Իսրայելական «Վահան եւ նետ» գործողությունը, որն սկսվել է Պաղեստինի իսլամական ջիհադի հրամանատարական օղակի վերացումով, հերթական զինված լարվածությունն է հրահրել Գազայի հատվածի շուրջ։ Մայիսի 10-ին երեք ժամ տեւած փոխադարձ գնդակոծության ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 250 հրթիռ է արձակվել։ Սա նոր քննություն է դարձել Բենիամին Նաթանյահուի գլխավորած կառավարության համար. իշխող կոալիցիայի աջ կրոնական հատվածը քննադատության է արժանացել գործընկերների կողմից մարտերից քաղաքական օգուտներ քաղելու փորձերի համար: Սակայն հիմնական ինտրիգը ստեղծել են տատանումները ՀԱՄԱՍ-ի վերնախավի ներսում: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 10-ին հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում Պաղեստինի իսլամական ջիհադի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք նախատեսված են հրթիռների արձակման համար: Հրետակոծությանը միացել են նաեւ տանկային ստորաբաժանումները։ Դա հանգեցրել է պատասխան հրետակոծության, որի գոտում հայտնվել են ոչ միայն Գազայի հատվածին սահմանակից շրջանները, այլեւ Իսրայելի կենտրոնական քաղաքները, այդ թվում՝ Թել Ավիվը: Իշխանությունները հաշվել են մոտ 170 հրթիռ՝ արձակված երկու ժամվա ընթացքում: Փոխադարձ հրետակոծությունը Նաթանյահուն բնութագրել է որպես փորձ Իրանի կողմից՝ «սկսելու ռազմական արշավ մի քանի ճակատներում»: Վարչապետը նկատի է ունեցել Թեհրանի հովանու ներքո լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման, Սիրիայի հարավում շիա կազմավորումների եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ համակարգումը։
Ռազմական գործողությունները վերածվել են «Վահան եւ նետ» գործողության բնական շարունակության, որը հրեական պետության կողմից մայիսի 9-ի գիշերը կիրառվել է Գազայում Պաղեստինի իսլամական ջիհադի բարձրաստիճան հրամանատարների դեմ: Այդ ժամանակ անկլավի տարածքում ավիացիայի կողմից ոչնչացվել են ջիհադական խմբավորումների երեք առաջնորդներ։ Իսրայելի պաշտպանության բանակը չի կարողացել խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, սպանված հրամանատարները պատասխանատվություն են կրում ահաբեկչությունների նախապատրաստման համար։ Դա մի բջիջ է, որը, ինչպես ճշգրտել է նա, աշխատել է նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափին։ «Պաղեստինի իսլամական ջիհադն ամբողջությամբ ֆինանսավորվում է Իրանի կողմից. ձեռքերը պաղեստինյան են, բայց ձայնը՝ իրանական,- ընդգծել է Բարը:- Մենք թույլ չենք տա Իրանին՝ աշխատելու միջնորդների միջոցով»:
«Վահան եւ նետի» շրջանակներում խաղաղ բնակիչների մահը խոչընդոտ է ստեղծել միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու Իսրայելի ջանքերի համար: Այս մասին հայտարարել են իսրայելական «Հաարեց» հանդեսի աղբյուրներն արեւմտյան դիվանագիտական կորպուսում։ Նրանց խոսքերով՝ լրացուցիչ գործոն է ստեղծում կառավարության մեջ աջ կրոնական թեւի սադրիչ պահվածքը։ Այսպես՝ բարձրաստիճան դիվանագետներից մեկը մատնանշել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից գործողությունը անձնական արժանիքների ցուցակ մտցնելու փորձը։ «Այստեղ (Արեւմուտքում.- խմբ.) բոլորը գիտեն, որ նա չի մասնակցել որոշումների կայացմանը, բայց կան մարդիկ, ովքեր լրատվամիջոցներում տեսնում են Իսրայելի ազգային անվտանգության նախարարի մեջբերումը եւ կարծում են, որ նա է ինքնաթիռներ ուղարկելու հրաման տվել»,- պարզաբանել է «Հաարեցի» աղբյուրը։
Մայիսի 9-ի գիշերը տեղի ունեցածը Բեն-Գվիրն անվանել է «լավ սկիզբ»: «Եկել է ժամանակը՝ փոխելու մեր քաղաքականությունը Գազայի նկատմամբ»,- հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ նախարարի գլխավորած աջ ծայրահեղական «Հրեական ուժ» կուսակցությունը հանդես է եկել առանձին դիմումով, որում տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել Կնեսետի (խորհրդարանի) նիստերի, քվեարկությունների եւ կառավարական հանդիպումների իր բոյկոտը։ Այն նախաձեռնվել էր մեկ շաբաթ առաջ՝ ի նշան առանձին հարձակումների հարցում թույլ արձագանքների դեմ բողոքի: Կուսակցության ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել, որ կառավարությունը, իբր, ընդունել է իրենց դիրքորոշումը Գազայի հատվածի նկատմամբ եւ «զսպումից անցել է հարձակման Պաղեստինի իսլամական ջիհադի բարձրաստիճան գործիչների նպատակային սպանությունների շրջանակներում»:
Հայտարարությունների հայտնվելը դժգոհություն է առաջացրել կոալիցիայի ներսում։ Պարզվել է, որ Բեն-Գվիրը նույնիսկ տեղեկացված չի եղել «Վահան եւ նետի» գործարկման մասին, իսկ գործողության կազմակերպման հարցը չի քննարկվել ռազմաքաղաքական կաբինետի նիստերում։ Ըստ «Էդիոթ Ահրոնոտի»՝ գաղտնիության ռեժիմը հատուկ է օգտագործվել՝ մտավախության պատճառով, որ Բեն-Գվիրը «պատահաբար կշաղակրատի եւ վտանգի տակ կդնի Իսրայելի պաշտպանության բանակը»: Կառավարության ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ մասնավոր զրույցներում, բացի այդ, մատնացույց են արել, որ «Հրեական ուժի» նախագահը «շինծու ճգնաժամ է ստեղծել կոալիցիայի ներսում՝ ուշադրություն գրավելու համար»։ «Իսրայելի քաղաքականության մեջ (Գազայի հատվածի հանդեպ.- խմբ.) որեւէ փոփոխություն չկա»,- շեշտում են նրանք։
Ամերիկացի վերլուծաբանները միեւնույն ժամանակ չեն բացառում, որ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Իրանը, որն անկլավը համարում է պոտենցիալ ճակատ։ Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետների գնահատականների համաձայն՝ տարածաշրջանային գործոնների մի ամբողջ շարք, այդ թվում՝ Թեհրանի մասնակի հաշտեցումը Էր-Ռիյադի հետ, երկարաժամկետ հակամարտության սառեցումը Եմենում եւ բնական ելքը դեպի «միջուկային գործարքի» միջազգային օրակարգ իրանական կողմին կարող է վստահություն հաղորդել սեփական ուժերի նկատմամբ։ Այս իրավիճակն անխուսափելիորեն կհանգեցնի Իսրայելի համար սպառնալիքի մեծացման։ Ըստ Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետների գնահատականների՝ Պաղեստինը հնարավոր բռնկման ամենահավանական էպիկենտրոնն է։
Իր հերթին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտը նշում է, որ «Վահան եւ նետի» ընթացքում ինտրիգ է ներկայացնում այն, թե արդյոք ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է Գազայի վարչակազմը, կմիանա՞ ինտենսիվ հարվածներին։ «ՀԱՄԱՍ-ի հրապարակային ղեկավարությունն սպառնացել է, որ մարտի մեջ կմտնի, բայց դա դեռ պետք է պարզել,-նշում են ինստիտուտի հետազոտողները:- Եթե ՀԱՄԱՍ-ը տեսադաշտից դուրս մնա, կարելի է գործողություն սպասել, որն իր ձեւով ու տեւողությամբ նման կլինի Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ռազմական գործողություններին: ՀԱՄԱՍ-ի ընդգրկումը կարող է կրակ սադրել նաեւ հյուսիսային ճակատից»։ Ըստ այդ գնահատականների՝ ուշադրություն պահանջող ասպարեզը արաբա-հրեական խառը բնակչությամբ իսրայելական քաղաքներն են։
Այս ամիս բրիտանական «Times»-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի ղեկավարությունը վերադարձել է իր տարածաշրջանային դաշնակիցների հետ լիարժեք պաշտպանական համաձայնագրի ստորագրման գաղափարին: Թերթի հետ զրուցած պաշտոնյաների խոսքերով՝ ռազմական դաշինք ստեղծելով՝ Թեհրանը մտադիր է մեծացնել համակարգումը Իսրայելի հետ դիմակայության շրջանակներում։