Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խորհրդարանական ճգնաժամ Վրաստանում

Նիստերը ձախողում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխող «Վրացական երազանքը»

Ապրիլի 27, 2023
Միջազգային
Խորհրդարանական ճգնաժամ Վրաստանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
56
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Թբիլիսիի բարձրագույն վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ, ինչն առաջացրել է իշխող կուսակցության վրդովմունքը: Այս մասին գրում է ուկրաինական «Եվրոպեյսկա պրավդան»: «Վրացական երազանքի» գործողություններին Վաշինգտոնի տված գնահատականը՝ որպես եվրոպական կուրսից հրաժարում, կարող է հանգեցնել երկրում քաղաքական ճգնաժամի էսկալացիայի:

Վրացական խորհրդարանը, սկսած ապրիլի 18-ից, չի կարողանում որեւէ նիստ անցկացնել: Իրավիճակի հեգնանքը նրանում է, որ նիստերը ձախողում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխող «Վրացական երազանքը»: Ունենալով մեծամասնություն՝ այդ կուսակցությունն սկզբունքորեն անտեսում է խորհրդարանական նիստերը, որպեսզի ընդդիմությանը հնարավորություն չտա օրերս ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված դատավորների նկատմամբ հետաքննող հանձնաժողով ստեղծել:

Վրացական պաշտոնյաների նկատմամբ առաջին պատժամիջոցները (անկախ նրանից, որ խոսքը դատական, այլ ոչ թե գործադիր ճյուղի մասին է) վկայում են, որ, չնայած Արեւմուտքի փորձերին՝ հետաքրքրելու պաշտոնական Թբիլիսիին՝ առաջարկելով նրան Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, ինչպես նաեւ օգնություն՝ բանակի ուժեղացման գործում, գործող իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ խուսափելու դրանից: Ընդդիմությունն իրավիճակը շատ ավելի կոշտ է գնահատում՝ այն վստահությամբ, որ վերջին օրերի իրադարձությունները նախանշան են, որ իշխանությունը երկրում վերջնականապես յուրացվել է:

«Եվրոպեյսկա պրավդան» փորձել է այս հոդվածում պարզել, թե ինչ է կատարվում Վրաստանում: Եվ այսպես՝ ապրիլի 5-ին ամերիկա-վրացական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Վաշինգտոնը շատ կտրուկ ու խորհրդանշական քայլ կատարեց՝ պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Սահմանափակման տակ հայտնվեցին Թբիլիսիի բարձրագույն վերաքննիչ դատարանի 3 գործող դատավորներ, այդ թվում՝ նույն դատարանի նախագահի տեղակալը, եւս մեկ պաշտոնաթող դատավոր: Սահմանափակումներն ինքնըստինքյան կրում են անվանական բնույթ. դատավորներին ու նրանց ընտանիքների անդամներին արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ նույնիսկ առանց նրանց ակտիվների սառեցման: Սակայն այդ քայլի նշանակությունը պարզապես պայթյունավտանգ է:

Նշված դատավորները՝ Միխայիլ Չինչալաձեն, Լեւան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան ու Վալերի Ցերցվաձեն, վրացական հասարակական կազմակերպությունների ու ընդդիմության գնահատականների համաձայն, այսպես կոչված «դատական կլանի» ղեկավարներն են, որը գործնականում մոնոպոլացրել է վերահսկողությունն իշխանության դատական ճյուղի նկատմամբ: ԱՄՆ-ում վստահ են, որ առանց նրանց ազդեցության չեզոքացման հնարավոր չէ հաջող դատական բարեփոխումներ իրականացնել, որքան էլ այն թղթի վրա հեռանկարային թվա: Սահմանած սահմանափակումների միջոցով նրանք հենց այդ ուղերձն են հղում Վրաստանի իշխանություններին:

«Վրաստանին իսկապես անկողմնակալ եւ անկախ դատական համակարգ է պետք»,-պատժամիջոցները բացատրել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Այս պատժամիջոցներին իշխանությունների ու ընդդիմության արձագանքները, ի դեպ, միանգամայն իրարամերժ են: Ընդդիմադիր կուսակցությունների 46 պատգամավորներ դիմել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ խնդրելով խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ դատական ​​կոռուպցիայի հնարավոր փաստերը հետաքննող հատուկ հանձնաժողով ստեղծելու համար։ Դրա փոխարեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սպասելով մի քանի օր, հանդիպել է դատական ​​կորպուսի հետ՝ ըստ էության, կանգնելով պատժամիջոցների տակ հայտնված դատավորների կողքին։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր մեղադրանքների վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել, ինչպես նաեւ, որ իշխանությունները մինչեւ վերջ կպաշտպանեն դատավորներին։ «Ես հպարտանում եմ մեր դատարանով, հպարտանում եմ մեր բոլոր դատավորներով: Նրանք բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, ովքեր ծառայում են մեր երկրին, մեր ինքնիշխանության պաշտպանությանը եւ ազգային քաղաքականությանը: Մենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք՝ մեր անկախությունը, ազատությունն առավել ամրապնդելու համար: Առավելագույնս կաջակցենք մեր նախաձեռնություններին ու նոր ծրագրերին»,- նշել է նա՝ դատավորներին անվանելով անհատականություններ՝ «զերծ կոռուպցիայից եւ ցանկացած միջամտությունից ու ճնշումից»:

Ընդդիմությունը, չկարողանալով խորհրդարանի արտահերթ նիստ գումարել, արդեն իսկ նշել է, որ առաջին իսկ նիստում հետաքննող հանձնաժողով է ստեղծելու, ինչի համար ընդդիմության ձայները միանգամայն բավարար են։ Այդուհանդերձ, ապրիլի 18-ին նախատեսված նիստը չսկսվեց քվորումի բացակայության պատճառով։ Իշխող կուսակցությունն օգտագործեց մի գործիք, որը սովորաբար կիրառում է խորհրդարանական ընդդիմությունը՝ նիստի ձախողումը: Խորհրդարանի նիստը չկայացավ նաեւ հաջորդ օրերին։ Իշխող կուսակցության ղեկավարությունը չի թաքցնում, որ դա անում է հանձնաժողովի ստեղծումն անհնարին դարձնելու համար։ «Մենք հերթական անգամ աջակցություն ենք հայտնում դատական ​​համակարգի անկախությանը եւ համերաշխություն՝ վրացի դատավորներին։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունն այսօր էլ չի գրանցվի»,- ասել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Դժվար է ասել, թե այսպիսի շրջափակումը որքան կարող է տեւել, քանզի երկիրն աշխատունակ խորհրդարանի կարիք ունի: Այսպիսի բլոկադայի դադարեցման մասին արդեն կոչեր են հղում արեւմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանները: Միեւնույն ժամանակ իշխանության կողմից զիջումը կարող է ընկալվել որպես պարտություն, ուստի բացառված չէ, որ այնտեղ լավագույն ելք է համարվում խորհրդարանական շրջափակման շարունակումը: Իսկ այդ իրավիճակը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, ինչը կարող է շահավետ լինել «Վրացական երազանքի» համար: Բանն այն է, որ խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թ. աշնանը: Դրանց յուրահատկությունն այն է, որ առաջին անգամ պետք է անցնեն բացառապես համամասնական ընտրակարգով՝ առանց մեծամասնականի։ Իսկ դա կարող է աղետ դառնալ Վրաստանի ներկայիս իշխանությունների համար, քանի որ հենց մեծամասնական ընտրատարածքներն են միշտ եղել իշխող կուսակցության հաջողության գրավականը։ Օրինակ՝ եթե 2020 թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առանց մեծամասնական ընտրակարգի, «Վրացական երազանքը» մեծամասնություն չէր ունենա եւ նույնիսկ կարող էր կորցնել կառավարությունը։

Բայց վաղաժամկետ ընտրություններ կարելի է անցկացնել եւ հին համակարգով։

Դա կարող է գրավիչ լինել Վրաստանի իշխանությունների համար, հատկապես եթե հաջողվի խորհրդարանի լուծարման մեղքը բարդել ընդդիմության վրա:

Վրաստանում առկա խորհրդարանական ճգնաժամը եւս մեկ ցուցիչ ունի. ընդդիմության համար դա նշանակում է հնարավորության կորուստ՝ տապալելու իշխանությանը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս սիրախաղ է անում Ռուսաստանի Դաշնության հետ եւ հակադրվում է Արեւմուտքին։ Որպես հետեւանք՝ ընդդիմությունն ասում է, որ խոսքը իշխանության վերջնական յուրացման մասին է։

Վրաստանում քաղաքական ճգնաժամի սրումը տեղի է ունենում Արեւմուտքից ստացվող չափազանց դրական ազդակների ֆոնին։ Բազմաթիվ անուղղակի նշաններ վկայում են, որ Արեւմուտքը ցանկանում է խուսափել մի սցենարից, երբ վրացական իշխանություններն ամբողջությամբ կհայտնվեն Կրեմլի ազդեցության տակ։ Այդ իսկ պատճառով ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պատրաստ են էական զիջումներ անել։

Մարտի վերջին Թբիլիսի են ժամանել ԵՄ-ից մի շարք բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։ Հիացմունք հայտնելով մարտին տեղի ունեցած ցույցերի համար, երբ հասարակությունը դուրս եկավ բողոքելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ, որը կարող էր փակել Վրաստանի մուտքը ԵՄ, Բերբոկը հայտարարեց, որ «ԵՄ թեկնածուի կարգավիճակի դուռը լայնորեն բացված է»։

Միեւնույն ժամանակ մամուլում սկսեցին հայտնվել եվրոպական աղբյուրների տվյալները, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է զիջումներ կատարել եւ Թբիլիսիին այս տարի տրամադրել թեկնածուի կարգավիճակ նույնիսկ առանց բոլոր անհրաժեշտ տասներկու պահանջների կատարման։ Հիմա բավական է, որ վրացական իշխանությունները խուսափեն բացահայտ հակաարեւմտյան քայլերից, ինչպիսին են, օրինակ, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կամ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը։

«Սեւծովյան անվտանգության 2023 ակտը», որն այժմ գտնվում է ԱՄՆ-ի Կոնգրեսում, նախատեսում է Վրաստանին պաշտպանական օգնության ակտիվացում։ Կարծիք կա, որ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել անգամ Թբիլիսիի ներկայիս իշխանության հետ՝ ուժեղացնելով վրացական բանակի մարտունակությունը։

Այսպիսի իրավիճակում արեւմտյան պատժամիջոցները դիտվում են որպես քննություն, թե արդյոք վրացական իշխանությունները պատրա՞ստ են համագործակցել Արեւմուտքի հետ: Ինչպես երեւում է, վրացական իշխանությունները ձախողել են այդ քննությունը:

Այն, որ իշխող կուսակցությունը բեկում չի ակնկալում Արեւմուտքի հետ հարաբերություններում, վկայում է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի վերջին հայտարարությունը ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունների վերաբերյալ։ Պնդելով ԵՄ պահանջներին համապատասխանության բարձր մակարդակի մասին՝ Պապուաշվիլին ավելացնում է, որ խնդիրն ընդդիմության եւ ոչ պետական ​​հատվածի ճնշումն է, որոնք, իբր, Եվրահանձնաժողովին համոզում են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալ։ «Մեր շանսերը հիսուն-հիսուն են»,- ամփոփել է նա։

Բացառված չէ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ նման հոռետեսական գնահատականը կապված է «Վրացական երազանքի» համար մեկ այլ ցավագին գործոնի հետ. նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործն արդեն քննարկվում է ՄԻԵԴ-ում, եւ հնարավոր է, որ արդեն մեկ ամսից կկայացվի առաջին որոշումը: Հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը՝ Վրաստանին կպարտավորեցնեն թույլատրել՝ Սահակաշվիլիի բուժումը կազմակերպելու արտասահմանում։ Եթե ​​նման որոշում կայացվի, եւ վրացական իշխանությունները հրաժարվեն այն իրականացնել, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դա կընկալեն որպես արեւմտամետ կուրսի մերժում։ Եվ այդ ժամանակ Թբիլիսիի համար «հնարավորությունների պատուհանը» կփակվի։ Հավանաբար, նվազագույնը մինչեւ այն պահը, երբ երկրում կրկին իշխանափոխություն տեղի կունենա։

Թեգեր: Վրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նվիրումով ապրած լեցուն տարիներ

Նվիրումով ապրած լեցուն տարիներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Արմագեդոն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist