Նախորդ տարիների օրինակով այս տարի երեխաների պաշտպանության միջազգային օրը Արցախում հորդաբուխ, «տոնական ելեւէջներով» չնշվեց։ Մարզամշակութային միջոցառումներ, իհարկե, կազմակերպվեցին Շառլ Ազնավուրի կենտրոնում եւ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, իրիկնադեմին՝ ծնողների հետ, երեխաները քայլեցին կենտրոնական հրապարակով ու նաեւ պաղպաղակ, հյութ վայելեցին, ոմանց էլ «հաջողվեց» օգտվել զբոսայգում տեղադրված ատրակցիոններից, սակայն բացակայում էր նրանց ամենամյա ոգեւորությունը, եւ ժպիտներն էին սակավ…
Մայրաքաղաք Ստեփանակերտում եւ մյուս բնակավայրերում դեռ լիովին չեն վերացվել ավերածությունները, եւ յուրաքանչյուր քայլափոխի զգացնել են տալիս հրետակոծության հետեւանքները։ Հակառակորդի կողմից բռնազավթված բնակավայրերից տեղահանված հազարավոր ընտանիքներ բնակարանային խնդիրներ ունեն եւ ստիպված ապաստանել են հյուրանոցներում ու կենցաղային պայմաններից զուրկ կացարաններում։ Զբաղվածության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ բազում ընտանիքների համար, եւ գյուղաբնակները պարզապես նեղվում են ասֆալտի վրա…
Այս ամենի հետ էլի «հաշտվել», համակերպվել կարելի է, բայց երբ փոքրիկները մայրիկների թեւերից կախված քայլում են թախծոտ, մտամոլոր, առանց հայրիկների, դա արդեն սարսափելի է… Քանի-քանի երիտասարդների կյանքեր խլեց պատերազմը եւ քանի-քանիսը հաշմանդամ դարձան։ Անիծվի պատերազմը։ Երեխաների դեմքից չքացել է ժպիտը… Ցավոք, այսպիսի ժամանակներ ենք ապրում։
«Երեկ տղաներիս խոստացել էի զբոսանքի տանել, որ գոնե մի պահ կտրվեն լարված իրավիճակից, թոթափվեն, բայց չստացվեց։ Առավոտյան արթնացել են ու կտրականապես հրաժարվել` ընդդիմանալով, թե առանց հայրիկի ի՞նչ ատրակցիոն. «Ոչ մի տեղ էլ չենք գնում, մեզ մեր հայրիկի մոտ տար»»,- արտասուքները խեղդելով՝ ասում է 44-օրյա պատերազմում նահատակված հերոս ազատամարտիկ Մխիթար Առուշանյանի այրին՝ Կարինեն, ում ընտանիքը տեղահանվել է Քարին տակ գյուղից եւ Ստեփանակերտում ժամանակավոր ապաստան է գտել։ Եվ այդ դաժան ճակատագրին նրա պես քանի՜-քանի ընտանիք է արժանացել։ Մեկնաբանություններն անգամ ավելորդ են՝ «վերծանելու» մարդկանց անափ ցավն ու վիշտը։
Ինչպես «ընդունված» է ասել՝ ժամանակն ամոքում է վերքերը։ Համբերենք ու ցավը խեղդելով մեր մեջ՝ հավատով սպասենք վաղվա լավ օրերին։ Գուցե տարին գլորվի, եւ հաջորդ հունիսի 1-ին Արցախի երեխաները տոնական տրամադրությամբ, խաղաղ պայմաններում, աշխարհի մյուս երեխաների պես անհոգ ու լիառատ ժպտան… Տա Աստված։