահանգների հետ ասիական այս նոր առեւտրային ուղիներն իրականում միջնորդի դեր են խաղում չինական առեւտրի համար: Ամերիկան ​​եւ նրա դաշնակիցներն առաջվա պես շատ խորը փոխկապակցված են չինական տնտեսության հետ, ինչը երբեք չի եղել ԽՍՀՄ-ի դեպքում Սառը պատերազմի ժամանակ: Արեւմտյան երկրները կարող են մեղմել անվտանգության սպառնալիքները՝ չինական ընկերություններին (օրինակ՝ Huawei-ին) թույլ չտալով մասնակցել Արեւմուտքում 5G հեռահաղորդակցության ցանցերի կառուցմանը, բայց միեւնույն ժամանակ չստեղծելով չափազանց բարձր ծախսեր՝ ամբողջությամբ քանդելով համաշխարհային արտադրական շղթաները։

Բացի այդ, եթե նույնիսկ աշխարհաքաղաքական մրցակցությունը նկատելիորեն սահմանափակում է տնտեսական գլոբալիզացիան, աշխարհում, միեւնույն է, տնտեսական գլոբալիզացիայի պատճառով կպահպանվեր փոխկախվածության բարձր մակարդակը: Համավարակներն ու կլիմայի փոփոխությունը ենթարկվում են կենսաբանության եւ ֆիզիկայի, այլ ոչ թե քաղաքականության օրենքներին: Ոչ մի երկիր միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները: Չինաստանում ջերմոցային գազերի արտանետումները կարող են հանգեցնել բարձր ծախսերի՝ կապված ծովի մակարդակի բարձրացման, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ծայրահեղ եղանակային երեւույթների հետ եւ ընդհակառակը:

Նման ծախսերը կարող են հսկայական լինել: Գիտնականների գնահատականների համաձայն՝ մահացությունը Չինաստանում ու ԱՄՆ-ում համավարակի պատճառով գերազանցել է սովորական մակարդակը ավելի քան մեկ մլն մարդով: Ըստ ոմանց դիրքորոշման՝ դա տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ երկու երկրները չեն համագործակցել միմյանց հետ: Կլիմայի փոփոխութան կամ ապագա համավարակների դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճանաչել գլոբալ փոխկախվածությունը, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս:

Գլոբալիզացիայի գլխավոր շարժիչ ուժերից մեկը տեխնոլոգիական փոփոխություններն են, որոնք նվազեցնում են հեռավորության նշանակությունը: Եվ այդ փոփոխությունները կպահպանվեն: Գլոբալիզացիան չի ավարտվել, պարզապես գուցե դադարել է լինել այնպիսին, ինչպիսին մենք ընկալում ենք այն:

ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Տիտանիկի» կործանումից փրկված հայորդին

«Տիտանիկի» կործանումից փրկված հայորդին

Վախկոտներին փախուստի առիթ էր պետք

Վախկոտներին փախուստի առիթ էր պետք

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist