Յուրաքանչյուր ազգ իր ապրած կյանքի ելեւէջները սերունդներին է փոխանցում նյութական ու հոգեւոր մշակույթի միջոցով, եւ դրա նկատմամբ վերաբերմունքը հստակ ցուցադրում է, թե ժողովուրդը որքանով է ձգտում վերադառնալ դեպի սեփական ակունքները եւ պատմության խորքերում փնտրել ոչ միայն իր անցյալի, այլեւ ապագայի ճշմարտությունները: Մշակութային քաղաքականության, երկրի կյանքում նրա դերակատարության ու հարակից մի շարք այլ հարցերի մասին խոսելու նպատակով «ՀՀ»-ն զրույցի է հրավիրել մշակութային գործիչ Կարեն ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ, ով, ի դեպ, ոլորտում երկարատեւ աշխատանքի փորձ ունի:
-Պրն Արիստակեսյան, ինչպիսի՞ դերակատարություն ունի մշակույթը հասարակության եւ պետության կյանքում:
-Եթե շատ համառոտ բնորոշելու լինեմ, մշակույթը հասարակության եւ պետության զարգացման հիմնական գործոնն է: Այն շատ կարեւոր դերակատարություն ունի, որը պաշտպանում է ժողովրդին «սպիտակ ջարդից», իսկ մեր ժողովուրդը տարիներ շարունակ նաեւ նման ջարդի է ենթարկվել: Եվ եթե դրա մասին մեր մտավորականները խոսում էին դեռ անցած դարի 60-ականներին, ապա պատկերացրեք, որ դա եղել է, ասենք, 100 տարի առաջ: Իսկ այդ 100 տարին շատ մեծ ժամանակամիջոց է ազգի գենետիկ կոդի վրա ազդելու համար: Այնպես որ, մեր մշակութային քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ազգային ինքնության պահպանմանը եւ զարգացմանը: Գյոթեն ասում էր՝ մշակույթը մի հասկացություն է, որը շատ դժվար է սահմանել: Այդպես է նաեւ իրավական առումով: Շատ քիչ երկրների օրենսդրության մեջ է սահմանված մշակույթ հասկացությունը: Մեր օրենսդրության մեջ այն սահմանվել է հիմնական օրենքում՝ որպես հասարակության կյանքի նյութական եւ հոգեւոր ոլորտներում գործողությունների, զգայությունների ու մտածողության եղանակների ամբողջություն եւ դրանց արժեքավոր արտահայտություն:
-Իսկ ի՞նչ է պետական մշակութային քաղաքականությունը:
-Դուք գիտեք, որ ես նախկինում աշխատել եմ մշակույթի նախարարությունում որպես փոխնախարար, եւ այդ տարիներին պետական մշակութային քաղաքականություն հասկացությունը բոլորի համար զարմանալի էր հնչում: Ես կարող եմ անկախության տարիները մշակութային քաղաքականության առումով բաժանել երեք շրջանի՝ 1988-1998, 1998-2008 եւ 2008-2018՝ իրենց վայրէջքներով ու վերելքներով: Պետական մշակութային քաղաքականությունը պետության գործունեությունն է մշակույթի ոլորտում, այն սկզբունքներն ու կանոններն են, որոնցով առաջնորդվում է պետությունն այս բնագավառում: Իսկ այդ սկզբունքներն ու կանոնները շատ կարեւոր են: Հիմնական օրենքում շարադրված են պետական մշակութային քաղաքականության սկզբունքներն ու նպատակները, եւ դրա մեջ նշվում է հատկապես մշակույթի՝ որպես զարգացման գործոնի, մշակութային ինքնության կարեւորությունը, համամարդկային մշակութային արժեքների դերը, ազգային մշակութային արժեքների փոխառնչությունը եւ այլն: Այս սկզբունքներն ու կանոնները հիմնական օրենքից հետո պետք է ամրագրվեին բնագավառները կարգավորող առանձին օրենքներում: Թվում է, թե մշակույթի, կրթության բնագավառը կարգավորման հստակ մեխանիզմներ չունի, բայց դա այդպես չէ: Մշակույթի ոլորտը կարող է նույնքան ճշգրիտ աշխատել, որքան ժամացույցը: Նույնը՝ նաեւ կրթության, գիտության ոլորտները: Պետք է պարզապես որդեգրված սկզբունքներին ու կանոններին համահունչ քաղաքականություն վարել, որի արդյունքում տարբեր բնագավառներ այնքան փոխկապակցված կլինեն իրենց հայեցակարգերով, որ կդառնան մեկ մարմին, մեկ ամբողջություն:
-Այդ դեպքում ի՞նչ հիմքի վրա միավորվեցին կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունները…
-Եվրոպական մի շարք երկրներ կան, որտեղ այս նախարարությունները միասին են գործում: Բայց նրանք անցել են զարգացման որոշակի փուլեր: Հիմա պատկերացրեք, որ ջուր պարունակող երկու բաժակ փորձում ենք միացնել: Չի հաջողվի, որովհետեւ այս պարագայում պիտի խոսենք հաղորդակից անոթների մասին: Այսինքն՝ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում չենք ստեղծել ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն ոլորտային կապերը: Արդյունքում որեւէ ոլորտ չի շահել, այլ, ընդհակառակը, ոլորտային խնդիրները համահարթեցվել են, իսկ բնագավառում կան բազմաթիվ խնդիրներ: Դրանք պետական ծրագրերով կառավարման կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ, որ եթե բյուջեն ֆինանսական ծրագիր է, ապա դրա տակ դրվող միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերին պետք է օրենքի ուժ տալ, ունենալ ռազմավարական ծրագրերի մասին օրենք, որպեսզի բնագավառները զարգանան: Եթե ունենայինք այսպիսի օրենքներ, վարչապետների կամ նախարարների հաճախակի փոփոխությունները չէին ազդի բնագավառի զարգացման վրա, չէր կտրվի կապն իրականացված քաղաքականությունների միջեւ: Այս ընթացքում, իհարկե, Ազգային ժողովի կողմից ընդունվել են որոշ օրենքներ, որոնք գրվել են տարբեր մակարդակ ու փորձառություն ունեցող մարդկանց կողմից: Օրինակ՝ ունենք «Գրադարանային գործի մասին», «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» օրենքներ, որոնք հիմնականում գրված են առանց միջազգային փորձի պատշաճ ուսումնասիրման: Դրանց համար հիմնականում հիմք է ծառայել ռուսական օրենքը, որը, սակայն, վերցնել ու տեղայնացնել՝ առանց հասկանալու, թե ինչ է այնտեղ գրված, առանց հաշվի առնելու առանձնահատկությունները, ճիշտ չէ: Օրենսդրական աշխատանքը ոլորտի լրջմիտ գիտելիք եւ իմացություն է պահանջում:
-Իսկ այդ օրենքներն ինչպե՞ս են գործում, եթե չեն համապատասխանեցվել հայ իրականությանը:
-Պետք է ասեմ, որ որոշ օրենքներ չեն աշխատում: Դրանցում կան դրույթներ, որոնք չենք կապակցել այլ օրենքներով, ուղղակի վերցրել ենք, մի օրենքում գրել ենք ինչ-որ դրույթ, դրա մեխանիզմները չենք ամրագրել այլ օրենքներում: Այդ պատճառով դրանք չեն գործում: Օրինակ՝ պետությունն ունի մշակութային արժեքների գնման նախապատվության իրավունք: Բայց ինչպես է այդ սկզբունքն իրականանում: Դրա համար պետք է առանձին կարգ՝ կառավարության կողմից հաստատված, որը չկա: Շրջանառվող նախագիծ կա, թե թանգարանային հավաքածուն անբաժանելի է: Կա Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքանի, կա նաեւ թանգարանային հավաքածու: Ֆոնդը շատ հաճախ թարգմանում են հավաքածու անունով, բայց խոսքը հավաքանու մասին է: Եթե դու ճիշտ բառը չօգտագործես եւ չտարանջատես հավաքանին ու հավաքածուն, ես ընդամենը մեկ օրինակ եմ նշում, ապա երբեք չես կարգավորի թանգարանային օրենսդրությունը: Այսինքն՝ օրենք գրելը ենթադրում է եւ լեզվական, եւ իրավական, եւ մասնագիտական գիտելիքներ: Հիմա՝ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի եւ թանգարանների մասին: Կարդում ենք՝ ինչ բան է թանգարանային ֆոնդը… Ինչ բան է թանգարանային հավաքածուն: Տարբեր բաներ են: Սրանց առնչակցությունը բացելու եւ հասկանալու համար մասնագիտական կարողություններ են պետք: Երկրորդ՝ թանգարանային տերմինները հենց այնպես չեն ստեղծվել: Դրանք գիտնականների եւ մասնագետների կողմից են սահմանված, եւ դրանց բովանդակությունը շատ դժվար է փոփոխվում: Սոսկ թարգմանությունը բավարար չէ արժեք ստեղծելու համար, դա ենթադրում է գիտելիքների լուրջ պաշար: Ասեմ՝ մշակույթը խորհրդային շրջանում մնացորդային ֆինանսավորում ուներ, բայց այդ մնացորդային ֆինանսավորման պարագայում ստեղծվում էին մշակութային լուրջ արժեքներ: Այն ժամանակ մտավորականները բարձրաձայնում էին «սպիտակ ջարդի» մասին: Բայց մենք, չնայած ազգային պետություն չունեինք, այնուամենայնիվ, ազգային արժեքներ էինք ստեղծում ու էլի դեռ վախենում էինք ուծացումից: Բարձրացվում էր հայոց լեզվի խնդիրը, ինչը մենք մոռացել ենք, իսկ այսօր մեր եթերից ոչ հայերեն խոսք է հնչում, մամուլը ոչ հայերեն խոսքով է լեցուն, սոցիալական ցանցերում իրար են հայհոյում, դադարել ենք մտածել հայերեն, իսկ հայերեն մտածելու համար պետք է շատ լավ հայերեն իմանալ: Հաճախ կարդում ես հայերեն բառերով նախադասություններ եւ չես հասկանում, թե ինչ է գրված: Նույնիսկ՝ դպրոցական դասագրքերում…
Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունների փոխհարաբերության խնդիրը պետք է լուծվի ծրագրային եղանակով, դրանց միացումը կարող է կայանալ շատ տարիներ հետո: Սա ապագայի խնդիր է: Մշակույթը մի բնագավառ է, որը խիստ կանոնի, կարգավորման անհրաժեշտություն ունի, ինչի համար պետք է ուղղակի նպատակաուղղված մշակութային քաղաքականություն իրականացնել:
-Իսկ գործող օրենքներն այսօր որքանո՞վ են նպաստում մշակութային հարստության պահպանմանը:
-Մշակութային հարստությունը մշակութային արժեքների ամբողջությունն է, որն ունի ազգային նշանակություն: Մշակութային հարստության մեջ ներառվում է եւ ժամանակակից, եւ ավանդական մշակույթը՝ իր տարբեր ձեւերով: Այսինքն՝ նրա մեջ մտնում է նաեւ մշակութային ժառանգությունը՝ անշարժ եւ շարժական ժառանգությունը: Եթե ես ասեմ, որ մեր պատմության եւ մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի մասին օրենք ունենք, այդ օրենքը, ժառանգությանը վերաբերող մյուս օրենքներն իդեալական են կամ աշխատում են, եթե փորձեմ այս օրենքների իրավական կարգավորումից խոսել, գուցե ոմանք չպատկերացնեն՝ ինչի մասին է խոսքը եւ գուցե նեղսրտեն: Կան որոշակի թերացումներ, որոնք պետք է շտկել: Արխիվային գործի մասին օրենքի վրա աշխատանքներին ժամանակին ես նույնպես մասնակցել եմ: Այն շատ աննշան խնդիրներ ունի: Իսկ կոնկրետ հուշարձանների, գրադարանային գործի, պարտադիր օրինակի, ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքները, նաեւ մշակույթի նախարարության գործող կանոնադրությունը բազմաթիվ խնդիրներ են հարուցում: Սակայն ունենք այն պատկերը, որն ունենք: Այս օրենքները չեն նպաստում մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:
-Մշակույթը որքանո՞վ կարող է ազդել այն իրավիճակի վրա, որում այսօր գտնվում է մեր երկիրը:
-Գիտեք, շատ մեծ դերակատարություն կարող է ունենալ: Լեզվական մշակույթը եւ անհատի մշակութային ինքնագիտակցությունն ու պատմական գիտակցությունը ձեւավորվում են մշակույթի միջոցով: Հիմա պատկերացրեք, եթե պետությունը չի ստեղծում ազգ եւ ազգի նվիրյալ զավակ, ապա պետության պաշտպանական կամ դիմադրողական ներուժը չի կարող լինել անհրաժեշտ մակարդակի վրա: Մարդը կխուսափի բանակ գնալուց, չի պաշտպանի իր հայրենիքը, չի զգա իր ոտքի տակի հողը, չի զգա այդ հողի ջերմությունը, չի զրուցի, մի քիչ գուցե գեղարվեստական ասեմ, իր հայրենի հողի, երկրի հետ: Այս բոլորի ստեղծողը, մարդ կերտողը, հայ ստեղծողը մշակույթն է: Այո, մենք մշակութային ազգ ենք, բայց 21-րդ դարում մշակութային եւ մշակութաստեղծ ազգ լինելու համար պետք է վարել պետական մշակութային նպատակային քաղաքականություն: Մենք փոքր պետություն ենք, բայց ֆինանսական բոլոր միջոցների նպատակային օգտագործման դեպքում կունենանք մշակութային այն արգասիքը, որը մեզ անհրաժեշտ է: Փոքր ժողովուրդների, փոքր պետությունների համար մեկ ճանապարհ կա՝ համաքայլել համաշխարհային քաղաքակրթության հետ, համաքայլել մեծ ազգերի հետ, քո ազգային ինքնությունը եւ մշակույթը կարողանալ ներկայացնել համաշխարհային քաղաքակրթության եւ համաշխարհային մշակույթի համատեքստում, թանգարանային ցուցադրությունները փոփոխել այնպես, որ դրանք ապահովեն միջմշակութային հաղորդակցություն, որով կարելի է զարգացնել մշակութային զբոսաշրջությունը եւ ոչ միայն: Եթե ես փուլերի բաժանեցի պետական մշակութային քաղաքականությունը, բայց չանդրադարձա, թե ինչ է եղել այդ տարիների ընթացքում, ապա միայն այն պատճառով, որ քաղաքականությունը այս երեսուն տարվա ընթացքում տարբեր նախարարների օրոք տարբեր կերպ է դրսեւորվել: Բայց չի կարելի մշակույթի նախարարության ու նախարարների մակարդակն իջեցնել հավուր պատշաճության աստիճանի: Իրավունք չունենք՝ որպես փոքր ժողովուրդ եւ փոքր պետություն: Պարտադիր չէ, որ եթե մարդը մեծ բանաստեղծ է, նշանակվի մշակույթի նախարար: Մշակույթի նախարարը պետք է ունենա կառավարման փորձ, համապատասխան մասնագիտական գիտելիքներ, քաջատեղյակ լինի մշակույթի կառավարման գործիքակազմին, միջազգային փորձին: Մշակույթի ոլորտը շատ բազմազան է, շատ նուրբ է, եւ ցանկացած ոչ ճիշտ փոփոխություն, եթե դու չես տիրապետում միջազգային փորձին, կարող է այնպիսի վնասներ հասցնել, որոնք անդառնալի կլինեն ժողովուրդների կյանքում, ինչպես մեր ժողովրդի կյանքում՝ վերջին շրջանում: Պատմության այս կարճ հոլովույթում ինքներս մեզ չենք ճանաչում: Ավելի շատ արեւելյա՞ն, թե՞ եվրոպական մշակութային արժեքներ կրող երկիր ենք դարձել, թեպետ Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկում գտնվող պետություն եւ այդ արժեքները կրող ազգ ենք: Եվ զարմանում ես կենցաղավարության այս մակարդակից… Եթե մենք այս 30 տարվա ընթացքում ունենայինք ճշգրիտ պետական մշակութային քաղաքականություն, համոզված եղեք, մեր հիասքանչ այս սերունդը տասնապատիկ ավելի հերոսական կլիներ: