Մայիսի 18-ին Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Յոթ սարի հետեւում» մրցույթ-փառատոնի շրջանակներում բացվեց տողերիս հեղինակի «Հայկական Քաշաթաղ»-«Քաշաթաղը՝ լուսանկարներում» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված էին շրջանի մի շարք սրբավայրեր, այդ թվում՝ Ծիծեռնավանքը, Վարազգոմի վանքը, Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին եւ այլն: Մայիսի 28-ին կայացավ ցուցահանդեսի փակման արարողությունը։ Ցուցահանդեսը 10 օրերի ընթացքում ուղեկցվեց դասախոսություններով՝ նվիրված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմությանը։ Մայիսի 19-ին «Քաշաթաղի վերահայացումը որպես Հայաստանի զարգացման դրսեւորում, դասեր եւ հետեւություններ» թեմայով զեկույցով հանդես եկան քաղաքագետ Էդգար Էլբակյանը եւ արեւելագետ, պ. գ. թ. Վարուժան Գեղամյանը։ Մայիսի 20-ին դասախոսության թեման էր՝ «Քաշաթաղի ամրոցները»։ Այդ մասին բանախոսությամբ հանդես եկան հնագետ, պատմաբան Գագիկ Սարգսյանը եւ հնագետ Լեւոն Մկրտչյանը, ովքեր տարիներ շարունակ Քաշաթաղում հայտնաբերել եւ ուսումնասիրել են այս տարածքի մոտ 60 հնադարյան ամրոց ու ամրոցատեղիներ։ Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ «Քաշաթաղի ամրոցների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, թվայնացում եւ եռաչափ մոդելավորում» դասախոսությամբ։
Գագիկ Սարգսյանը, խոսելով այդ հետաքրքիր հուշարձանների ուսումնասիրության մասին, տեղեկացրեց՝ Քաշաթաղի շրջանը գրեթե չէր ուսումնասիրվել հայ գիտնականների կողմից, եւ հատկապես ամրոց-հնավայրերի մասին քիչ տեղեկություն կային։ Հավելեց՝ «Google planet» ծրագրով է կարողացել գտնել արդեն հայտնի եւ պաստառներում ներկայացված հուշարձանները։ Ցուցահանդեսում առանձին բաժնով ներկայացված են Քաշաթաղի շրջանում հիմնականում նոր հայտնաբերված ամրոցներ։ Ներկաները ծանոթացան ցուցանմուշների ժամանակաշրջանին, տեղադրության վայրին, պահպանված կառույցներին։
Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Աշոտ Հակոբյանը մայիսի 21-ին դասախոսեց «Քաշաթաղի շրջանի միջնադարյան ճարտարապետությունը. վանքեր եւ եկեղեցիներ» թեմայով։ Նա ներկայացրեց շրջանի մի քանի կարեւոր պատմական հուշարձանների ճարտարապետությունը։ Խոսելով շրջանի ամենահին քրիստոնեական հուշարձանի՝ Ծիծեռնավանքի ճարտարապետական հորինվածքի մասին՝ տեղեկացրեց, որ այս տաճարը եռանավ բազիլիկ ոճի կառույց է, հիմնադրվել է վաղ միջնադարում, հնարավոր է՝ հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ տաճարը ճարտարապետական կառույցով նման է ՀՀ-ում գտնվող մի քանի եկեղեցիների, որոնց կառուցման ժամանակը համընկնում է Ծիծեռնավանքի հետ։ Ներկայացրեց Վարազգոմի վանք կոչվող եկեղեցին, որը Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր վայրում է՝ Ծիծեռնավանքից մոտ 10 կմ հյուսիս։ 9-րդ դարում կառուցված այս սրբատունը խիստ վթարային վիճակում է։ Կենտրոնագմբեթ եկեղեցին բացառիկ է իր ճարտարապետությամբ, ունի 2 խորան։ Գմբեթը պահող սյուներին 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են։ Մուտքը հարավից է։
Ճարտարապետն անդրադարձավ նաեւ Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցուն, Արքո գյուղի տարածքի միջնադարյան 2 սրբատներին, Վակունիսի ու Շալուայի եկեղեցիներին եւ այլ հուշարձանների, որոնք Քաշաթաղի շրջանում են եւ հավաստում են տարածքի՝ հայոց ոստան լինելը։ Ամենակարեւորը՝ այս տարածքում հայ քրիստոնեական եկեղեցիներն ու այլ հուշակոթողներ թվագրվում են վաղ միջնադարից եւ հասնում 18-րդ դարակես։ Դասախոսությանը ներկա էին հայ ճարտարապետությամբ հետաքրքրվողներ, հնագետներ, ուսանողներ։ Շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, պատմաբան, պ.գ.թ. Լեռնիկ Հովհաննիսյանը դասախոսեց առցանց՝ Ստեփանակերտից, «Քաշաթաղի շրջանի էթնիկ նկարագիրը» թեմայով։ Ողջունելով ներկաներին՝ Լ. Հովհաննիսյանը կարեւորեց նման միջոցառումները, երբ լուսանկարների ցուցադրությանը զուգահեռ տեղի են ունենում դրանց մասին դասախոսություններ։ Պատմաբանը տեղեկացրեց՝ մինչեւ 18-րդ դարակես Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները եղել են մարդաշատ, եւ այս հատվածներում հիմնականում հայեր են բնակվել։ 16-18-րդ դարերում օտար նվաճողները Սյունիքն Արցախից տարանջատելու նպատակով մահմեդական ցեղեր են բերել եւ բնակեցրել տարածքում։ Իսկ տարածքի հայաթափումը վերջնական տեղի ունեցավ 1918 թ.։
Քաշաթաղի շրջանի հիմնադիր, առաջին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանը մայիսի 25-ին ցուցասրահում հանդես եկավ «Ծիծեռնավանք» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էր Քաշաթաղի շրջանի նախկին հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, ով մեծ նվիրումով էր կատարում Աստվածահաճո իր պարտականությունը: Բանախոսը տեղեկացրեց՝ Քաշաթաղն ազատագրելուց հետո Ծիծեռնավանքը հայ մասնագետները գտան քանդված, անմխիթար վիճակում, մաքրեցին, պեղեցին: 2001-ի հոկտեմբերի 7-ին օծվեց, վերականգնվեց Սուրբ խաչը: Պատմեց, թե ինչ դժվարությամբ տեղի ունեցավ օծումը՝ կապված ուժեղ քամու հետ։ Բայց, Փառք Աստծո, ամեն ինչ կատարվեց բարեհաջող։ Անդրադարձավ Սուրբ Գեւորգ եկեղեցու պատմությանը, 6 շինարարական փուլերին։ Տեղեկացրեց նաեւ՝ վանական համալիրում մեկ տարի հետո բացվեց Ծիծեռնավանքի թանգարանը: Պեղումներից հայտնաբերված նյութերից առավել հետաքրքիր եւ պատմականը, ըստ պատմաբան-կովկասագետի, նահատակի գերեզմանն էր, որը պատվավոր թաղում է՝ փշե պսակով: «Պարզեցինք, որ նահատակը Աստվածատուրն է, ազգությամբ՝ պարսիկ, քրիստոնեություն ընդունած, նրա մասունքները բերվել էին Ծիծեռնավանք»,- նշեց նա: Վանական համալիրի զարդ տաճարի անվանումը պատմաբանը գտել է Մովսես Դասխուրանցու գրքում։ Ըստ պատմիչի՝ 8-րդ դարում արաբ արշավողներից մեկը, ավերելով Սյունիք աշխարհի Բաղք եւ այլ գավառներ, գերեվարելով շատ հայերի, գալիս հասնում է Արքունագետի-Աղավնոյի ափ եւ հրամայում է ավերել եկեղեցին, որը կոչվում էր Սուրբ Գեւորգ։ Ըստ պատմիչի՝ եկեղեցուց դուրս է գալիս սպիտակ ձիով ռազմիկը եւ կոտորում արաբներին։ Ա. Հակոբյանը գտնում է, որ պատմիչի հիշատակած Սուրբ Գեւորգը Ծիծեռնավանքի տաճարն է։ Նա տեղեկություն տվեց նաեւ կապված վանական համալիրի «Ծիծեռնավանք» անվան հետ՝ հիշատակելով 2 ավանդազրույց։ Առաջինը կապված է ծիծեռնակ կամ ագռավ թռչունի հետ. ագռավն ինքնազոհության է գնում եւ փրկում եկեղեցին կառուցողներին։ Թռչունը, տեսնելով օձը ճաշի կաթսայի մեջ էր ընկել, ինքն էլ է ընկնում եռացող կաթսայի մեջ։ Աշխատողները, ճաշը համարելով հարամված, թափում են եւ տեսնում թունավոր օձը։ Հասկանալով ագռավի ինքնազոհության պատճառը՝ նրան թաղում են եկեղեցուց մոտ 1 կմ արեւելք գտնվող ժայռի մեջ, եւ ժայռը կոչվում է Ագռավաքար։ Սա, ըստ երեւույթին, եղել է դեռեւս հեթանոսական շրջանում։ 1998-2000 թթ. Ծիծեռնավանքում կատարված պեղումների եւ եկեղեցու հիմնանորոգման ընթացքում շինարարներն ու Ա. Հակոբյանը տեսել են, եկեղեցու զանգակատունն ու նշված Ագռավաքարն արեւելքից արեւմուտք ուղիղ գիծ են կազմել։
Երկրորդ անվանումը կապված է Պետրոս առաքյալի ճկույթ-ծիծեռնի հետ, որը թաղված է եկեղեցու խորանում։ Ա. Հակոբյանն այլ տեղեկություններ եւս տվեց՝ կապված Քաշաթաղի շրջանի եւ առհասարակ Սյունիք-Արցախ աշխարհների կարեւոր եկեղեցիներից մեկի մասին։ Մայիսի 26-ին «Քաշաթաղի դամբարանները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան, պ.գ.թ․, դոցենտ Արտակ Գնունին։ Տեղեկացրեց Քաշաթաղի շրջանում իր պեղումների մասին, գտածոներից։ Կարեւորեց տարբեր նյութեր, որոնցից է ցեղապետի պղնձյա գուրզը՝ հայտնաբերված Եզնագոմերի մոտից։ Անդրադառնալով շրջանի հարավային թեւում՝ Ողջի գետի աջափնյա Կերեն բնակավայրի մոտակա դամբարանադաշտի մասին՝ պատմաբանը տեղեկացրեց, որ այդ հատվածում իր կողմից պեղվել են 100-ից ավելի դամբարաններ, գտնվել են հիմնականում խեցեղեն նյութեր, որոնք արվեստի գործեր են, նաեւ պատմում են այդ շրջանի մասին։ Վերջին դասախոսությունը՝ «Քաշաթաղի շրջանի տեղանունների ստուգաբանությունը» թեմայով ներկայացրեց լեզվաբան, բ.գ.թ․ Մհեր Քումունցը՝ առցանց՝ Գորիսից։
Դասախոսությունների սկզբում բանախոսներին ողջունում եւ ներկայացնում էր թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ հայտնելով շնորհակալություն ներկաներին եւ բանախոսներին, ովքեր սիրով են համաձայնել ներկայանալ ցուցասրահ։ Փակման օրը ողջունեց ներկաներին, կարեւորեց նման միջոցառումները, հատկապես՝ կապված Արցախի հետ։ Տեղեկացրեց՝ ցուցադրությունը շարունակվելու է մի քանի օր եւս, այնուհետեւ կլինի շրջիկ։ Կա նպատակ նաեւ ՀՀ մարզերի բնակիչները ծանոթանան Արցախի՝ թշնամու կողմից բռնազավթված տարածքների հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին։ Տեղեկացնեմ՝ վերջին անգան Ծիծեռնավանքում եմ եղել 2020 թ. սեպտեմբերի 26-ին։ Այդ օրը Սուրբ Գեւորգ տաճարում մատուցվեց սուրբ պատարագ Քաշաթաղի հոգեւոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ։ Ներկա էին ուխտավորներ ՀՀ եւ Արցախի այլ վայրերից։ Հաջորդ օրն սկսվեց պատերազմը։ Ծիծեռնավանքը Աղավնո գետի աջ ափին է։ Այս գետի ավազանը հարուստ է հայոց պատմական հուշարձաններով, որոնք տարիներ շարունակ նկարել, զուգահեռ կարդացել դրանց մասին տարբեր գրքերում, ուսումնասիրել եմ։ Եվ բոլոր վանքերի, ամրոցների, խաչքարերի վրա միայն հայկական հետքն է: Այսօր թուրքերը պետական մակարդակով հայտարարում են, թե այս հուշարձաններն աղվանական են։ Սա թուրքի սովորական ձեռագիրն է՝ սեփականացնել ուրիշի ունեցվածքը, հատկապես՝ հայկականը։ Օրինակ՝ Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցու վրա կա 25-ից ավելի հայերեն արձանագրություն, խաչեր են, զարդանախշեր են նկարված, որոնք աղվանականի հետ ընդհանրապես կապ չունեն: Առհասարակ, աղվաններ այս տարածքում չեն եղել: Սա Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք, հետագայում՝ Քաշաթաղ գավառն է, որ Աղավնո գետի հովտում է։
Մայիսի 28-ին ցուցասրահում էին նաեւ Երեւանի Լ. Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի սաները, ուսուցիչներ, ովքեր մեծ սիրով ունկնդիր եղան երգչախմբի կատարումներին՝ «Կիլիկիա», «Մարտիկի երգը» եւ այլն, ինչպես նաեւ դիտեցին պարային կատարումները։ Դպրոցի վաստակավոր ուսուցչուհի Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց կատարվածի համար, կարեւորեց միջոցառումը, մաղթեց՝ ազատագրենք Քաշաթաղն ու մնացած մեր տարածքները։ Երկրորդ դասարանի աշակերտուհի Մարիան, ով դասընկերների հետ սիրով ներկա եղավ համերգային մասին, ասաց՝ կուզենա հաճախ լսել նման երգեր, դիտել հայկական պարեր…