Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենն իր երկրի դեսպանատունն է բացել Աշգաբադում: Նա այցելել է ոչ միայն Թուրքմենստան, այլեւ Ադրբեջան, որոնք շեշտը դնում են Իսրայելի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մերձեցման վրա: Իրանում ակնհայտ անհանգստությամբ են հետեւում Իսրայելի դիվանագիտական ակտիվությանը:
Բաքու եւ Աշգաբադ այցելությունների ընթացքում Քոենին ընդունել են երկու երկրների ղեկավարները: Չորեքշաբթի Իսրայելի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Իսկ մեկ օր անց Քոենը հանդիպել է Թուրքմենստանի առաջնորդ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Բանակցությունները, որոնք ուղեկցվում էին բարեկամական ձեռքսեղմումներով, վկայում են, ու այդ երկու հետխորհրդային պետությունների հետ Իսրայելի փոխհարաբերությունները նոր փուլում են՝ ռազմավարական գործընկերության փուլում, եթե ոչ դաշնակցային: Հատկապես հետաքրքիր է Թուրքմենստան այցը, որը Քոենը Բերդիմուհամեդովի հետ զրույցից հետո պատմական է անվանել:
Հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերջին անգամ Աշգաբադ է այցելել 1994 թ.: Խոսքը Շիմոն Պերեսի մասին է, ով չէր վախենում փոփոխություններից այն ոլորտներում, որոնցով զբաղվում էր: Այն ժամանակ բանակցություններ էին ընթանում Իսրայելում Թուրքմենստանի դեսպանատան բացման վերաբերյալ, բայց արդյունքում դրանք չպսակվեցին հաջողությամբ: Չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Խորհրդային Միության փլուզումից շատ չանցած, Թուրքմենստանի դեսպանը շարունակում էր մնալ Հռոմում: Երկրի այն ժամանակվա ղեկավար Սափարմուրատ Նիյազովը ավելորդ էր համարում չափազանց մտերմանալ Իսրայելի հետ՝ Իրանի հետ հարաբերությունները չբարդացնելու համար: Իսկ իսրայելական ժամանակավոր դեսպանատունը Թուրքմենստանում հայտնվեց միայն 10 տարի առաջ: Այժմ այն կլինի մշտական եւ գրեթե Իրանի հետ հարեւանությամբ, ինչը նշել է նաեւ Քոենը: Բերդիմուհամեդովն ասել է, որ հիմա քննարկվում է Թուրքմենստանում Իսրայելի դեսպանության բացման հնարավորությունը:
Իսկ մարտի 29-ին Թել Ավիվում բացվել է Ադրբեջանի դեսպանատունը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Թեհրանում: Իրանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հանդես է եկել զայրալից հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ «ադրբեջանական կառավարությունը կխուսափի ծուղակից, որը դրել են երկու երկրների թշնամիները»: Քանանիի խոսքերում նաեւ նախազգուշացում կա՝ նման սպառնալիքի. «Իրանը չի կարող անտարբեր մնալ իր նկատմամբ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրության նկատմամբ»:
Դեսպանատան բացումը Թել Ավիվում նշանակալից իրադարձություն էր՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական դեսպանությունը հունվարին հեռացավ Թեհրանից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հարձակում գործվեց դեսպանատան վրա: Զոհվեց անվտանգության աշխատակիցը: Մարդասպանը, ով, ըստ իրանական ոստիկանության, գործել է անձնական նկատառումներով, ձերբակալվել է: Բաքուն շարունակում է այդ հարձակումն ահաբեկչություն համարել: Այն, որ Ադրբեջանի դեսպանատան տարհանումից հետո տեղի ունեցավ Իսրայելի գրոհն Իրանի դեմ՝ անօդաչուների կիրառմամբ, խոսում է այն մասին, որ այդ հարձակումը միանշանակ չէ եւ լուրջ կասկածներ է առաջացնում:
Ուշագրավ մի փաստ. Ալիեւի հետ իսրայելական ԱԳՆ-ի ղեկավարի հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ երկու երկրների կապերը «հենված են բարեկամության, փոխվստահության, հարգանքի եւ աջակցության վրա ու կրում են ռազմավարական բնույթ», տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռամադանի առիթով ընդունում էր մահմեդական երկրների դեսպաններին: Իրանի առաջնորդի ելույթի նկատելի մասը նվիրված էր Իսրայելի հասցեին մեղադրանքներին, այդ թվում՝ կապված Ալ Աքսի մզկիթի վրա իսրայելական ուժայինների՝ վերջերս տեղի ունեցած հարձակման հետ: Այնուհետեւ Ռաիսին ռազմական շքերթի ժամանակ քննադատության ենթարկեց «Իրանի թշնամիներին», որոնց շարքում, ըստ նրա, առաջինն Իսրայելն է: Ռաիսին զգուշացրել է, որ հրեական պետության «յուրաքանչյուր սխալ» կհանգեցնի «Թել Ավիվի ու Հայֆայի ոչնչացման»:
Քոենի՝ Ադրբեջան եւ Թուրքմենստան այցելություններից հետո Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը արտաքին գործերի նախարարությունների եռակողմ ձեւաչափով դիվանագիտական խորհրդակցություններ են անցկացրել: Քննարկվել են տնտեսական կապերը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերը: Միաժամանակ խնդիր է դրվել խորացնել մշակութային կապերը: Դիտարկվել են նաեւ այլ ոլորտներում եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ խորհրդակցությունները՝ ուղղված գործակցության հետագա զարգացմանը:
Հարկ է նշել, որ Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը, բավական սերտ քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Այն բանից հետո, երբ Թեհրան-Բաքու հակասությունները սրվեցին, հայ-իրանական հարաբերություններն ավելի վստահելի բնույթ ստացան:
Հայաստանը Հնդկաստանի հետ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիր է ստորագրել դեռեւս 1995 թ.: Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի սերտ համագործակցությունն ու ռազմաքաղաքական միությունը, որը վերջնականապես ձեւավորվել է 2021 թ. Իսլամաբադի հռչակագրով, Նյու Դելիին մղում է Իրանի ու Հայաստանի հետ գործակցության ընդլայնման, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Այդ հրատապ նախագծի շրջանակներում առաջին անգամ նոր երթուղիների մասին հայտարարությամբ հանդես է եկել Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջերմենդրան՝ շեշտելով. «Մենք պլանավորում ենք իրանական Չաբահար նավահանգստի արեւմտյան մասն ու Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»:
Բաքվի հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցրել է նրան, որ Իրանը հանդես է եկել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնությամբ՝ դեպի Եվրոպա դուրս գալու համար Թուրքիայից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այդ նախաձեռնությանը մասնակցում են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը եւ Բուլղարիան: Այլ երկրներ նույնպես պլանավորում են միանալ, այդ թվում՝ Հնդկաստանը՝ Արեւելքի խոշորագույն տնտեսություններից մեկը:
Վերջին շրջանում Հայաստանի ու Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմ գործակցության միայն մի մասն է, կան նաեւ այլ հետաքրքրություններ: Այսպես՝ մարտի 10-ին հնդկական «The Economic Times»-ը հաղորդել է Հնդկաստանին Հայաստանի առաջարկության մասին՝ մտածելու Սեւ ծովով առեւտրային միջանցքի մասին՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա ապրանքների մատակարարումն ավելի արագ դարձնելու համար: Տրանսպորտային նոր միջանցքը, ըստ մտահղացման, պետք է զուգահեռ լինի «Հյուսիս-Հարավ» միջանցքին՝ Մումբայն Իրանի միջոցով միացնելով Եվրոպայի ու Հայաստանի հետ եւ շրջանցելով Ադրբեջանը:
Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի համագործակցությունն այսուհետ միայն կընդլայնվի: Այս մասին է վկայում գործնականում բոլոր ոլորտներում երկկողմ շփումների ակտիվացումը: