Արցախյան վերջին պատերազմը ողջ հայությանը ոտքի հանեց, եւ հազարավոր հայորդիներ շտապեցին առաջնագիծ: Սակայն առաջինը սահմանին կանգնած ժամկետային զինծառայողներն զգացին թշնամու հարվածը: Անմասն չմնաց նաեւ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղը, որի զավակները՝ ժամկետային, պահեստազորային եւ կամավորական, պաշտպանում էին Հայոց աշխարհի՝ Արցախի սահմանը: Արցախյան առաջին գոյամարտի տարիներին հարյուրավոր գեղհովիտցիներ ոտքի ելան եւ հաղթանակած տուն եկան: Այդ ժամանակ հերոսաբար մարտիրոսվեցին Արսեն Մկրտչյանը, Հարություն Սաֆարյանը: Հետագա խաղաղ տարիներին սահմանում զոհվեց 8 հոգի:
Մայիսի 24-ին մարդաշատ էր Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի բակը: Տեղի ունեցավ այս կրթօջախից նորօրյա պատերազմում մարտիրոսված Վահե Թովմասի Ասատրյանին, Ռադիկ Էդգարի Թաթոսյանին, Գագիկ Գառնիկի Հովհաննիսյանին եւ կամավորական՝ 1978 թ. հուլիսի 12-ին ծնված Երվանդ Ավետիքի Խաչատրյանին նվիրված խաչքար-հուշակոթող-պուրակի բացումը:
Վահեն ծնվել է 2001 թ. նոյեմբերի 12-ին, զորակոչվել է բանակ 2020 թ. հուլիսի 7-ին: Սովորում էր Երեւանի հենակետային պետական բժշկական քոլեջում: Ծառայության է անցել Հադրութի զորամասում: Հերոսաբար մարտնչել է եւ նահատակվել Շուշիի համար մղվող մարտերում, դիպուկահարի գնդակից: Ռադիկը ծնվել է 2002 թ. ապրիլի 9-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մարտունու պետական բժշկական քոլեջ եւ 2020 թ. հուլիսի 1-ին զորակոչվել Հայոց բանակ: Ծառայում էր Արցախի Մարտունու տարածքում: Մասնակցել է պատերազմական գործողություններին, մարտնչել հերոսաբար ու ողջ մնացել: Սակայն մահացել է 2021 թ. հունվարին մարտական հենակետում ծանր հիվանդանալուց հետո: Գագիկը ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 9-ին: 2020 թ. հուլիսի 1-ին զորակոչվել է, ծառայում էր Հադրութում: Պատերազմի օրերին, որպես հմուտ հրաձիգ, եղել է ջոկի հրամանատար եւ իր ջոկով քաջաբար պաշտպանել է հայրենիքը: Ընկել է հերոսաբար: Երվանդը նույնպես մարտնչել է քաջաբար, մի քանի անգամ իրենց ջոկատն ընկել է շրջապատման մեջ, դուրս են եկել, բայց այս պատերազմում շատերը նահատակվեցին: 44-օրյա պատերազմում անհետ կորած է համարվում գյուղի բնակիչ Արամ Անդրանիկի Սվարյանը: Ծնվել է 2001 թ. ապրիլի 8-ին, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), որտեղից եւ 2020 թ. հոկտեմբերի 2-ին վերջին անգամ կապ է հաստատել հարազատների հետ, ովքեր հավատում են՝ մի օր տուն է գալու իրենց որդին:
Հուշարձանն օրհնեց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ տեր Երեմիա քահանա Սարգսյանը, ով դիմելով ներկաներին՝ խնդրեց աղոթքով հիշել բոլոր նահատակներին, ովքեր իրենց արյամբ են գծել Հայոց սահմանը: Տերունական աղոթքով հոգեւոր հայրն օրհնեց նորակառույց հուշակոթողը եւ դիմելով նահատակների մայրերին՝ ասաց. «Ձեր նահատակ զավակները դարձել են բարեխոս դեսպաններ Տիրոջ մոտ: Միայն աղոթքով եւ զորակցությամբ կարող ենք մխիթարել ձեզ»: Տեր հայրը կարեւորեց մեր միասնությունը, որպեսզի տեր կանգնենք հերոս նահատակների արյամբ սրբացած հայրենիքին: Դպրոցի տնօրեն, ազատամարտիկ Էդուարդ Ասլանյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց՝ նորօրյա պատերազմում նահատակված իր սաները նույն դասարանից էին եւ անցած տարի այս օրերին միասին Վերջին զանգի արարողության եռուզեռի մեջ էին: Ուրախությամբ են բանակ մեկնել տղաները: Սակայն եղավ պատերազմ, ու հերոսաբար նահատակվեցին տղաները, ովքեր դեռ նոր կյանք պետք է մտնեին: Անդրադառնալով հուշարձան-պուրակին՝ ասաց, որ նախաձեռնությունը դպրոցի զինղեկ, նախկին զինվորական Սեւակ Մարգարյանինն է, եւ միասին ձեռնարկել են կառուցումը: Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օժանդակել են այս հարցում: Մեծ է եղել հատկապես դպրոցի ուսուցիչների ու աշակերտների դերը, նաեւ՝ շինարարների, ովքեր մեծ սիրով են աշխատել: Էդ. Ասլանյանը հավելեց նաեւ՝ հուշարձանի մոտ տնկվելու են ծառեր, որոնք պետք է խնամեն դպրոցականները եւ միշտ հիշեն նահատակ տղաներին: Հույս հայտնեց նաեւ, որ վաղ թե ուշ ունենալու ենք հաղթանակներ, եւ պուրակն ունենալու է հաղթական կամար:
Այս հուշակոթողի մոտ, բացի հիշատակի օրերից, կնշվեն հաղթանակի օրեր, այստեղ դպրոցի շրջանավարտները կստանան իրենց ատեստատներն ու վկայականները, այստեղից բանակ կմեկնեն նորակոչիկները, այստեղ կայցելեն նորապսակները: Ելույթից հետո դպրոցի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց շինարարներին: Գեղհովիտի գյուղական համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հուշակոթողը նախաձեռնողներին ու շինարարներին, փառք տվեց նահատակ տղաներին՝ հավատով՝ ապագայում հաղթանակներ ենք ունենալու: Հավելեց նաեւ՝ բոլոր ժամանակներում, սկսած Մեծ հայրենականից մինչեւ վերջին պատերազմը, գեղհովիտցիները քաջաբար պաշտպանել են հայրենիքը, ունեցել են նաեւ նահատակներ ու հերոսներ: Նշեց, որ վերջին պատերազմում գյուղից 10 հոգի՝ ժամկետային ու պահեստազորային, վիրավորվել են: Մաղթեց նրանց առողջություն: Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց, որ հուշակոթողը դպրոցի բակում է, եւ ասաց. «Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պարտավորություն։ Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։ Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է՝ երբեք չընկճվեք, հպարտ մնացեք, քանի որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։ Նույն հպարտությունը պետք է զգան այս դպրոցի ուսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել մեր հերոսների անմահ սխրանքներում։ Մեր քաջարի հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։ Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրել ու արարել, շենանալ ու հզորանալ»:
Ելույթներից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրում եւ ծաղիկների խոնարհում: Առաջինը հուշակոթողի մոտ ծաղիկ խոնարհեց Մեծ հայրենականի վետերան Գառնիկ Մարտիրոսյանը: Նա եւ մյուս վետերան Վոլոդյա Մուսիկյանը համայնքապետի կողմից նվեր ստացան: Ծաղիկների խոնարհումից հետո տեղի ունեցավ գեղարվեստական մաս: Ներկաներին իրենց ելույթներով հուզումնալից պահեր պարգեւեցին Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։
Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից հուշանվերներ հանձնվեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: Նշեմ, որ այս պատերազմում 2020 թ. հոկտեմբերի 10-ին նահատակվեց նաեւ գյուղի նախկին բնակիչ, Գեղհովիտի թիվ 2 դպրոցի շրջանավարտ Մանվել Դարվինի Ըռքոյանը, ով բնակվում էր Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում եւ հուղարկավորված է այդ գյուղի հանգստարանում՝ հերոսներին նվիրված հատվածում:
Արարողությունից հետո զրուցեցի նահատակ-հերոս Վահեի հոր՝ Թովմաս Ասատրյանի հետ: Ասաց՝ պետք է արժեւորվի զինվորը, պետք է մեր սերունդները լավ ճանաչեն նահատակ զինվորներին, ովքեր չեն պարտվել: Ի դեպ, խաչքարը քանդակել է Օդիսո Գալստյանը: