Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն

Այն չի փոխվում կառավարությունների եւ ղեկավարների փոփոխությամբ

Մայիսի 12, 2023
Միջազգային
Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաղը Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կարեւոր են լինելու ինչպես այդ երկրի, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից։ Սոցիոլոգիական հարցումները կանխատեսում են երկրորդ փուլի հավանականություն, սակայն եթե, ավելի վաղ արված հարցումների համաձայն, բարձր էին գործող նախագահին տրվող ձայները, ապա վերջին տվյալների համաձայն` ընդդիմության միասնական թեկնածուն ավելի շահեկան դիրքում է։ 

Հինգշաբթի օրը հրապարակված «Կոնդե» ընկերության հասարակական կարծիքի ուսումնասիրման նոր հարցման տվյալներով` Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հավաքել 43.7 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 49.3 տոկոս։ «Հայրենիք» կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեին վստահում է ընտրողների 2.2 տոկոսը, իսկ ATA դաշինքից (Թուրքիայի հիմնադիր Աթաթյուրքի կրճատ անվանումը) առաջադրված Սինան Օգանին՝ 4.8 տոկոսը: Հարցման արդյունքները մոտ են մայիսի սկզբին անցկացված մեկ հետազոտության արդյունքներին, որտեղ Էրդողանը կորցրել էր 4 տոկոս ձայն։ «Կոնդեն» միաժամանակ նշում է, որ քվեարկությունից առաջ վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է Քըլըչդարօղլուի աջակցության մեծացման միտում, եւ եթե դա շարունակվի, ընտրությունները կավարտվեն առաջին փուլում՝ նրա հաղթանակով։ Համեմատության համար պետք է նշել, որ ապրիլի 20-ից մայիսի 9-ը հանրապետության բոլոր նահանգներում 65 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը տալիս է Էրդողանի հաղթանակն առաջին փուլում՝ 50.6 տոկոս: Քըլըչդարօղլուն հավաքում է 44.8 տոկոս, Ինջը՝ 1.7, իսկ Օգանը՝ 2.9 տոկոս։ Նկատենք, որ հինգշաբթի օրը հրապարակված սոցհարցման արդյունքներն ամփոփում են մայիսի 6-7-ը երկրի 81 գավառներից ընդամենը 35-ում՝ 3.4 հազար քաղաքացիների հետ անձնական հարցազրույցների պատկերը։ Այստեղ էական կարող է լինել այն, թե որ նահանգներն են ընդգրկվել, իսկ որոնք՝ շրջանցվել։ Ի վերջո, հրապարակված արդյունքները հանրային շրջանակներում կարող են «հուշող» գործառույթ կատարել հոգեբանական որոշակի տրամաբանություններ զարգացնելու նպատակով, քանի որ մարդկանց մեծ մասը նախընտրում է լինել «հաղթողի թիմից»։ Նշենք, որ քվեարկելու իրավունք ունի 60.7 միլիոն քաղաքացի, իսկ 3.42 միլիոնը գրանցված է արտասահմանում, որը համապատասխանում է ընդհանուր ընտրազանգվածի 5.3 տոկոսին։ 2018 թ. նախագահական ընտրություններում այդ ցուցանիշը կազմել էր 5.1 տոկոս կամ 3.04 մլն։

Ընտրություններից ընդամենը երեք օր առաջ «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը։ «45 օր դիմադրել եմ. ես հանում եմ իմ թեկնածությունը, սա անում եմ իմ երկրի համար»,- ասաց նա՝ մեղադրելով հակառակորդներին իր հեղինակությունը ոչնչացնելու փորձերի մեջ։ «Euronews»-ը ապրիլին վերլուծել էր վեց թուրքական վերլուծական կենտրոնների տվյալները, վեցից հինգը ամրագրում են Քըլըչդարօղլուի առավելությունն առաջին փուլում, սակայն դա բավարար չի լինի 50 տոկոսանոց արգելքը հատելու համար։ Ակնկալվում էր, որ մինչեւ երկրորդ փուլը Քըլըչդարօղլուն կստանա Ինջեի ձայները, ինչը կավելացնի նրա առավելությունը Էրդողանի նկատմամբ։ Սակայն ինչպես ասում են՝ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», եւ արդեն առաջին փուլի ժամանակ Ինջեի ձայները կարող են առավելություն ապահովել ընդդիմությանը։ Քըլըչդարօղլուն նախագահական մրցապայքարից իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեին հրավիրել է միանալ ընդդիմությանը՝ առաջարկելով «մի կողմ թողնել հին դժգոհությունները»։ Հիշեցնենք, որ Ինջեն մասնակցել է 2018 թ. ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու եւ ստանալով ձայների ավելի քան 30 տոկոսը՝ զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ուշագրավ են Արեւմուտքից եկող ազդակները Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարող երկու հիմնական թեկնածուների վերաբերյալ։ Արեւմտյան լրատվամիջոցներում ավելի հաճախ են Էրդողանին սուր քննադատության ենթարկում, եւ նրա դեմ քվեարկելու կոչեր են արվում։ Այսպես՝ «The Economist»-ը «2023 թվականի ամենակարեւոր ընտրությունը» խորագրով քննարկման շրջանակներում անդրադառնում է Էրդողանի ղեկավարության տարիներին երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակին՝ համարելով, որ այն վատթարացել է, ինչը դրսեւորվել է «կենսամակարդակի իջեցմամբ՝ անհետեւողական դրամավարկային քաղաքականության եւ հիմնական ֆինանսական պաշտոններում ոչ կոմպետենտ կադրերի նշանակման հետեւանքով»։ Այդ ամենն էլ հանգեցրել է գնաճին, որն անցյալ տարի հասել է գագաթնակետին եւ կազմել 86 տոկոս։ Արձանագրվում է, որ վատթարացել են նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները «Ռուսաստանի հետ մերձեցման եւ ավտորիտար ռեժիմի հաստատումից տուժած ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների թուլացման պատճառով»։

Որպես արդյունք՝ երկրում առկա մթնոլորտը շատ ընտրողների ստիպում է նախապատվությունը տալ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին եւ նրա դաշինքին, որի նախընտրական օրակարգն ավելի գրավիչ է թվում, քանի որ այն խոստանում է վերականգնել Կենտրոնական բանկի անկախությունը, գնաճն իջեցնել միանիշ թվի, վերականգնել երկրում օտարերկրյա ներդրումները, ինչպես նաեւ վերադարձ դեպի խորհրդարանական հանրապետություն, որը փոխվել էր 2017 թ. նոր սահմանադրությամբ։ Ըստ «The Economist»-ի՝ ընդդիմության հաղթանակը ձեռնտու կլինի ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին, այլեւ նրա արեւմտյան հարեւաններին՝ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին։ Քըլըչդարօղլուի հաղթանակը կնշանակի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերսկսում։

«The Washington Post»-ը նույնպես անդրադարձել է ընտրություններին եւ դրա ազդեցությանը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակում՝ խուսափելով կոշտ քննադատությունից եւ կենտրոնանալով առավելապես այս կամ այն հարցի վերաբերյալ թեկնածուների մոտեցումների վրա։ Այնուամենայնիվ, քողարկված դրական է համարվում ընդդիմադիր գործչի հաղթանակը, քանի որ վերջինս խոստանում է չխոչընդոտել Շվեդիային ՆԱՏՕ մուտք գործելու ճանապարհին, ինչպես նաեւ աշխուժացնել Եվրամիության հետ Թուրքիայի լարված հարաբերությունները։ Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելն օրեր առաջ լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն ազդի ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունների վրա։ «Մենք կշարունակենք համագործակցել ցանկացած կառավարության հետ, որը կընտրի թուրք ժողովուրդը: Մենք կշարունակենք խորացնել այդ հարաբերությունները, կձգտենք համագործակցության տարբեր ոլորտներում եւ ընդհանուր առաջնահերթություններում»,- ասել էր նա՝ ընդգծելով Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից եւ երկիր, որն օգնեց կյանքի կոչել «Սեւծովյան հացահատիկի» նախաձեռնությունը: «Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ընտրություններում կողմ չի բռնում: Մենք միայն հույս ունենք տեսնել ազատ եւ արդար ընտրություններ՝ հիմնված ժողովրդավարական գործընթացի վրա»,-հավելել է Պատելը։

Մյուս կարեւոր արտաքին քաղաքական խաղացողը Ռուսաստանն է, որի վերաբերմունքը կարելի է գնահատել՝ ելնելով բնական գազի վճարումը մինչեւ 2024 թ. հետաձգելու Էրդողանի խնդրանքը բավարարելուց։ «Reuters»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիան պայմանավորվել է «Գազպրոմբանկի» հետ բնական գազի դիմաց վճարումները 600 մլն դոլարով հետաձգելու մասին։ Էրդողանի համար գազի դիմաց վճարումների հետաձգման համաձայնությունը չափազանց կարեւոր է ընտրություններին ընդառաջ քաղաքացիների դժգոհությունը կանխելու առումով։ Դա Թուրքիայի սպառվող արտարժույթի պահուստների վրա եղած ճնշումը թուլացնելուն ուղղված քայլերից մեկն է, որն այժմ Թուրքիայի Կենտրոնական բանկն ակտիվորեն ծախսում է թուրքական լիրային աջակցելու համար։ Բնականաբար, նման որոշումներն ունենում են նաեւ քաղաքական գին, թե ինչ կվճարի Թուրքիան քաղաքական առեւտրում, կամ ինչ կկորցնի Ռուսաստանը հեռանկարում, պարզ չէ։ Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիայի հանդեպ «մեծահոգությունը» հաճախ նմանվում է սեփական ոտքին կրակելուն։

Հայաստանի մասով, ինչպես բազմիցս նշել ենք, ընտրությունների արդյունքներով պայմանավորված ընդգծված դրական զարգացում պետք չէ ակնկալել։ Այն նման կլինի վատի եւ վատագույնի միջեւ եղած տարբերության։ Կա թուրքական պետության հստակ քաղաքականությունը, որը չի փոխվում կառավարությունների եւ ղեկավարների փոփոխությամբ։ Հայտնի է, որ 2023 թ. Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակները կանցկացնեն ավելի քան տասը համատեղ զորավարժություններ, այսինքն՝ Հայաստանի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի հովանավորն ու աջակիցը շարունակում է մնալ Թուրքիան։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան իրականում քաոս է տարածում

Թուրքիան իրականում քաոս է տարածում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist