Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները մայիսի 17-19-ը կմասնակցեն «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովին եւ բանակցություններ կվարեն ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները ներդրումային նոր փաթեթ ստանալու հույս ունեն, առավել եւս, որ գագաթնաժողովի նախօրեին Չինաստանի ղեկավարն արդեն հայտարարել է «մեծ պլանների» քննարկման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կարծիքով՝ անհրաժեշտ է փոխշահավետ հարաբերություններ ստեղծել Պեկինի հետ, եւ «մերձեցման հարցում կասկածներ չպետք է լինեն»:
«Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը տեղի է ունենում աշխարհի հնագույն քաղաքներից մեկում՝ Չինաստանի նախկին մայրաքաղաք Սիանում, որտեղից սկսվել է «Մետաքսի ճանապարհը»: Հյուրերին, անկասկած, կցուցադրեն Չինաստանի ուժն ու հզորությունը խորհրդանշող 8000 հոգանոց հախճապակյա բանակը եւ չին առաջին կայսր Ցին Շի Հուանգի դամբարանը։ Այսօր Սիանը Չինաստանի ղեկավարության կողմից համարվում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության կենտրոն, որտեղ կենտրոնացված են գիտական, կրթական, լոգիստիկ, գործարար եւ այլ հնարավորություններ համատեղ նախագծերի իրականացման համար։
Փորձագետներն ակնկալում են, որ երկրների պատվիրակությունները կքննարկեն «Մետաքսի ճանապարհի», հատկապես՝ Միջին միջանցքի եւ այդ երկրները կապող երկաթուղու զարգացման հեռանկարները։ Դրանց թվում են ինտերմոդալ փոխադրումները (բեռի փոխադրում «դռնից՝ դուռ»՝ օգտագործելով տրանսպորտի մի քանի եղանակներ, պատրաստված եւ իրականացված նույն կենտրոնի միասնական ղեկավարության կողմից)՝ Կասպից ծովի ներառմամբ եւ Ղազախստանի ու Թուրքմենստանի նավահանգիստների միջոցով։ Մասնագետները նաեւ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ «China-EuropeExpress» ուղղության ավելի ու ավելի շատ գնացքներ են ավարտում իրենց ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիայում: Այս մասին հայտնում է «LogiStan»-ի տելեգրամյան ալիքը։ Սա խոսում է այն մասին, որ Չինաստանն աստիճանաբար ամրապնդում է տնտեսական կապերը տարածաշրջանի հետ։
Գագաթնաժողովի ընթացքում ակնկալվում է, որ Պեկինը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կստորագրի նոր լուրջ նախագծեր, այդ թվում՝ տերմինալի կառուցումը Կասպից ծովի Կուրիկ նավահանգստում։ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանի Կուրիկ նավահանգստում մինչեւ 2025 թ. «Սարժա» բազմաֆունկցիոնալ ծովային տերմինալ կառուցելու մտադրության մասին։ Նախագծի իրականացման համար պահանջվում է 346.4 մլն դոլար։ Պատահական չէ, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը «China Central Television»-ի եթերում ընդգծել է, որ զարգացման համար Ղազախստանին անհրաժեշտ են նոր համաձայնագրեր եւ գործարքներ, երկիրը պետք է շարունակի ջանքեր գործադրել ղազախական տնտեսական կապերն աշխարհում առաջ մղելու համար։ Նա նաեւ նշել է, որ Ղազախստանը շարունակում է պահպանել հավատարմությունը բազմավեկտոր քաղաքականությանը եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցել աշխարհի բոլոր երկրների հետ, չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին։
Տոկաեւը հայտարարել է երկիրը Եվրասիական մայրցամաքի քաղաքական եւ տնտեսական կյանքի կենտրոն դարձնելու իր ջանքերի մասին։ Նա ընդգծել է, որ Ղազախստանը կարեւոր դեր է խաղում աշխարհի այդ հատվածում առեւտրային ուղիների եւ միջազգային հարաբերությունների զարգացման գործում։ «Ղազախստանը շատ կարեւոր երկիր է։ Հավատում եմ, որ Ղազախստանի ապագան լուսավոր կլինի։ Ահա թե ինչու ես գործադրում եմ բոլոր ջանքերը՝ նպաստելու Ղազախստանի հետագա զարգացմանը՝ որպես զարգացած տնտեսությամբ ժամանակակից երկիր»,- ասել է Տոկաեւը։
Խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նշել է, որ այդ երկիրը կարեւոր դեր է խաղում Ղազախստանի արտաքին քաղաքականության մեջ։ Նա հիշեցրել է, որ Սի Ծինփինի հետ վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ժողովուրդների փոխշահավետ մերձեցման վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի հետ այս հանդիպման ժամանակ նախատեսվում է համաձայնագիր ստորագրել առանց վիզայի ռեժիմի մասին։ Ղազախստանի քաղաքացիները՝ ՉԺՀ-ում եւ չինացիները՝ Ղազախստանում կկարողանան առանց վիզայի մնալ սահմանը հատելուց հետո մինչեւ 30 օր, իսկ 180-օրյա ժամկետում՝ 90 օր: Տոկաեւը Չինաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման հույս է հայտնել եւ շեշտել, որ առանց վիզայի համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ:
ՉԺՀ-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում տնտեսական ծավալներով, եւ, ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, «այդ փաստը պետք է ճանաչվի եւ օգտագործվի փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար»։ Նա նշել է, որ Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում միանգամայն բնական է, բոլոր երկրները փորձում են օգուտ քաղել աշխարհի խոշորագույն տնտեսության հետ համագործակցությունից։ Տոկաեւն ընդգծել է նաեւ, որ Չինաստանը չի դիտարկում որպես սպառնալիք եւ չի պաշտպանում այդ հայեցակարգը։ Նա կարծում է, որ Չինաստանը Ղազախստանի լավ ընկերն է։ «Եթե նայենք մեր երկու երկրների պատմությանը, Չինաստանը երբեք չի վնասել ղազախներին։ Մենք հիշում եւ գնահատում ենք դա»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։
Միեւնույն ժամանակ Տոկաեւը նաեւ վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ՝ հայտարարելով. «Թայվանը Չինաստանի մի մասն է։ Բոլոր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, եւ այն պետք է հարգվի։ Այդ սկզբունքն ամրագրված է նաեւ ՇՀԿ-ի հռչակագրի եւ կանոնադրության մեջ։ Այնպես որ, կրկնում եմ, մեզ համար բացարձակապես պարզ է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է»։
ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է այս գագաթնաժողովն օգտագործել որպես տարածաշրջանի երկրների հետ տնտեսական եւ առեւտրային համագործակցության ամրապնդման հնարավորություն: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նախարարության հաղորդման համաձայն՝ Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի միջեւ փոխգործակցությունը զգալի մակարդակի է հասել դիվանագիտական հարաբերությունների ավելի քան 30-ամյա պատմության մեջ։ 2022 թ. Չինաստանի եւ այդ հինգ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 70 մլն դոլարի, 2023 թ. առաջին եռամսյակում գրանցվել է տարեկան կտրվածքով 22 տոկոս աճ՝ կազմելով 17.8 մլրդ դոլար: Այս 30 տարվա ընթացքում բարելավվել է առեւտրի կառուցվածքը։ Չինական գերատեսչության տվյալներով՝ Անցյալ տարի Կենտրոնական Ասիայի երկրներից Չինաստանի գյուղատնտեսական, էներգետիկ եւ հանքային ապրանքների ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 50 տոկոսով, իսկ ինժեներական եւ էլեկտրոնային ապրանքների արտահանումն այդ երկրներ աճել է 42 տոկոսով։ Մարտի վերջի դրությամբ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներում Չինաստանի ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 15 մլրդ դոլարը։
Չինաստանից ներդրումային հոսքի սպասման մեջ տեղեկություն տարածվեց, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է նախապատրաստում այն ընկերությունների եւ երկրների դեմ, որոնք, ինչպես կարծում են եվրոպական պաշտոնյաները, օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու սահմանափակումները:
Պատժամիջոցների 11-րդ փաթեթի թեկնածուների ցուցակում են Չինաստանը, Իրանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը։ Նոր փաթեթը կսահմանափակի նաեւ մատակարարումները դեպի երրորդ երկրներ, եթե նրանք եվրոպական ապրանքներ են վերաարտահանում Ռուսաստան: ԵՄ ոչ բոլոր անդամներն են համաձայն այս մոտեցմանը, ուստի նոր փաթեթի շուրջ բանակցությունները շարունակվում են: Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր փորձագետ Ադիլ Կաուկենովի խոսքով՝ Չինաստանի ԱԳՆ-ն արդեն բողոք է հայտնել չին-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններին «երրորդ կողմի միջամտության եւ հարկադրանքի» դեմ։ Սակայն Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթը կարող է բարդություններ ստեղծել Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների համար։
«Պեկինը մտադիր է օգտագործել այս իրավիճակը՝ արեւմտյան երկրների ճնշումներից պաշտպանության երաշխիքների քննարկման եւ բանակցությունների համար։ Այսպիսով՝ «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք Չինաստանը կկարողանա՞ օգտվել Բրյուսելի կոշտությունից եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ճնշումներից պաշտպանվելու երաշխիքներ տալ՝ դրանով իսկ իր ազդեցությունը բարձրացնելով նոր մակարդակի։ Կամ, ընդհակառակը, նա ցույց կտա իր թուլությունն արեւմտյան պատժամիջոցների մեքենայի առջեւ եւ զբաղված կլինի սեփական ընկերությունների փրկությամբ»,-«Նեզավիսիմայա գազետային» ասել է Կաուկենովը: