Ամեն անգամ մեր նշանավոր գործիչներից մեկնումեկի կենսագրությունն ուսումնասիրելիս անխուսափելիորեն առնչվում ենք եւ նրա տոհմի՛ պատմությանը, ինչը հպարտության եւ խոնարհումի զգացում է առաջացնում։ Այսպես, եթե օրվա հերոսը, ասենք, Ռուբեն Յոլյանն է, անհնար է չհիշել այդ ազգանունը կրող նրա տոհմակիցներին, որոնցից մեկն էլ Խաչատուր Յոլունցն էր, ով 1867 թ. Գորիսի քարանձավներից դուրս գալով՝ որդու` Սահակի հետ կառուցեց առաջին տունը քաղաքում՝ դառնալով նոր Գորիսի հիմնադիր ու առաջին բնակիչը, իսկ այնուհետեւ Յոլունց ազգանվանը փոխարինեց Յոլյանը։ Իսկ Ռուբեն Հովսեփի Յոլյանը դարձավ Յոլյանների բժշկական տոհմի նահապետը…
Յոլյանների տաղանդաշատ տոհմը լավագույնս ներկայացնում է նաեւ բ.գ. դոկտոր, անվանի պրոֆեսոր Սուրեն Յոլյանը, ում համար բժշկությունն արվեստ էր, ինչը հաճախ էր սիրում կրկնել. նրա անունն է կրում սրտաբանության ինստիտուտի ռեւմատոլոգիայի ինստիտուտը: Բժիշկների շարքերը համալրում են Հրանտ եւ Յուրի Յոլյան եղբայրները, Լիդան, Սուրենի դուստր Գայանեն եւ այլք։ Տոհմական մասնագիտության մասին լեզվաբան Աիդա Յոլյանը նշում է. «Հորեղբայրը՝ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, նրանց համար բավականին մեծ հեղինակություն էր, եւ նրա ընտրած մասնագիտությունը եւ՛ հետաքրքրություն, եւ՛ սեր առաջացրեց հայրիկիս, հորեղբայրներիս մոտ, եւ նրանք շարունակեցին Ռուբեն Յոլյանի գործը»։ Իսկ Ռուբեն Յոլյանի միակ զավակը` Իզաբելան, թեեւ չգնաց հոր ճանապարհով, սակայն դարձավ հայտնի երաժշտագետ։ Այնպես որ, տաղանդը տարբեր դրսեւորումներով ասես «հետապնդում» էր այս տոհմին, եթե ասվածին հավելենք եւ այն, որ բժիշկներ Հրանտի եւ Յուրիի հայրը հայտնի աշուղ Ղազար Յոլյանն էր… Այս տոհմի մասին կարելի է ավելի մանրամասն պատմել, սակայն խոսքն այսօր Ռուբեն Յոլյանի մասին է…
Ականավոր վիրաբույժ եւ հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանը ծնվել է Գորիսում` 1894 թ. հունիսի 6-ին, մահացել Երեւանում` 1955 թ. հուլիսի 1-ին։ Նրա անունն անմիջականորեն կապված է Երեւանի արյունաբանական կենտրոնի հետ եւ ոչ միայն այն պատճառով, որ կենտրոնը կոչվում է նրա անունով, այլ որ Ռուբեն Յոլյանը մեծ ներդրում ունի այն կյանքի կոչելու հարցում։ 1930-ական թթ. հայազգի պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի նախաձեռնությամբ Երեւանում ստեղծվում է արյան փոխներարկման կոմիտե, որը 1933 թ. վերափոխվում է Մոսկվայի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի, որը Խորհրդային Միության նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր. մասնաճյուղի ղեկավար է նշանակվում Ռուբեն Յոլյանը, իսկ 1939-ից փոխներարկման բաժանմունքներ են բացվում Լենինականում` Ս. Թովմասյանի, եւ Կիրովականում` Ե. Ասլանյանի ղեկավարությամբ:
Արյան միջոցով բուժելու խնդիրները հետաքրքրել են վաղնջական ժամանակներից։ Արյունը համարվել է «կենսական ուժի եւ հոգու» սնուցիչ, հատկապես, երբ պատերազմների կամ որսի ժամանակ վիրավորները զգալի քանակությամբ արյուն են կորցրել, եւ կարիք է եղել նրանց ներարկելու թարմ արյուն։ Արյան կորուստը լրացնելու համար անգամ խորհուրդ է տրվել խմել կենդանիների տաք արյուն։ Արյան փոխներարկման փորձերն սկսվեցին 1628-ից հետո, երբ Ու. Հարվեյը բացահայտեց արյան շրջանառության փակ համակարգը։ Մարդու առաջին հաջող ներերակային արյան փոխներարկումը կատարվել է Ֆրանսիայում, մաթեմատիկայի եւ բժշկության պրոֆեսոր Դենիի եւ վիրաբույժ Էմերիցի կողմից, ովքեր գառան արյուն են ներարկել 16-ամյա պատանուն, սակայն կենդանիների արյունը մարդուն ներարկելու բոլոր փորձերը հիմնականում հանգեցրել են ծանր բարդությունների, ընդհուպ՝ հիվանդի մահվան։ 19-րդ դարում ապացուցվեց, որ մարդուն կարելի է փոխներարկել միայն մարդու արյուն։ Սակայն գործնական բժշկության մեջ արյան փոխներարկման լայն հնարավորություններ ստեղծվեցին միայն 20-րդ դարի սկզբին, երբ բացահայտվեցին մարդու արյան խմբերը, եւ ուսումնասիրվեցին ռեցիպիենտի ու դոնորի արյան համատեղելիության օրենքները։ Արյան փոխներարկման լայն կիրառմանը նպաստեց նաեւ դոնորից վերցրած արյան մակարդումը կանխող եւ այն երկարատեւ պահպանող միջոցների հայտնաբերումը։ Բժշկության այս չափազանց կարեւոր ու զարգացման նոր փուլ մտած ճյուղին նվիրվեց Ռուբեն Յոլյանը եւ, իր գիտական, մասնագիտական հմտություններով ու հեղինակությամբ այդ գործում ներգրավեց այնպիսի անվանի բժիշկների, ինչպես Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ռ. Պարոնյանը, Ռ. Գյանջեցյանը եւ ուրիշներ։
Մասնագիտական կրթությունը Ռուբենը ձեռք է բերել նախ Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, ապա` Կիեւի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1919 թ.։ Հայրենիք վերադառնալով՝ մինչեւ 1924 թ. եղել է զինվորական բժիշկ, 1924-ից` աշխատել Գորիսում, այնուհետեւ Երեւանի բժշկական ինստիտուտի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում: 1934-ից ղեկավարել է Երեւանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը: 1937 թ. Յոլյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ստորին վերջույթների խոցային պրոցեսների հետազոտության նյութերը» թեմայով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպես հանրապետության առաջատար վիրաբույժներից մեկը, խորհրդատվական աշխատանքներ է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ: Յոլյանի ղեկավարած` Մոսկվայի արյունաբանության եւ արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղը 1947-ից, նրա իսկ նախաձեռնությամբ, դարձել է հանրապետության Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման ԳՀԻ, իսկ բժշկի մահվանից հետո` 1955-ից, կոչվել նրա անունով։
Ռուբեն Յոլյանը Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության եւ Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ցավազրկման, երիկամային անբավարարության, նյարդային համակարգը սնուցող ֆունկցիայի պարզաբանման, ինֆեկցված վերքերի եւ վիրաբուժական ինֆեկցիաների սուլֆանիլամիդներով բուժման, վերջույթների վնասվածքների խնդիրներին… Յոլյանը 50-ից ավելի գիտական աշխատությունների եւ տասնյակ մենագրությունների հեղինակ է: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ», «Մասնավոր վիրաբուժության դասընթաց», «Պենիցիլինի կիրառումը վիրաբուժության մեջ» աշխատությունները: Պատերազմից հետո Ռ. Յոլյանն ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ: Նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում:
Մասնագիտական խիստ զբաղվածությամբ հանդերձ` անվանի բժիշկը նաեւ ակտիվ հասարակական գործիչ էր, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946-1955 թթ.), ինչը եւս մեկ հնարավորություն էր տալիս բարձր ամբիոնից ներկայացնել ժամանակի հուզող խնդիրները, ժամանակ, որը տնօրինելու հմտությանը լավագույնս տիրապետում էր Ռուբեն Յոլյան անվամբ մարդն ու բժիշկը։