Իրականացավ երազը, որը տեսել էր Անին: Երազ, որը բարի չէր… Ապրում էին Ստեփանակերտում, սովորում նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, ամեն օր հանդիպում, բայց մտերմացան միայն հասուն տարիքում. մտերմացան ու զգացին՝ այլեւս չեն բաժանվելու…
-Հեշտ եղավ մեր մտերմությունը, միանգամից զգացի՝ Արտյոմի հետ եմ կյանքս կապելու,- պատմում է Անին,- ի վերուստ գիտեի՝ այդ մարդուն մերժել չեմ կարող. կարծես Աստծո կամոք էր ամեն ինչ։
Արտյոմ Արեգի Ավագյանը գերազանցությամբ ավարտել էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ուսումը շարունակում էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի մագիստրատուրայի իրավագիտության բաժնում։ Անի Միքայելի Վիրաբյանն ԱրՊՀ ուսանողուհի էր։ 2019 թ. ապրիլին կայացավ նրանց նշանադրությունը, որոշվեց հարսանիքի օր՝ 2020 թ. հուլիսի 26։ Սակայն ճակատագիրը նրանց համար այլ բան էր նախապատրաստել, եւ կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց Անիի ու Արտյոմի հարսանիքը: Արտյոմն աշխատում էր «Արցախէներգո» ընկերությունում, զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով։ Նորից հիշողությունների գիրկն է ընկնում Անին. «Պատերազմի նախորդ օրը երեկոյան մեր տանն էր, տորթ հյուրասիրեցի, չնայած շատակեր չէր, բայց երկրորդ կտորն ուզեց. «Երեւի էլ չհասցնեմ տորթ ուտել»։ Տուն գնալուց նրա ճկույթին դրեցի մեր նշանի մատանին ու խնդրեցի փոխանցել իր մայրիկին. պետք է ուղարկեր ոսկերիչի մոտ մաքրելու եւ փայլեցնելու։ Երկար հիացած նայում էր մատանուն… Ճանապարհեցի ու երկար կանգնած նայում էի հեռացող մեքենայի հետեւից, սիրտս կտոր կտոր էր լինում՝ նշանադրությունից հետո առաջին անգամ մատանին հանել էի մատիցս: Շատ չանցած՝ զանգահարեցի, որ զրուցենք, բայց ասաց՝ հոգնած է, առավոտյան շատ անելիք ունի ու խնդրեց առավոտյան զրուցենք: Սակայն առավոտյան Արցախի Հանրապետությունն արթնացավ տագնապով, վախով ու ցավով…»:
Բացվող առավոտը 2020 թ. սեպտեմբերի 27-ն էր, Արցախի երկնքից արեւի շողերի փոխարեն թշնամին կրակ ու արճիճ էր թափում… Պատերազմ էր… Պատերազմ, որը սպառնում էր մեր տարածքային ամբողջականությանը, մեր երեխաների անհոգ մանկությանը եւ ի վերջո՝ մեր գոյությանը… Պատերազմ, որ ահել-ջահելի ստիպեց րոպե առաջ լինել առաջնագծում, կանգնել զինվորի կողքին: Պահեստազորայինների ու կամավորների հետ ընդամենը ժամեր անց Արտյոմն արդեն առաջնագծում էր:
«Առավոտյան շուտ եկավ մեր տուն եւ հայրիկիս մեքենայով հասցրեց աշխատանքի, իսկ այնտեղից շտապեց կամավորագրվելու։ Իհարկե շատ տխրեցի, բայց գիտակցում էի՝ պատերազմ է, եւ որպես արժանապատիվ հայորդի իր պարտքն է կատարում: Գիտակցում էի, որ յուրաքանչյուր երիտասարդի պարտքն է՝ դառնալ հայրենիքի զինվոր։ Մենք խաչեր էինք փոխանակել, խնդրեցի՝ իմ նվիրած խաչը հետը վերցնի»,-պատմում է Անին ու տխուր ժպտում։
Սկզբում տարել էին Ասկերան, այնուհետեւ՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ։ 27-ի երեկոյան կարճ զրուցել էին։
«Բարձր էր տրամադրությունը, ուրախ, որ զենք է ստացել, հայրենիքի համար է կռվում։ Գրեթե ամեն օր կապ էինք հաստատում. զանգում էր տարբեր հեռախոսահամարներով, զրուցում էինք ընդամենը կես րոպե։ Հոկտեմբերի 2-ին բարձր տրամադրություն ուներ, ասաց՝ գալու եմ ամուսնանանք։ Մյուս օրը երազումս եկավ եւ ուրախ-ուրախ ասաց՝ Անի, ես մեռնում եմ… Քիչ անց զանգահարեց, արթնացա ժամը 08.08-ին։ Հարցրեց՝ որտե՞ղ ես, պատմեց իրենց մասին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ դա եղավ վերջին զանգը»,- հիշում է Անին։
Նույն օրը թշնամին սկսում է արկակոծել այն դիրքերը, որտեղ Արտյոմն էր: Արկերից մեկը ընկել էր նրան շատ մոտ… Միայն հոկտեմբերի 5-ին էին կարողացել գտնել Արտյոմի մարմինը, չգիտես ինչու, բերել էին Երեւան, Անին այդ օրերին Երեւանում էր։ «Սա էլ, կարծում եմ, պատահական չէր,- ասում է Անին,- թեկուզ մահացած, բայց եկավ, որ վերջին անգամ հանդիպենք»։
Հաջորդ օրը հետ էին տարել Արտյոմին եւ հոկտեմբերի 7-ին հուղարկավորել Ստեփանակերտի՝ ընտանեկան գերեզմանոցում։
Ծնվել է 1996 թ. ապրիլի 5-ին, ունի 2 կրտսեր եղբայր, ովքեր նույնպես մասնակցել են պատերազմին, այժմ էլ ապրում են Ստեփանակերտում եւ շարունակում իրենց ծառայությունը հայրենիքին։ Շատերն են այցելում հերոսի շիրիմին, շատերը գալիս են շնորհակալություն հայտնելու, որ կռվի օրերին իրենց եւ այլ տղաների կյանքերն է փրկել, մարտնչել հերոսաբար, եղել անվեհեր։ Անին շատ է կարոտում նշանածին, ստեղծագործում՝ դրանք նվիրելով սիրելիին.
Լուսավոր անցյալ ես դու ինձ ժառանգել,
Ներկան շռայլ նվեր ես թողել…
Քեզ այսօր հիշում՝ հույս ես ներշնչում,
Նորից շատ սիրուն ապագա կերտել…