Հունիսի 5-ը գեներալ-գնդապետ, այսօր արդեն նաեւ Հայաստանի Ազգային հերոս Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի ծննդյան օրն է. նա այս տարի՝ 2021-ին կդառնար 95 տարեկան:
Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի կենսագրությունը կարելի է բաժանել 2 հավասար մասերի՝ խորհրդային, որը 1971-ին պսակվեց գեներալ-մայորի զինվորական կոչումով, եւ հայաստանյան շրջանի, որը զինվորական ծառայությունից բացի նաեւ ղարաբաղյան ազատագրական պատերազմն էր, բանակի կազմավորման ու կայացման լրջագույն աշխատանքը՝ երկրի համար ճակատագրական այդ փուլում:
Կարծես ճակատագրով նրան էր բաժին ընկել լինելու հայոց նորաստեղծ բանակի թիվ մեկ զորավարը՝ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալն ու ԶՈՒ գլխավոր շտաբի 1-ին պետը, ապա նաեւ ՀՀ նախագահի խորհրդականն ու ԶՈՒ գլխավոր ռազմական տեսուչը: Նա առաջինն է արժանացել հայոց բանակի գեներալ-լեյտենանտի պատվավոր կոչման՝ 1992 թ. մայիսի 29-ին՝ Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանության ամրապնդմանն ուղղված ծրագրերի, այդ թվում նաեւ Խոջալուի, Շուշիի եւ Բերդաձորի ենթաշրջանի հայկական բնակավայրերի ազատագրման, Լաչին-Գորիս ճանապարհի բացման մարտական գործողությունների մշակման ու իրագործման համար, ինչպես ասված է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջնորդության մեջ:
Իսկ 1996-ի հունիսի 4-ին (գեներալի ծննդյան 70-ամյակի նախաշեմին) նրան առաջինը շնորհվեց նաեւ հայոց բանակի գեներալ-գնդապետի կոչում: Այդ առթիվ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձում ասված է. «Անուրանալի է Ձեր մեծ ներդրումը Արցախի պաշտպանության կազմակերպման գործում, երբ Դուք զորավարին վայել հայրական խրատով եւ հոգատարությամբ ոգեւորում ու գոտեպնդում էիք երիտասարդ հայ ազատամարտիկներին՝ սերմանելով նրանց հոգիներում արիություն, հայրենասիրություն եւ հավատարմություն զինվորական պարտքի նկատմամբ: Անկարելի է չհիշատակել նաեւ այն ակտիվ գործունեությունը, որ Դուք Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով ծավալում եք այսօր Հայաստանի Հանրապետության Գլխավոր ռազմական տեսուչի պատասխանատու պաշտոնում»:
Գեներալ-գնդապետի հասցեին հետագայում գնահատանքի գրեթե նույնպիսի խոսքեր ասացին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական ղեկավարները: Այսպես՝ «Գեներալ Դալիբալթայանն իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների պլանների մշակման աշխատանքում եւ անձամբ տեղերում գործուն մասնակցություն ունեցավ դրանցից մի քանիսի՝ Մալիբեյլիի, Ղարադաղլիի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Քելբաջարի նախապատրաստմանն ու իրականացմանը, հաճախ հայ զինվորի հետ կողք կողքի կռվեց մարտի դաշտում՝ ցուցաբերելով խիզախության եւ անձնվիրության եզակի օրինակ» (ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, 2006):
«Միայն Գուրգեն Դալիբալթայանի նման մարդ-անհատները կարող էին տասնամյակների անդուլ ծառայությամբ վաստակած հանգիստը թողնել եւ շարունակել զինվորին ուսուցանել ռազմական գործ, նրան դաստիարակել հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ, մտածել բանակի մարտական եւ օպերատիվ պատրաստության բարձրացման ուղղությամբ ու, որ շատ կարեւոր է, մեզ՝ այսօրվա զինվորականներիս վարակել ընտրած մասնագիտությունը հարգելու զգացողությամբ…» (ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյան, 2006): Իսկ ՀԱԵ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանը նրան կնքել էր «Պաշտպան հայրենյաց» պատվանունով. «…Տիպար եւ օրինակ՝ բազում հայորդիների համար, Մարդ, ում հիշելիս ժպիտ ու ջերմություն է իջնում հոգուդ վրա, ու բարի վստահություն է պատում քեզ»:
Պատանի Դալիբալթայանին դեռեւս դպրոցական հասակից էին ձգում սահմանապահ ուղեկալի հետ շփումները ռուսաբնակ Գորելովկա գյուղում, որտեղ հանգամանքների բերումով Մեծ Արագյալից տեղափոխվել ու ապրում էր նրա ընտանիքը: Նրան այդ մղումը 1944-ին տարավ Թիֆլիսի հետեւակային ուսումնարան, որտեղ սովորեց 3 տարի: Այդպես սկսվեց նրա զինվորական կյանքը, որը 1947–51-ին շարունակվեց Էջմիածնում տեղակայված Հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում, ապա՝ Քանաքեռի մոտոհրաձգային գնդում՝ նախ որպես վաշտի հրամանատար, ապա (1957-ից)՝ գումարտակի շտաբի պետ:
1958-ին նա գործուղվեց Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որը բոլորովին այլ միջավայր էր. հասունության ու մկրտության իսկական դարբնոց: Դալիբալթայանն ակադեմիայում նախ հմտացավ բանակի կազմակերպական կառուցվածքի, տարբեր ռազմական թատերաբեմերում միաժամանակ գործող ուժերի ղեկավարման, ռազմական տեխնիկայի զանգվածային օգտագործման նրբություններին: Նա ակադեմիան ավարտեց 1961-ին եւ դարձյալ ծառայության նշանակվեց Անդրկովկասում, այս անգամ՝ Ադրբեջանի տարածքում տեղակայված 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայում, 1967–69-ին՝ Կիրովաբադում՝ 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնում, որտեղ 1968-ին նրան շնորհվեց գնդապետի կոչում:
Այդ ժամանակ բոլորովին անսպասելի լարվածություն առաջացավ Չինաստանի հետ սահմանին՝ փոխադարձ հրաձգություն ու զոհեր եղան: Խնդիր դրվեց Չինաստանի սահմանագծի երկայնքով առանձին դիվիզիա կազմավորելու մասին, եւ հրամանատար նշանակվեց գնդապետ Դալիբալթայանը: Այդ ճակատում դրսեւորվեցին Դալիբալթայան զինվորականի ողջ տաղանդն ու հնարամտությունը, անսպասելի իրավիճակներում նրա ճիշտ կողմնորոշվելու ճկունությունը: Խնդիրը կատարվեց արտակարգ արագ, եւ կես տարի անց՝ 1971-ին, գնդապետ Դալիբալթայանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում: «Այդպես չի լինում,- հիշում էր գեներալը,- երբ դիվիզիայի հրամանատարը նման կարճ ժամանակամիջոցում արժանանում է գեներալի կոչման»:
Այնուհետեւ նա գործուղվեց Արեւմուտք՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի տեղակալի պաշտոնով: Այդ ընթացքում՝ 1976 եւ 1978 թթ. նա սովորեց նաեւ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ին կից ղեկավար անձնակազմի ակադեմիական կուրսերում՝ խորանալով հատկապես ուսումնական զորավարժությունների պլանավորման ու կազմակերպման, այդ նպատակով անձնակազմի ուսուցման առանձնահատկությունների մեջ:
1980-ին գեներալ Դալիբալթայանը տեղափոխվեց Հյուսիսկովկասյան ԶՕ՝ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնով, որտեղից 1987-ին զորացրվեց, ինչպես ընդունված է ասել, անցավ վաստակած հանգստի: Սակայն դրանից շատ չէր անցել, երբ 1988-ին պայթեց Ղարաբաղյան շարժումը՝ «Ղարաբաղը մերն է» կարգախոսով, եւ Հայաստան եկավ նաեւ գեներալ-մայորն ու իր աջակցությունն առաջարկեց համապատասխան մարմիններին: 1991-ի մայիսին նա նշանակվեց նորակազմ Պաշտպանության կոմիտեի ԶՈՒ շտաբի պետ: Նրա առաջին անելիքը եղավ հմուտ սպաների հավաքագրումը այդ կառույցի շուրջ եւ զորակոչված երիտասարդներին զենքի հետ վարվեցողության ու կրակի վարման կանոնների ուսուցումը:
Զգալով, որ պարտադրանքն այդ պայմաններում լավագույն միջոցը չէ, նա ազատամարտիկների հետ հարաբերություններում գերադասեց նրանց համոզելու, սիրաշահելու, կարեւորելու մարտավարությունը, եւ հաջողությունը չուշացավ: Նրան սկսեցին հարգել, ենթարկվել, լսել եւ անվերապահորեն կատարել նրա առաջադրանքները: Նա անձամբ մեկնում էր տեղեր եւ հանդիպում ջոկատների հետ, հավասարը հավասարի նման զրուցում, լսում նրանց կարծիքը, խորհուրդներ տալիս: Այդպես նա շատ արագ վերածվեց գեներալ ֆիդայու եւ ստացավ Դեդ պատվանունը: Նա մարտիկներից շատերի պապի տարիքին էր: Զինվորները նկատել էին, որ Դալիբալթայանի ղեկավարած կամ նրա մասնակցությամբ մարտերը հիմնականում ավարտվում են հաղթանակով, եւ ասացվածք էր դարձել՝ «Դալիբալթայանի ոտքը խերով է»:
1991-ի դեկտեմբերին ՊԿ-ն ամբողջապես ներառվեց ՀՀ պաշտպանության նախարարության կազմի մեջ, իսկ գեներալ Դալիբալթայանը նշանակվեց ՀՀ ՊՆ նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ: Նկատենք, սակայն, որ երբ բանակի ներքին կառուցվածքի հետ կապված առանձին հարցեր հստակեցնելու համար Մոսկվայից հրավիրվեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանը, Դալիբալթայանն ինքնակամ հրաժարվեց ԳՇ պետի պաշտոնից՝ տեղը զիջելով նրան: Ինքը շարունակեց մնալ ՊՆ նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: Այդ ընթացքում մշակվեցին Մալիբեյլի, Ղուշչալար, Կրկժան, Ջանհասան, Խոջավենդ, Խոջալու, Շուշի, Լաչին, Քելբաջար եւ թշնամու բազմաթիվ այլ կրակակետերի վերացման պլաններն ու հերթով իրականացվեցին:
Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, որը կապված է Կոմանդոսի՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան հետ եւ հայտնի է «Հարսանիք լեռներում» անվամբ, ուներ նաեւ ԳՇ-ում Դալիբալթայանի գլխավորությամբ մշակված «Հրազդան» ռազմագործողության պլանը: Այն ապրիլի 29-ին տարվել է Ստեփանակերտ, որը, ըստ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Լեոնիդ Մարտիրոսովի, հատկապես չէր տարբերվում «Հարսանիք լեռներում»-ից: Դա չխանգարեց, սակայն, որ Դալիբալթայանն այդ պլանի գործողության ժամանակ գտնվեր հրամանատարական կետում եւ ազատամարտիկների հետ առաջինը մտներ Շուշի: Շուշիին հաջորդեց Լաչինի ազատագրումը, որն իրականացավ Դալիբալթայանի անմիջական ղեկավարությամբ: Այս հաղթարշավը, սակայն, զարմանալիորեն ընդհատվեց ներքին քաղաքական տարաձայնությունների պատճառով: Ադրբեջանցիներին հաջողվեց հյուսիսից՝ Շահումյան-Մարտակերտից ներխուժել ու առանց լուրջ դիմադրության վերցնել ամբողջ Մարտակերտի շրջանը, հասնել մինչեւ Սարսանգի ջրամբար, հարավում՝ Ասկերանի շրջան:
Կես տարի անց՝ 1993-ի մարտի 4-ին, միայն հնարավոր եղավ կանգնեցնել թշնամու լայնամասշտաբ հարձակումը Սարսանգի ուղղությամբ եւ անցնել հակահարձակման: Ապրիլին սկսվեց Քելբաջարի ազատագրման գործողությունը. Հայաստանի սահմանն անցնելիս գեներալն ասաց. «Հիշեք այս պատմական պահը…»: Այդպես վերականգնվեց հայոց բանակի հաղթարշավը, եւ շուրջ 1 տարվա հաղթական գործողություններով ազատագրվեցին Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, եւ 1994 թ. մայիսին կնքվեց հրադադարի քառակողմ պայմանագիրը, որը գործում էր մինչեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020, սեպտեմբեր-նոյեմբեր):
1993-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր ռազմական տեսչությունը, գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ նախագահի պաշտպանության գծով խորհրդական նշանակվեց գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթայանը: Նա այդ աշխատանքին լծվեց մեծ սիրով ու պատասխանատվության բարձր զգացումով: Գեներալի այդ աշխատանքը շարունակվեց շուրջ 14 տարի. կարող էր էլի շարունակվել, եթե, ինչպես ասում են, անամպ երկնքում որոտ չպայթեր: Նա, շատերի համար անսպասելի, ելույթ ունեցավ քաղաքական ընդդիմության միտինգներից մեկում եւ հայտարարեց, որ ինքն իր ժողովրդի հետ է: Դա, բնականաբար, դուր չեկավ իշխանություններին, եւ նա 2007 թ. ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Մեկ անգամ էլ ընդգծենք, որ նրա այդ աշխատանքն իսկապես նվիրում էր բանակին, առավել կատարյալ ու մարտունակ բանակ ստեղծելու անմնացորդ նվիրում:
Բայց բանը դրանով չավարտվեց, մի չհայտարարված պայքար սկսվեց նրա դեմ, բոլոր հնարավոր միջոցներով աշխատում էին շրջանցել նրա վաստակը: Գեներալը դա զգում էր եւ ներքին մի խռովք ապրեց նման անարդար վերաբերմունքի համար: Դա շատ ավելի ցցուն դարձավ, երբ ժամանակին իր ղեկավարությամբ գործած մի շարք զինվորականներ արժանացան Արցախի Ազգային հերոսի կոչման, իսկ ինքը՝ ոչ:
Սակայն հայտնի ճշմարտություն է. որքան էլ արդարությունը հիվանդանա, այն երբեք չի մեռնում: Եվ արդարությունը վերականգնվեց գեներալ-գնդապետի մահվանից 6 տարի անց, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտին, երբ ՀՀ նախագահի հրամանով գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում (2021, հունվար): Արժանին մատուցվեց Արժանավորին:
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն