Ադրբեջանը, որը ջանք չէր խնայել Իրանի հետ փոխհարաբերություններում լարվածությունը գագաթնակետին հասցնելու` իր դաշնակիցների աջակցությամբ այդ երկրի վրա հարձակվելու սպառնալիքներով, վերջին շաբաթներին նահանջի քայլեր է անում լարվածությունը թուլացնելու, «թյուրիմացությունները» վերացնելու եւ դրանք բնականոնացնելու ուղղությամբ։ Սակայն դա բնավ էլ չի նշանակում, թե Ալիեւը հրաժարվել է Իրանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից, հակաիրանական քայլերից ու գործունեությունից, այլ իրականում դրանք տեղափոխել է «փափուկ ուժի» ռելսերի վրա՝ աջակցելով Իրանի անջատողական ուժերին եւ սերտացնելով կապը, մասնավորապես, համաթյուրքական գաղափարակիրների հետ։ Այս հարցում Բաքվին աջակցում է նրա ռազմավարական դաշնակից, Ադրբեջան-Իրան բախումներով ու վերջինիս մասնատմամբ շահագրգիռ Իսրայելը, որը մշտապես բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քարոզչական, կանգնած է Բաքվի կողքին։ Նշենք, որ Իրանի Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան, Արդաբիլ թրքախոս նահանգներում անջատողականության գաղափարը, դրանք «Հարավային Ադրբեջան» անվանելը, ինչպեսեւ Քրդստանի նահանգում նման գաղափարները ներմուծել է ԽՍՀՄ-ը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, ինչի հետքերն առայսօր մնացել են։
Հատկանշական է, որ Իսրայել-Ադրբեջան բարեկամությանն ու ընդհանուր շահերին ծառայելուն հավատարիմ է ոչ միայն պաշտոնական Թել Ավիվը. իսրայելցի լրագրողներն ու վերլուծաբանները, քարոզելով Բաքվի տեսակետները, կարեւորում են «Հարավային Ադրբեջանը» «Հյուսիսայինի» հետ միավորելու հարցը։ Իսրայելցի վերլուծաբան, «Կանայք եւ Ջիհադը» գրքի հեղինակ, «Տնտեսական խաղաղություն» հետազոտական կենտրոնի խմբագիր Ռաշել Աբրահամն իսրայելյան հեղինակավոր «Իսրայել Հայոմ» օրաթերթում հեղինակել է վերոհիշյալ բովանդակությամբ վերլուծական, որը թարգմանաբար հրապարակվել է նաեւ Բաքվի ԶԼՄ-ներում։ Աբրահամը, պաշտպանելով Ադրբեջանի շահերը, որոնք տվյալ դեպքում համընկնում են նաեւ Իսրայելի շահերին, սեւացնելով իրանցիներին, ինչպես նաեւ հայերին, գրում է. «Այժմ, երբ Իրանում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք ուղղված են վարչակարգի փոփոխությանը, պատեհ առիթ է ստեղծվել ներկա դրությամբ Իրանի մաս կազմող «Հարավային Ադրբեջանը» կրկին «Հյուսիսային Ադրբեջանին» միացնելու համար, ուստի խիստ կարեւոր է, որ մենք՝ իսրայելցիներս, ջանք չխնայենք այդ ուղղությամբ, ինչը կհանգեցնի Միջին Արեւելքում կայունության ու խաղաղության հաստատմանը»։
Եվ, ահա, Իսրայելի 120 անդամ ունեցող խորհրդարանի՝ Կնեսեթի 32 անդամ նամակ է հղել երկրի ԱԳ նախարար Էլի Քոհենին, որում, մասնավորապես, նշված է. «Միջազգային հանրության լայն աջակցությամբ պետք է Հարավային Ադրբեջանում հովանավորել ազգային իղձերի իրականացումը, ինչը մահացու հարված կլինի այաթոլաների իշխանությանը։ Կասկածից վեր է, որ եթե ձեւավորվի Հարավային Ադրբեջանի անկախ պետություն, Իսրայելն Ադրբեջանի կողքին տարածաշրջանում կունենա մեկ այլ դաշնակից»։ Նամակում նաեւ շեշտվել է, որ ադրբեջանցիները 20 միլիոն քանակով ամենամեծ ազգային խումբն են Իրանում։ Ապա ընդգծվել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը նրանց հանդեպ «մշակութային ցեղասպանություն է իրականացնում», թույլ չի տալիս մայրենի լեզվով կրթություն ստանալ եւ այլն։ Միաժամանակ ստորագրողները շեշտել են, թե տարածաշրջանում Բաքուն Իսրայելի ամենակարեւոր ռազմավարական դաշնակիցն է։ Ստորագրողների մեծ մասը՝ 20-ը, Նաթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» եւ կոալիցիայի կրոնական աջ ծայրահեղական հոգեւորականների կուսակցությունների, ինչպեսեւ Նաթանյահուի հակառակորդ «Ավիկդոր Լիբերմանի» ու նրա պահպանողական կուսակցության՝ «Մեր տունն Իսրայելն է»-ի անդամներն են։ Սա նշանակում է, որ Իսրայելում դիմությունն ու ընդդիմությունը համակարծիք են երկրի ընդհանուր շահերի հարցում։
Նամակը լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում, դրան հակադարձել են իսրայելյան ԶԼՄ-ները։ ԻԻՀ-ի արտերկրյա ընդդիմադիր որոշ կազմակերպություններ, խիստ դատապարտելով, շեշտել են, թե այն ակնհայտորեն ընդդեմ Իրանի գոյության է։ Թեեւ որոշ ԶԼՄ-ներ, հենվելով Իսրայելի կառավարության անդամներից մեկի արտահայտած տեսակետների վրա, նշել են, թե դա բնավ էլ չի արտացոլում պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումը, եւ վերջինս լիովին հավատարիմ է Իրանի տարածքային ամբողջականությանը։ Նա հավելել է նաեւ, որ նամակում արտահայտված տեսակետները ստորագրողների անձնական դիրքորոշումն են։ Ծագումով իրանցի հրեա լրագրող Ռոզա Փարթոն, դիմելով Իսրայելի գաղտնի ծառայությունների նախարար Գիլա Գամլիլին, պահանջել է քննության առնել նամակը։ Փարթոն նշել է, թե իրանցի հրեաների, ինչպես բոլոր իրանցիների համար, երկրի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է։ Հավելենք նաեւ, որ արքայազն Ռեզա Փեհլեւին եւս, որ Գամլիլի հրավերով վերջերս Իսրայել էր այցելել, խիստ քննադատելով՝ այդօրինակ պահանջ էր ներկայացրել։ Ավելի ուշ Գամլիլը հանդիպել է հիշյալ պատգամավորների հետ, ինչից հետո ոմանք հետ են վերցրել իրենց ստորագրությունները։ Սակայն մեկնաբաններից ոմանք, այդ թվում՝ ծագումով Իրանի ադրբեջանցի, արտերկրում ապրող Փեյման Արեֆը BBC-ում հարցի քննարկմանը նշել է, որ Իրանի (եւ ոչ միայն) մասնատումն Իսրայելի աջ ուժերի ռազմավարական ծրագրերից է։ Այսուհանդերձ, նամակը հրապարակվել է հենց Քոհենի՝ Ադրբեջան կատարած այցից հետո, ինչը հազիվ թե պատահականություն լինի։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նման զարգացումները՝ Իրանի մասնատումը որպես թշնամի երկիր, լիովին համընկնում է Իսրայելի շահերին։
Ի դեպ, Իրանի մասնատման վերաբերյալ առաջին անգամ չէ, որ Իսրայելը խոսել է։ 2015 թ., շուրջ երկու տարի տեւողությամբ, Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի բանակցություններում դրական ելքն ակնհայտ էր եւ հաջողությամբ պսակվեց նույն թվականի հուլիսի 14-ին, ինչին կտրականապես դեմ էին Իսրայելն ու Սաուդյան Արաբիան։ Թեեւ Էր-Ռիյադը չի ճանաչել Իսրայելի անկախությունը եւ այդ երկրի հետ ունի նաեւ այլ լուրջ տարաձայնություններ, սակայն այդ հանգամանքով պայմանավորված, սկսած 2014-ից, նրանց ներկայացուցիչները տարբեր երկրներում 5 գաղտնի հանդիպումներ են ունեցել, ինչի արդյունքում 2015 թ. հունիսի 5-ին Միջին Արեւելքի հարցերով ընդհանուր հայտարարի են եկել 7 կետից կազմված ծրագրի շուրջ։ Ծրագրի առաջին կետը վերաբերում էր Պաղեստին-Իսրայել խաղաղությանը, 2-րդը՝ Իրանի իսլամական վարչակարգի տապալմանը, 3-րդը՝ «Մեծ Քրդստան» անկախ պետություն ստեղծելուն, որն ընդգրկելու էր Թուրքիայի, Իրաքի ու Իրանի քրդաբնակ տարածքները։ Հիշյալ երկրների տարածքային ամբողջականությունը թիրախ դարձնելը կարելի է պայմանավորել նաեւ տվյալ ժամանակահատվածում Իսրայել-Թուրքիա, ինչպեսեւ Էր-Ռիյադ-Անկարա փոխհարաբերությունների լարվածությամբ, բնականաբար, Իրանի հետ Իսրայելի թշնամական, իսկ Սաուդյան Արաբիայի հետ՝ խիստ լարված փոխհարաբերություններով։ Ինչ վերաբերում է Իրաքին, ապա Թել Ավիվը դեռեւս անցյալ դարի 90-ականների սկզբներին հայտարարել է, թե քրդերը հրեաների նման տառապյալ ազգ են եւ արժանի են ու պետք է անկախ երկիր ունենան Իրաքի տարածքում։ Ավելին՝ Իսրայելը միակ երկիրն էր, որ կողմ էր 2017 թ. Իրաքի Քրդստանի ինքնավարությունում անկախության հանրաքվեին։
Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանականների նամակին Իրանի արձագանքին՝ նշենք, որ այդ քայլն անմիջապես խստիվ դատապարտեցին երկրի ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանը, այնուհետեւ՝ ԱԳ նախարարության խոսնակ Քանաին։ Ազգությունների հարցերով փորձագետ Էհսան Հուշմանդը «Համմիհան» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, թե Իսրայելի նման քայլը Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության խառնաշփոթի հետեւանք է։ Ապա հավելել է, որ իրականում խնդրո առարկա նահանգներում համաթյուրքականները կշիռ չունեն, սակայն նրանցից ոմանք, զբաղեցնելով կրոնական ու քաղաքական պաշտոններ, խառնաշփոթ են առաջացրել, ինչի հետեւանքով անտեսվել է արտաքին քաղաքականության այդ կարեւոր ոլորտը։