Մայիսի վերջերից Երեւանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում, որտեղ անցած տարվա նոյեմբերից գործում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, բացվել է բուժկետ: Այստեղ այժմ աշխատում են 1 բժիշկ եւ 3 բուժքույր:
Սրտաբան Օֆելյա Սողոյանը, բուժքույրեր Վարդուհի-Ռոզա Գալստյանը, Սուսաննա Սավադյանը եւ Լուսինե Անդրյանը բնակվում էին Արցախում, իրենց մասնագիտական ծառայությունն էին իրականացնում Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում: Արցախյան վերջին պատերազմի օրերին նույնպես մեր բուժաշխատողներն իրենց տեղերում էին: Այսօր ստիպված հեռացել են հայրենի Արցախից ու բնակվում են Երեւանում:
Օ. Սողոյանը 1994 թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Աշխատել է Երեւանում՝ թիվ 16 պոլիկլինիկայում, Եղվարդի հիվանդանոցում, ՌԴ Կրասնոդարի երկրամասում: 2009-ից աշխատում էր Բերձորում, Քաշաթաղի Արցախ Բունիաթյանի անվան բժշկական հաստատությունում՝ սրտաբան: Կարեւոր էր այնտեղ ցանկացած բժշկի, առավել եւս՝ սրտաբանի դերը: Նույն բուժմիավորումում էր աշխատում նաեւ բուժքույր Վարդուհի Գալստյանը, ով 2005 թ. ավարտել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվ. բժշկական քոլեջը եւ աշխատանքի անցել Բերձորում: Այս ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվել է եւ լավ է տիրապետում իր մասնագիտությանը: Սուսաննա Սավադյանը 1989 թ. ավարտել է Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանը: Սկզբնական շրջանում աշխատել է Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի բուժկետում: 2004-ից աշխատանքի է անցել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային բաժնում՝ սանբժշկի օգնական: 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, տեղափոխվել են Ստեփանակերտ, 10 օր անց՝ Երեւան: Լուսինե Անդրյանը 1996-ին ավարտել է Ստեփանակերտի բժշկական քոլեջը եւ աշխատանքի անցել Հադրութի բուժմիավորումում՝ բուժքույր: Մինչ պատերազմը նույն բուժմիավորման ավագ բուժքույրն էր: Բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է ԱՀ առողջապահության նախարարի պատվոգրի: Պատերազմի օրերին, մինչեւ հոկտեմբերի կեսերը, աշխատել է Ազոխում գործող դաշտային հոսպիտալում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել Երեւան: Բնակվում են վարձով:
Նորաբաց բուժկետն սպասարկում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին: Օ. Սողոյանը տեղեկացրեց՝ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի աջակցությամբ է բացվել բուժկետը: Հունիսի 12-ին Մ. Հայրիյանն օգնականի հետ այցելել է բուժկետ, ծանոթացել պայմաններին եւ հատկացրել ԷԿԳ սարքավորում, այլ անհրաժեշտ պարագաներ, դեղորայք: Շուտով կսկսի գործել այս կարեւոր բուժսարքավորումը: Իմ այցի պահին բժշկուհին չափում էր բերձորցի երգչուհի Գրետա Մովսիսյանի ճնշումը: Վտանգավոր ոչինչ չկար: Բուժկետը նաեւ անվճար դեղորայք է տրամադրում դինսպանսեր հիվանդներին: Բժշկուհին ասաց, որ նախարարությունը հատկացրել է համապատասխան ցուցակ, ըստ որի էլ բաշխվում է դեղորայքը: Բուժզննումից հետո անհրաժեշտության դեպքում այցելուներին հատկացնում են համապատասխան բուժմիավորում դիմելու ուղեգրեր: Այս օրերին 100-ից ավելի արցախցի, հիմնականում Քաշաթաղի ու Հադրութի շրջաններից, ինչպես նաեւ՝ Քարվաճառից, Շուշիից, արդեն դիմել են բուժկետ, ստացել համապատասխան բժշկական օգնություն, դեղորայք, անցել բուժզննում: Բուժկետի պայմանները բավարար են, կարեւորվում է համապատասխան սարքավորումներ ունենալը:
Այցի պահին բուժկետում էր նաեւ երկար տարիներ Հադրութի բուժմիավորումում որպես բուժքույր աշխատած Էլմիրա Բալայանը: 1973-ին ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանը, աշխատել Հադրութի հիվանդանոցի մանկական, այնուհետեւ վիրաբուժական բաժանմունքներում: Արցախյան գոյամարտի առաջին օրերից աշխատանքի է անցել բանակում: Եղել է դաշտային հոսպիտալում, մարտադաշտում: 2007-ից անցել է թոշակի: Ծառայության համար արժանացել է բազում պարգեւների, այդ թվում «Արիության համար» մեդալի: