Ահաբեկչության ֆինանսավորման եւ ֆինանսական հանցագործությունների գծով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը եւ պատժամիջոցների գծով Եվրամիության միջազգային հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Օ’Սալիվանը ապրիլի 24-ին ժամանել են Ղազախստան հակառուսական պատժամիջոցների շրջանցումը դադարեցնելու առաջարկությամբ: Նման օրակարգով Ռոզենբերգն ապրիլի 26-28-ին կայցելի Ղրղզստան, որում նախկինում եղել է Օ’Սալիվանը՝ իշխանություններին զգուշացնելով, որ ԵՄ-ն վերահսկողություն կսահմանի ապրանքային հոսքերի վրա:
ԱՄՆ-ի ու Եվրամիության խնդիրն է նվազագույնը ապահովել պատժամիջոցների արդյունավետ իրականացումը: Վաշինգտոնն ու Բրյուսելը նշում են ԵՄ-ի հետ հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Ղազախստանի ու Ղրղզստանի ապրանքաշրջանառության նկատելի աճը: Դա, ըստ փորձագետների, նպատակ ունի Կենտրոնական Ասիան հանել Ռուսաստանի դեմ: Այդպիսի առաքելությամբ տարածաշրջան են այցելել նաեւ Եվրամիության ներկայացուցիչները՝ Շառլ Միշելի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակները: Մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին այցելել է Աստանա եւ Տաշքենդ՝ ցուցադրելու ԱՄՆ-ի վարչակազմի ձգտումը՝ հասնելու Մոսկվայի հետ կենտրոնասիական պետությունների քաղաքական ու տնտեսական համագործակցության կրճատման, ինչպես նաեւ Չինաստանի հետ գործակցության մեջ չափավորության դրսեւորման:
Հարավային ու Կենտրոնական Ասիայի գծով նրա օգնականներ Դոնալդ Լուն ու Ուզրա Զեյան տարածաշրջանում հաճախակի հյուրեր են: Նրանք իրենց այցերի ընթացքում շեշտը դնում են քաղաքացիական հասարակության զարգացման ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վրա:
Եվրամիությունը կոշտ հակառուսական դիրքորոշում է որդեգրել: Միեւնույն ժամանակ նրա համար գլխավորը Ղազախստանից դեպի եվրոպական շուկա նավթի մատակարարումների այլընտրանքային ուղիների որոնումն էր։ Առաջին խմբաքանակը՝ 80 հազար տոննա, առաքվել է ապրիլի 23-ին, անցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով եւ հասել Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ։
Հակառուսական պատժամիջոցները վերահսկելու համար Եվրահանձնաժողովը ստեղծել է պատժամիջոցների գծով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցչի պաշտոնը՝ երրորդ երկրների հետ բարձր մակարդակով անխափան քննարկումներն ապահովելու համար՝ Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ սահմանափակումների շրջանցումը կանխելու նպատակով։ Այդ պաշտոնն զբաղեցրել է Դեյվիդ Օ’Սալիվանը, ով մարտին այցելել է Ղրղզստան։ Բիշքեկում կայացած ճեպազրույցի ժամանակ նա հաղորդել է, որ 2022 թ. վերջին Եվրամիությունից Ղրղզստան ապրանքների արտահանումն աճել է 300 տոկոսով, իսկ որոշ ապրանքների՝ առաջադեմ տեխնոլոգիաների եւ երկակի նշանակության ապրանքների դեպքում աճը կազմել է 700 տոկոս։
Եվրամիությունում տարակուսում են՝ Ղրղզստանի պահանջա՞րկն է այդքան աճել, թե՞ ապրանքները վերաարտահանվում են Ռուսաստան։ Հատուկ ներկայացուցիչը խոստացել է ապրանքների հոսքը վերահսկելու համար առաքելություն ուղարկել հետխորհրդային երկրներ՝ Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան եւ Հայաստան, որոնք, ըստ Բրյուսելի, մասնակցում են զուգահեռ ներմուծմանը։ Իսկ նա Ղազախստանի գործունեության ստուգումն սկսել է Աստանայից։
Դեւիդ Օ’Սալիվանին ընկերակցում է ահաբեկչության ֆինանսավորման եւ ֆինանսական հանցագործությունների գծով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ նշված է. «Կենտրոնական Ասիայում Ռոզենբերգը կմիանա ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարության գործընկերների հետ պաշտոնյաների եւ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար՝ պատժամիջոցների ռեժիմի պահպանմանն օգնելու, առեւտրի մեջ ու դրա հետ կապված ֆինանսական վճարումներում դրանցից խուսափելուն հակազդելու նպատակով»:
Վաշինգտոնը Կենտրոնական Ասիայի պետութուններին ընտրության առջեւ է կանգնեցրել՝ համագործակցություն ԱՄՆ-ի եւ Եվրամիությա՞ն հետ, թե՞, աջակցելով Ռուսաստանին, հայտնվել երկակի պատժամիջոցների տակ եւ զրկվել համաշխարհային կարեւոր շուկաներ ելքից: Այս դեպքում, իհարկե, վերջին խոսքը պատկանում է Աստանային ու Բիշքեկին:
Ղազախստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ Արեւմուտքի ընկերը մնալու նպատակով բուֆերային շուկայի ծառայություններ է առաջարկել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Նաեւ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել՝ ապրիլի 1-ից գործարկելով օնլայն համակարգ, որը կհետեւի բոլոր ապրանքներին, որոնք կհատեն երկրի սահմանը: Բայց աշխարհում ցամաքային ամենաերկար՝ ղազախա-ռուսական սահմանը վերահսկելը շատ բարդ է: Առավել եւս, որ Ռուսաստանը Ղազախստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է: 2022 թ. արտահանումն աճել է մեկ քառորդով՝ հասնելով 8.8 մլրդ դոլարի: Հիմնականում կենցաղային տեխնիկա է արտահանվել։ Օրինակ՝ հեռուստացույցների, մոնիտորների եւ պրոեկտորների արտահանումն աճել է 312, համակարգիչներինը՝ 215, հեռախոսներինը՝ 88 անգամ։ Միեւնույն ժամանակ Ղազախստանն ու Ղրղզստանը ԵՄ-ի փայտանյութի խոշորագույն մատակարարներն են դարձել: Կենտրոնական Ասիայի երկու հանրապետություններից հումքի ներմուծումը 2021 թ. 445 հազար եվրոյից 2022 թ. 10 ամսում հասել է ավելի քան 30 միլիոն եվրոյի։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը համոզում է Արեւմուտքին, որ Ղազախստանը, համագործակցելով Ռուսաստանի հետ, չի խախտում պատժամիջոցները:
Շատ փորձագետներ կարծում են, որ Ղազախստանի ու Ղրղզստանի վրա հավաքական Արեւմուտքի ճնշման մասին լուրերը խիստ չափազանցված են, քանի որ այդ դեպքում դրանք կարող են հակառակ արդյունք ապահովել. երկիրը ավտոմատ կերպով կարող է հայտնվել Արեւմուտքի հակառակորդների ճամբարում եւ դառնալ Ռուսաստանի, հնարավոր է նաեւ՝ Չինաստանի դաշնակիցը: Նրանք հարց են հնչեցնում, որ եթե Ղազախստանը, օրինակ, հայտնվի պատժամիջոցների տակ, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է անեն երկրում գործող ամերիկյան ու եվրոպական ընկերությունները: Ղազախստանը, իհարկե, ստիպված կլինի դադարեցնել նավթի մատակարարումը եւ վնասներ կկրի: Սակայն միեւնույն ժամանակ Եվրոպան չի ստանա ղազախական նավթը, ինչը, իհարկե, լավ նորություն չէ ռուսական նավթից ու գազից կախվածությունը վերացնել ձգտող Եվրամիության համար: Բացառված չէ, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը Աստանային կմղի Մոսկվայի գիրկը, ինչը չի համապատասխանում ԱՄՆ-ի ու Եվրամիության հետաքրքրություններին: