Արմավիրի մարզի Տանձուտի բնակչությունն էր մեկտեղվել գյուղի կենտրոնում գտնվող Մեծ հայրենականում նահատակված համագյուղացի հերոսների հուշահամալիրում։ Տանձուտից Մեծ հայրենականին մասնակցեցին մոտ 50 հոգի, նրանցից 40-ը տուն չեկան։ Արցախյան առաջին, 2016-ի ու վերջին պատերազմներում նույնպես տասնյակ տանձուտցիներ մասնակից եղան, հերոսաբար մարտնչեցին…
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան այսպես կոչված 44-օրյա պատերազմը, որը շարունակվեց նաեւ զինադադարից հետո։ Այս պատերազմում Տանձուտից վիրավորվեցին 4 քաջորդիներ (Ռազմիկ Ֆահրադյան, Իլյիչ Նազարյան, Հասան Ֆերոյան եւ Կարեն Միրզոյան), նահատակվեցին 3-ը, ովքեր ընկան կռվի տարբեր օրերին, տարբեր վայրերում։ Այսուհետ անմահ հերոսներն այլեւս միասին են՝ իրենց հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքարով, որի բացումը կայացավ օրերս համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Այստեղ էին մարտիրոս տղաների հարազատները, բարեկամները, ընկերներն ու ծանոթները, Տանձուտի համայնքապետարանի, միջնակարգ դպրոցի աշխատակազմերն ու աշակերտներ, Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, զինվորականներ, հյուրեր։
Հուշակոթողի աջ կողմում 3 մարտիրոս տղաների դիմաքանդակներն են՝ ժպտացող տղաներ. Աղասի Վրեժի Միքայելյան՝ 1992-2020, Կարեն Սամվելի Գրիգորյան՝ 1977-2020 եւ Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյան՝ 1983-2020։ Անդրանիկը 2016 թ. առաջիններից էր, որ մասնակից եղավ ապրիլյան պատերազմական գործողություններին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին արդեն առաջնագծում էր։ Հոկտեմբերի կեսերին մի քանի օրով տուն է եկել եւ շուտով նշանակվել Հուշակերտի զորամասի ջոկի հրամանատար, մեկնել առաջնագիծ. սկզբում՝ Ջրականի տարածք, իսկ նոյեմբերի 26֊ին տեղափոխվել են Հին Թաղեր-Խծաբերդ հատված։ Այստեղ էլ հերոսաբար մարտիրոսվել է 8 զինակցի հետ դեկտեմբերի 13-ին։ Հետմահու արժանացել է «Արիություն» մեդալի։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանատանը։ Ամուսնացել է 2004 թ. Նինա Շահնազարյանի հետ, ունի 2 դուստր՝ Միլենա, Նարե, եւ որդի՝ Լեւոն։ Աղասին ծնվել է 1992 թ. նոյեմբերի 24-ին։ Հարվածային առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընտանիքի միակ որդին էր։ Դեռեւս դպրոցական տարիներից շատ է սիրել զինվորական գործը, մշտապես մասնակցել է ՆԶՊ դասերին, պարապմունքներին, արտադպրոցական մրցույթներին ու դարձել հաղթող։ Ավարտելով միջնակարգը՝ 2010-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան եւ 4 տարի ուսանել գերազանց առաջադիմությամբ։ Ավարտելով բուհական-ռազմական ուսումը՝ 2014 թ. օգոստոսին կամավոր ծառայության է անցել Արցախի 9-րդ պաշտպանական շրջանում։ Կապիտան Աղասի Միքայելյանը 18-րդ հրաձգային գնդի կրակային աջակցման մարտական մեքենաների վաշտի հրամանատարն էր։ Նահատակվել է պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հուղարկավորված է Եռաբլուրում։
Սեպտեմբերի 29-ին Կարենն Արցախի Հադրութի շրջանում էր: Մեկ ամիս հետո մեկ օրով եկել է տուն, կնոջն ու երեխաներին տեսել ու նորից մեկնել ռազմաճակատ՝ այս անգամ Մարտունու ուղղությամբ: Դիպուկահար էր եւ իր գործը կատարել է հերոսաբար։ Զոհվել է նոյեմբերի 3-ին՝ վիրավոր զինվորին փրկելիս: Թշնամու դիպուկահարը թիկունքից է կրակել Կարենին: Հուղարկավորված է Եռաբլուրում։ Ունի 3 որդի՝ Սամվել, Գնել, Էրիկ, ովքեր ներկա էին հուշաքարի բացմանը՝ տխուր, բայց հպարտ, նեցուկ իրենց մորը։ Կինը՝ Աշխենը, տեղեկացրել է, որ զինվոր Կարապետ Հարությունյանը, ում փրկել է Կարենը, փառք Աստծո, ողջ է։
Դպրոցի կազմակերպիչ, բանաստեղծուհի Քրիստինե Ավետիսյանը բացեց հանդիսավոր արարողությունը՝ ասելով. «Աշխատանքի բերումով բազում նման միջոցառումներ եմ վարել, սակայն այսպիսի ծանրություն երբեք չեմ զգացել։ Այստեղ ենք եկել, որ հավերժացնենք նահատակների ներկայությունը։ Եկել ենք մեր հերոսներին ներկա դնելու, որ յուրաքանչյուր անցորդ այսուհետ ողջունի նրանց, զրուցի հերոսների հետ։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի, ծնողների, կանանց, երեխաների առջեւ: Հավերժ փառք ձեզ, տղերք»։ Ք. Ավետիսյանը հայտնեց նաեւ, որ Արցախի նախագահի հրամանագրով Կարեն Գրիգորյանը հետմահու արժանացել է «Արիություն» մեդալի։ Ընթերցեց Արցախի նախագահի հրամանագիրը եւ մեդալը հանձնեց հերոսի հորը՝ Սամվել Գրիգորյանին։ Այնուհետեւ լռության րոպե՝ ի հիշատակ բոլոր նահատակ տղաների հոգիների։
Խաչքարը բացեցին Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանն ու Անդրանիկ Շահնազարյանի որդին՝ 12-ամյա Լեւոնը։ Տանձուտի Սուրբ Սահակ եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Մովսես քահանա Աշուրյանը Տերունական աղոթքով կատարեց խաչքարի օրհնման արարողությունը։ Արդեն սրբավայր դարձած խաչքարին մոտեցան ու ծաղիկներ խոնարհեցին ներկաները, խոնարհվեցին տղաների հիշատակի առջեւ՝ շատերն արցունքոտ աչքերով, շատերը լուռ ու մտքում հերոսների հետ «զրուցելով»։ Արմավիրի փոխմարզպետ Ա. Մեխակյանը, խոսելով նահատակ տղաների մասին, ասաց. «Խաչքար-հուշակոթողի կայացումը շատ մեծ ու պատմական խորհուրդ ունի. հերոսների ժամանակակիցներս հետագայում այլեւս չենք լինելու, եւ այս հուշակոթողն է պատմելու նրանց մասին»։ Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր մասնակից են եղել հուշակոթողի կայացմանը։ Հուզված խոսեց Տանձուտի համայնքապետը՝ Մ. Պետրոսյանը, ում անմիջական նախաձեռնությամբ է կայացել խաչքարի տեղադրումը հուշահամալիրի տարածքում։ Նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ ասաց. «Խոսքեր չեմ գտնում ասելու, թե ինչ դժվարին տարի էր 2020 թ. մեր ազգի համար. հազարավոր տղաների կորուստ ունեցանք։ Ասեմ՝ մեր գյուղից վերջին պատերազմին մասնակից եղան 49 մարտիկներ։ Խոնարհվում եմ նահատակների հիշատակի, հարազատների առջեւ։ Շնորհակալ եմ նրանց ծնողներին, որ նման հերոսներ են ծնել, դաստիարակել»։
Տանձուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Այվազյանը, ով տարիների ընթացքում դասավանդել է 3 հերոսներին եւ լավ է ճանաչում յուրաքանչյուրին, մեծ ցավով խոսեց. «Տղաների մահվան լուրը մտավ Տանձուտ, անցավ փողոցներով ու հասավ դպրոց։ Շաբաթներ շարունակ տխրություն էր տիրում դպրոցում։ Ուսուցիչների մոտ արթնացել էր հիշողությունը տղաների մասին եւ անընդհատ նրանցից էին խոսում, պատմում։ Մինչ այդ էլ հաճախ էինք խոսում այս տղաների մասին եւ միշտ էինք նրանց ծնողներին հայտնում շնորհակալություն։ Շատերն ասում են՝ Անդրանիկը կարող էր փրկվել։ Ես գիտեմ՝ Անդրանիկը չէր կարող ձեռքերը վեր բարձրացնել ու գերի հանձնվել։ Նա կռվել է մինչեւ վերջին փամփուշտը եւ մարտիրոսվել։ Կարենը նույնպես չէր կարող թողնել վիրավոր զինվորին ու հեռանալ, նա այդ դաստիարակությունը չուներ։ Նույնը եւ մեր Աղասին, ով ընկավ կռվի առաջին օրը՝ Ջաբրայիլից ուղարկելով քրոջն ու մորը եւ հասավ իր վաշտի տղաներին»։ Դիմելով նահատակ տղաների ծնողներին՝ Այվազյանը հավելեց. «Արժանապատվության եւ հպարտության զգացումները թող ձեզ ուղեկցեն։ Ձեր զավակներն ապրեցին անանձնական կյանքով եւ մնացին փառքի բարձունքին»։ Արցախյան վերջին պատերազմի մասնակից, զինվորական Նվերը, ով նահատակ եւ համագյուղացի տղաներին լավ է ճանաչում եւ մարտնչել է Քաշաթաղի շրջանում՝ Այգեհովիտ-Տիգրանավան հատվածում, փառքով ոգեկոչեց իր մարտական ընկերներին եւ կարեւորեց հուշակոթողի բացումը։ Ասաց, որ Կարենի եւ Անդրանիկի հետ եղել է դպրոցական, ուսանողական, աշխատանքային ընկեր, իսկ Աղասիին հանդիպել է Ջրականում։ Ցավ հայտնեց, որ նման հրաշալի տղաներ նահատակվել են հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում։ Նշեց՝ իրենց գումարտակից նահատակվել են 57 հոգի, վիրավորվել՝ 41-ը, որոնց թվում իրենց համագյուղացի Հասանը։
Անդրանիկի, Աղասիի ու Կարենի հուշաքար-խաչքարի բացման համար ծնողների անունից համայնքապետարանին շնորհակալություն հայտնեց Մարտիրոս Շահնազարյանը՝ փառք տալով բոլոր նահատակներին։ Իսկ դպրոցի ուսուցչական անձնակազմից հայտնեց գոհունակություն, որ նման դաստիարակություն են տվել իրենց սաներին։ Մաղթեց, որ իրենց զավակները լինեն հայ ժողովրդի վերջին նահատակները, այլեւս պատերազմ չլինի։ Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեցին ու հերոսներին ոգեկոչեցին դպրոցի աշակերտները՝ ասմունք ու երգ, մեծարանքի խոսքեր։ Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան Տանձուտի դպրոցի նախկին սաներ, արդեն արհեստավարժ երգիչներ Նարեկ Հարությունյանն ու Օնիկ Միրզոյանը։ Ի դեպ, օրեր առաջ դպրոցում կազմակերպվել էր «Փառք հերոսներին» մարզական մրցությունը։ Հաղթողները, ովքեր իրենց հաղթանակը նվիրել էին նահատակ տղաներին, արժանացել են պարգեւների՝ 9 պատվոգիր եւ 4 գավաթ։ Պատվոգրերը հաղթողներին հանձնեցին նահատակ տղաների ծնողները, իսկ գավաթները՝ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գրիգորյանը։
Մոտ 2 ժամ տեւած ոգեկոչման արարողությունն ավարտվեց։ Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին խաչքարի քանդակագործ Վաչե Գրիգորյանին եւ դիմաքանդակների հեղինակ Հովիկ Ղումրյանին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս կարեւոր գործում։